Թբիլիսիի խամրող, բայց անմոռաց հայկական դիմագիծը

Սեպտեմբերյան ողբերգությունից հետո, երբ հոգեկան ցավն այլևս անտանելի դարձավ, որպես յուրօրինակ փրկօղակ նախընտրեցի միջավայրի գիտակցված փոփոխությունը․ խելահեղ ամենժամյա նորություններից գոնե փոքր-ինչ անջրպետվելու համար կարճ ժամանակով ընտանիքով մեկնեցինք հարևան Վրաստան։

Տեղ հասնելուն պես՝ հայ փորձառու զբոսավարի ուղեկցությամբ որոշում ենք շրջել հին Թիֆլիսի թաղերով։ Խոջիվանքի հայկական պանթեոնից հետո առանձնանալով՝ անցորդներից մեր հյուրանոցի հասցեն ենք ուզում ճշտել, սակայն ոչ ոք, նույնիսկ տեղացիները չգիտեն փողոցի տեղը։ Նրանցից շատերը սիրահոժար փորձում են մեզ օգնել, որոնում են բջջային հեռախոսներում, վրացերեն հարցնում այլ անցորդների։

Իսկ երբ դիմում եմ ճամփեզրին կանգնած երեք երիտասարդների՝ նրանք ցուցադրաբար հրաժարվում են ռուսերեն խոսել։ Ուկրաինացիներ են։

Թբիլիսիում բոլորովին այլ մթնոլորտ է․ Երևանում դժվար թե ուկրաինացին հրաժարվի քեզ հետ ռուսերեն խոսել, և, ընդհանրապես, որքան էլ հասկանալի է նրանց հոգեվիճակը, բայց լեզուն  ի՞նչ մեղք ունի։  

Երեկոյան քայլում ենք Ռուսթավելու պողոտայով․ ձայնապնակներ են վաճառում, դրանց թվում՝ Ազնավուրի գերմաներեն հավաքածուն։ Տարեց վաճառողին, որ մի հմայիչ գնորդուհու հետ ինքնամոռաց զրուցում է, հարցնում եմ․

-Ի՞նչ արժեն ձայնապնակները։

-Ո՞ր մեկը։

-Ազնավուրինը։

Զննողաբար նայում է ինձ ու ասում․

-Թանկագի՛նս, վաղը երեկոյան մոտեցիր, կծանոթանանք, կշփվենք, կպայմանավորվենք գնի մասին։

Բայց հաջորդ օրը նվիրում եմ Թիֆլիսի «հայկական» հետքերի որոնմանը։ Գտնում եմ Րաֆֆու տունը, պտտվում շուրջը․ այն յուրահատուկ է՝ բակի կողմից եռահարկ՝ տիպիկ թիֆլիսյան մեծ պատշգամբներով, փողոցի կողմից մեկհարկանի, որ հենց հայ մեծ վիպասանի ապրած հարկաբաժինն է եղել։ Վրան եռալեզու հուշաքար կա։ Դրանից հետո այցելում ենք «Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն, որը բացվել է 2017-ին՝ Ամաղլեբա փողոցի 18 տանը։ Թանգարանն աշխատում է, մենք սիրալիր ընդունելության ենք արժանանում աշխատակից Էդիտայի կողմից։ Ծնված լինելով Թբիլիսիում՝ նա փայլուն հայերեն է խոսում, հետաքրքիր մանրամասներ պատմում տան ու նրա մեծ բնակչի մասին։ Ցուցադրում է սենյակները, բակի կողմի պատշգամբից դիտում ենք դիմացի բլուրը։ Հետո դուրս ենք գալիս դեպի փողոց նայող փոքրիկ պատշգամբ, որտեղից ժամանակին ներքևում հավաքված հանրության առջև ելույթ է ունեցել Անդրանիկ Օզանյանը։ Հրաշալի մի մտահղացում է այդ թանգարանը, ափսոս, որ շենքը կիսավթարային է, ինչպես Սոլոլակ թաղամասի շատ շենքեր։

Հաջորդ հասցեն քիչ ներքև՝ Ասաթիանի փողոցում գտնվող «Վերնատան» շենքն է։ Մտնում ենք բակ, դիտում պատշգամբը և պտուտակաձև մետաղյա սանդուղքը, որով բարձրացել են Թումանյանն ու նրա անվանի հյուրերը։ Ափսոս, որ հայ մշակույթի համար այս կարևորագույն վայրում հուշատախտակ չկա։ Լավ է, որ մոտակայքում գտնում ենք Վիկտոր Համբարձումյանի, Օրբելի եղբայրների հուշատախտակները։ Տները հաճախ անխնամ են, բայց գոնե պահպանել են պատմական դեմքը։  

Ընդհանրապես, Թիֆլիսը մեր մշակույթի կարևորագույն կենտրոններից է եղել, քաղաքի հին շինությունները, բուկինիստական գրախանութներն ու արխիվներն այնքա՜ն բան կարող են պատմել մեր երբեմնի մշակութային վերածննդի մասին։ Ի վերջո, նույնիսկ Երևանում քանի՞ շենք կգտնեք, որոնք 19-րդ դարի մեր գրական վերելքի ականատեսն են եղել։ Միայն Քանաքեռում գտնվող Աբովյանի հայրական տունը կարող եմ հիշել, այն էլ՝ որոշ վերապահումներով․․․

Նայում եմ Աիդա Բաբաջանովայի կազմած թիֆլիսյան առանցքային փողոցների՝ Բեբուտովսկայա (այժմ՝ Ասաթիանի), Վելյամինովսկայա (այժմ՝ Դադիանի) և այլն, հայ բնակիչների ցանկերը․ ինչպիսի՜ երևելի մարդիկ են, ինչպիսի՜ մասնագիտությունների ու դիրքի տեր, ի՜նչ անուններ․․․

Եղանք նաև Փարաջանովի տանը, այն, ցավոք, հիմնովին վերակառուցվել է, սակայն նոր տանտիրուհին՝ բարեհամբույր Մանանան ցույց է տալիս բակի աստիճանները, որոնք պահպանվել են հին ժամանակներից։ Դրանց հարևանությամբ շատրվան է եղել, որն անմխիթար վիճակի պատճառով նույնպես քանդվել է։ Ի դեպ, երբ 1979-ին այստեղ հյուրընկալվեց Մոսկվայի Տագանկայի թատրոնի ամբողջ անձնակազմը՝ Յուրի Լյուբիմովի գլխավորությամբ, նրանք զարմանքով նկատեցին, որ ջրավազանի մեջ ընտիր գինի է լցված՝ հյուրերի համար։ Կյանքն այս տանը Փարաջանովին հիշեցնում էր Տարկովսկու ֆիլմերը, քանի որ հովանոցով էր քնում, երբ անձրև էր գալիս։ Տանը հիմա փոքրիկ հյուրանոց է, առաջին հարկը զարդարված է փարաջանովյան լուսանկարներով, ոճավորված կոլաժներով, իսկ հատակին նորածին Սարգսի փայտից օրորոցն է։ Հեռանալիս տիկին Մանանան մեզ ելակ ու թարխունաբույր ճաճա է հյուրասիրում։ Իջնում ենք Սոլոլակ, որտեղ կլասիցիզմի ու մոդեռն ոճերի հիասքանչ շինություններ են՝ նախկինում այստեղ հայկական ծանրակշիռ ներկայության վկայությունը։ Այսօր էլ հաճախ հայերի ենք հանդիպում, որոնք դեռ այստեղ են ապրում։ Մի կին, որ արտաքնապես առանձնապես հայի նման էլ չէ, ինքն է փողոցում հարցնում՝ հա՞յ եմ արդյոք, ու ստանալով դրական պատասխան, առաջարկում է այցելել դիմացի փառահեղ՝ գլխաքանդակներով զարդարված շինության շքամուտքը (այն ինձ Հռոմում տեսածս շքամուտքերը կհիշեցնի) ու հատակին տեսնել «Է․ Տեր-Ակոպովա» գրությունը։ Ասում է, որ անձամբ ճանաչել է նախկին մեծահարուստ Էվելինա Տեր-Հակոբյանին, որը զառամյալ տարիքում է մահացել։ Իսկ քիչ այն կողմ, ասում է, կգտնեք Սեյլանով ֆաբրիկանտ եղբայրների կառուցած տունը, որի շքամուտքն ասես թանգարան լինի։ Իսկապես, պատերին ու առաստաղին որմնանկարներ, նախշեր, զարդաքանդակներ են, հատակն իր ձևավորմամբ քարե գորգ է հիշեցնում։ Զբոսաշրջիկներն անընդհատ ներսուդուրս են անում։

Բացի երկու գործող հայկական եկեղեցիներից՝ Թբիլիսիում բազում փակվածները կամ կիսաքանդները կան, դրանք յուրահատուկ աուրա ունեն․ այցելեցինք Հավլաբարի վեհաշուք Կարմիր Ավետարանի եկեղեցի, որի մեկ երրորդ մասն է այսօր թերևս կանգուն, ու պետությունն այն ոչ մի կերպ չի համաձայնում վերադարձնել Վիրահայոց թեմին։ Նաև այցելում ենք Նորաշեն ու Սուրբ Նշան, որոնք փակ են, վերջինս անմխիթար վիճակում է, բայց այդուհանդերձ՝ այնքան հոգեպարար՝ իր սլացիկ բարձրությամբ ու արտաքին հարդարմամբ։ Իսկ Վանքի Մայր տաճարից, որը մեկ դար առաջ մեծագույնն էր Թիֆլիսում, մնացել է միայն զանգակատունը, այն էլ՝ մասնավոր սեփականություն է։

Հաջորդ առավոտյան մեկնում ենք Ախալցիխե (Ախալցխա)՝ Միշա Ազնավուրյանի ծննդավայրը։ Բարձունքի վրա վեր խոյացող Ռաբաթ բերդի տարածքում 2012-ին ելույթ է ունեցել նրա որդին՝ Շառլ Ազնավուրը, այստեղ՝ ամենակենտրոնում տեղադրված է նրա անվանական աստղը։ Ամրոցի աշխատակիցը, իմանալով, որ հայ եմ, առանց Ազնավուրի անունը տալու, ձայնի հարգալից տոնայնությամբ ասում է․

-Նա մինչև վեց տարեկանն այստեղ է ապրել, հետո է տեղափոխվել Ֆրանսիա։

Նույնիսկ չեմ ուզում հերքել, քանի որ Ազնավուրն արդեն շատերի համար միֆ է դարձել։

Մեր բարեհոգի վրացի զբոսավար Գեորգին ինձ հետ հայերեն է խոսում, ասում է, որ հայերենն իրեն կյանքում օգնում է։ Հայասեր ու բանիմաց անձնավորություն է, պատմում է, որ շատ հայ ընկերներ ունի, 23 տարեկանում արդեն հասցրել է շատ փորձություններով անցնել՝ հաղթահարել քաղցկեղը, ելնել Արարատի գագաթը։ 

Երբ Գեորգիի օգնությամբ բարձրանում ենք ամպերից վեր՝ Կազբեկի նախալեռները, Գուդաուրիի կողմերը՝ անմարդաբնակ տեղանքում մի մարդու ենք այցելում, որը մեղր ու տնական ոգելից խմիչք է վաճառում․ երկուսս էլ իսկույն հասկանում ենք, որ հայրենակիցներ ենք։ Բարբառային հյութեղ հայերենով պատմում է, որ Թբիլիսիից է՝ այստեղ է հասնում, որպեսզի զբոսաշրջիկներին վաճառի իր պատրաստած կոնյակը, ճաճան․․․

Օր չկա, որ մի քանի հայերի հետ պատահաբար չծանոթանանք։ Հացի հերթում մի կին նկատում է, որ հայ ենք ու ռուսերեն հարցնում ․

-Հո Ղարաբաղից չե՞ք։

-Ոչ,- ասում եմ,- Երևանից ենք։

Կնոջ աչքերում արցունքներ են երևում․

-Շատ եմ անհանգստանում Ղարաբաղի համար։

-Մենք էլ, այն աստիճան, որ չէինք կարող Երևանում մնալ,- ասում եմ։

Դստերս հետ արդեն հայերեն է խոսում։ Ռուսախոս թիֆլիսահայերից շատերը որպես կանոն հայերեն էլ գոնե մի քիչ գիտեն։

Փողոցում ակնոցով մի կնոջից հարցնում ենք շուկայի տեղը․ նա հարցնում է՝ որտեղից ենք եկել ու ասում, որ մայրական կողմից հայ է․ «Ինքս երկարամյա ուսուցչուհի եմ, Հայաստանի հետ կապս հիմնականում հայ աշակերտներիս միջոցով է։ Այնքան կապված եմ Թիֆլիսին, որ չեմ համաձայնում մեկնել որդուս մոտ՝ Կանադա»։ Պատմում է, որ անգլերենի մասնագիտացված ուսուցմամբ դպրոցի նախագիծ է կազմել, որը ներդրվել է Հայաստանում։

Դրսում մի փոքր հայերեն խոսելու դեպքում անպայման կգտնվի մի հայ, որ քեզ կպատասխանի․ լինի դա այգում շանը կերակրող կինը, թե մթերային կրպակի վաճառողը։

Բուկինիստների մոտ կարելի է գտնել հազվագյուտ հայկական գրքեր, Ծերենցի, Աղայանի առաջին հրատարակություններ․․․ Մի վրացի գրավաճառի մոտ գրեթե ամեն օր եմ լինում, նա միշտ լավ է ընդունում, ինձ համար փնտրում հայերեն հին հրատարակություններ։ Երևում է, որ նախասիրության  համար է աշխատում, որոշ գրքեր 1 լարիով է վաճառում (շուրջ 150 դրամ)՝ Դիդրո, Հեգել, Շելինգ, որոնց այսօր քչերն են կարդում։

Պուշկինի փողոցով անցնելիս կինս նկատում է պատին փակցված Փարաջանովի մեծադիր լուսանկարը։ Մտնում ենք ներս՝ փոքրիկ ֆոտոպատկերասրահ է, անունը՝ «7 մ2»։ Վերջերս է բացվել, ծանոթանում ենք տիրոջ՝ արվեստաբան ու հավաքորդ Արամ Բաբլոյանի հետ։ Նա ներկայացնում է իր հավաքածուն, որ հիրավի թանգարանային արժեք ունի՝ Եղիշե Թադևոսյանի, Ալեքսանդր Սահակովի, Միխայիլ Նասբերգի և այլոց հեղինակած լուսանկարներ, Խոջաբեկովի, Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի հազվագյուտ աշխատանքներ, հին Թիֆլիսի ոգին պահպանող բազմազան իրեր։ Հաջորդ ամեն այցելությանս նա իր հավաքածուից հերթական անակնկալ ցուցանմուշներին է ծանոթացնում։ Լայն մտահորիզոն ունեցող այս մարդը հրատարակել է բարձրարվեստ պատկերազարդ գրքեր, հետևողականորեն տեսագրել Փարաջանովի մասին իրենց հուշերը և կարծիքը ներկայացնող հանրածանոթ մարդկանց։ Նա շատ է ուզում Թբիլիսիում՝ այն միջավայրում, որտեղ ձևավորվել է Փարաջանով արվեստագետը, բացել կինոյի հրաշագործի թանգարանը։

Նույնքան արժեքավոր են նրա հուշերը նշանավոր թիֆլիսցիների, երևանցիների ու մոսկվացիների մասին։ Բաբլոյանն օգնում է գտնել Եղիշե Թադևոսյանի տան և արվեստանոցի հասցեն՝ Անաստասիևսկայա (այժմ՝ Ախվլեդիանի) 11։

Եղանք նաև Կախեթիում, բայց ինչին էլ նայում եմ, աչքիս Արցախն է երևում։ Հատկապես Սիղնաղին, որ իր ամեն ինչով Շուշին է հիշեցնում։ Բադիաուրի տեղանքում մտնում ենք հացի փուռ ու տեսնում պատուհանին փակցված «Բակում չար շուն կա» ողբերգական կոմեդիայի հայալեզու թատերական պաստառը։ 1950-60-ական թվականներ, բեմադրությունը՝ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Իվան Հովհաննիսյան)։ Փռի տերը պատմում է, որ նախկին բնակչից է մնացել այս հիշատակը ու կարգին գին առաջարկելու դեպքում կզիջի ինձ։ Միասին ծիծաղում ենք․․․ 

Որքան էլ ուզում եմ կտրվել իրականությունից, այն հետապնդում է ինձ։ Ավտոբուսի մեջ ականջիս հասնում է հետևիս եվրոպացի զբոսաշրջիկների երկար խոսակցությունն այն մասին, որ Արցախում տեղահանություն է, և որ հայերը առաջին քրիստոնյաներն են։ Խոսում են համակրանքով, չիմանալով, որ հայ եմ։ Նույն համակրանքով է խոսում և մեր հաջորդ զբոսավարը, երբ ներկայացնում է Սուրբ Նինոյի վարքը։ Երբ Թբիլիսիում էինք, զբոսավարներից մեկն առանց այլևայլության ասաց՝ հին Թիֆլիսը խոշոր հաշվով հայերն են կառուցել։ Բայց թե որքանով է սա մեզ՝ հայերիս հետաքրքիր, որքանով ենք արժևորում կամ հետևություններ անում՝ չգիտեմ։ Կարևորը՝ չարժե մեծամտանալ, քանի որ այսօր ապրողներիս ներդրումը չէ դա։

Քաղաքի գլխավոր՝ Ռուսթավելու պողոտայի լավագույն շենքերի մի ամբողջ շարք մեր հայրենակիցների անվան հետ է կապված՝ սկսած Մելիք-Ազարյանցի շենքից, Օպերայից մինչև Ռուսթավելու անվան թատրոն ու «Մարիոթ» հյուրանոց։ Այստեղ է գտնվել հայ մտավորականության հավաքատեղին՝ «Մի բաժակ թեյ» սրճարանը, որի հաճախորդներն են եղել Թումանյանը, Անդրանիկը, այստեղ է իր կյանքում միակ անգամ Չարենցը հանդիպել Տերյանին։ Իսկ քիչ հեռու Անդրկովկասյան սեյմի շենքն է, որտեղ 1918 թ․ հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դիմացի կողմում՝ նորակառույց Գեղարվեստի թանգարանում երկրի վերջին տասնամյակների արվեստն է ցուցադրված․ այնտեղ Սերգեյ Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի, Լև Բայախչևի ու Էդուարդ Շահնազարովի գործերը կարևոր տեղ են զբաղեցնում։

Հաջորդ երթուղին Մթածմինդա լեռն է ու վրացի գրողների ու հասարակական գործիչների պանթեոնը։ Ոլորապտույտ վերընթաց ճանապարհը մեզ տանում է նախ Ալեքսանդր Գրիբոյեդովի ու նրա կնոջ՝ իշխանուհի Նինո Ճավճավաձեի գերեզմանների մոտ։ Պանթեոնի պահապանը բացում է նրանց դամբարանի մուտքը, պատմում, որ իբր Գրիբոյեդովը նախապես թաղված է եղել Թեհրանի հայկական գերեզմանատանը, ինչը, կարծեմ, ևս միֆ է։ Բարձրանում ենք վերև․ գերեզմանաքարերի վրա գրեթե բոլոր գրությունները վրացերեն են, ուստի մեր ուղեկիցը հանձն է առնում ներկայացնել պանթեոնի պատմությունը ու դրա հավերժական բնակիչներին՝ Նիկոլոզ Բարաթաշվիլի, Ակակի Ծերեթելի, Իոսեբ Գրիշաշվիլի, Գալակտիոն Տաբիձե, Լադո Գուդիաշվիլի, Վերիկո Անջափարիձե, Մերաբ Կոստավա և շատ ուրիշներ․․․ Հոյակերտ, հոգեհարազատ Սուրբ Դավթի եկեղեցու շուրջ բուժիչ աղբյուրներ են․ ասում են, դրանցից մեկն աչքն է բուժում, մյուսը՝ աղեստամոքսային համակարգը, երրորդն էլ՝ անպտղությունը։

Այս բարձունքից սքանչելի տեսարան է բացվում դեպի հին Թբիլիսի, որի տներն ու թաղերն ասես միմյանց վրա են գալիս, կենտրոնական մասը նեղ է, կարելի է տեսնել, թե որտեղ է այն վերջանում (Ներսիսյան դպրոցի շենքի հետևում), Երևանի համեմատ՝ ավելի կտրուկ են զառիթափերը։ Սակայն․․․ վերադառնալու ժամանակն է արդեն։

Երբ ուղևորվեցի Թբիլիսի՝ մտածում էի, որ Երևանում կյանքը բարդացնող այն խնդիրները, որ այդքան հոգնեցնում են, այստեղ չկան։ Սակայն, ի զարմանս ինձ, այդ բոլոր խնդիրներն այստեղ էլ տեսա․ դրանք երբեմն նույնիսկ ավելի շատ են աչքի զարնում՝ հարևանների և փողոցի աղմուկը, անկարգ երթևեկությունը, ամենուրեք ծխողները, տարբեր տարիքի մուրացկանները, բարձր գնաճը։

Եթե ոչ քաղաքական գործիչները, ապա գոնե վրաց և հայ մտավորականները վաղուց են հասկացել, որ Հայաստանը Վրաստանի պատվարն է հարավից։ Վերջին հաշվով, Հայաստանն ու Վրաստանն ունեն ճակատագրի շատ նմանություններ ու աղերսներ (հիշենք թեկուզ Հայոս և Քարթլոս եղբայրների մասին առասպելը՝ վրացական «Քարթլիի կյանքը» ասքից), բայց տարբեր մոտեցումներով ու հանգուցալուծումներով, որոնցից, անշուշտ, արժե դասեր առնել․․․

 

Աշոտ Գրիգորյան

1․ Տեսարան Թբիլիսիից

2․ Այս տանն է բնակվել Րաֆֆին

3․ Փարաջանովի տան բակում

5․ Սուրբ Նշան եկեղեցին

... ... ...