Սքոթ Սեդրակյան. «Սարոյանն իմ հերոսն է»

Օգոստոսի 31-ն է և լավ գրականության հետ քիչ թե շատ կապ ունեցող մեկն այդ օրը Սարոյանի օրն է համարում ու դարձյալ վերադառնում է նրա մեծ գրականությանը: Նույն կերպ է վարվել նաև Վիլյամ Սարոյանի երկար տարիների բարեկամի որդին՝ Սքոթ Սեդրակյանը, որն արդեն 7 տարի ղեկավարում է «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը: 1966-ին ստեղծված հիմնադրամը երկար տարիներ ղեկավարել է հայր  Սեդրակյանը, և հոր մահից հետո հիմնադրամը տնօրինում է Սքոթ Սեդրակյանը:

Առաջին անգամ նա այցելել է Հայաստան, որը նրա մտապատկերում անմիջականորեն  կապվում է Սարոյանի հետ, որի միջնորդությամբ է Սեդրակյանն առնչվել հայերի և  ամեն հայկականի հետ ու ընդհանրապես այն ամենի հետ, ինչը կապվում է Սարոյանի գրականության ու կյանքի հետ՝ սկսած 1934-ին տպագրված նրա առաջին գրքից   մինչև 79-ին լույս տեսած վերջինը: Դարի խոշորագույն հումանիստ գրողներից մեկի հանդեպ կարոտով ու սիրով նա հիմա Սարոյանի տարեդարձի նախօրեին Հայաստանում է և ամեն քայլափոխի զգում ու վայելում է այն համընդհանուր սերն ու պաշտամունքը, որ Սարոյանի անբաժան ուղեկիցն են Հայաստանում, որի գրական և ընթերցողական կյանքում մեծ բիթլիսցին մշտական ներկայություն է՝ նրան անվերջ կարդում են, բեմադրում և խաղում են՝ տպավորիչ բազմազանություն առաջարկելով հայ ընթերցողին և հանդիսատեսին:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գործընկերների հետ հանդիպման ընթացքում Սքոթ Սեդրակյանը քննարկում է հաջորդ տարի՝ 2025-ին Սարոյանին նվիրված տարաբնույթ միջոցառումների և գիտական համաժողովի անցկացման հեռանկարը: Հանդիպել է նաև հայաստանյան մյուս  մշակութային կառույցների, մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ և  գործակցության լուրջ ծրագրերի շուրջ նախնական պայմանավորվածություններ է  ձեռք բերել: Սարոյանի անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն թարգմանությունների համապատկերում Սեդրակյանին հատկապես հետաքրքրում են հայերեն թարգմանությունները: Մի առաձին բաժին է հայերեն թարգմանությունների  խորհրդային շրջանի պատմությունը՝ Նատալի Գոնչարի հայտնի քառահատորից մինչև առանձին հրատարակություններ: Եվ, իհարկե, անկախության շրջանի հրատարակությունները, որ հարուստ են թարգմանական նորույթներով:

Սարոյանի ժառանգության մինչև օրս անհայտ հատվածի հանրայնացման գաղափարը տարիներ ի վեր պտտվում է Սքոթ Սեդրակյանի գլխում: Գրողի ահռելի ժառանգության մեջ շատ են խոհափիլիսոփայական գործերը, արձակ և դրամատիկական այն ստեղծագործությունները, որոնք առայսօր հրապարակված չեն և կարող են միանգամայն նոր Սարոյան ներկայացնել ընթերցողին և նրա հետ կապված բազմաթիվ կարծրատիպեր կոտրել: Այն իրողությունը որ վերջին տարիներին լրացվել  է սարոյանական թարգմանությունների պակասը, դեռ չի նշանակում, որ այդ իմաստով  անելիքները պակասել են: Սարոյանը որ շատ էր գրում, հսկայածավալ գրականություն է թողել, որոնցից շատ արժեքավոր ստեղծագործություներ անտիպ են առայսօր: Եվ այն ահռելի ժառանգությունը, որ պահվում է Սթենֆորդի համալսարանում, առավելապես մնացել է ժամանակի ստվերում և կաիրք ունի նորովի մեկնաբանության  ու վերաիմաստավորման, ուսումնասիրության, թարգմանության և հանրայնացման: «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի ծրագրերի, Սարոյանի դեռ չուսումնասիրված ու չհանրայնացված ժառանգության, հայաստանյան հրատարակիչների հետ գործակցության և նոր հրատարակչական ծրագրերի մասին «ArtCollage»-ը զրուցել է «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի հետ:

-Պարոն Սեդրակյան, ձեր առաջին այցն է Հայաստան, ի՞նչ ծրագրերով եք այստեղ:

-Իմ առաջին այցն է ու շատ տպավորված եմ և՛ երկրով, և՛ ժողովրդով, որ այդքան  սիրում են Սարոյանին: Իմ ճամփորդության նպատակներից մեկը 2025-ին Սարոյանին նվիրված միջոցառումների շարքը նախապատրաստելն է: Հրաշալի գործընկերներ ունենք Արվեստի ինստիտուտում, հանդիպել եմ նաև մշակույթի նախարարության  ներկայացուցիչների հետ: Լիահույս եմ, որ 2025-ին կլինի մեծ կոնֆերանս, կլինեն   հաղորդաշարեր, պիեսի բեմադրություն և, իհարկե, հրատարակչական նորույթներ:

-Սարոյանի գրական ժառանգության մեջ, հասկանալի պատճառներով, առավելագույն հետաքրքրություն են ներկայացնում նրա չհրատարակված գործերը: Ի՞նչ ծավալի գրականության մասին է խոսքը և կարելի՞ է ենթադրել, որ ինչ էլ որ հրատարակվել է, դեռ կիսով չափ է թարգմանվել հայերեն:

-Հազարավոր անտիպ էջեր են, պատմվածքներ և օրագրեր, որոնցում ամենամեծ տեղը  զբաղեցնում է Հայաստանը: Օրագրերը պահպանել են նրա ամենօրյա գրառումները, որոնցում ամեն ինչ կապված է Հայաստանի հետ: Ես ուզում եմ ամեն ինչ անել, որ նոր  սերունդը և՛ Հայաստանում, և՛ Միացյալ նահանգներում տեղյակ լինի Սարոյանի ժառանգությանը:

-Հայաստանում մանավանդ վերջին տարիներին չափազանց մեծ հետաքրքրություն կա   Սարոյանի հանդեպ հայ հրատարակիչների կողմից: Արդյոք Միացյալ նահանգներում էլ նույն վիճակն է և ի՞նչ նոր հրատարակչական ծրագրերի մասին կարող ենք խոսել:

-Սարոյանը 100-ավոր պատմվածքներ է տպագրել ամերիկյան ամսագրերում և դրանցից երբևէ ժողովածուներ չեն արվել: Բայց ես առավելապես հետաքրքրված եմ  չհրապարակված գործերով, քան հայտնի գործերի նոր ժողովածուներով: Ես պարզապես հիացած եմ նրա անտիպ գործերով: Կան նաև նրա հրաշալի նամակները, որ այսօր թանկ մասունքներ են: Բայց հիմա ես աշխատում եմ անտիպ գործերի  ուղղությամբ, և առաջիկա ժողովածուն հենց դրանք կներկայացնի:

-Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան հրատարակիչների հետ համագործակցությունը:

-Երկար ժամանակ է, որ աշխատում ենք «Անտարես» հրատարակչության հետ: Եվ նրանց սկսած սարոյանական թարգմանական մատենաշարն այսօր հրաշալի արդյունք   է տալիս, քանի որ որակյալ սարոյանական թարգմանություններով են ներկայացնում գրողի ժառանգությունը: Հույս ունեմ, որ մեր գործակացությունը հետագայում ևս կշարունակվի նույն ոգով:

-Դուք Արվեստի ինստիտուտի ձեր գործընկերներին նվիրեցիք Սարոյանի գծանկարը, որը նա ստեղծել է նոյեմբերի 10-ին՝ ակադեմիայի ծննդյան օրը:

-Սարոյանը շատ ավելի մեծ գործեր էլ ունի, բայց ես ընտրեցի այս մատիտանկարը, որը   Սարոյանը նկարել է 1964-ի նոյեմբերի 10-ին՝ Փարիզում: Շոկոլադի փաթեթավորման  թղթի վրա ստեղծված մատիտանկարը Սարոյանի կրեատիվ մտքի և ֆանտազիայիհրաշալի օրինակ է: Չափազանց հուզված եմ այս առիթով:

-Հայտնի է, որ Սարոյանը չափազանց բարդ փոխհարաբերություններ ուներ ամերիկյան կինոգործիչների հետ, չնայած այն հանգամանքին, որ 1943 թվականին նկարահանված «Մարդկային կատակերգություն»-ը նրան «Օսկար» բերեց: Ինչո՞ւ այդքան անհաշտ էին ֆիլմարտադարողներն ու գրողը:

-Սարոյանն ինքն էր ուզում տնօրինել իր ֆիլմերի ճակատագիրը և ինքն էկրանավորել իր գործերը: Եվ քանի աշխատում էր «Մետրո Գոլդվին Մայեր» ստուդիայի հետ, պետք  էր ստուդիայի հիմնադրի՝ պարոն Մայերի համաձայնությունը, բայց նա դեմ էր: Այդ ամենի արդյունքում նրանք սկսեցին ատել միմյանց: Եվ չնայած և՛ գիրքը, և՛ ֆիլմը  հսկայական հաջողություն ունեցան, բայց նրանք այդպես էլ լեզու չգտան միմյանց հետ և անհաշտ մնացին:

-Իսկ ինչպիսի՞ն էր նա մարդկային հարաբերություններում:

-Սարոյանն իմ հերոսն է, նա չափազանց կրեատիվ տղա էր, շատ տարբեր, բազմազան  ու անկանխատեսելի, անհավատալի մարդ էր: Ի վերջո, նա երկու անգամ ամուսնացավ և երկու անգամն էլ նույն կնոջ հետ: Նա հրաշալի նամակներ ունի՝ սիրային, խոհական, փիլիսոփայական, նաև՝ զավեշտական: Նրա ամբողջ էներգիան, յուրահատկությունը Սարոյանին մագնիսական ձգողականություն էին հողորդում: Նա   նաև լավագույն ընկեր էր, հրաշալի ընկերություն էր անում: Եվ ես շատ կուզենայի, որ  բոլորը վայելեն այդ անսահման բավականությունը՝ Սարոյանի տիեզերքը:

 

Նունե Ալեքսանյան