Սրտի աչքերով

2022-ը հոբելյանական է ազգային կինոյի մեծ վարպետի՝ կինոռեժիսոր, սցանարիստ, նկարիչ Յուրի Երզնկյանի համար: Այս տարի լրանում է հայտնի կինոգործչի 100-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի կինոմիությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Երզնկյանների ընտանիքը տարբեր միջոցառումներով կնշի մեծ գեղագետի 100-ամյակը: Հոբելյանական տարվա առիթով հրատարակվել է «Յուրի  Երզնկյան» երկլեզու՝ հայերեն-ռուսերեն գիրքը, որը կազմել է ռեժիսորի դուստրը՝ կինոգետ Անետա Երզնկյանը: «ArtCollage»-ը «Յուրի Երզնկյան» գրքից ներկայացնում է մի քանի հատվածներ, որոնցում ռեժիսորի լավագույն ֆիլմերից մեկին՝ 1978-ին նկարահանված «Սգավոր ձյունը» կինոնկարին, իրենց գնահատականներն են տալիս Էդուարդաս Մեժելայտիսը, Հենրիկ Մալյանը և Հենրիկ Իգիթյանը:

 

***

Վերջերս Հայաստանում էր գտնվում Լենինյան մրցանակի դափնեկիր, սոցիալիստական աշխատանքի հերոս, բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը։ Երևանում գտնվելու օրերին նա դիտեց նաև հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքները։ Նրան հատկապես դուր եկավ ռեժիսոր Յուրի Երզնկյանի «Սգավոր ձյունը» ժապավենը։

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Էդուարդաս Մեժելայտիսի հոդվածը, որ թարգմանել է լիտվացի հայագետ Մարիտե Կոնտրեմայտեն։

 

Վերջերս ես հյուրընկալվեցի Հայաստանում։ Այնտեղ հնարավորություն ունեցա տեսնելու բազմաթիվ փոփոխություններ ու նորություններ, որոնցով վերջին տասնամյակի ընթացքում հարստացել է ինձ շատ հարազատ ու խորապես սիրելի այս հանրապետությունը։ Գարնանը, երբ ամեն ինչ ծաղկում է, ավելի պարզ են երևում այդ փոփոխություններն ու ավելի պարզորոշ են բացվում իմ աչքերի ու սրտի առջև։ Հատկապես հաճելի էին հարազատ միջավայրի՝ մշակույթի, գրականության, արվեստի ու պատմական հուշարձանների պահպանման և այլ բնագավառների նորությունները։

Ինձ վրա խոր տպավորություն գործեցին նաև հայ կինեմատոգրաֆիստների նվաճումները։

Ես հնարավորություն ունեցա տեսնելու «Հայֆիլմ» ստուդիայի վերջին կինոնկարը՝ հայ տաղանդավոր կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի «Սգավոր ձյունը» ժապավենը, որը ստեղծված է ֆրանսահայ հայտնի արձակագիր Անրի Թրուայայի համանուն վեպի մոտիվներով։ Իմ կարծիքով, այդ կինոնկարը նոր խոսք է ոչ միայն հայկական, այլև ամբողջ սովետական կինոարվեստի չափանիշներով։

Ահա մի կինոժապավեն, որը, իմ կարծիքով, արժանի է մեծ ուշադրության։

«Սգավոր ձյունը» կինոարվեստի գլուխգործոց է։

Անմոռանալի տպավորություն են թողնում զուսպ, լակոնիկ, միաժամանակ նրբաճաշակ ու ամբողջություն կազմող շատ տպավորիչ կինոկադրեր, որոնք հանդիսատեսի դեմ բացվում են մեծ, իմաստուն ու մարդկային խոր բովանդակությամբ։ Այս ժապավենի հեղինակը մեծ քայլ է կատարել իր ստեղծագործական որոնումների ճանապարհին՝ միաժամանակ չհեռանալով սովետական կինոարվեստի լավագույն ավանդույթներից։

Կինոնկարը և՛ նորարարական է, և՛ բառիս լավագույն իմաստով՝ ավանդական։

Այդ ամենը վկայում է հեղինակի ստեղծագործական հասունության, նուրբ ճաշակի ու վարպետության մասին։

Այս կինոնկարում ոչ մի ավելորդ ու շինծու բան չկա։ Այնտեղ պահպանված է հեղինակի լրջախոհ ոճը, որովհետև ֆիլմը շատ լուրջ բաների մասին է, որի շնորհիվ էլ լուրջ ու զուսպ է նաև ֆիլմի լեզուն։ Հեղինակը ֆիլմի խոր ու հուզիչ իմաստը բացում է լայն վրձնահարվածներով, ցայտուն ու գունեղ պատկերներով, արտահայտիչ խոշոր պլաններով։ Հեղինակը չի սիրում շատախոսություն կամ բարոկկո ոճով սարքած բուտաֆորիա։ Նա խոսում է հանդիսատեսի հետ հասուն արվեստագետի լեզվով՝ ներկայանալով որպես ռեալիստ։ Եվ նատուրալիզմից զերծ նրա ռեալիզմը հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների, նշանակալից խորհրդանիշերի։

Կինոնկարի առանձին կադրեր այնքան վառ ու գունեղ են, որ հանդիսատեսը մոռանում է իր՝ դահլիճում գտնվելու մասին․ նրան թվում է, թե ընկել է պատկերասրահ կամ նկարչի արվեստանոց, որտեղ բոլոր պատերից իր հայացքը թովում են ժանրային վառ կտավները, դիմանկարները և բնանկարները։

Հանդիսատեսին հուզում են մարդկանց ճակատագրերը, բարու և չարի հավերժ պայքարը։ Այս կինոժապավենի պրոբլեմն ինձ շատ է հարազատ։ Դա մարդու պրոբլեմն է, մարդու կատարելագործման, նոր մարդ ստեղծելու պրոբլեմը։ Այդ պատճառով է ինձ այդքան հուզել այս կինոնկարը։

Մարդու համար պետք է պայքարել և առավել պայքարել նոր, ավելի կատարյալ, բարոյապես ավելի բարձր ու անաղարտ հոգով մարդու համար։

Իր մեծ նվաճման կապակցությամբ ես շնորհավորում եմ Յուրի Երզնկյանին, նաև Արմեն Ջիգարխանյանին, որը հոյակապ է կատարել գլխավոր դերը։

Ես անպայման նորից կդիտեմ այս ֆիլմը, երբ այն ցուցադրվի մեզ մոտ։

․․․Ես այս կինոնկարը նայում եմ սրտի աչքերով։

 

Էդուարդաս Մեժելայտիս

 

***

Ֆիլմը նախ և առաջ այժմեական է։ Եվ ես հիմա չեմ էլ ուզում խոսել կինոնկարի գեղարվեստական արտահայտչամիջոցների, գեղանկարչական գրավչության, օպերատորական և ռեժիսորական լուծումների մասին, հանգամանքներ, որոնք, իհարկե, այս կինոնկարում ևս հաճելի են, ճաշակով և այլն, ինչպես սովորաբար լինում են Յուրի Երզնկյանի ֆիլմերում։

Ուրեմն, ֆիլմն ինձ գրավեց իր ասելիքով, ասելիքի խորությամբ, ասելիքի պաթոսով, ասելիքի քաղաքացիականությամբ։

Ինձ ուրախացնում է, որ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանն այսօր հաշտ ու խաղաղ չի ապրում, որ նա ունի ապրելու իր սկզբունքները, մերժելու իր արիությունը, ունի իր հավատամքը։

Ռեժիսորին այս ֆիլմում չեն հետաքրքրում սյուժետային այս կամ այն խաղերը, նա նույնիսկ չի տարվում դրամատուրգիապես կարծես թե անհրաժեշտ լեռնային բարդ ու դժվարին անցումների մանրամասներով։ Նա զբաղված է միայն ու միայն մի հարցով․ ինչպե՞ս ապրել, ինչպիսի՞ն լինել կյանքում, ի՞նչ հավատամքի պատկանել։ Նա զբաղված է մենամարտով, նա զբաղված է հաղթանակով։ Հաղթանակով մաքուրի, հաղթանակով անկաշառի, հաղթանակով վսեմի, մարդու հաղթանակով։

Այսպիսին է «Սգավոր ձյունը» ֆիլմը։

Այսպիսի մտքեր ծնվեցին ֆիլմը դիտելուց հետո։

 

Հենրիկ Մալյան

ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր

 

***

Մեր մշակույթի զարգացումը գտնվում է այնպիսի փուլում, երբ մենք հրաժարվում ենք ազգայինի էկզոտիկ հասկացողությունից։ Դա վերաբերում է մշակույթի բոլոր ճյուղերին։ Այդ առումով Յուրի Երզնկյանի նոր՝ «Սգավոր ձյունը» ֆիլմը, իմ կարծիքով, համապատասխանում է ասածիս։ Եթե մի բառով գնահատենք այս ֆիլմը, ապա այդ բառը կլինի «բարություն»։ Հատկանիշ, որը շատ բնորոշ է հայ ժողովրդին, որը նաև շատ համամարդկային է։

Կան գրական ստեղծագործություններ, ինչպիսին է Անրի Թրուայայի այս գործը, որոնք դժվար է զուգորդել կինեմատոգրաֆիական առանձնահատկությանը։

Այն որոշ հիասթափությունը, որ ապրում էի, դիտելով Արմեն Ջիգարխանյանի վերջին դերերը, այս ֆիլմով, որտեղ, իմ կարծիքով, Ա․ Ջիգարխանյանը ստեղծել է իր լավագույն կերպարներից մեկը, լրիվ վերացավ։ Ուզում եմ պարզել․ կասկած է առաջացնում ոչ թե Արմեն Ջիգարխանյանի տաղանդը, այլ նկարահանվող ֆիլմերում առաջարկվող դերերին նրա շուտափույթ համաձայնվելը։ Նա արդեն կինոյի և թատրոնի մեր սիրված վարպետներից է։ Մենք հպարտանում ենք Ա․ Ջիգարխանյանով, և ցանկալի կլիներ, որ նա կանգ առներ այնպիսի դերերի վրա, ինչպիսին Իսայն է այս ֆիլմում։

Կարծում եմ, որ Գուժ Մանուկյանի համար այնպիսի խաղընկերոջ կողքին, ինչպիսին է Ա․ Ջիգարխանյանը, հաջողվեց ստեղծել համոզիչ կերպար։

Հարկ եմ համարում նշել օպերատորներ Գևորգ Հայրապետովի և Ալբերտ Յավուրյանի աշխատանքը, որոնք կարողացան ստեղծել շատ մաքուր, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի ժապավեն։

Նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի աշխատանքն արված է մեծ կուլտուրայով, ճաշակով՝ թափանցելով այն միջավայրը, որն ինքը ներկայացնում է։

Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնք շատ լավ են «կարդում» կինոյի առանձնահատկությունը։ Նա շատ լավ գիտակցում է՝ որ ժանրում ինչպես պետք է գրել։

Ես երկար ժամանակ էի սպասում այն պահին, երբ իրավունք կունենայի շնորհավորել Յուրի Երզնկյանին։ Եվ ուրախ եմ, որ այսօր ի սրտե կարող եմ շնորհավորել նրան։

Ի վերջո, այս ֆիլմի լեյտմոտիվը բարությունն է, որը հաղթեց և պետք է միշտ հաղթի։

 

Հենրիկ Իգիթյան

Արվեստաբան