Սթիվեն Սփիլբերգ. «Ինձ համար շատ ավելի կարևոր է «Վեստսայդյան պատմությունը» ցույց տալ նրանց, ովքեր չգիտեն այդ մյուզիքլը»

Ուզում էի վերադառնալ սկզբնաղբյուրի սկզբնաղբյուրին՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետին»

Այսօր ամերիկյան կինոյի մեծ վարպետը՝ Սթիվեն Սփիլբերգը նշում է տարեդարձը՝ 75-ամյակը: Օսկարակիր ռեժիսորը վերջապես իրականացրել է տարիների երազանքը ու «Վեստսայդյան պատմության» էկրան բարձրանալուց 64 տարի անց վերադարձել է բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմերից մեկին: Օրերս նա «Կինոաֆիշայի» թղթակից Վերոնիկա Սկուրիխինայի հետ զրուցել է իր նոր ֆիլմի մասին: Լեգենդար ռեժիսորը՝ լեգենդար ֆիլմի մասին։

 

Սթիվեն Սփիլբերգը վերստին հիշեցնում է, որ սերը միջազգային հասկացություն է,  փոքր-ինչ քննադատում է 1961 թվականի օսկարակիր ֆիլմը և փորձում է վերջապես հաշվել, թե քանի անգամ է լսել ու դիտել «Վեստսայդյան պատմությունը»։

Արդեն վարձույթում է 1957 թվականին նկարահանված «Վեստսայդյան պատմություն» լեգենդար մյուզիքլի երկրորդ էկրանավորումը. սցենարը՝ Արթուր Լոուրենսի, երաժշտությունը՝ Լեոնարդ Բերնսթայնի, քնարական տեքստը՝ Սթիվեն Սոնդհեյմի, ​​խորեոգրաֆիան՝ Ջերոմ Ռոբինսի։ Առաջին էկրանավորումը 10 «Օսկար» ստացավ: Բայց ամենակարևորը՝ «Վեստսայդյան պատմությունն» իսկական ամերիկյան պաշտամունք է: Շատ ավելի լավը, քան «Կատուները»: Եվ որպեսզի ձեռք մեկնես ինչ-որ սրբազան և նույնքան մասշտաբային բանի, պետք է և՛ կարգավիճակ, և՛ հանդգնություն ունենաս, որոնք ունի Սթիվեն Սփիլբերգը։ Ռեժիսորը բոլոր հարցազրույցներում սեր է խոստովանել «Վեստսայդյան պատմությանը» և ասել, որ երազում է նկարահանել այն։ Նա արդեն 74 տարեկան է, և նկարահանել է իր կարիերայում առաջին մյուզիքլը ու միաժամանակ իրականացրել իր երազանքը։ Նման մարդկանց մասին ասում են՝ «հզոր ծերուկ»։ Բայց, ինչպես «Կինոաֆիշան» անձամբ համոզվեց, Սփիլբերգն ավելի կենսունակ է, քան իր պարող դերասանները։

-Պարոն Սփիլբերգ, բարև Ձեզ: Եվ այսպես, առաջին հարցը՝ Ձեր «Վեստսայդյան պատմությունը» բրոդվեյան մյուզիքլի էկրանավորում է, 1961 թվականի ֆիլմի ռիմեյք, թե՞ մի այլ բան: Ինչպե՞ս եք ինքներդ Ձեզ համար սահմանել:

-Ես միշտ ցանկացել եմ նկարահանել հատկապես 1957 թվականի Բրոդվեյի մյուզիքլի իմ տեսլականը, և հենց այդ խնդիրը մենք իրականացրեցինք: Ես անսահման հարգանքով եմ վերաբերվում 1961 թվականի ֆիլմին: Ես անհամար անգամ դիտել եմ այն, երբ դեռահաս էի, ես անհամար անգամ դիտել եմ այն, երբ հասունացա: Եվ, իհարկե, բազմիցս դիտել եմ այն, երբ արդեն նկարահանում էի իմ «Պատմությունը»։ Բայց ես ուզում էի վերադառնալ սկզբնաղբյուրին, և սկզբնաղբյուրի սկզբնաղբյուրին՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետին», որպեսզի այս պատմությունը վերապատմեմ ժամանակակից հանրությանը:

-Հետաքրքիր է, որ շատ ռեժիսորներ, որոնք նախաձեռնում են դասական ստեղծագործությունների էկրանավորումը, գործողությունները տեղափոխում են մեր օրեր: Իսկ Դուք որոշեցիք մնալ 50-ականներում։ Ինչո՞ւ։

-Գիտեք, այնտեղ Սթիվեն Սոնդհեյմի բոլոր երգերը, բոլոր բանաստեղծությունները գրված են հենց 1950-ականների խոսակցական սլենգով։ Եվ մենք չէինք ուզում խախտել այդ հրաշալի քնարականությունը կամ երաժշտությունը հարմարեցնել մեր ժամանակներին: Եվ պատմությունը 21-րդ դար տեղափոխելու դեմ ևս մեկ փաստարկ է ֆիլմում շոշափվող թեմաները։ Մեր օրերում դրանք կդառնային ավելի քաղաքական, քան մարդկային, ավելի սոցիոլոգիական, քան ռոմանտիկ թեմաներ։ Դրանք ավելի շուտ կարող էին խախտել նուրբ, խաղաղ հավասարակշռությունը, քան ցույց տալ, թե ինչպես պահպանել այն: Այդ պատճառով, մենք՝ սցենարիստ Թոնի Քուշների հետ, որոշեցինք գործողությունները թողնել 1957 թվականում, բայց ավելի խորասուզվել հերոսների պատմության մեջ. նրանց տրամադրել նախապատմությունները, նախանշել ավելի բարդ կերպարներ, որպեսզի հանրությունն իրեն ասոցացնի հերոսների հետ: Որովհետև մենք բոլորս բարդ ենք մեր օրերում, մեր ամենօրյա կյանքում և մեր փոխհարաբերություններում, շատ ավելի բարդ, քան մարդիկ 1957-ին էին: Հիմա խնդիրներն ավելացել են։ Եվ մենք պետք է հասնեինք նրան, որ հերոսներն իրենք՝ ոչ թե ժամանակը, այլ հենց իրենք՝ կերպարները, նմանվեն ժամանակակից հանդիսատեսին:

-Ես ուշադրություն դարձրեցի նոր երկխոսություններին. դրանք ֆիլմն ավելի հասկանալի են դարձրել: Բայց պետք է խոստովանում եմ, որ «Վեստսայդյան պատմությունը»  Ռուսաստանում այնքան հայտնի չէ, որքան Ամերիկայում: Կարծում եմ, որ այն հայտնի կդառնա, քանի որ շատերը կցանկանան կինո գնալ Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի համար: Բայց քանի դեռ նրանք չեն գնացել, ես հարցնեմ, այնուամենայնիվ, ի՞նչն է այս պատմության մեջ այդքան առանձնահատուկ, որ այն դարձնում է ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային:

-Սերը միջազգային հասկացություն է։ Եվ ատելության վերագնահատումը միջազգային հասկացություն է։ Եվ ինչ-որ հասարակության մեջ ընդունված լինելու ձգտումը նույնպես միջազգային հասկացություն է։ Բոլոր արժեքներն ու ասպեկտները, որոնք կան «Պատմության» մեջ, կան նաև մեր մոլորակի յուրաքանչյուր մարդու կյանքում։ Եվ անկեղծ ասած, ինձ համար շատ ավելի կարևոր է «Վեստսայդյան պատմությունը» ցույց տալ նրանց, ովքեր չգիտեն այդ մյուզիքլը, նրանց, որոնք առաջին անգամ են դիտելու այն։ Որովհետև անձամբ ես համոզված եմ, որ իմ սիրելի ամերիկյան մյուզիքլը, որը գրվել է 1957 թվականին, արժանի է կիսվելու Լեոնարդ Բերնսթայնի այս երաժշտությամբ, Սթիվեն Սոնդհեյմի պոեզիայով, Արթուր Լոուրենսի սյուժեով և Ջերոմ Ռոբինսի խորեոգրաֆիայով, կիսվել իրենց ստեղծագործության նախաստեղծ օրինակով նրանց հետ, որոնք դեռ ծանոթ չեն այդ թեմաներին, այդ պատմություններին, այդ կերպարներին: Այդ պատճառով ես իսկապես շատ ավելի ոգեշնչված եմ «Վեստսայդյան պատմությունը» նրանց ցուցադրելու հնարավորությամբ, որոնք ոչինչ չգիտեն դրա մասին, ինչպես օրինակ որոշ հանդիսատեսների Ռուսաստանում, քան նրանց, որոնք  գիտեն այն նույնքան լավ, որքան ես:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի

... ...