«Ստալիկը քաքալ ա՜…»

Մաթին ռուսական հեղափոխությունից հետո Վլադիկավկազից դուրս էր եկել, Կովկասյան լեռներով անցել, Վրաստանով վերադարձել հայրենի գյուղ ու էդ ամբողջ ճամփից մտապահել էր մենակ լեռան անունը։ Ու դրա համար էլ, երբ որդին ծնվեց, նրան Էլբրուս անվանեց։ Ճիշտ է՝ ծխական մատյանում գրառում անող գրագիրը չհասկացավ, թե դա ինչ անուն է, բայց հազարումի գործ ուներ՝ տավարը պիտի արոտ ուղարկեր, հետո այգում պիտի լոբու ածուներ բացեր, գլուխ չդրեց, գրեց ոնց ասաց։

Էլբրուսը, կամ ինչպես կարճ նրան դիմում էին ընկերները՝ Էբոն, աշխույժ երեխա էր, դպրոցում ամենաակտիվներից, թեպետ զգույշ էր. հերն ամեն օր նախազգուշացնում էր, որ շատ չխոսի, ամեն բառի պատճառով կարող են իրեն էլ, իրենց ընտանիքն էլ աքսորել։ Ասում էր՝ պատերն ականջներ ունեն, ծառերն ականջներ ունեն, իսկ ամենամեծ ականջներն ունի դպրոցի պահակը։

Պահակի ականջների մասին շատ էր լսել, բայց բանի տեղ չէր դնում. «Թող ինքն ինձնից զգուշանա», -մտածում էր Էբոն և իրավունք ուներ. 15 տարեկանում արդեն դպրոցի կոմսոմոլի քարտուղարն էր, ելույթներ էր ունենում տոներին, նաև ցածր դասարանցիներին պատմում էր «պարտիայի և կոմսոմոլի անցած ճանապարհի» ու երկրի ձեռքբերումների մասին՝ չմոռանալով բոլոր հաջողություններում շեշտել «մեծ առաջնորդ ընկեր Ստալինի դերը»։

Էբոն դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կոլխոզ մտավ, թեպետ կոմսոմոլում աշխատանք էին առաջարկում։ Մերժեց, որովհետև բանվորագյուղացիական ստաժ էր պետք, որպեսզի հեշտությամբ ընդունվի գյուղատնտեսական տեխնիկում։ Մտածում էր՝ մի տարի կաշխատի, հետո կգնա էդ տեխնիկումը կավարտի, կգա կոլխոզի նախագահ կդառնա, կամուսնանա, տուն-տեղ կդնի։

Բայց պլանները կիսատ մնացին. պատերազմն սկսվեց, ու իրեն էլ տարան կռիվ։

1944 թվականի հունիսին Էբոն պատերազմից վերադարձավ ձախ ձեռքը վիրավոր։ Գնդակը փափուկ մկանին էր կպել, անցել, բայց նաև ինչ-որ նյարդ էր վնասել, և ձեռքը թուլացած էր։ Հոսպիտալում բուժվելուց հետո շատ էր խնդրել, որ նորից առաջնագիծ տանեն, բայց զորացրել էին և ուղարկել տուն։

Ամաչում էր, որ ողջ է վերադարձել, մանավանդ՝ երբ տեսնում էր որդի, ամուսին կամ եղբայր կորցրած կանանց։ Բայց նաև չկարողացավ մերժել վիրավորվելու պատմությունը պատմելու բարեկամների խնդրանքը։

-Դե, առանձնապես պատմելու բան էլ չկա,- ասաց,- կռիվ էր, էլի, գրոհի հրաման ստացանք ու «Զա ռոդինու», «Զա Ստալինա» գոռալով առաջ վազեցինք։ Բարձունք էր, գրավեցինք ու խրամատավորվեցինք։ Պիտի հանգստանայինք՝ պատրաստվեինք նոր գրոհի։ Փոքրիկ բահը՝ շեղբը դեպի վեր, խրել էի գոտկատեղս։ Մեկ էլ մի վզզոց լսվեց, ու ձեռքս թուլացավ։ Արյունն ուժեղ սկսեց չռռալ։ Տղերքն արագ վիրակապեցին, ապա իջեցրին ներքև, հանձնեցին սանիտարներին։ Սնայպեր էր եղել, խփում էր սրտիս, բայց գնդակը բահի շեղբին էր կպել՝ «ռիկաշետով» ձախ ձեռքս վնասել։

Գավառի ղեկավարությունը Էլբրուսին իբրև հերոս ընդունեց։ Աշխատանքի նշանակեցին կոլխոզում, սկզբում բրիգադիր, ապա՝ ասացին հենց պարտիական դառնաս, նաև քեզ պարտքարտուղար կընտրենք։

Հայրը պատերազմի տարիներին մահացել էր, ինքն էր մնացել տան միակ աշխատողը՝ մորն ու քրոջը պահողը։ Ու ստիպված որոշ ժամանակ սովորելու պլանները հետաձգեց։ Քրոջը պսակելուց հետո ինքն էլ մտածեց ամուսնանալու մասին և կին առավ իրենց դասարանի տղաներից մեկի քրոջը, որին դեռ պատերազմ գնալուց առաջ էր աչքադրել։

Առաջնեկի ծնվելուց մի քանի ամիս հետո մայրը մահացավ։ Իսկ երբ արդեն կինը երկրորդով էր հղի, որոշեց տունը թեթև ներկել, պատերը սպիտակեցնել, ոնց որ տեսել էր ռուսական գյուղերում։

Ներկեց, նորոգեց, կոմոդի վրա հոր ու մոր նկարը դրեց՝ շրջանակի մեջ, իսկ հյուրասենյակում՝ ընկեր Ստալինի մեծադիր նկարը կախեց։ Կնոջ սիրտը դրանից մի քիչ նեղ էր, բայց չէր կարող առարկել ամուսնուն, եթե նույնիսկ մենակ լինեին. պատերն ականջներ ունեին, համ էլ Էբոն ամեն անգամ ասում էր. «Գիտե՞ս, նրա անունով քանի անգամ եմ գրոհի գնացել…»։

Առաջնեկի՝ տղայի անունը Լենիկ էր դրել՝ ընկեր Լենինի պատվին, էլի։ Իսկ երբ աղջիկը ծնվեց, անունը դրեց Ստալիկ։ Կինն էլի ուզեց առարկել, ուզեց ասի` արի մորդ անունը դնենք՝ Աստղիկ, ի՞նչ վատ անուն է։ Բայց արդեն վարժվել էր, որ Էբոն, մեկ է, իր ասածն էր առաջ բրդելու ու ձեն չհանեց։

Էբոն տեխնիկումում սովորելն էլի հետաձգեց, մանավանդ դրա կարիքն արդեն չէր էլ զգում՝ պարտիական գծով առաջ էր գնում, շատ հնարավոր է նույնիսկ ուղարկեին օրգաններում աշխատելու՝ իր նվիրվածությունն ընկեր Ստալինին ու նրա գործին նկատի ունենալով։ Էդպես ինքն էր, էլի, ասում կնոջը, որը չէր առարկում, թեպետ մարդու էդ ոգևորությունը չէր էլ հասկանում։

1948 թվականն էր։ Լենիկն արդեն սկսել էր խոսել՝ զիլ էլ ձայն ուներ։ Էբոն ծիծաղելով ասում էր՝ երգիչ է դառնալու։ Իսկ Ստալիկը դեռ բարուրի երեխա էր։

Գարնանային կիրակի օր էր։ Էբոն ու կինը տան առջևի այգում գործ էին անում։ Թաղի հարևանները բոլորն էլ իրենց բակերում էին՝ ամեն մեկն իր գարնանային գործին։

Մեկ էլ երեք տարեկան Լենիկը սենյակից դուրս վազեց ու, ամբողջ թաղով մեկ գոռաց.

-Խոխան քաքալ ա՜, Ստալիկը քաքալ ա՜, մամա՜, Ստալիկը քաքալ ա՜…

Մայրը հազիվ հասցրեց վազել ու տղայի բերանը փակել։ Էբոն նայեց շուրջբոլորը ու տեսավ, որ հարևանները գլուխները կախել են…

Երեկոյան Էբոյի տան դարպասի մոտ կանգնեց մի սև մեքենա։ Դրանից երկու զինվորականի ուղեկցությամբ դուրս եկավ դպրոցի նախկին պահակի որդին, որ հիմա ԷնԿաՎէԴէ[*]-ի գծով օպեր էր…

 

***

 

Մեկ շաբաթ հետո Էբոյի տան բակում 5-6 տարեկան երկու երեխաներ էին վազվզում, իսկ հյուրասենյակում՝ Ստալինի մեծադիր նկարի տակ, սեղանի մոտ նստած էր դպրոցի նախկին պահակի օպեր որդին։

-Աղչի՜,- ձայն տվեց նա խոհանոցում գործ անող կնոջը,- մի բաժակ չայ բեր, էն լակոտներիդ էլ ասա ձենները կտրեն տուն գան՝ հանկարծ «տըպոյ-մըպոյ» բաներ չխոսան…

 

Մեսրոպ Հարությունյան

 

 

[*] ԷնԿաՎէԴէ – ռուսերեն՝ НКВД  - Наро́дный комиссариа́т вну́тренних дел, հայերեն՝ ՆԳԺԿ – Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, որ իր մեջ ներառում էր և՛ միլիցիան, և՛ պետանվտանգության մարմինները։ Թեպետ 1946-ին այն վերակազմավորվեց ՆԳՄ-ի՝ Ներքին գործերի մինիստրության, ժողովրդական լեզվում դեռ երկար կիրառվում էր հենց НКВД – ԷնԿաՎէԴէ  հապավումը։