Հայ առաջին պրոֆեսիոնալ կին կինոգետն ու կինոքննադատը. Սվետլանա Գուլյան

Դժվար, շատ դժվար է կինոգետ և կինոքննադատ, հրաշալի անձնավորություն ու իսկական ընկեր Սվետլանա Անտոնի Գուլյանի մասին գրել անցյալ ժամանակով։
Ստանալով կինոգիտական հիմնարար կրթություն Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (Մոսկվա) և նպատակ ունենալով նվիրվել հայկական կինոարվեստի ուսումնասիրության գործին՝ 1976-ին նա, բնականաբար, եկավ ՀՍՍՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, որն այդ տարիներին արվեստագիտության ամենաերիտասարդ ճյուղի՝ կինոգիտության կենտրոնն էր։ ՀՍՍՀ ԳԱ նախագահության 1972 թվականի ապրիլի 5-ի որոշման համաձայն՝ Արվեստի ինստիտուտում ստեղծվել էր հայկական կինոարվեստն ուսումնասիրող խումբ, որի ղեկավար էր նշանակվել դիրեկտորի գիտական գծով տեղակալ, արվեստագիտության դոկտոր Սաբիր Ռիզաևը (1924-1978)։ Արվեստի ինստիտուտն արդեն հրատարակել էր կինոգիտական հարուստ գրադարան, այդ թվում՝ «Հայկական կինոարվեստը» հոդվածների ժողովածուի առաջին (1958) և երկրորդ (1960) գրքերը, Սաբիր Ռիզաևի «Армянская художественная кинематиграфия» (1963) ստվարածավալ ուսումնասիրությունը, Կարեն Քալանթարի «Амо Бек-Назарян» (1973) մենագրությունը, Գարեգին Զաքոյանի «Армянское немое кино» (1976) աշխատությունը և այլն։
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի արխիվում՝ Գուլյանի անձնական գործում պահպանվում է նրա՝ Արվեստի ինստիտուտի դիրեկտոր Ռուբեն Զարյանին ուղղված 1976թ․ նոյեմբերի 15-ի դիմումը, որտեղ նա խնդրում է իրեն աշխատանքի ընդունել Արվեստի ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության խումբ։ Եվ Զարյանի համապատասխան հրամանով՝ 1976 թվականի նոյեմբերի 16-ին Սվետլանա Գուլյանն աշխատանքի է ընդունվում այդ խմբում որպես լաբորանտ։
Այդ օրվանից ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի հետ անխզելիորեն կապվեցին նրա գիտաստեղծագործական կյանքի շուրջ 50 տարիները։ Հենց Արվեստի ինստիտուտում գրվեցին նրա կինոգիտական արժեքավոր հետազոտությունները։
Եվ բնական էր, որ 2008-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ «Հայ արվեստի բնագավառում նշանակալի վաստակի համար» կինոգետը պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության Պատվոգրով, որը նրան հանձնեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը 2008 թվականի նոյեմբերի 28-ին՝ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցած հոբելյանական հանդիսավոր նիստի ժամանակ։
Իսկ ամեն ինչ սկսվել էր շատ տարիներ առաջ։
Սվետլանա Գուլյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 3-ին Թբիլիսի քաղաքում։
1948 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Երևան։
1956-ին Գուլյանն ավարտում է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ ռուսական դպրոցը և նույն թվականին ընդունվում Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետ, որը «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ ավարտում է 1961-ին։ Պետական քննական հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվում է բանասերի և միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։
Ս․Գուլյանի աշխատանքային գործունեությունն սկսվում է Լենինի անվան Հայէլեկտրագործարանի տեխնիկական ինֆորմացիայի բաժնում՝ որպես տեխնիկ (1962-1963)։ 1964-1967 թթ․ նա աշխատում է Հայկական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի լեզուների ամբիոնում։
1967-ին ճակատագիրը նրան բերում է հեռուստատեսություն՝ 1967-1972 թթ․ նա աշխատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր ռադիոհեռուստատեսության կոմիտեում որպես հեռուստատեսության կինոհաղորդումների խմբագրության խմբագիր, ապա՝ Ինֆորմացիայի գլխավոր խմբագրության ռուսերեն հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։
Հեռուսատատեսությունում աշխատելու տարիներին Ս․Գուլյանն ընդունվում է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) հեռակա ուսուցման բաժինը, որն ավարտում է 1971-ին՝ ստանալով կինոգետ-խմբագրի որակավորում։ 1972-ին նա ուսումնառությունը շարունակում է նույն բուհի առկա նպատակային ասպիրանտուրայում՝ այստեղ սովորելով մինչև 1974 թվականը։ Նրա թեկնածուական ատենախոսությունը նվիրված էր հեռուստատեսության գեղագիտության հարցերին։
1975-1976 թթ․ Ս․Գուլյանն աշխատում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում որպես ավագ կոնսուլտանտ։
Եվ ահա 1976-ին նա աշխատանքի է անցնում ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում։ Հայկական կինոարվեստն ուսումնասիրող խմբի ղեկավար Սաբիր Ռիզաևի մահից հետո (հանկարծամահ եղավ 1978թ․ դեկտեմբերի 20-ին՝ Կինեմատոգրաֆիստների միության պլենումի ժամանակ), ՀՍՍՀ ԳԱ նախագահության 1979թ․ մարտի 28-ի նիստի որոշման համաձայն՝ ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում ստեղծվում է Հեռուստատեսության և կինոյի բաժին, որի վարիչ է նշանակվում տաղանդավոր կինոգետ Կարեն Քալանթարը։ Ահավասիկ այդ նորաստեղծ բաժնում էլ որպես կրտսեր գիտաշխատող իր կինոգիտական գործունեությունն է ծավալում Սվետլանա Գուլյանը մինչև 1986 թվականը՝ անցնելով բոլոր աստիճաններով՝ գիտաշխատող (1986-1991), ավագ գիտաշխատող, սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող (2009-2023), տնօրինության փորձագետ (2023-2025)։
Իր գիտաստեղծագործական կյանքի ընթացքում Գուլյանը զբաղվել է թե՛ կինոգիտությամբ, և թե՛ կինոքննադատությամբ։
Նրա առաջին կինոքննադատական հոդվածը՝ Մարատ Վարժապետյանի «Մարտիրոս Սարյան» ֆիլմի մասին, տպագրվել է 1964-ին «Коммунист» թերթում։ Այդ օրվանից սկսած՝ կինոյի և հեռուստատեսության վերաբերյալ նրա ավելի քան 70 հոդվածները հրատարակվել են պարբերական մամուլում, այդ թվում՝ «Ֆիլմ», «Коммунист», «Ուրարտու», «Новое время» և «Голос Армении» թերթերում, «Экран», «Սովետական արվեստ», «Ազգային գաղափար» հանդեսներում և ակադեմիական գիտական պարբերականներում՝ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Հայ արվեստի հարցեր», Մոսկվայի Արվեստագիտության պետական ինստիտուտի «Ракурсы» (выпуск 6), Հայաստանի ու Ռուսաստանի հանրագիտարանային հրատարակություններում։
Նրա կինոգիտական հոդվածները տպագրվել են նաև Լեհաստանում, Գերմանիայում, Մերձբալթյան հանրապետություններում։
Ինչպես նկատել է բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը․ ««Ս. Գուլյան» ստորագրությանն ուշադրություն եմ դարձրել դեռ դպրոցական տարիներից՝ լինելով երևանյան «Ֆիլմ» թերթի ակտիվ ընթերցող: Այս ստորագրությունն էին կրում փոքրածավալ, բայց շատ կարևոր քննադատական հոդվածներ, ինչպես նաև խորհրդային և օտարերկրյա կինոյի հայտնի գործիչների դիմանկարներ: Մի անգամ նույնիսկ խմբագրությանն ուղարկած նամակում գրել էի, որ «Գուլյանի հոդվածները զարդարում են ձեր թերթի էջերը»»:
1970-1980 թվականներին Հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվել է Ս․Գուլյանի հեղինակային հաղորդաշարը՝ «Խորհրդային և արտասահմանյան կինոյի վարպետները» խորագրով, որի ընթացքում նա ներկայացրել է հարցազրույցներ Օլեգ Տաբակովի, Ինոկենտի Սմոկտունովսկու, Միխայիլ Ուլյանովի, Եվգենի Եվստիգնեևի, Գեորգի Տարատորկինի, Ռոլան Բիկովի, Միխայիլ Կոզակովի, Մառլեն Խուցիևի, Յուրի Սոլոմինի, Արմեն Ջիգարխանյանի, Ալիսա Ֆրեյնդլիխի, Լյուդմիլա Կասատկինայի, Եժի Կավալերովիչի հետ՝ հայ հեռուստադիտողին ծանոթացնելով ժամանակի կարկառուն կինոգործիչների՝ ռեժիսորների ու դերասանների գործունեությանը։
Նույն տարիներին հայկական ռադիոյում վարել է «Զրույցներ կինոյի մասին» հեղինակային շարքը, կինոարվեստի մասին դասախոսություններ է կարդացել Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Միջին Ասիայի, Ուկրաինայի տարբեր քաղաքներում։
Ս․Գուլյանը «Հայկական կինո» (1924-1999) լիակատար կատալոգի («Խաղարկային կինո) համահեղինակն է։ Նա է հեղինակել «Հայոց պատմություն» քառահատորի՝ հայկական կինոարվեստին նվիրված բաժինները։
Ս․Գուլյանի կինոգիտական հետազոտությունների պսակը դարձավ «Знак Мамуляна» մենագրությունը (2014)՝ նվիրված ամերիկահայ ականավոր կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։ Որպես նորարար-ռեժիսոր նա մտավ ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային կինոյի պատմության մեջ՝ անուրանալի ավանդ բերելով կինոլեզվի զարգացման գործում։ Հարստացնելով և կատարելագործելով մյուզիքլի ժանրն ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում, Մամուլյանը կինեմատոգրաֆի համար բացահայտեց մի շարք դերասանների, ովքեր հետագայում դարձան ամերիկյան էկրանի աստղեր։
Հետաքրքրությունը Մամուլյանի արվեստի հանդեպ սկսվել էր դեռ տարիներ առաջ՝ Ս․Գուլյանի վաղ մանկության շրջանում։ Ինչպես հիշում է հեղինակը՝ «Մամուլով» ազգանունը հաճախ էր հնչում նրանց օջախում դեռևս այն տարիներին, երբ ապրում էին Թբիլիսիում։ Ու քանի որ Գուլյանի հոր ընկերական շրջապատը բավականին մեծ էր, ուստի Մամուլյանը, հավանաբար, նրա ընկերների թվում էր։
Իրենց հարևանի՝ Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Տակայշվիլիի տանն առաջին անգամ փոքրիկ աղջնակը տեսնում է Մամուլյանի լուսանկարը՝ գեղեցիկ երիտասարդ տղամարդ՝ կլոր ակնոցով։ Հետագայում՝ արդեն Երևանում, նա դիտում է «Քրիստինա թագուհի» ֆիլմը և մյուս դեռահասների պես սկսում հավաքել կինոդերասանների լուսանկարները։
Մամուլյանի ստեղծագործութւյան հանդեպ պրոֆեսիոնալ հետաքրքրությունն առաջացավ զգալիորեն ուշ, երբ ամուսնու՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ականավոր արևելագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի հետ 1,5 տարի ապրեց ԱՄՆ-ում։ Այդ ընթացքում Վաշինգտոնի երեք հայտնի գրադարաններում (Ադամսոն, Ջեֆերսոն և Կոնգրես), Գուլյանը հավաքում է կինոռեժիսորի կյանքի ու գործունեության վերաբերյալ առկա ողջ գրականությունը։
Ուստի միանգամայն բնական էր, որ հեղինակն իր մենագրությունը սիրով նվիրել է ամուսնուն՝ Նիկոլայ Հովհաննիսյանին։
Ինչպես նկատել է «Знак Мамуляна» մենագրության խմբագիրը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը․ «Անհրաժեշտ էր Մամուլյանին վերադարձնել Հայաստան։ Մեր առջև է գիրք, որը կարելի է բնութագրել որպես ինքնատիպ կինոգիտական վեպ։ Գրքի հեղինակը՝ կինոգետ Սվետլանա Գուլյանը, երկար տարիներ քրտնաջան հավաքել է նյութը և կառուցել հագեցած ու հետաքրքրաշարժ շարադրանք, որտեղ բացահայտվում է արվեստագետի կերպարը և նրա բազմաբնույթ՝ կինեմատոգրաֆիական ու թատերական ստեղծագործությունը․ արմատները, զարգացումը, ճակատագիրը։ Ինչպես նաև այն ամենը, ինչը կոմպոզիցիոն առումով եզրավորում է այդ ճակատագիրը՝ այդ «հոլիվուդյան կոսմոպոլիտի» կապն իր ազգային, հայկական արմատների հետ։ Ես ուրախ եմ, որ դարձել եմ այս գրքի առաջին ընթերցողներից մեկը»։
Շարունակելով իր որոնումները՝ կինոգետը սկսեց իր հետազոտական աշխատանքը՝ թատերական արվեստում Ռուբեն Մամուլյանի գործունեության ուսումնասիրության ուղղությամբ, որը, ցավոք, մնաց անավարտ։
Ս․Գուլյանը զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ։ Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության (1976) և Մամուլի միջազգային ֆեդերացիայի «ՖԻՊՐԵՍՍԻ» (1998) անդամ։ Իսկ 1970-80-ական թվականներին «Խորհրդային կինոարվեստի պրոպագանդայի Համամիութենական բյուրոյի» դասախոսական խմբի կազմում սովետական և արտասահմանյան կինոյի մասին դասախոսություններով հանդես է եկել Ռուսաստանի, Մերձբալթյան հանրապետությունների, Միջին Ասիայի հանրապետությունների և Ուկրաինայի տարբեր քաղաքներում։
Նրա մասին կենսագրական հոդված է հրատարակվել «Հայուհիներ» երկհատոր հանրագիտարանի երկրորդ հատորում։
2024 թվականի ապրիլի 24-ին կյանքից հեռացավ Սվետլանա Անտոնովնայի սիրելի ամուսինը՝ ընդհատվեց նրանց կյանքի ներդաշնակ ու հրաշալի զուգերգը։ Անդառնալի կորստյան հարվածը տապալեց նրան։ Եվ ընդամենը ամիսներ անց՝ 2025 թվականի հունվարի 14-ին նա, որպես կյանքի հավատարիմ ընկեր, միացավ իր ամուսնուն․․․
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։
Աննա Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր