Սոնա Վարդանյան. բեմական անսպառ հմայքի պարուհին
Մոտ 10 տարի առաջ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փորձադահլիճում ուշադրությունս գրավեց երիտասարդ պարուհիներից մեկը՝ գեղեցկադեմ, սլացիկ կազմվածքով, բավականաչափ բարձրահասակ: Փորձի ընթացքում ակնհայտ դարձան նաև նրա բնատուր պարային տվյալները. տիրապետումը բարդ թռիչքներին և պտույտներին, և, անշուշտ, ձեռքերի քնարական ու արտահայտիչ լայնաշունչ շարժումները: Եվ որ անչափ կարևոր է՝ նրա կենտրոնացածությունը, մանրակրկիտ աշխատանքն ամեն շարժման վրա, հանձնարարությունների ուշիմ ընկալումը և անթերի կատարումը, անվերջ կատարելագործվելու նրա ձգտումը: Հարցրեցի փորձավարներից՝ ի՞նչ է նրա անունը։ Ասացին՝ Սոնա Վարդանյան։
Մանուկ հասակից ընտանիքի մտերիմները նկատել են Սոնայի պարային մեծ ունակությունները և նրա մորը խորհուրդ են տվել աղջկան տանել Երևանի Պետական պարարվեստի քոլեջի ընդունելության քննություններին։ 2005-ին ավարտելով Հայաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի դասարանը՝ նա ընդունվեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն։
Ճանապարհը դեպի առաջատար պարուհու կարգավիճակ տարբեր պարուհիների մոտ խիստ տարբեր է։ Ոմանք ավարտելուց 2-3 տարի անց արդեն ստանձնում են գլխավոր դերեր և անընդհատ առաջընթաց են ապրում։ Ոմանք, փայլուն սկսելով որպես բարձրացող աստղ, նույնքան արագ մարում են։ Սոնա Վարդանյանը, կարծես, դանդաղ էր մոտենում առաջատար պարուհու կարգավիճակին։ Սկզբում կորդեբալետ, այնուհետև անսամբլային վեցյակներ, քառյակներ, երբեմն՝ ոչ ծավալուն մենապարեր (վարիացիաներ) տարբեր բալետներում։ Դրան ավելացան անհաջող ամուսնությունը, նորածին երեխայի խնամքը... Եվ հանկարծ՝ բուռն, սլացիկ վերընթաց։ 2014-ից մինչև 2020-ի փետրվարը՝ մեր ամբողջ խաղացանկի առաջնային դերերը և դրան գումարած՝ փայլուն կարիերան արտասահմանյան արևմտաեվրոպական բեմերում...
Ընդհանուր առմամբ, Սոնա Վարդանյանը 2014-ից մինչև օրս կատարել է խաղացանկում ընդգրկված բոլոր առաջնային մենապարային դերերը թե՛ մեծածավալ, և թե՛ մեկ գործողությամբ բալետներում՝ Ժիզել և վիլիսների տիրուհի (Ադանի «Ժիզել»), Գայանե և Ֆրիգիա (Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ»), անտառահարսերի իշխանուհի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Սիլֆիդա («Շոպենիանա»՝ Շոպենի երաժշտությամբ, Միխայիլ Ֆոկինի հանճարեղ նեոռոմանտիկ հորինվածքում), Կարմեն (Շչեդրինի «Կարմեն»)։ Վարդանյանը կատարել է գլխավոր դերեր ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի՝ երևանյան օպերայի և բալետի թատրոնում գլխավոր բալետմայստեր լինելու տարիներին վերջինիս բեմադրած մեկ գործողությամբ բալետներում՝ «Ստաբատ մատեր» (Պերգոլեզիի երաժշտությամբ), «Բախի կրքերը» (Բախի երաժշտությամբ), իսկ 2020-ի հունվար-փետրվարին կատարել է բարոնուհի Շտրալի դերը Խաչատրյանի «Դիմակահանդեսում» և սառցե ծաղիկների փերիի դերը Շորի «Բյուրեղապակյա ամրոցում»։ Այս խաղացանկից ակնհայտ է, որ Սոնա Վարդանյանն անչափ մեծ կարողությունների պարուհի է, փայլուն տիրապետում է տարբեր պարային ուղղությունների, տարբեր պարային համակարգերի տեխնիկային, և ամենակարևորը՝ դերասանական մեծ տաղանդ ունի, ինչը խիստ հազվագյուտ երևույթ է: Բեմում հայտնվելու պահից նա այնքան է կլանում հանդիսատեսի ուշադրությունը, որ այլևս ուրիշ դերակատարի չես հետևում: Սա մեծ խարիզմայի, բեմական անսպառ հմայքի ապացույց է:
Ժիզելի դերում առաջին պահից հանդիսատեսը սևեռվում է այդ բարդ և բազմակողմանի տաղանդ պահանջող կերպարի վրա: Սկսած կոմս Ալբերտին հանդիպելու պահից նրա հեզ վարքագծից, հետզհետե բացվելով, կլանվելով կոմսի ազնվականությամբ՝ տրվելով նրա հանդեպ սիրուն մինչև դառը ճշմարտությունն իմանալը, Սոնա Վարդանյանը ստեղծում է հուզիչ, քնարական, նրբագեղ, բազմակողմանի կերպար: Երկրորդ գործողության ընթացքում Սոնա Վարդանյանն արդեն «մահվան աշխարհի» ստվերի դերում գայթակղում է իր «ստվերային», «թափանցիկ» և միաժամանակ անչափ ողբերգական ելևէջներով հագեցած կերպարով: Եվ որքան զարմանալի է, որ նույն «Ժիզել» բալետում վիլիսների թագուհի Միրթայի դերում նա կերտում է միանգամայն այլ, դաժան, սարսուռ առաջացնող, անողորմ մի կերպար, որն առանց որևէ զգացմունքի գերեզմանատուն գիշերելու եկած տղամարդկանց ենթարկում է մինչև ուժասպառ լինելը պարելու տանջանքին և հետագա մահապատժին՝ սուզելով նրանց լճի ջրերը:
«Գայանեն» Վիլեն Գալստյանը բեմադրել է դեռ 1974-ին, և այդ պահից բազմաթիվ պարուհիներ կատարել են այդ դերը: Սակայն Սոնա Վարդանյանը նոր շունչ բերեց իր ինքնատիպ մեկնաբանությամբ: Սկսած առաջին մուտքի մեծ թռիչքից՝ նա, կարծես, «լուսավորում» է բեմը, և յուրաքանչյուր դրվագ կենտրոնացվում է նրա կերպարի շուրջ: Հայուհու կերպարը ենթադրում է մեծ կրքեր. Սոնա Վարդանյանը ստեղծեց բոլորովին նոր, ավելի ժամանակակից ու հզոր կերպար։
Ֆրիգիայի կերպարը Խաչատրյանի «Սպարտակ» բալետում առաջին հայացքից քնարական է: Սակայն Սոնան կառուցեց իր կատարողական «գիծը»։ Սկսելով տառապող, ընկճված գերուհու կերպարից՝ ամեն նոր դրվագում աճում են նրա ուժերը, նա դառնում է ոչ միայն Սպարտակի քնքուշ, իսկ հետագայում՝ կրակոտ սիրուհին, այլև գերության կապանքներից ազատվելու և ազատ մարդ դառնալու պայքարում իր սիրեցյալին հավասարվող մարտիկ: Եվ, անշուշտ, ամենամեծ տպավորությունը գործում է նրա ողբը սպանված Սպարտակի վրա և նրան վահանի վրա բարձրացնելու տեսարանը, որն ազդարարում է, որ նա է Սպարտակին փոխարինող առաջնորդը ազատության համար հետագա պայքարում: Գրիգորովիչի բեմադրությամբ Ֆրիգիայի կերպարը լի է տեխնիկապես շատ բարդ շարժումներով: Պարուհիներն այդ շարժումները կատարելիս, սովորաբար, կենտրոնանում են ճիշտ վերարտադրման վրա և կորցնում են կերպարը: Սակայն պահպանելով պարային դասական տեքստը՝ Սոնա Վարդանյանը դրան հաղորդում է մեր օրերին համապատասխան շեշտադրում։ Դերասանական առումով նա միանգամայն արդիական ապրումներ է հաղորդում, և հանդիսատեսը չի կարող անհաղորդ մնալ, չհուզվել ու չկարեկցել այս հերոսուհու ողբերգական ճակատագրին։ Սա, առաջին հերթին, վկայում է, որ Սոնա Վարդանյանը ոչ միայն անչափ օժտված պարուհի է, այլև ժամանակակից կատարողական ոճի դերասանուհի։ Սրանից է բխում այն իրողությունը, որ նա, անշուշտ, մեր օրերին համահունչ դերեր է կերտում՝ անկախ այն հանգամանքից դրանք պատկանում են դասական, թե նոր բեմադրությունների շարքին։
Վերջին չորս տարիներին պետերբուրգցի ճանաչված բալետմայստեր Նադեժդա Կալինինայի բեմադրած Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» և «Իդա. Բոլերո» հանրահայտ բալետներում նա հանդես է եկել Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ մեծ տպավորություն թողնելով հանդիսատեսի վրա: Այդ ելույթները բազմիցս արձագանքվել են մամուլում։ Առաջինում, որը ստեղծված է Դանթեի «Աստվածային կատակերգության» մոտիվներով, նա ֆրանսիացի հանդիսատեսին գայթակղել է իր քնարական կերպարով: Իսկ Իդա Ռուբինշտեյնի կերպարը՝ հանճարեղ պարուհու մասին պատմող «Իդա. Բոլերո» բալետում, ստեղծվել է հատկապես Սոնա Վարդանյանի համար՝ նկատի ունենալով նրա թե՛ արտաքին տվյալներն ու կատարողական ոճի առանձնահատկությունները, և թե՛ ժամանակակից ու արդիական կերպարներ ստեղծելու ունակությունը։ Պարուհին մարմնավորել է Իդա Ռուբինշտեյնի հակասական, քնքուշ, բոցկլտուն, մեղմ և էքսպանսիվ էությունը: Բալետի վերջին մասում առանձնապես տպավորիչ է Ռավելի «Բոլերոն» (որն, ինչպես հայտնի է, գրվել է հատուկ Իդա Ռուբինշտեյնի համար), որտեղ Սոնա Վարդանյանը պարը կատարում է սեղանի վրա՝ մեղմ ելևէջներից աստիճանաբար անցնելով ավելի ու ավելի ցայտուն երանգների և հասնելով բուռն, անզուսպ ու բոցավառ ավարտին:
Նազենիկ Սարգսյան
արվեստագիտության դոկտոր