Սոս Սարգսյան. «Ոչ թե այնտեղ և այն ժամանակ, այլ այստեղ և հիմա...»

Անկախության տոնի առիթով Սոս Սարգսյանի «Հոգու կանչ» խոհագրությունից մեր ընթերցողներին ենք ներկայացնում հատվածներ, որոնցում մեծ Արտիստը վերստին ընդգծում էր հողը սիրով և ուժով  պահելու իր անխախտ համոզմունքը, որը երբևէ չի կորցնում իր արդիականությունը:

 

***

Քսաներորդ դարում ճակատագիրը մեզ երկու անգամ հրամցնում է անկախություն, երկու դեպքում էլ պատրաստ չէինք: Երկու դեպքում էլ զուրկ էինք քաղաքական հասուն մտքից, էն մտքից, որ կարող էր միակ ճիշտ ուղին բռնել: Պետական, քաղաքական միտք ունենալու համար պետք է ունենալ պետական կենսագրություն: Չունեինք: Հասարակական մտքի կուլտուրա, չունեինք: Չունենք:

Չունեինք նաև վտանգի զգացողություն: Էս վերջինը շատ զարմանալի է մի ազգի համար, որ անթիվ անգամ է վտանգվել:

Ուրեմն՝ որ պատրաստ չէինք մի կերպ հասկանալի է, բայց որ երկու դեպքում էլ միամտություն ունեցանք նպաստել (մեր ուժերի չափով) էն համակարգի փլուզմանը, որի մեջ ապրում էինք, միամտություն էր՝ հիմարության հասնող:

Կորուստներն անհաշվելի են:

Հայ հեղափոխականները, հրեաների հետ ձեռք-ձեռքի տված քանդում էին ցարական իշխանությունը, մի համակարգ, թող որ անունը լիներ կայսրություն, որի շնորհիվ հայությունը Այսրկովկասի տերն էր, գրեթե բոլոր բնագավառներում ուներ մեծ հեղինակություն, կուտակել էր հոգևոր և նյութական վիթխարի հարստություն:

Կայսրությունը քանդեցինք, կորցրինք հայաբնակ Կարսը, Իգդիրը, Անին, Նախիջևանը, Արցախը, սահմանագծով անջատվեցինք Ջավախքից: Կորցրինք Մոսկվայի, Պետերբուրգի, Կրասնոդարի, Լվովի համայնքները, Բաքվի, Թիֆլիսի մշակութային կենտրոնները, հայոց դպրոցները, եկեղեցիները...

Հայ հեղափոխականները պայքարում էին համաշխարհային հեղափոխության հաղթանակի համար... Պայքարում էին «նացիոնալիստ» դաշնակցականների դեմ, քայքայում էին նրանց բանակը...

Բայց հայ էին... Բա մեր խելքն ո՞ւր էր...

1990-ականի սկզբին քշեցինք կոմունիստ ղեկավարներին (էլի քչից-շատից սրանք մի բան գիտեին, պետությունը ղեկավարելու փորձ ունեին, շատ հայրենասեր ու հմուտ մարդիկ էլ կային սրանց շարքերում): Չէ՝ ասինք՝ «դալոյ» ու... Ու ղեկավարվեցինք ամբոխի կրքերով, տղաների «խելքով»:

Խելոք ազգի համբավ ունենք, էդ ինչի՞ց ենթադրեցինք, որ սրճարանների էս «տղաները» հանկարծ, մի հրաշքով կերպարանափոխվեցին ու դարձան մեզ համար ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐ, Չերչիլներ, Դը Գոլներ...

Դե հիմա արի ու սրանց սարքած շփոթից գլուխ հանի...

Արի ու հայի մեջ խելք գտի...

Դար դարի հետևից կորցրել ենք Աստծո կողմից մեզ պարգևած հողերը, կորցրել ենք, որովհետև չենք սիրել, գինը չգիտենք ու էսպես մաս-մաս մեզնից խռովել է: Թուրքը գիտի, քուրդը գիտի հողի արժեքը... Զավթում են, նստում ու հաստատվում, տեր են: Մեր քաղաքների անունները փոխում են, մեր գյուղերի անունները փոխում են, մեր լեռների, ձորերի անունները... Մեր հին անունները, պատմականը, հայերենը մնում է հանրագիտարաններում, մեռած արժեք: Մենք կարծես չկանք, օտար դիտորդ ենք: Մեր հողը կերակրում է ուրիշին, մենք հաշտվում ենք, փախչում օտար երկրներ՝ ուրիշների թերմածքներով սնվելու:

Հողը պիտի մշակվի, հողը քրտինք է սիրում, հողի սերը միայն փոխադարձ է լինում...