Ստեփանակերտում պատերազմից հետո առաջին ներկայացմանն են պատրաստվում

Եթե վարագույրը բացում ես, թատրոնն աշխատում է

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատերազմից հետո աշխատանքը վերսկսել է հունվարի կեսերին: Պատերազմական գործողությունների ընթացքում  Հայաստանի տարբեր շրջաններում ապաստանած դերասաններից շատերը չեն վերադարձել Արցախ. օրեր առաջ ազատման դիմում է ներկայացրել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը:

«Եթե վարագույրը բացում ես, թատրոնն աշխատում է, վարագույրը փակ է՝ թատրոն չկա»,- ասում է ԼՂՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա դերասան Քաջիկ Հարությունյանը:

Մինչև Արցախում կենսական հարցերը կլուծվեն, մինչև երկրում վիճակը կկայունանա և հերթը կհասնի թատրոնին ու նոր գեղարվեստական ղեկավարի նշանակմանը, Արցախում մնացած դերասանները որոշել են իրենց ուժերով թատրոնն ապրեցնել. չլինի, թե դադարը երկարի, ու հանկարծ պարզվի, որ քաղաքին թատրոն այլևս պետք չէ:

Խաղացանկային ներկայացումները բեմ բարձրացնել չեն կարող. դերասանները քիչ են: Ու այդ պատճառով մարդկային ու նյութական անհամեմատ ավելի քիչ ռեսուրս պահանջող նոր ներկայացում են բեմադրել՝ «Ալվան ծաղիկը» հեքիաթի հիման վրա:

«Թատրոնն արդեն աշխատում է, կամաց-կամաց հունի մեջ է ընկել, բայց մեր լավագույն, շնորհաշատ դերասաններից շատերը, որ հանդիսատեսի սերն ու հարգանքն էին վայելում, նաև՝ երիտասարդ դերասաններից շատերը մնացին Հայաստանում: Ռեժիսոր էլ չունենք, խաղացանկը, փաստորեն, զրո է, բայց թատրոնը պիտի աշխատի: Որոշեցինք մի մանկապատանեկան պիես բեմադրել: Ներկայացումն էնպիսին է, որ մեծահասակներն էլ հաճույքով կդիտեն. հայրենասիրության, մարդասիրության, ազնիվ սիրո, մարդու հոգին բացահայտելու մասին է: Մեր ուզածի նման չենք կարող անել, բայց կաշխատենք, որ հանդիսատեսը գոհ մնա, նորից գա թատրոն»,- ասում է Քաջիկ Հարությունյանը, որն իր վրա է վերցրել ներկայացման բեմադրական աշխատանքները:

Ավելի քան 55 տարի Քաջիկ Հարությունյանը խաղում է Ստեփանակերտի թատրոնում: Հիշում է՝ Արցախյան առաջին պատերազմին քաղաքում մնացած դերասաններով նկուղից նկուղ էին գնում, հանդիսատեսին հույս տալիս, ոգևորում: Ասում է՝ այս անգամ դա այլևս  անհնար էր. ռումբերը կարկուտի պես էին թափվում:

«90-ականներին դերասաններից շատերն էլի Հայաստան էին գնացել: Որոշեցինք պիես բեմադրել, որովհետև ժողովուրդը սպասում էր դրան: Մութ ու խավար տարիներն էին. սով, մի ժամ էին լույս տալիս, ու փորձերն էլ տներում էինք անում: 6 հոգի էինք՝ տեխնիկական անձնակազմի հետ միասին: Մի երկու հոգի էլ ծառայության մեջ էին, հաճախ սպասում էինք, որ դիրքերից գան՝ փորձեր անենք: Էս վիճակում կոմեդիա բեմադրեցինք՝ «Աղջիկը փեսացու է փնտրում»: Հանդիսատեսը մեծ հաճույքով ընդունեց, պատերազմի ընթացքում 12 անգամ խաղացինք լիքը դահլիճում, նստատեղերը չէին հերիքում, և մարդիկ շարքերի կողքի ազատ հատվածներում կանգնում էին: Հանդիսատեսն այն ժամանակ ուրիշ էր, թատրոնով էր ապրում: Քաղաքը ռմբակոծում էին, իսկ դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ չէին գնում: Հիմա իրավիճակը փոխվել է, շատ դժվար է հանդիսատես բերել թատրոն»:

Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները տարիներ շարունակ փորձերն անում ու ելույթ են ունենում Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում: 1952 թվականին կառուցված շենքը հիմնանորոգման կարիք ունի: Արցախի նախագահ ընտրվելուց հետո Արայիկ Հարությունյանը դերասաններին հանդիպել ու ասել էր, որ իր նախընտրական խոստման համաձայն՝ 2021-ին մեկնարկելու է թատրոնի շենքի կապիտալ վերակառուցման աշխատանքը, որը կավարտվի 2022-ին:

«Անդրկովկասում ամենագեղեցիկ, ամենալավ շենքերից մեկն է եղել՝ 450-500 նստատեղով: Ամեն օր խաղում էինք, ներկայացումներ կային՝ 100, 250 անգամ են խաղացվել: Դերասանական կազմը 35-40 հոգի էր, բոլորը զբաղված էին: Մի ամսում 70 ներկայացում էինք խաղում, հիմա մի տարում չենք կարողանում 40-ը խաղալ:

Էն ժամանակ դերասաններս էնպիսի հարգանք ու պատիվ ունեինք, էնպիսի պատկառանք կար: Փողոցով գնում էինք, մարդիկ պտտվում, նայում էին: Ներկայացումից հետո հանդիսատեսը սպասում էր, որ դերասանը գրիմը մաքրի, տեսնեն՝ ինչպիսին է իրական կյանքում: Այնպիսի սյուն-դերասաններ ունեինք՝ Բենիկ Օվչյան, Թամարա Մելքումյան, Գուրգեն Հարությունյան, Մարգո Բալասանյան, որոնց Հայաստանի բոլոր նշանավոր թատրոններից հրավիրում էին աշխատելու, բայց չգնացին: Հիմա ամեն ինչ փոխվել է, կյանքն է փոխվել»:

Պատերազմից հետո թատրոնի շենքի հիմնանորոգման ծրագրերը, հավանաբար, չեն իրականացվի, առնվազն՝ նշված ժամկետներում: Թատրոնը երիտասարդ դերասաններով համալրելու, թատերական զգեստապահարանը թարմացնելու, բեմադրական ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու ու էլի շատ խնդիրներ մնում են չլուծված: Քաջիկ Հարությունյանն ասում է՝ չենք դժգոհում, միայն թե «փխրուն խաղաղությունը մի քիչ կայունանա»: Պատրաստ են փոքր դահլիճում օրական մի քանի ներկայացում խաղալ, կարևորը՝ հանդիսատեսի հետ կապը չկորցնեն:

«Մեր գերնպատակն է, որ թատրոնն աշխատի, վարագույրը բացենք, դահլիճում հանդիսատես ունենանք, մեր առաքելությունը կատարենք: Այնպիսի ներկայացումներ բեմադրենք, որ մեր պատանի հանդիսատեսը, երիտասարդները տոգորվեն հայրենասիրական ոգով: Հայրենասիրությունն ամեն ինչ տալիս է, հույսն ու հավատը հայրենասիրության մեջ է»:

«Ալվան ծաղիկ»-ի առաջնախաղը նախատեսված է փետրվարի վերջին։

 

Լուսինե Ղարիբյան