Տագնապալից` ինչպես Բախի խորալները

Լիտվայի մեծ պոետ Էդուարդաս Մեժելայտիսին Հայաստանի հետ կապում էին ոչ միայն բարեկամական հարաբերությունները գրչակից ընկերների հետ, այլև այն հոգևոր  հարազատությունը, որով նա զգում էր մեր բանաստեղծական արվեստի հանդեպ: Հենց այդ պատճառով նա լիտվերեն թարգմանեց Նարեկացու, Քուչակի, Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի և Սևակի պոեզիան: «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Նարեկացուն նվիրված Մեժելայտիսի հոդվածը, որը հայերեն է թարգմանել Ֆելիքս  Բախչինյանը:

 

***

Ինչ-որ բան կարդացել եմ ես, ինչ-որ բան տեսել, ինչ-որ բան ճաշակել եմ ժամանակին։ Եվ, խոստովանեմ, աստիճանաբար ավելի հազվադեպ եմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում զարմանալ։ Դա այն է, երբ ինչ-որ բան բռնում է մարդու շնչառությունը, կոկորդը սեղմում են երկաթե մամլակները, իսկ աչքերից անարգել գլորվում են խոշոր արցունքներ։ Երբ սիրտը տրոփում է, ինչպես ջիգիթի երիվարը լեռնանցքում։ Երբ կուրծքը լցվում է այնպիսի ուրախությամբ, որպիսին արթնացնում է ինչ-որ մի նոր, չտեսնված ու սքանչելի բան՝ մարդկային ոգու անգերազանցելի մեծությունը։

Եվ, այնուամենայնիվ, ստիպված ես լինում երբեմն զարմանալ։ Եվ, այդուամենայնիվ, կատաղի հրճվանքից հաճախ տրոփում է սիրտդ կրծքիդ տակ, ինչպես քառատրոփ վազող երիվարը։ Այդպիսի ապրում ես ունեցա անցյալ տարի Հայաստանում՝ երկրագնդի այդ սքանչելի անկյունում, որին կուզենայի աստվածաշնչային անվանում տալ՝ դրախտ։ Նույնիսկ հիմա, երբ գրում եմ այս տողերը, որոշակիորեն զգում եմ ամենավառ գույներով հագեցած այդ հողի յուրահատուկ բուրմունքը, որ կարծես դրախտի խնձորի բուրմունք լինի, որից, ըստ Աստվածաշնչի, գիտակցական կյանքն է սկսվել աշխարհում։

Այն ամենը, ինչ գիտակցական է, խելացի, միաժամանակ և բարդ է։ Արդեն շատ վաղուց ես երազում էի իմ աչքերով տեսնել հայկական ներկապնակի հանճարեղ բանաստեղծ Մարտիրոս Սարյանին, նայել նրա լուսավոր աչքերին, ափերիս մեջ զգալ նրա աշխատասեր ձեռքը, որ մեզ այդքան գանձեր է պարգևել, և մոտիկից նայել նրա բնագույն կտավներին։ Ես անսահման ուրախ եմ, որ իմ այդ երազանքն իրականացավ։ Նմանօրինակ երջանկություն կյանքում հաճախ չի ժպտում մեզ։ Ես կանգնել էի այդ բազմափորձ ու հանճարեղ վարպետի արարչությունների առջև, և արվեստի սիրելի ստեղծագործությունների պատկերասրահը, որը ես կրում եմ իմ կրծքում, հարստացավ նոր, սքանչելի գլուխգործոցներով։ Դրանք ժամանակն է բյուրեղացրել, և այժմ էլ սարյանական կտավները պտտվում են հիշողությանս աչքերի առջև։ Եվ ես հարստացած եմ զգում ինձ։ Իսկ, հիրավի, հարստացնել կարող եմ միայն մարդկային ոգու արժեքները։

Այնուհետև, ես տեսա լեռների մարգարիտը՝ Գեղարդը։ Եվ մի նվեր տվեցին ինձ՝ կարծես թե սովորական, համեստ, իրականում՝ կենդանի ձայնակցողը Գեղարդի քարե վեհապանծ խորալին։ Հայաստանի բոլոր նվերներից ամենաթանկն էր դա, որ ես ինձ հետ տարա Նյամունասի եզերքը։ Դա Գրիգոր Նարեկացու բանաստեղծությունների գրքույկն էր, որ հիմա իմ սեղանի գիրքն է դարձել։ Ես հաճախ ձեռքս եմ վերցնում այդ գիրքը, որպեսզի հեղինակի հետ տառապեմ ու ողբամ մարդու դժվարին ճակատագրի վրա։

Ճիշտ է, սկզբում ես առանձին ուշադրություն չդարձրի գրքույկին։ Դրեցի պիջակիս գրպանը, բերեցի հյուրանոց և այդ օրը նույնիսկ չթերթեցի։ Հաջորդ օրը ես շուտ արթնացա և, չիմանալով ի՞նչ անեմ, բացեցի հատորիկը։ Եվ որքան շատ էի կարդում, այնքան բռնվում էր շունչս։ Երջանիկ է կյանքի այն պահը, երբ կախարդվում ես և հպարտանում մարդկային հանճարով։ Հեռվում կապույտ մետաքսե մշուշի միջից դուրս էին լողում արևով շոյված վիթխարի Արարատի ալեհեր փնջերը։ Անտեսանելի թևերով ինձ էր հասնում թավշե խնձորների և սաթե խաղողի քաղցրահամ բուրմունքը։ Ես արբել էի այդ դրախտային բույրերից։ Բայց ինձ առավել արբեցնում էին միջնադարյան մարդասերի բանաստեղծական խոստովանանքը, փիլիսոփայական մերկ աղոթքներն ու ողբերգական հեծկլտանքը։

Նարեկացին, համաշխարհային գրականության մեջ փիլիսոփայական ուղղության այդ ամենահետաքրքիր բանաստեղծներից մեկը, արժանի է ամբողջական ուսումնասիրության։ Ուզում եմ հավատալ, որ ժամանակակից գիտությունը կանի այդ, և այն ժամանակ հեռավոր դարերի մեծ ճգնավորը փառաբանված համաշխարհային մտածողների հետ մի շարքում կկանգնի։ Դժվար է մի քանի բառով արտահայտել այն ամենը, որ ես զգացել և զգում եմ այդ կախարդական տողերն արտաբերելիս։ Այն ժամանակ, հնագույն Արարատի ստորոտին ես հասկացա, որ թափանցում եմ մի նոր ու մեծ աշխարհ՝ բանաստեղծական մտածողության աշխարհը, որը ես շատ վաղուց և ամեն անգամ փնտրում էի, երբ բանաստեղծությունների մի նոր գիրք էի բացում։ Ես արբենում էի այդ ողբերգական խոստովանանքով։ Եվ լեռնային զառիթափների վրա ինձ վրա էին փշրվում բանաստեղծական իմաստության ջրվեժները՝ շողշողալով ծիածանի գույներով։

Պիտի խոստովանեմ, որ ինձ բոլորովին չշփոթեցրին միջնադարյան խորհրդանշանների այլաբանական զարդահյուսվածքները։ Դրանք ժամանակաշրջանի նշաններն են։ Նմանատիպ նշաններից ազատագրված չէ նաև մեր ստեղծագործությունը։ Առավելապես կարևոր է հնարավոր զարդանախշերի ետևում թաքնված մարդկային բովանդակությունը. ես զգացի նշանավոր անհատին և նրա տանջված, տառապող ու պայքարող ոգին։ Զգացի դրամատիկական տագնապ, որ հասանելի է միայն նրան, ով ցանկանում է ընդգրկել ու ըմբռնել Կյանքի, Ճակատագրի, Տիեզերքի բոլոր գաղտնիքները։

Այդպիսի տանջալի մտքերին անհարիր է ինչպես ամենօրյա մանր կենցաղը, այնպես էլ փարթամ, խրախճալից պալատներն՝ իրենց հմայքներով ու խնջույքի երաժշտությամբ։ Այդօրինակ մտքերի համար հարկավոր է մենակություն և աստղային լռություն։ Եվ հասկանալի է, թե ինչու գիշերային լուսատուների հետ ճակատագրական զրույցի համար ամեն մի բանաստեղծ ընտրում է ճգնավորի մենաստան, չոր հացի մի կտոր և ակնաղբյուրի ջրով աման։ Այդ ամբողջ միջնադարյան սիմվոլիկան մաքրելով ես զգում եմ, թե ինչու այն հարյուրամյակների մեծ ողբացողը ընտրել է հատկապես այդպիսի և ոչ ուրիշ կյանքի ճանապարհ։ Այն բանաստեղծը, որ հաղորդակցվում է աստղերի հետ, հողի վրա այնքան ընթերցողներ ունի, որքան լուսատուներ կան երկնքում։ Այդպիսին է հիմա մեծ Գրիգոր Նարեկացու ճակատագիրը։

Աստղերը ժլատ են։ Նրանց միանգամից չեն պատասխանում իրենց ուղղած բոլոր հարցերին։ Դանդաղորեն նրանք պատասխան են տալիս մեկ մի, մեկ մյուս երգչին։ Նրանք պատասխանել են նաև Գրիգոր Նարեկացու մի քանի հարցերին։ Իսկ մնացած պատասխանները նրանք խնայել են ուրիշ բանաստեղծների և ուրիշ դարաշրջանների համար։ Սակայն ժամանակի և տարածության խաչմերուկներում անընդհատ ավելանում են այդ պատասխանները՝ երկնաքարերն ու գիսաստղերը։ Եվ առաջ է շարժվում մարդկային միտքը՝ աստղերով լուսավորված իր ճանապարհին վերացնելով բոլոր խոչընդոտները։ Ամեն ինչ հոսում է։ Ամեն ինչ պտտվում է։ Պտտվում է երկրագունդը, գլորվում է նաև մարդկային մտքի կծիկը։

Շնորհակալություն եղբայրական Հայաստանին այս հրաշալի նվերի համար, որ հիմա դրված է իմ սեղանին՝ համաշխարհային քնարերգության գոհարների կողքին։ Հաճախ բաց եմ անում այս համեստ, բայց ծանրակշիռ գրքույկը, և ամեն անգամ շատ բան եմ քաղում նրա մեջ պարփակված խոր իմաստությունից ու գեղեցկությունից։ Եվ ամեն անգամ այդ գրքույկն ինձ հիշեցնում է, որ ես պարտական եմ հայ քնարերգությանը։ Սակայն համոզված եմ, որ կգա օրը, և ես մի կողմ կդնեմ իմ այլևայլ աշխատանքները և կփորձեմ Նյամունասի հողում վերատնկել հայկական այդ եզակի «...բարձր, ճյուղառատ ու բազմատերև ծառը», որպեսզի նրա սքանչելի գեղեցկությունը վայելեն նրա քնարերգության լիտվացի սիրահարները։

 

Թարգմանությունը՝

Ֆելիքս Բախչինյանի

1970 թ.