Սրտի փոխպատվաստում

Ռեյ Բրեդբերիի ծննդյան օրվա առիթով «ArtCollage»-ը ներկայացնում է նրա «Սրտի փոխպատվաստում» պատմվածքը հայերեն՝ Լյուսիլ Ջանինյանի թարգմանությամբ:

 

***

-Կուզեի՞ր արդյոք։

-Ի՞նչ, - նորից հարցրեց նա՝ մթության մեջ հանգիստ պառկած, աչքերն առաստաղին հառած։

-Դու լսեցիր ինձ -ասաց կինը՝ նույնքան հանգիստ պառկած նրա կողքին, նրա ձեռքը բռնած ու հայացքն առաստաղին հառած, բայց ավելի սևեռուն՝ ասես փորձելով ինչ-որ բան տեսնել այնտեղ։

-Դե, ի՞նչ կասես։

-Կրկնի՛ր հարցդ, խնդրում եմ։

-Կուզեի՞ր նորից սիրահարվել կնոջդ, եթե դա հնարավոր լիներ։

-Տարօրինակ հարց է։

-Այնքան էլ տարօրինակ չէ։ Այս աշխարհը լավագույնն է բոլոր հնարավոր աշխարհներից, եթե այստեղ ամեն բան ճիշտ է ընթանում: Բայց պետք է, չէ՞, ի վերջո, որ մարդիկ նորից սիրահարվեն, որ երջանիկ ապրեն, այնպես չէ՞։ Հիշում եմ, թե ոնց էիր խենթի պես սիրահարված Էնին։

-«Խենթի պես»-ն այն խոսքը չէ։

-Այդպես էլ չե՞ս մոռանա այդ մասին։

-Երբեք։ Դա հաստատ։

-Ուրեմն ճի՞շտ է, որ կուզենայիր․․․

-Ավելի տեղին հարցեր կարո՞ղ ես տալ․․

-Մոռացիր այդ «կարող էիր»-ը։ Մի պահ պատկերացրու, որ ամեն բան փոխվել է, ու կինդ նորից այնպիսին է դարձել, ինչպիսին տարիներ առաջ էր․․․ Իսկ այդ դեպքո՞ւմ։

Նա փոքր -ինչ առաջ թեքվեց, հենվեց արմունկներին ու զարմացած նայեց։

-Տարօրինակ տրամադրություն ունես այսօր։ Ի՞նչ է պատահել։

-Չգիտեմ։ Գուցե ամբողջ դժբախտությունն այն է, որ վաղը քառասուն կդառնամ, իսկ մեկ ամիս անց քո քառասուներկուսը կլրանա։ Եթե ​​տղամարդիկ խելագարվում են քառասուներկու տարեկանում, ինչո՞ւ դա չի կարող պատահել կանանց հետ երկու տարի շուտ: Կամ, գուցե, մտածում եմ, ինչպիսի՜ ամոթ։ Ինչ ամոթ է, որ մարդիկ չեն կարողանում այնպես սիրել միմյանց, որ տանեն այդ սերն ամբողջ կյանքի ընթացքում, ու, փոխարենը, սկսում են մեկ ուրիշին փնտրել․․․ Ինչպիսի՜ ամոթ։

Նա ձեռքը դրեց կնոջ այտերին ու զգաց, որ դրանք թաց են։

-Աստվա՛ծ իմ, դու լաց ես լինում։

-Մի քիչ։ Այս ամենն այնքան տխուր է: Մենք։ Նրանք։ Բոլորը։ Տխուր է։ Մի՞թե միշտ այսպես է եղել։

-Կարծում եմ՝ միշտ։Ուղղակի ընդունված չէ այդ մասին խոսել։

-Ոնց եմ նախանձում հարյուր տարի առաջ ապրած մարդկանց․․․

-Մի ասա այն, ինչ չգիտես։ Այն ժամանկ էլ ամենևին լավ չէր։

Նա համբուրելով չորացրեց արցունքները։

Կասե՞ս՝ ինչ է պատահել։

Նա նստեց՝ չիմանալով, թե որտեղ դնի ձեռքերը։

-Այ քեզ ողբերգություն։ Ոչ դու ես ծխում, ոչ էլ ես։ Ֆիլմի ու գրքի հերոսները նման պահերին միշտ ծխում են։

Նա ձեռքերը խաչեց կրծքին։

-Հիշեցի Ռոբերտին, խենթի նման սիրահարված էի։ Ու ինչ եմ անում հիմա քո կողքին։ Փոխանակ տանը նստես ու մտածես քո երեսունյոթամյա կողակցի մասին, որն ավելի շատ երեխայի է նման։

-Ե՞վ։

-Ես Էնին էլ հիշեցի։ Ես նրան շատ էի հավանում, ինչ զարմանալի կին էր նա․․․

-Ես փորձում եմ նրա մասին չմտածել։ Ամեն դեպքում, նա դու չես։

Ու ինչ, եթե նա ես դառնար։

Նա ձեռքերով բռնեց ծնկներից ու սկսեց ուղիղ աչքերի մեջ նայել։

-Չհասկացա՞։

-Եթե այն ամենը, ինչ նա կորցրել է, և այն, ինչ դու գտել ես իմ մեջ, վերադառնար նրան: Կցանկանայի՞ր, այդ դեպքում, նորից սիրահարվել նրան:

-Ահա, ճիշտ ժամանակն է, որ ծխեմ․․․…

Նա ոտքերը դրեց հատակին, շրջվեց ու սկսեց լուսամուտից դուրս նայել։

-Ի՞նչ օգուտ այն հարցերից, որոնց պատասխանը երբեք էլ չենք ունենա։

-Հենց դա է հարցը, -շարունակեց նա՝ հարցն ուղղելով նրա մեջքին։

-Դու ունես այն ամենն, ինչ պակասում է իմ ամուսնուն, իսկ ես՝ այն ամենն՝ ինչ կինդ չունի։ Կարծես թե մենք պետք է հոգու կրկնակի փոխպատվաստում կատարենք: Ավելի ճիշտ՝ սրտի կրկնակի  փոխպատվաստում։

-Վեպերի ու ֆիլմերի համար վատ սյուժե չէ։

-Սա մեր սեփական կյանքի սյուժեն է, ու մենք խրված ենք դրա մեջ՝ առանց փրկության նշույլի, միայն թե․․․

Նա վեր կացավ և անհանգիստ քայլեց սենյակում, հետո մոտեցավ պատուհանին և գլուխը բարձրացրեց՝ նայելու ամառային աստղազարդ երկնքին։

-Վերջերս Բոբը սկսել է իրեն այնպես պահել, ինչպես մեր համատեղ կյանքի հենց սկզբում։ Նա այնքան լավն ու բարի է դարձել․․․

-Այ քեզ մղձավանջ, -ծանր հառաչեց տղամարդն ու փակեց աչքերը։

-Ճիշտ այդպես։

Երկար լռությունից հետո վերջապես արտաբերեց․

-Էնը նույնպես իրեն չափազանց լավ է պահում։

-Այ քեզ մղձավանջ։

Նա մոտեցավ մահճակալին, ծնկի իջավ և, բռնելով նրա ձեռքերը, ուղիղ նայեց նրան․

-Իմ ամուսինն ու քո կինն այսօր քաղաքում չեն․ նա մեկնել է Նյու Յորք, կինդ՝ Սան Ֆրանցիսկո։ Ճի՞շտ է։ Մենք գիշերն այստեղ կանցկացնենք՝ հյուրանոցային այս համարում։

Նա մի պահ մտածեց՝ փորձելով ճիշտ բառեր գտնել․

-Ու ինչ, եթե մինչև քնելը մենք երազանք պահենք․ ես քեզ համար, դու՝ իմ։

-Երազա՞նք , -ծիծաղեց նա։

-Մի՛ ծիծաղիր։ Նա հպվեց ձեռքերին։ Տղամարդը դադարեց ծիծաղել։ Ու նա շարունակեց․

-Մենք կխնդրենք Աստծուն, մուսաներին, բոլոր ժամակների մոգերին, էլ ով կար ․․․ որ մինչև մենք քնած լինենք, հրաշք տեղի ունենա, որ․․․

Նա մի պահ կանգ առավ, ապա նորից շարունակեց․

-Որ մենք նորից սիրահարվենք, դու՝ կնոջդ, ես՝ ամուսնուս։

Նա լռեց։

-Ահա, թե ինչ էի ուզում ասել։

Նա ձգվեց դեպի անկողնու կողքի սեղանը, որի վրա տուփ էր դրված։ Մի լուցկի վառեց, որպեսզի լուսավորվի նրա դեմքը։ Կնոջ աչքերում նա կրակ տեսավ։ Խորը հառաչեց։ Լուցկին հանգավ։

-Անիծված լինեմ, լո՞ւրջ ես դա ասում -շշնջաց։

-Հա, ու դու էլ։ Փորձե՞նք։

-Աստված իմ․․․

-Աստծուն հանգի՛ստ թող․ խելքս չեմ թռցրել։

-Լսի՛ր․․․

-Չէ՛, դու լսիր։

Նա նորից բռնեց ձեռքը ու ամուր սղմեց։

-Ինձ համար։ Կանե՞ս դա ինձ համար։ Ես կանեմ դա հանուն քեզ։

-Դու ուզում ես, որ ես երազա՞նք պահեմ։

-Երեխա ժամանակ մենք հաճախ էինք այդպես անում։ Երբեմն այդ երազանքներն իրականանում էին։ Ու դրանք դադարում են սովորական ցանկություն լինել, աղոթքի պես մի բան են դառնում։

Նա խոնարհեց աչքերը։

-Արդեն երկար ժամանակ է՝ չեմ աղոթում։

-Այդպես չէ։ Քանի՞ անգամ ես ուզել վերադառնալ այն օրերին, երբ դուք նոր էիք ամուսնացել։ Դրանք աղոթքներ էին։ Պարզապես ամեն անգամ դա քեզ անհնար է թվացել, ու աղոթքդ անպատասխան է մնացել։

Նա նյարդային կուլ տվեց թուքը։

Ոչինչ մի ասա, -շշնջաց կինը։

-Բայց ինչո՞ւ։

-Որովհետև դու հիմա ասելու ոչինչ չունես։

-Լավ, ես կլռեմ։ Թույլ տուր մտածեմ մի քիչ․․. Ասա, դու ուզում ես, որ․․․դու իսկապե՞ս ուզում ես, որ ես քեզ համար ցանկություն պահեմ։

Կինը նստեց հատակին, ու փակ աչքերից արցունքներ հոսեցին։

-Լավ, սիրելի՛ս, -լսվեց տղամարդու մեղմ պատասխանը։

Գիշերվա երեքն էր, ամեն ինչ ասված էր։ Մի բաժակ տաք կաթ խմեցին, մաքրեցին ատամները, ու նա լոգասենյակից տեսավ թե ինչպես է նա անկողինն ուղղում։

-Ու ի՞նչ պետք է անեմ հիմա,-հարցրեց։

Կինը շրջվեց՝

-Նախկինում գիտեինք։ Հիմա՝ ոչ։

-Ես ինձ հիմար եմ զգում։

-Շուտով դու քեզ շատ վստահ կզգաս։

Նա պառկեց վերմակի տակ, ձեռքերը խաչեց դրա վրա, գլուխը դրեց փափկամազ բարձին։

-Ե՞վ։

-Ամեն ինչ ճիշտ է։ Հիմա կենտրոնացիր։

Նա հանգցրեց լույսը, պառկեց անկողնու իր կեսում ու բռնեց տղամարդու ձեռքը։

-Դու հոգնած ես ու ուզում ես քնե՞լ։

-Անկեղծ ասած՝ այո։

-Հրաշալի է։ Կարևորը՝ պահել լրջությունը։ Ոչինչ մի ասա, միայն մտածիր։ Դու գիտես՝ ինչի մասին։

-Գիտեմ։

-Փակի՛ր աչքերդ։ Այսպես։

Կինը նույնպես փակեց աչքերը։ Հիմա նրանք պառկած էին՝ ձեռք ձեռքի, ու նրանց շնչառությունից բացի ուրիշ ոչինչ չէր լսվում։

-Հիմա շնչի՛ր, -շշնջաց կինը։

Նա լսեց ու շնչեց։

-Արտաշնչի՛ր։

Արտաշնչեց։

-Այսպես, -հազիվ լսելի ձայնով շշնջաց, -սկսեցի՜նք։ Երազանք պահիր։

Անցավ երեսուն վայրկյան։

-Պահեցի՞ր։

-Պահեցի։

-Հիանալի է, բարի գիշեր։

Մոտ մեկ րոպե անց նրա ձայնը գրեթե անլսելի շշնջաց մութ սենյակում.

-Հաջողություն։

Տղամարդն առանց որևէ ակնհայտ պատճառի արթնացավ։ Փորձեց երազը հիշել։

Կա՛մ երկիրն էր օրորվել ոտքերի տակ, կա՛մ ինչ-որ տեղ՝ հեռու-հեռվում՝ քաղաքից տասը հազար մղոն հեռավորության վրա, որտեղ ինքն էր  ապրում, երկրաշարժ էր եղել, որը ոչ ոք չէր զգացել, կամ Քրիստոսի երկրորդ գալստյան լուրն էր տարածվել աշխարհով մեկ, ու դա խլացրել էր մարդկանց։ Կամ գուցե լուսինն էր սենյակ թռել ու, ակնթարթորեն փոխելով ոչ միայն նրան, այլև նրանց մարմիններն ու դեմքերը, այնպես կտրուկ էր կանգ առել, որ աչքերը բացվեին հանկարծակի լռությունից: Եվ արթնանալու պահին նա արդեն գիտեր, որ դրսում չոր է, անձրև չկա, իսկ լսած մեղմ աղմուկը լացի ձայն էր։

Նա նաև գիտեր, որ պահած երազանքն իրականացել էր։

Իհարկե, նա դա անմիջապես չհասկացավ։ Նա միայն զգաց դա, կռահեց իր կողքին պառկած գեղեցիկ կնոջից բխող անհավատալի, նոր ջերմության զգացումից։ Դա կարելի էր գուշակել նաև նրա հավասար, հանգիստ շնչառությունից: Կախարդանքը կատարվել էր քնի ընթացքում։ Թեպետ կինը դեռ չէր արթնացել, որ գիտակցի դա։ Բայց իր երազն արդեն ամեն ինչ գիտեր ու ամեն շնչի հետ շշնջում էր այդ մասին։

Նա զգուշորեն հենվեց արմունկին՝ վախենալով հավատալ կանխազգացմանը։ Խոնարհվելով՝ նա նայեց նրա դեմքին, որն ավելի էր գեղեցկացել, քան նախկինում էր։ Դեմքը լի էր վստահությամբ և խաղաղությամբ։ Նրա շուրթերը ժպիտի վերածվեցին: Եթե ​​նրա աչքերը բաց լինեին, անպայման կփայլեին ոչ երկրային լույսով։

Նա ուզում էր հպվել նրա դեմքին, բայց վերջին պահին ձեռքը հետ քաշեց։

Նկատելով, որ նրա կոպերը շարժվում են, ինքը շտապ պառկեց և փակեց աչքերը։ Որոշ ժամանակ անց լսեց, թե ինչպես կինը նստեց և, ուրախության ու զարմանքի մեղմ ճիչով, կամաց շոշափեց նրա դեմքը։ Նա հայտնաբերել էր մի բան, որը մի քանի րոպե առաջ արդեն հայտնի էր դարձել իրեն։

Նա վեր կացավ մահճակալից և սկսեց վազել սենյակով, ինչպես թռչունը, որը փորձում էր փախչել վանդակից: Նա նորից ու նորից վազեց նրա մոտ, որպեսզի համբուրի նրա այտը, ծիծաղեց, երգեց։ Լսեց, որ նա մտավ հյուրասենյակ, վերցրեց հեռախոսը և ինչ-որ համար հավաքեց․

-Ռոբե՞րտ -լսվեց կնոջ ձայնը -Բո՞բ։ Որտե՞ղ ես։ Ահ, ինչ եմ խոսում, ինչ հիմարություն։ Ես շատ լավ գիտեմ, թե որտեղ ես դու հիմա։ Բոբ, պատասխանի՛ր, կարո՞ղ եմ հենց այսօր թռչել քեզ մոտ։ Ես քեզ հաստա՞տ չեմ խանգարի։ Դու հարցնո՞ւմ ես, թե ի՞նչ է պատահել ինձ հետ։ Չգիտեմ։ Մի՛ հարցրու։ Կարո՞ղ եմ, թե՞ ոչ։ Ասա՝ այո։ Հրաշալի՜ է։ Մինչև հանդիպում։

Նա կախեց լսափողը։

Որոշ ժամանակ անց վերադարձավ սենյակ և, նստելով մահճակալի եզրին, շտապ սկսեց հագնվել։ Բացելով աչքերը՝ տղամարդը բռնեց նրա ձեռքը։

-Ինչ-որ բան է կատարվել, -շշնջաց նա։

-Ահա։

-Ցանկությունն իրականացավ։

-Հրաշք է, չէ՞։ Անհնար էր, բայց եղավ։Ինչո՞ւ։ Ինչպե՞ս:

-Մենք երկուսս էլ հավատացինք։ Ես իսկապես ուզում էի, որ դու երջանիկ լինես։

-Իսկ ես՝ քեզ էի մաղթում։ Մենք երկուսս էլ բոլորովին այլ մարդ ենք արթնացել։ Ի՜նչ հրաշալի է։ Պատկերացրու՛, որ միայն ես կամ միայն դու փոխվեիր։

-Նույնիսկ մտածելն այդ մասին սարսափելի է, -համաձայնեց նա։

-Բայց, իսկապես, հրաշք է, չէ՞։ Մենք այնքան շատ էինք ուզում դա, որ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ բան կամ Աստված անձամբ լսեց մեր աղոթքներն ու վերադարձրեց մեզ մեր սերը, որ ջերմացնի մեր սառած հոգիները ու մեզ ապրել սովորեցնի, քանզի երկրորդ հնարավորություն մենք չենք ունենա, այնպես չէ՞։

-Գուցե և այդպես է։

-Իսկ գուցե հարցն այն է, որ մենք երկուսս էլ միաժամանակ հասկացանք, որ պետք է բաժանվենք։

-Լսեցի, թե ինչպես էիր խոսում հեռախոսով, հենց որ գնաս Էնին կզանգեմ։

-Լո՞ւրջ։

-Ավելի քան։

-Տե՛ր Աստված, որքան երջանիկ եմ ես քեզ համար, ինքս իմ և բոլորի համար։

-Դե, ի՞նչ ես հապաղում։ Վազի՛ր։ Թռի՛ր նրա մոտ։

Նա ցատկեց տեղից ու շտապ սկսեց սանրել մազերը, բայց անմիջապես էլ ծիծաղելով վրա բերեց՝

-Ինձ համար մեկ է, թե հիմա ինչ տեսք ունեմ։

-Դու գեղեցիկ ես, ինչպես երբեք։

-Դա քեզ միայն թվում է։

-Ինձ միշտ էլ այդպես կթվա։

Նա խոնարհվեց մահճակալին ու համբուրեց շուրթերը։

-Սա մեր վերջի՞ն համբույրն է։

-Այո, -պատասխանեց տղամարդը, -վերջի՛ն։

-Մի հատ էլ։

-Միայն մեկը։

Կինը շոյեց նրա այտը։

-Ես քեզ այնքան շնորհակալ եմ այս երազանքիդ համար…

-Իսկ ես՝ քոնի համար․․.

-Կզանգե՞ս Էնին՝ հենց հիմա։

-Այո։

-Կբարևես։

-Իսկ դու՝ Բոբին։ Աստված սիրում է քեզ, ցը՜։

Նա վազեց հարևան սենյակ, իսկ հաջորդ վայրկյանին արդեն երկար միջանցքով շտապում էր դեպի վերելակը։

Տղամարդը նստեց՝ նայելով հեռախոսին, բայց այդպես էլ չվերցրեց այն։

Հայելու մեջ նա տեսավ, որ իր այտերով արցունքներ են հոսում։

-Այ թե խաբեցիր, -ասաց սեփական արտացոլանքին, -այ թե խաբեցիր։

Հետո նորից ընկավ մահճակալին՝ ձեռքը դնելով կողքի դատարկ բարձին։

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի