Taedium Vitae կամ «Կյանքի հրճվանքի» վերադարձի հրամայականը

Էսսե Ալեքսանդր Թոփչյանի հիշատակին

Այս տարվա օգոստոսին Գրքի երևանյան փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկն անվանի գրող, գրաքննադատ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հետ հանդիպումն էր: Ընկերներով աճապարեցինք ներկա գտնվել հանդիպմանը: Մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցինք «Գարունական» սերնդի, 60-ականներին սկսված գրական նոր շարժման ու զարթոնքի, երկաթե վարագույրի անկման, նոր սերնդի գրողների հանդեպ անվստահության, նրանց վրա «արևմտյան գրականությունը կապկող» արհեստական խարանը դաջելու փորձերի (այն դեպքում, երբ նրանցից ոչ ոք օտար լեզու չգիտեր՝ նշում է Թոփչյանը) և այլ իրողությունների մասին գրող-գրաքննադատի բանախոսությունը: Առանձնակի ջերմությամբ էր վերհիշում իր կյանքի հենց «Գարունում» աշխատելու տարիները (1962–1963 թթ., աշխատել է նաև «Պիոներ կանչ» պարբերականում, 1963–1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, «Հայֆիլմում»՝ որպես գլխավոր խմբագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ գրական բաժնի վարիչ, իսկ 1991-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի լրատվության հանձնաժողովում՝ որպես գլխավոր փորձագետ): Պատմում էր, թե ինչպես էր ամեն օր տասնյակ ստեղծագործություններ ընթերցում, որոնցում անթիվ էին գրամոլների գործերը, և դրանց բոլորի հեղինակներին պարտավոր էր անհատապես պատասխանել. ամենաբարդը մերժման հիմնավորումն էր: 1960-ականների գրականության 90 տոկոսը, այն ինչ իսկապես արժեքավոր էր, ստեղծվել և հրապարակվել էր «Գարուն» ամսագրում, որի հիմնադիրներից մեկը հենց Թոփչյանն էր: 1960-80-ական թվականներին Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում բերեցին որպես գրականագետի, հատկապես հայ բանաստեղծներին նվիրված նրա գրքերն ու տասնյակ հոդվածները, որոնք մեծ նշանակություն ունեցան 60-ականներին ասպարեզ իջած բանաստեղծական նոր սերնդի կայացման համար (Սլավիկ Չիլոյան, Հենրիկ Էդոյան, Հովհաննես Գրիգորյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես, Արմեն Մարտիրոսյան և ուրիշներ)։ Նոր գրական սերնդի գրականագետը նաև պատասխանատվություն էր զգացել այդ սերնդի հետագա ճակատագրի հանդեպ և նրանց բացահայտելուց բացի, նաև բառացիորեն տեր էր կանգնել, հետևել նրանց կայացմանը, հրապարակավ մասնակցել բանավեճերին: Բուռն և ծաղկուն գրական տարիներ. այդ ընթացքում բախումներն անպակաս էին. գրականագետը բացահայտում է՝ հարյուրից ավելի հոդվածներով թղթապանակ ունի այդ տարիներին մամուլում հրապարակված բանավեճերի:

Զրույցը երկու ուղղություն ուներ՝ 60-ականներ և մեր օրերի գրականություն, սակայն երկուսում էլ մեկ բան ընդհանուր էր՝ տաղանդավորի կողքին գրամոլի ներկայությունը, իսկ այսօր նաև վերջիններիս աննախադեպ առատությունը: Ինչպես տարբերել նրանց, հարցին գրականագետը պատասխանում է, որ տասնյակ տարիների իր գրական փորձն իրեն թույլ է տալիս առաջին մի քանի բառից հասկանալ՝ այդ գրողն իրե՞նն է ստեղծել, թե մեկ ուրիշի ստեղծածն է կողոպտում: Ներկաներին հատկապես հետաքրքրում էր ժամանակակից գրականության մասին Թոփչյանի կարծիքը: Իր գնահատականներում ու սահմանումներում հստակ ու հատու գրաքննադատը ժամանակակից գրականությունը բնութագրելիս օգտագործեց մի արտահայտություն, որ ոչ միայն դաջվեց ներկաների գիտակցության մեջ, այլև սկսեց շրջանառվել մամուլում ու բուռն արձագանքի ու հետաքրքրության ալիք բարձրացրեց: «Սելֆի գրականություն» բնորոշումն էր, երիտասարդների մի սերունդ է ի հայտ եկել, որն ասես հայելին իր դիմաց դրած ինքն իրեն է նայում ու գրում է. «Ես սուրճը խմեցի, տխուր էի, բայց հանկարծ մտածեցի...»: Գրականագետը սա համարում է աղետ այն դեպքում, երբ սահմանին արյուն է հեղվում, կռիվ է, պատերազմ, իսկ նա էնտեղ է՝ իր ինքնահմայությամբ ու սուրճով: Մրցույթին ներկայացված գործերը Թոփչյանը երեք խմբի բաժանեց՝ «սելֆի գրականություն», Արևմուտքի կապկում, և լավ, արժանահավատ գրականություն, որում հուսահատությունն ու պեսիմիստական տրամադրությունները, ցավոք, գերիշխում են: Դրանցից որևէ մեկում կյանքի հրճվանք չկա: Այսօրինակ գրականությունը նա բնութագրեց «կյանքի տաղտուկ, կամ խորշանք կյանքից» լատիներեն taedium vitae բնորոշմամբ: Բայց ամենակարևոր միտքը, որ հնչեց գրականագետի կողմից, դա խոր մտահոգությունն էր առ այն, որ յուրաքանչյուր լավ գրողի թիկունք է պետք, քանի որ հատկապես այսօր, երբ չկա գրական միջավայր, շարժում, սերունդ, գրող-անհատը դատապարտված է անհաջողության ու անտեսման, եթե որևէ լուրջ գրականագետ նրան չերևացնի:

Հանդիպումից դուրս եկանք հարստացած և իհարկե՝ այդ օրը հավերժացնելով լուսանկարով: Ճանապարհին մտախոհ էինք, գիտակցում էինք, որ գրականագետները, այն էլ անաչառ ու սեփական շահից վեր, գրականության շահով շահագրքիռ, քիչ են: Արդյոք քանի՞ հիրավի լավ գրողի մեր շուռ տված գրական իրականության պայմաններում կհաջողվի նրանց կողմից սիրված, նկատված ու գնահատված լինել:

Գրում եմ ու չեմ հավատում, որ այսօր արդեն նա մեզ հետ չէ, ուզում եմ անվերջ ներկա ժամանակով խոսել նրա մասին: Անսահման ափսոսանքն ու կորստի անդառնալիությունը տանում են դեպի հետ. ուզում եմ հիշել՝ այդ ե՞րբ  գտա, ճանաչեցի իրական հայրենասերին, ազգանվեր գործչին, ազնվական հային, գրականության և այլ հարցերի շուրջ ինձ այդքան հոգեհարազատ մտածողին, ուրբանիստական գրականության ամենավառ ներկայացուցիչներից, արդի հայ գրականության ամենակարկառուն դեմքերից մեկին՝ որպես գաղափարակից, որպես ավագ ընկեր, և այդ երբ կորցրեցի նրան:

2017 թվականին մասնակցեցի Գրքի երևանյան փառատոնին, և ո՛վ հրաշք, պարզվեց «Դրամատուրգիա» անվանակարգում եղած երկու մրցանակներից մեկը Գուրգեն Խանջյանինը, մյուսը՝ իմն էր: Ասում եմ՝ ո՛վ հրաշք, քանի որ վաղուց կորցրել եմ հավատս մեր իրականությունում անցկացվող գրական ու ոչ գրական մրցույթների անաչառության հանդեպ, կորցրել եմ ոչ հոռետես լինելուց, այլ ներքին խոհանոցին ծանոթ լինելով: Ինչը մղեց դիմել, չգիտեմ, երևի այն, որ դրամատուրգիան մեզանում այնքան է անտեսված, որ մասնակցությամբ ժանրի թիկունքին կանգնելու, նրան հովանավորելու ցանկություն ունեցա: Հետո «Իրատես» թերթում լույս տեսավ Ա. Սարգսյանի հարցազրույցը՝ Ալեքսանդր Թոփչյանի հետ, որտեղ անվանի գրականգետը, որին անձամբ չէի ճանաչել մինչ այդ, որն ինձ համար ոլորտի անհասանելի գագաթներից էր, իմ պիեսն անվանեց «հայտնություն՝ թե՛ նյութի, թե՛ մատուցման կերպի, թե՛ գեղարվեստական մակարդակի առումով», իսկ մոնոդրամի ավարտը բնութագրեց ոչ ավելի, ոչ պակաս՝ «պարզապես ցնցող է» արտահայտությամբ: Այդ պահից պատկերն ինձ համար լիովին զուլալվեց, մեկ անաչառ ու սկզբունքային մասնագետի հաստատուն պնդումն իր գործն արել էր: Մրցանակի շնորհիվ տպագրվեց պիեսներիս ժողովածուն: Սակայն ոչ պակաս կարևոր էին ինձ համար գրականագետի բնորոշումներն իմ գրական կենսագրության մեջ և հատկապես այն գիտակցությունը, թե «դատավորը» հենց նա է եղել: Այս միջադեպը, բարեբախտաբար, վերականգնեց իմ մեջ հավատի մի բաժին: Եվ ահա տեղի ունեցավ հաջորդ դիպվածը:

2019 թվականն էր, իմ թատերառատ կյանքում հերթական ներկայացմանն էի շտապում: Համազգային թատրոնում ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Սուտը» պիեսի պրեմիերան էր: Մտնում եմ դահլիճ, հրավիրատոմսից աչքս չկտրելով՝ գալիս ու նստում եմ ինձ համար նախատեսված տեղում: Առաջին պահին դահլիճում ներկաներին ուսումնասիրելով, հեռվից շատերին ողջունելով նախ և առաջ ընդհանուր մթնոլորտի մեջ ես ընկղմվում և ապա՝ հայացք ձգում ամենակարճ հեռավորության վրա գտնվողներին և… և աչքերիս չեմ հավատում, կողքիս նա է. պատկառանք, շփոթմունք, զարմանք: Պետք է խոսել, պետք է ծանոթանալ: Այնքան խստադեմ է, որ մտածում եմ՝ իսկ գուցե նույնքան խիստ բնավորություն ունի, գուցե ցանկություն չունենա ներկայացումից առաջ զրույցի բռնվել, գուցե երախտիքի խոսքերը, որ վաղուց մտքումս ամբարել եմ առաջին հանդիպմանը նրան հաղորդելու համար, այնպես չընկալվեն: Ուր որ է ներկայացումը կսկսվի, պետք է վճռել: Ներքին կասկածներս հաղթահարելով` ողջունում եմ: Սիրալիր պատասխանում է, մի քար ուսերից ընկնում է: Ապա ներկայանում եմ և… տեղի է ունենում անսպասելին: Ինչպիսի ջերմությամբ ու ոգևորությամբ է արձագանքում. «Ինչ եք ասում, «Մերսեդեսի» հեղինակը, վաղուց էի ուզում ձեզ տեսնել ու շնորհակալություն հայտնել պիեսի համար և հորդորել, որ միշտ գրեք»: Անակնկալ 180 աստիճան շուռ եկած դրությունից ծնված ապրումներիս մասին չպատմեմ: Ասեմ միայն, որ ներկայացում դիտելիս կարևորագույն հանգամանք է նաև, թե ով է կողքիդ նստողը. ո՛չ ներկայացումը խանգարելու չափ, բայց ընթացքում ռեպլիկներով կիսվելու մակարդակով զրուցընկերը նաև ձևավորում է ներկայացման ամբողջական ընկալումդ: Ու եթե այդ դերը կողքինի համար միշտ թատերագետն է ունեցել, ապա այս անգամ թատերագետն ուներ այդպիսի համադիտող, զրուցընկեր: Րոպեներ առաջ եղած անջրպետն աննկատ հաղթահարվել էր: Հայ և ֆրանսիական գրականության ու թատրոնի փայլուն գիտակը դիպուկ էր բնութագրում բեմում կատարվածը: Մեր միաժամանակյա մասնագիտական դիտարկումները երկուստեք բավականություն էին պատճառում: Իմ թատերական արդեն ոչ կարճ կյանքում ամենահետաքրքիր ու լեցուն պրեմիերաներից էր՝ շնորհիվ եզակի «դրկիցի» ընկերակցության:

Զրույցն ինքնաբերաբար շարունակվեց ներկայացումից հետո՝ նկարիչ, դիզայներ Արթուր Մանուկյանի հետ էինք, ուղեկցեցինք գրողին: Զրուցեցինք, համագործակցության հեռանկարներ ծնվեցին: Զրույցը, ցավոք, բարձր նոտայի վրա չէր, մտահոգ էր ազգի ներկա վիճակից, երկրում առկա անթիվ խնդիրներով, գրեթե հուսահատ էր: Ելքեր, ուղիներ չէին նշմարվում նրա խոսքում, հիշում էր անցած «մութ ու ցուրտ» տարիները, որոնց ընթացքում, սակայն, մի ոգի կար, ոը մղել էր գիշերներն անգամ աշխատել ու իր լավագույն վեպերից մեկը ստեղծել: Անհանգիստ էր գրական դաշտում անաչառության պակասի, լեզվի աղավաղման, պսևդոժամանակակից ոճի, գրամոլության ահագնացող չափերի համար: Գրական դաշտն ուղղորդողների մակերեսայնությունից, անճաշակությունից, գրականությունը գովազդի վերածողների կարճամտությունից, որոնք գիրքը նորաձև համարելով՝ նրա մահկանացուն են կնքում, քանի որ նորաձևությունն անցողիկ երևույթ է, ուրեմն գի՞րքն էլ՝ այդ տրամաբանությամբ: Մտահոգ էր երկրի կարճատես ղեկավարներով, անգրագետ դեսպաններով, զրոյական մակարդակի հասցված արտաքին քաղաքականությամբ, մշակութային քաղաքականության բացակայությամբ այն դեպքում, երբ մեր ազգն այնպիսի տաղանդներ ունի, որոնցով հիմա աշխարհը պիտի ցնցեինք, այնինչ հարևան ազգերը պատմության զեղծարարությամբ նորօրյա պատմություն են հորինում: Նրա մտահոգությունները կիսում էինք հավասար, ու գիտակցում սեփական պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ՝ թեկուզ մեկ հյուլե, մեկ լումա օգտակար լինելու չափով: Խոսեցինք «Բանկ Օտոման» վեպից, որը հրատարակվել էր թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում ու Բեյրութում, նաև թարգմանվել ռումիներեն, սերբերեն, ռուսերեն, պարսկերեն և այլ լեզուներով: Վեպի հաջողությունները դրսում ո՛չ միայն իրենն էր համարում, ուրախ էր, որ այդքան լեզվով համիդյան ջարդերի, Հայոց Ցեղասպանության սկզբի մասին աշխարհին հասցնելու հնարավորություն է ունեցել:

Թոփչյան ամուսինները վերջին տարիներին երկու «տուն» ունեին, տարվա մի կեսն այստեղ էին, մյուս կեսը՝ Ֆրանսիայում, սակայն նրանք աշխարհի քաղաքացիներ էին, և իրենց ամբողջ գործունեությունը նվիրում էին հայ ազգին ու հայ մշակույթին: Իրենց բազմաթիվ թարգմանություններով, հոդվածներով, գրքերով, պիեսներով, ներկայացումներով նրանք զինվորագրվել էին մեր երկրի ճանաչման, հանրահռչակման գործին: Ալեքսանդր Թոփչյանն իր տիկնոջ՝ 70-80-ականների հայ թատրոնի, կինոյի և հեռուստաթատրոնի ամենավառ աստղ, ֆրանսիայում գրական ու թատերական լայն գործունեություն ծավալած, գրող, դրամատուրգ, թարգմանչուհի, դերասանուհի Անահիտ Թոփչյանի հետ հայ մշակույթի դեսպաններն էին Եվրոպայում: Ալեքսանդր Թոփչյանը հրատարակել է 70-ից ավելի թարգմանական գրքեր, ժողովածուներ, անթոլոգիաներ՝ հայ ընթերցողին ներկայացնելով Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի ֆրանսագիր դասական և ժամանակակից հեղինակների (Ժ. Պրեվեր, Վ. Քաչա, Ֆ. դը Լառոշֆուկո, Շ. դը Լակլո, Ֆ. Սագան, Վ. Գոդել, Ժ. Շեսսե, Ժ.Կոկտո, Ն. Բուվյե, Դ. դը Ռուժմոն, Ժ.Ժիրոդու, Մ. Մետերլինկ, Ֆ. Սագան, Ժ. Բ. Բարոնյան, Ժ. Անույ, և այլն): Ինչպես նաև նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հայ բազմաթիվ հեղինակներ թարգմանվել և տպագրվել են նախկին խորհրդային հանրապետություններում և եվրոպական մի շարք երկրներում։ Իրենց ժամանակի համար մեծ ձեռքբերում են հատկապես Լեհաստանում (1983թ.) և Գերմանիայում (1991թ.) լույս տեսած նրա կազմած հայ բանաստեղծության ծավալուն անթոլոգիաները։ 

Մեր հետագա հանդիպումները գրքերի փոխանակումներ էին: Ահա ձեռքիս է նրա «Չարիքի զավակները» արժեքավոր գիրքը՝ սիրտը պայթելու չափ հպարտություն պատճառող նրա մակագրությամբ: Ժանրային ու արտահայտչամիջոցների բազմազանությամբ մի արժեքավոր ժողովածու, որում կարելի է գտնել մերօրյա խնդիրների չարիքի արմատները նաև: Ֆրանսիա մեկնելուց հետո գրականության, արվեստի, երկրում տիրող իրավիճակի մասին մեր զրույցներն էլեկտրոնային հարթակ տեղափոխվեցին: Գրողի «Այնտեղ» պիեսը և նրա տիկնոջ «Մենախոսություն գժանոցում» մոնոդրամը ուղարկել էի Վարշավա՝ «Արդի հայ թատերագրությունը լեհերեն» անթոլոգիայի երկրորդ համարում տպագրելու համար: Թվում է՝ ամեն ինչի հասած, տարբեր լեզուներով թարգմանված, ոչ մեկ անգամ եվրոպական հայտնի ամսագրերում տպագրված 80-ամյա հեղինակի համար ոչի՛նչ պիտի լիներ իմ այս քայլը: Ամենևին այդպես չէր, և ուրախության հիմնական պատճառը Եվրոպայում մեկ անգամ ևս հայ բառը հնչեցնելու փաստն էր, որ նրան բերկրանք էր պատճառում: Ափսոս, որ մեզ հետ չի կիսի գրքի հրատարակման ուրախությունը:

 Զարմանալիորեն ուշադիր էր անհատի հանդեպ, մեծ պատասխանատվությամբ էր ընթերցում երիտասարդներին, իր կոլեգա գրականագետների հոդվածները, չէր զլանում լավին լավ ասել, և նրա կարծիքը ծանրակշիռ էր հենց շնորհիվ այն բանի, որ երբեք հենց այնպես հաճոյախոսություններ չէր շռայլում: Բացասական երևույթների հանդեպ անհանդուրժող էր: Նա հազվագյուտ, ազնիվ ու ազնվական հայի տեսակ էր, որը, ցավոք, մեր ազգը կորցնում է օրեցօր: Մի փառահեղ գերդաստանի ներկայացուցիչ, որում յուրաքանչյուրը հայ արվեստի մշակ է ու նվիրյալ (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին է, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հորեղբայրը)։ Թող տերը ուժ, կորով, մխիթարություն տա հարազատներին ու հատկապես սիրելի տիկնոջը՝ Անահիտ Թոփչյանին, ծանրագույն կորստին դիմանալու և նրա թողած մեծարժեք ժառանգությունից բխող կյանքի ու գրականության հրճվանքը եկող սերունդներին հասցնելու համար:

Բարի ճանապարհ դեպի հավերժի երկնային ծիրեր, սիրելի Ալեքսանդր Թոփչյան:

 

Անուշ Ասլիբեկյան

Գրող, թատերագետ