Սուրբ Ծննդյան պատմություններ
Սուրբ Ծննդյան տոների կախարդանքը մշտապես զարդարել է բազմաթիվ ազգերի ու սերունդների տարվա գլխավոր տոնը, որը հետագայում տարբեր ժամանակաշրջաններում արտացոլվել է նաև գրականության մեծերի ստեղծագործություններում՝ ընթերցողին պարգևելով հրաշքի սպասումով լեցուն ամենագեղեցիկ պատմությունները: Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Սուրբ Ծննդյան պատմություններ Ռեյ Բրեդբերիից և Թոմաս Դիլանից:
***
Սուրբ Ծննդյան մաղթանքներ Ռեյ Բրեդբերիից
Պատկերացրու, որ դու մահացել ես մեկ տարի, տասը, հարյուր կամ հազար տարի առաջ: Գերեզմանն ու գիշերը տարել ու պահել են քեզ բացարձակապես ոչինչ չասող լռության ու մթության մեջ։
Այս ամբողջ խավարի, մենության ու իմաստազուրկ լինելու մեջ հանկարծ Աստված գալիս, կանգնում է անշարժ հոգուդ ու միայնակ մարմնիդ մոտ ու ասում․
-Ես քեզ մեկ րոպե կյանք կտամ։ Վաթսուն վայրկյանով կկենդանացնեմ մարմինդ ու զգայարաններդ։ Կյանքիդ ապրած բոլոր րոպեներից ընտրիր մեկը, ես քեզ կդնեմ այդ րոպեի մեջ, և դու նորից կենդանի կլինես հարյուր, հազար տարվա խավարից հետո։
Ո՞րը կլինի այդ րոպեն։
Մտածի՛ր։ Խոսի՛ր։ Ո՞րն ընտրեցիր։
Եվ պատասխանն է՝ ցանկացած րոպե։ Ընդհանրապես ցանկացած մեկ րոպե։ Աստված իմ, իմ տեր Քրիստոս, ո՜վ առեղծված, կյանքիս ցանկացած մեկ րոպեն պարգևիր ինձ։
Իսկ հաջորդ պատասխանը հետևյալն է.
-Երբ ես ապրում էի, չգիտեի, որ յուրաքանչյուր րոպեն առանձնահատուկ է, թանկ նվեր, հրաշք, անհավանական մի բան, անհնար պարգև, զարմանալի երազանք:
Բայց ոչ իհարկե Սքրուջի նման (Դիքենսի Սուրբծննդյան պատմության հերոս՝ ծերուկ Սքրուջը, որը հարուստ է, բայց չափազանց ժլատ ու ագահ։ Նա վատ է վերաբերվում բոլորին, չի հավատում Սուրբ Ծնունդին։ Խմբ․), որը Սուրբ Ծննդյան առավոտյան օդում ձյան որոնումով է զբաղված։ Ես գիտեմ այն, ինչ պետք է իմանայի իմ համր անփութությամբ։
Այդ րոպեն արտույտի է նման, որի վեհ գեղեցկությունն արցունք ու, միևնույն ժամանակ, սարսափ է առաջացնում։ Բայց ես սկսում եմ թռչկոտել, ես նորից մանուկ եմ դառնում։ Ես դառնում եմ այն տղան, որը վազում է պատուհանի մոտ գտնվող թռչնակի հետևից, և ես այն մարդն եմ, որն ուղարկում է տղային, որ վազի թռչնի հետևից։ Ես կյանքն եմ, որ ձյունառատ քամին փչում եմ փողոցով մեկ, և ես այն զանգերն եմ, որ ղողանջելով ասում են՝ ապրի՛ր, սիրի՛ր, որովհետև շատ շուտով ձյան մեջ ձև ստացած անունդ կհալվի, ինչպես հոգիդ է հալվելու, հոգիդ, որը գոլորշու շնչառության պես մակագրված է հետզհետե գունաթափվող սառը ապակուն․․․․
Վազի՛ր, վազի՛ր տղաս, վազի՛ր կյանքիդ կենտրոնում հայտնված Սուրբ Ծննդյան միջով․․․
***
Թոմաս Դիլան
«Մանկական Սուրբ Ծնունդ Ուելսում»
Նախկինում Սուրբ Ծննդյան օրերն այնքան նման էին մեկը մյուսին, որ ծովային քաղաքի անկյունում հիմա էլ քնելուց մի րոպե առաջ դեռ լսում եմ այդ նույն ձայները, ու այդպես էլ չեմ կարողանում մտաբերել, թե արդյոք վեց օր ու վեց գիշեր էր ձյուն տեղացել, երբ ես տասներկու տարեկան էի, թե տասներկու օր և տասներկու գիշեր էր ձյունել, երբ ես վեց տարեկան էի:
Բոլոր Սուրբ Ծնունդները գլորվում են դեպի երկլեզու ծովը, ինչպես սառն ու գլխապտույտ լուսինը, որը սփռվում էր մեր փողոցի երկայնքով մեկ ու կանգ էր առնում ձկների համար սառցակալած ալիքների եզրին։
Ես ձեռքերս մխրճում եմ ձյան մեջ և դուրս բերում այն, ինչ կարող եմ գտնել: Ձեռքս է ընկնում բրդյա սպիտակ տոնական գնդակը, որը հանգչում է երգեր երգող ծովի եզրին, ապա դուրս են գալիս տիկին Պրոթերոն և հրշեջները։
Սուրբ Ծննդյան նախօրեի կեսօրն էր, և ես տիկին Պրոթերոյի այգում էի, ու ես ու նրա որդի Ջիմը կատուներին էինք սպասում։ Ձյուն էր գալիս։ Սուրբ Ծննդին միշտ ձյուն էր գալիս: Դեկտեմբերն իմ հիշողության մեջ միշտ սպիտակ է, ինչպես Լապլանդիան, թեև հյուսիսային եղջերուներ չկան այնտեղ։ Բայց կատուներ կային։ Համբերատար, սառած ու արդեն անզգայացած ձեռքներս գուլպաներով փաթաթած, սպասում էինք, որ կատուներին ձնագնդով խփենք։ Յագուարների նման նրբագեղ և երկար կատուները՝ երկարաձիգ բեղերն այս ու այն կողմ տանելով ու մռնչալով, սահում էին այգու սպիտակ պատերի վրայով, իսկ լուսանների աչքերով որսորդները՝ Ջիմն ու ես, մորթե գլխարկներով և մոկասիններով, որոնք գնվել էր Հյուդսըն Բեյից, մեր մահաբեր ձնագնդիկներն էինք նետում նրանց աչքերի կանաչին։
Իմաստուն կատուներն այդպես էլ չէին հայտնվում։ Մենք այնքան անշարժ էինք՝ էսկիմո ոտքերով արկտիկական նշանառուներ հավերժական ձյան խլացուցիչ լռության մեջ, այնքան հավերժական՝ չորեքշաբթիից վեր, որ այդպես էլ չէինք լսել տիկին Պրոթերոյի ճիչն այգու մյուս կողմից։ Կամ, եթե ընդհանրապես լսել էինք, դա մեզ համար նման էր մեր թշնամու և որսի՝ հարևանի բևեռային կատվի կողմից հնչող մարտահրավերին: Բայց շուտով ձայնն ավելի ուժգնացավ։
-Կրա՜կ,- բղավեց տիկին Պրոթերոն և հնչեցրեց ընթրիքի զանգը։
Ձնագնդիկները գրկած՝ պարտեզից տուն վազեցինք, իսկ ծուխը, իրոք, դուրս էր հոսում ճաշասենյակից, իսկ գոնգն ասես ռմբակոծվում էր, որով տիկին Պրոթերոն Պոմպեյ քաղաքի աղաղակի պես հայտարարում էր կործանման մասին։ Ձնագնդիներով բեռնված մտանք տուն և կանգնեցինք ծխով լցված սենյակի բաց դռան մոտ։
Ինչ-որ բան լավ այրվում էր. երևի պարոն Պրոթերոն էր, որը միշտ այնտեղ էր քնում կեսօրվա ճաշից հետո՝ թերթը դեմքին դրած։ Բայց նա կանգնած էր սենյակի մեջտեղում և ասում էր՝ hրաշալի Սուրբ Ծնունդ է ու հողաթափով խփում էր ծխին։
-Հրշե՛ջ կանչեք, -բղավեց տիկին Պրոթերոն՝ հարվածելով գոնգին։
-Նրանք այստեղ չեն լինի, -ասաց պարոն Պրոթերոն, -Սուրբ Ծնունդ է։
Կրակը չէր երևում, միայն ծխի ամպեր էին երևում, իսկ պարոն Պրոթերոն կանգնած էր դրանց մեջտեղում՝ թափահարելով հողաթափը. ասես դիրիժոր լիներ։
-Մի բան արեք, -գոռաց նա։
Եվ մենք մեր բոլոր ձնագնդիները նետեցինք ծխի մեջ, հուսով եմ, բաց թողնելով պարոն Պրոթերոյին, և տնից դուրս վազեցինք դեպի հեռախոսի խցիկը։
-Արի ոստիկանություն էլ կանչենք, -ասաց Ջիմը։
-Իսկ շտապօգնությո՞ւն։
-Նաև Էռնի Ջենքինսին․ նա սիրում է կրակներ։
Բայց մենք միայն հրշեջ ծառայություն զանգեցինք, և շուտով հրշեջ մեքենան եկավ։ Սաղավարտներով երեք բարձրահասակ տղամարդ մի խողովակ մտցրին տուն, և պարոն Պրոթերոն ճիշտ ժամանակին դուրս եկավ, մինչև նրանք կմիացնեին այն։
Անհնար էր ավելի աղմկոտ Սուրբ Ծննդյան նախօրե ունենալ:
Եվ երբ հրշեջներն անջատեցին սարքը և կանգնեցին թաց, ծխագույն սենյակում, Ջիմի մորաքույրը՝ օրիորդ Պրոթերոն, իջավ ներքև և նայեց նրանց։ Ես ու Ջիմը հանգիստ սպասում էինք, թե նա ինչ է ասելու տղաներին։
Ինչպես միշտ, նա ճիշտ բան ասաց։ Նայելով փայլուն սաղավարտներով երեք բարձրահասակ հրշեջներին, որոնք կանգնած էին ծխի, մոխրի ու ձնագնդիների մեջ՝ նա ասաց. «Կցանկանայի՞ք որևէ բան կարդալ»:
Շատ տարիներ առաջ, երբ ես փոքր էի, ու Ուելսում էլ գայլեր կային, և կարմիր ֆլանելային թիկնոցների գույնի թռչունները շրջում էին բլուրների կողքով, մենք երգում էինք ու գիշեր ու զօր պտտվում էինք քարանձավներում։ Մենք խելագար ու երջանիկ, ոտաբոբիկ մագլցում էինք բլուրները, ու ձյուն էր գալիս, անվերջ ձյուն էր գալիս: Բայց այստեղ մի փոքրիկ տղա ասում է. «Անցյալ տարի էլ ձյուն եկավ, ես ձնեմարդ սարքեցի, եղբայրս ցած գցեց այն, ես էլ եղբորս ցած գցեցի, հետո մենք թեյ խմեցինք»:
-Բայց դա նույն ձյունը չէր, -ասում եմ ես, -Մեր ձյունը ոչ միայն թափվում է երկնքի տակ գտնվող սպիտակաշերտ դույլերից, այն շալով ծածկված դուրս է գալիս գետնի տակից, այս ձյունը լողալով դուրս է պրծնում ծառերի ճյուղերից, ձեռքերից և մարմնից. այս ձյունը մեկ գիշերում աճեց տների տանիքներին՝ ինչպես մաքուր ու անբիծ մամուռ, մանրակրկիտ կերպով ծածկելով պատերը և հանգիստ տեղավորվելով փոստատարի վրա՝ բացելով տների դարպասը, ինչպես սպիտակ ու արդեն պատռված Սուրբ Ծննդյան բացիկներ»։
-Այդ ժամանակ էլ փոստատարներ կայի՞ն։
-Աչքերը կկոցելով, քամուց կարմրած քթով, սառած ոտքերով նրանք հասնում էին մինչև դռները։ Բայց երեխաները կարող էին լսել միայն զանգերի ղողանջները։
-Ուզում ես ասել, որ փոստատարը ռա-տա-տա-տա էր ասում ու հնչում էր դռների զա՞նգը։
-Ուզում եմ ասել, որ այն զանգերը, որոնք երեխաները լսում էին, իրենց ներսում էին։
-Ես միայն որոտի ձայն եմ լսում, զանգերի՝ երբեք։
-Եկեղեցու զանգերն էլ կային։
-Իրենց ներսո՞ւմ։
-Ոչ, ոչ,։ Չղջիկի պես սև ու ձյունաճերմակ զանգակատանը, որտեղ զանգերի կոչնակները հնչեցնում էին եպիսկոպոսներն ու արագիլները։ Այդ զանգերը տարածվում էին վիրակապված քաղաքի, փոշու և պաղպաղակի բլուրների ու սառած ծովերի վրա։ Թվում էր, թե բոլոր եկեղեցիները ցնծում էին իմ պատուհանի տակ, և Սուրբ Ծննդյան պատրաստությունների ամբողջ անձնակազմն իմ ցանկապատի վրա է հավաքվում։
-Վերադարձե՛ք փոստատարներին։
-Նրանք սովորական փոստատարներ էին, զբոսանքի և շների, Սուրբ Ծնունդի և ձյան սիրահար: Նրանք թակում էին դռները իրենց կապույտ մատներով...։
- Իսկ հետո նվերնե՞րը։
-Եվ հետո նվերները։
Սուրբ Ծննդյան գիշերը միշտ երաժշտություն էր հնչում: Հորեղբայրը ջութակ էր նվագում, հորեղբորս տղան երգում էր «Cherry Ripe»-ը, իսկ մյուս հորեղբայրը երգում էր «Դրեյքի թմբուկը»: Մեր փոքրիկ տանը շատ շոգ էր։ Մորաքույր Հաննան, որը մաղադանոսի գինի էր խմել, մի երգ երգեց արյունահոս սրտերի և մահվան մասին, իսկ հետո մի այլ երգ, որտեղ նա ասում էր, որ իր սիրտը նման է թռչնի բույնի։ Հետո բոլորը նորից ծիծաղեցին, իսկ հետո ես գնացի քնելու:
Ննջասենյակիս լուսամուտից դուրս նայելով՝ ես տեսնում էի լուսնի լույսն ու ծխի գույն դարձած անվերջանալի ձյունն այդ։ Ես տեսնում էի մեր բլրի մյուս բոլոր տների պատուհանների լույսերը և լսում նրանցից բարձրացող երաժշտության ձայնը երկար ու անշեղորեն վրա հասնող գիշերային լռության մեջ։
Գազն անջատեցի ու անկողին մտա։ Որոշ բառեր շշնջացի մոտ ու լուսավոր խավարին, իսկ հետո ես քնեցի։
Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի