Սուրբ Սարգսի կերպարը հայոց պատմության և ժողովրդական ավանդության էջերում

«Խաչաչարչար սուրբ դիտապետ

Նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի

Առաւել պայծառ ի գլուխն Գագայ.

Ի գագաթան տեղւոջն օրհնեալ սրբոյն Մեսրոպայ.

Երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ.

Բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»։

Սուրբ Սարգսի կանոնը, Ձայնքաղ շարական, Վաղարշապատ, 1888։

 

Հայ ժողովրդի պատմության և հատկապես եկեղեցական պատմության էջերում դարեր շարունակ տեղ են գտել սրբերին նվիրված վկայությունները, վարքերը, պաշտամունքը։ Պատմական և կրոնական մեկնություններին հաճախ միացել են նաև ժողովրդական, ծիսապաշտամունքային խորհուրդները, որոնք մի շարք տոների շնորհիվ ավելի են տարածել ազգային, կրոնական առանձնահատկությունները։ Այդպիսի կրոնա-մշակութային մեկնաբանությունների է ենթարկվել Սուրբ Սարգսի տոնը, որը նշվում է առ այսօր:

Տարիներ առաջ Ջովանի Գուայտան արձանագրում էր. «Նա քրիստոնեություն էր տարածում ամենուր. թեև հռոմեական զորքի ստրատեգ էր և լավ էր պատկերացնում իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները, երբ «ուրացիր քրիստոնեական հավատքը» հարցին պատասխան պիտի տային «աքցանի մեջ ջարդվող իր ոսկորները», (Զրույցներ Ջովանի Գուայտայի հետ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս. Էջմիածին, 2001. Էջ 40)։

Հոգևոր շարականներում Սուրբ Սարգիսը ներկայացվում է որպես Ամենասուրբ Երրորդության ընտրյալ ծառա, նա նահատակվում է, բայց չի մահանում։
 

Սուրբ Սարգսի ծագումը

Ըստ պատմական աղբյուրների՝ հռոմեական Կոստանդիանոս կայսեր (285-337) օրոք Սարգիս զորավարը նշանակվել է սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Սակայն բացի ռազմական գործից, քաջարի զորավարն այլ առաքելություն ուներ՝ քրիստոնեության տարածումը։ Նա քանդում էր մեհյանները և կառուցում եկեղեցիներ։ Իսկ երբ Հուլիանոս Ուրացող (360-363) կայսեր օրոք սկսվում են քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, Ս. Սարգիսը, Աստվածային հայտնությամբ իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է քրիստոնյա Հայաստանում։ Հայոց արքա Տիրանի խորհրդով զորավարը ծառայության է անցնում պարսից Շապուհ թագավորի մոտ։ Սակայն պարսից հողում չընդունելով կրակապաշտությունը, զորավարը կործանում է բագինը։ Ինչն էլ ամբոխի զայրույթն է առաջացնում։ Առաջինը նահատակվում է Մարտիրոսը։ Նահատակվում են զորավարը և իր գաղափարակիցները։ Իսկ նահատակների մարմիններն ամփոփվել են Համիան քաղաքում: Մեսրոպ Մաշտոցն էլ Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի՝ կառուցելով զորավարի անունը կրող եկեղեցի:

Ըստ հայկական ավանդության՝ Սուրբ Սարգսի որդին էր Մարտիրոսը։ Այս վկայությունն, օրինակ, բացակայում է օտարալեզու աղբյուրներում։ Հայոց պատկերագրության մեջ ըստ այդմ՝ Սարգիսը պատկերվում է Մարտիրոսի հետ։ Հայ միջնադարյան պատկերագրության մեջ նման բազմաթիվ տարբերակներ կան, օրինակ՝ Մաշտոցյան Մատենադարանի թիվ 6305 ձեռագիրը։ Պատահական չէ նաև, որ տոնը, որը շարժական է, Հայ Առաքելական եկեղեցում հիշատակված է հետևյալ կերպ՝ Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օր։ Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շարժական տոներից է։ Վեհափառ-Հայրապետ Գարեգին 2-րդի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է «Երիտասարդների օրհնության օր»: Ըստ այդմ նաև կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։ Այս տարի տոնը նշվում է հունվարի 27-ին։

 

Ժողովրդական բանահյուսության հետքերով

Սուրբ Սարգիսը հիշատակվում է որպես գորշ կամ ճերմակ ձիավոր, որը շատ քաջ ու համարձակ էր։ Նա իշխում էր քամուն ու հողմերին, բքին, կարկուտին, կայծակին և ձմռան ցրտերին, նրանից էր կախված ճանապարհներին մնացող մարդկանց կյանքը։ Սուրբն իր արագահաս ձիով հայտնվում էր և օգնում նրանց։ Բայց Սրբի գլխավոր դերը սիրահարներին օգնության հասնելն էր։ Սուրբը համարվում է նաև ընտանիքի հովանավոր։ Ինչպես նշում է ազգագրագետ Հ.Խառատյանը՝ Սուրբն ակտիվ է ձմռան ամիսներին, իսկ փետրվարյան քամին հարևան վրացիներն անվանում են «հայերի», կամ «Սուրբ Սարգսի» քամի։ Տարբեր ավանդազրույցներն ու ժողովրդական առասպելաբանությունը Սուրբ Սարգսին մի շարք զորություններ են վերագրում։ Ըստ որոնց՝ Նա կարող է հալածել դևերին, բժշկել հիվանդներին, հաղթանակ բերել ռազմի դաշտում, ազատություն բերել գերիներին, բանտարկյալներին, կարգավորել անկարգությունները, օգնել անօգնականներին, պաշտպանել ճանապարհորդներին, հանդարտեցնել գետերն ու ծովերը, կատարել սիրահարների ցանկությունները, իրեն ենթարկեցնել կարկուտը, քամին, գիշատիչներին։

 

Սուրբ Սարգիսը պատմական աղբյուրներում

Սուրբ Սարգսի ամբողջական պատմությունը գրել է միջնադարի հայ մեծ մտածող Ներսես Շնորհալին՝ Հաղպատի վանքի վանահայր Գևորգ եպիսկոպոսի խնդրանքով։ Շնորհալու Թուղթը հայոց ձեռագրերի մեջ միշտ ընդօրինակված է Սուրբ Սարգսի վկայաբանության հետ միասին։ Ղևոնդ Ալիշանը նույն ձևով այս գործը տպել է «Սոփերք Հայկականք»-ի սկզբում, և այն ասես նախերգանքն է բուն վկայաբանության։ Իսկ Շնորհալին դիմել է Սուրբ Պարսամ ասորական վանքի միաբաններին՝ Սուրբ Սարգսի մասին վկայությունների առթիվ։ Մեկ այլ վկայության ենք հանդիպում Գրիգոր Խլաթեցու մոտ, որն իր «Հայսմավուրք»-ում նշում է, որ Մաշտոցը Սուրբ Սարգսի մարմինը տարել և ամփոփել է Կարբիում, որտեղ կառուցվել է Ուշիի Ս. Սարգիս վանքը։ Այն նշանավոր սրբատեղի է, որը մեծ համբավ էր վայելում 17-րդ դարում, երբ վանքը վերանորոգվեց Փիլիպպոս Աղբակեցի կաթողիկոսի օրոք։ Ահա այս մասին հայտնում է օրինակ պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն»-ում։ Հայոց պատմության էջերում բազմիցս հանդիպում ենք Սրբի և զորավարի մասին վկայությունների։ Սուրբ Սարգիս Զորավարի մասին է վկայում Փավստոս Բուզանդը, Հովհաննես Կաղանկատվացին, Մաթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին։

Սակայն Շնորհալու պատմության մեջ Սուրբ Սարգիսի նահատակության վայրի մասին որևէ տեղեկություն չկա։ Սուրբ Սարգսին առնչվող 9-10-րդ դարերի մեկ ուրիշ վկայաբանության մեջ հիշատակվում է, որ սրբերի մարմիններն անթաղ են մնացել 3 օր շարունակ, բայց ոչ կենդանիներ, ոչ էլ թռչուններ նրանց չեն մոտեցել։ Իսկ ավելի հին մի վկայաբանության մեջ նշվում է, որ Սրբի նշխարները Պարսկաստան են տարել։ Սուրբ Սարգսի մասին հիշատակությունների ենք հանդիպում նաև Սուրբ Սարգսի Շարակնոցային կանոնի և Վանական վարդապետի Առաջավորաց Բարեկենդանին նվիրված ճառում։ Բանասիրության մեջ ընդունված տեսակետի համաձայն Սուրբ Սարգիսի կանոնը ևս Շնորհալին է գրել։

 

Սուրբ Սարգիսը՝ երազանքներն իրականացնող Սուրբ

Ժողովրդական բանահյուսության մեջ Սուրբ Սարգսի տոնին նվիրված մի շարք դիպվածներ կան և ազգագրական մեկնություններ։ Նախատոնակին պատրաստում են աղի բլիթներ և ուտում, որից հետո, ըստ ավանդության, նրանք պետք է երազում տեսնեն ապագա ընտրյալին, որը երազում իրենց ջուր է բերում։ Աղի բլիթները պատրաստում են ամուսնացած ամենաերջանիկ կանայք, որոնք մեծ սեր են ապրել։ Սակայն աղի բլիթ պատրաստելու ավանդույթը կապ չունի հոգևոր տոնի հետ, այն ավանդական ժողովրդական բանահյուսության վառ վկայություն է։ Տոնի կարևոր դրվագներից է նաև տան պատշգամբին ալյուրով կամ փոխինդով մատուցարան դնելը, որպեսզի Ս. Սարգիս զորավարն իր ձիու պայտի հետքը թողնի այդտեղ։

 

Առաջավորաց Պահքը և Ս.Սարգսի տոնը

Ինչպես նշում է Մեսրոպ արք. Աշճեանը՝ Առաջավորաց Պահքը հաստատվել է Գրիգոր Լուսավորչի կողմից և պատահականորեն է կապվում Սուրբ Սարգսի հետ, քանզի Առաջավորը շաբաթական ձմեռային հնգօրյա պահք էր։ Այս ամենի պատճառը տոնի՝ Առաջավորաց Պահքին հաջորդելն է։

 

Սրբի անունը կրող հնագույն հուշարձանները

Տեկորի Ս.Սարգիս վկայարան, կամ Տեկորի տաճար. Պատմական Շիրակ, Ախուրյանի վտակ Տեկորի աջ ափին, այժմ՝ Թուրքիա, Դիգոր։

Ուշիի Սուրբ Սարգիս Վանք. Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգսի մասունքները տեղափոխել է մի բնակավայր, որտեղ կառուցվել է Ս.Սարգիս Վկայարանը։ Այն Արագածոտնի մարզում է։ Այստեղ գտնվող համալիրը գոյատևել է մինչ 18-րդ դար։ Իսկ Ս. Սարգիս վկայարան-եկեղեցին ամենահինն է, պատերը թվագրվում են 5-րդ դար։ Դրա վրա այնուհետև ավելացվել է միանավ եկեղեցին։ Ըստ արձանագրությունների՝ վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, ձիթհանքեր։ Կարևոր տեղ են գրավում համալիրի խաչքարերը (5-7-րդ դարեր), արձանագրությունները։

Օշականի Սուրբ Սարգիս մատուռ. այն գտնվում է Օշականի հարավում, միջնադարյան կամուրջից մոտ 300 մ. արևմուտք, Քասախ գետի ձախ ափին։ Մատուռը կառուցվել է ամիրսպասալար Իվանե Զաքարյանի իշխանության ժամանակ։

 

Ալմաստ Մուրադյան

 

Օգտագործված աղբյուրներ

«Արագահաս Սուրբ Սարգիս», Մեսրոպ արք. Աշճեան Երևան, 2002։

«Սուրբ Սարգիս» նստաշրջանի նյութեր, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Երևան, 2002։

«Հայ ժողովրդական տոները», Հ. Խառատյան-Առաքելյան, Երևան, 2005։

«Հայոց սրբերը և սրբավայրերը. Ակունքները, տիպերը, պաշտամունքը», ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Երևան, 2001։

«Զրույցներ Ջովանի Գուայտայի հետ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս», Էջմիածին, 2001։