Սոնա Հովհաննիսյան. «Բիենալեն վերաճում է մի հարթակի, որտեղ կարելի է խոսել սեփական փորձառության և մշակույթի մասին»

Երևանում, «Ազնավուր» կենտրոնում մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն է: Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ: Այս տարի առաջին անգամ Բիենալեի շրջանակում անցկացվել է նաև «Հայաստանը՝ տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» համաժողովը։

Ի՞նչ է Գեղարվեստական տպագրության բիենալեն, ինչո՞ւ է այն կարևոր և ի՞նչ ասել է տարածաշրջանում գեղարվեստական տպագրության միակ բիենալե կազմակերպել, այս հարցերի շուրջ զրուցել ենք «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ծրագրերի ղեկավար, Գեղարվեստական տպագրության բիենալեի համադրող, Առաջին միջազգային համաժողովի նախաձեռնող, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանի հետ։

 

-Բիենալեն կենտրոնանում և դիտողի ուշադրությունը կենտրոնացնում է բացառապես գեղարվեստական տպագրության շուրջ։ Ինչո՞ւ ընտրեցիք արվեստի հենց այս ճյուղը։

-2017-ին տեղի ունեցած առաջին Բիենալեն որոշ առումով հետազոտական աշխատանքի արդյունք էր։ Մեզ համար պարզ դարձավ, որ Հայաստանում կան փորագրանկարիչներ, որոնք իրականում շատ մեծ պոտենցիալ ունեն և ամեն բան անում են, որ շարունակեն ստեղծագործել այս ոլորտում, քանի որ հենց այս ոլորտը Հայաստանում պակաս հայտնի է, պակաս սիրված, միևնույն ժամանակ՝ տեխնիկական ավելի մեծ ներգրավվածություն է պահանջում։ Նկատի ունենալով այդ ներուժը՝ նախաձեռնեցինք Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային առաջին բիենալեն։ Բնականաբար, այն պիտի փոքր մասշտաբ ունենար, քանի որ առաջինն էր, բայց օտարերկրյա արվեստագետների արձագանքն անգամ այդ տարի շատ մեծ էր․ մի կողմից իրենց հետաքրքիր էր ներկայանալ այս տարածաշրջանում, մյուս կողմից՝ ծանոթանալ տեղի գեղարվեստական տպագրությանը։

Բնականաբար այցելուների համար էլ էր դա նորություն։ Անգամ «բիենալե» հասկացությունն է մեզանում օտար (մինչև այդ, իհարկե, կար Գյումրիի բիենալեն, որը հոյակապ նախաձեռնություն էր, սակայն շարունակական չդարձավ)։ Դե իսկ միջազգային բիենալեն ընկալվում էր որպես շրջիկ ցուցահանդես։

Ու քանի որ Բիենալեն երկու տարին մեկ է տեղի ունենում, կարծում եմ, ժամանակի ընթացքում մոռացվում է նաև այս մասշտաբը, որովհետև Հայաստանում նման ծավալի ցուցադրություններ իրականում չկան։ Որևէ թանգարան կարող է մասշտաբային էքսպոզիցիա կազմել, բայց որ մի տարածքում միաժամանակ համադրվի ավելի քան 300 արվեստագետի 400-500 աշխատա՞նք։ Նման ծավալը մեզ համար անսովոր է։

-Իսկապես ահռելի մասշտաբի մասին է խոսքը։ Այս տարի ցուցադրվում է աշխարհի 53 երկրի 231 արվեստագետի 356 աշխատանք։ Գեղարվեստական տպագրության քանի՞ տեխնիկա կարելի է տեսնել այստեղ։

-Փորձեմ թվարկել հիմնականները։ Դասական տեխնիկաներից ունենք փայտափորագրություն, լինոփորագրություն, վիմատպություն (լիտոգրաֆիա), օֆորտ։ Ոչ դասականներից՝ մետաքսագրություն, ցիանոտիպ, մեցոտինտ, ակվատինտ, նաև՝ համադրած տեխնիկաներ, օրինակ, շերտային վիմագրություն, օֆորտ-ակվատինտ, մեցոտինտ ու չինական սոսինձ և այլն։ Կան հեղինակային տեխնիկաներ, երբ արվեստագետը էքսպերիմենտ է անում, օրինակ, լինոփորագրության սկզբունքով աշխատում է մետաղի վրա, կամ համադրում է տարբեր նյութեր։ Այդ դեպքում այդպես էլ ասում են՝ own technique։ Այնպես որ տասից ավելի տարբեր տեխնիկաներ ունենք։ Եվ, իհարկե, ունենալու ենք նաև թվային (դիջիթալ) տպագրություն։

-Գեղարվեստական տպագրությանը նոր ծանոթացող մարդկանց մոտ միշտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է արվեստագետն աշխատում հաստոցով, զանազան գործիքներով և տարբեր տեսակի քիմիական նյութերով, եթե կա թվային տպագրությունը, որն ավելի արագ կարող է լսարանին հասցնել արտիստի միտքը։ Արվեստագետներն ու համադրողները միշտ խոսում են այն մասին, որ տպագրության ավանդական (ու ոչ միայն ավանդական) տեխնիկաներով աշխատելիս արվեստագետն աշխատում է ոչ միայն գաղափարի, այլև ֆիզիկականի՝ մարմնականի հետ։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս կարելի է մի հարթության վրա դնել անալոգային՝ մարմնական, ֆիզիկական, և թվային տպագրությունը։

-Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն այն եզակի ցուցադրություններից է, որը հստակ չի սահմանում՝ որ տեխնիկայով արված աշխատանքը կարող է դիմել մրցույթին։ Կան բիենալեներ, որոնք ընդունում են միայն դասական տեխնիկաներով արված աշխատանքներ՝ փայտագրություն, լինոգրաֆիա, լիտոգրաֆիա և օֆորտ, այսինքն՝ փայտ, լինոլեում, քար և մետաղ՝ բարձր, հարթ, կամ խորը տպագրություն։ Բայց այդ դեպքում նույն մետաքսագրությամբ, կամ ցիանոտիպով արված աշխատանքով դու չես կարող դիմել։

Սակայն դիտարկելով Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն ժամանակակից արվեստի համատեքստում՝ մեզ համար կարևոր է ցույց տալ այդ ամբողջ գունապնակը։ Գեղարվեստական տպագրությունը միայն տեխնիկան չէ, այլև արվեստագետի մտահղացումը։ Ինչպես է արվեստագետն իր մտահղացումը տեսնում շատ կոնկրետ տեխնիկայի մեջ, կամ ինչ մարտահրավեր է ինքն իրեն նետում․ գուցե տվյալ տեխնիկայով այս կոնկրետ գործը ստանալն ավելի նպատակահարմար է, բայց ինքն ուզում է բարդ ձևով դա անել։ Եվ կան թվային արվեստի գործեր, որոնք այդ նույն մարտահրավերը պարունակում են։ Իսկ մեզ հետաքրքիր է նրանց ևս ներկայանալու հնարավորություն տալ, որովհետև Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն նպատակ ունի ցույց տալ՝ ինչպես է զարգացել գեղարվեստական տպագրությունը․ արդյո՞ք այն այսօր կարողանում է ազդել և ոգեշնչել նույն թվային տպագրությունը և ինչպե՞ս է դա դրսևորվում։

-Այդ դեպքում այլ հարց է առաջանում․ եթե միևնույն հարթակում այդքան տարբեր տեխնիկաներով կատարված աշխատանքներ են ներկայացված, ինչպե՞ս է ժյուրին համեմատում ու գնահատում դրանք։

-Իրականում միջազգային ժյուրին համախմբում է շատ հարուստ փորձառությամբ, տարբեր տեխնիկաների, արվետագետների ու նաև՝ տարբեր բիենալեների լավ իմացությամբ շատ հետաքրքիր մասնագետների։ Նախ և առաջ իրենք ընտրում են մի սկզբունք, որով պետք է առաջնորդվեն։ Սովորաբար կարևորվում է տեխնիկայի՝ իր կատարողականությամբ, վարպետությամբ և մաքրությամբ և արվեստագետի առաջ քաշած կոնցեպտի համադրությունը։ Այս դեպքում ցանկացած տեխնիկա կարող է հավասարապես դիտարկվել։

-Այս տարի Բիենալեին զուգահեռ առաջին անգամ անց է կացվել նաև «Հայաստանը՝ տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագիրը կրող միջազգային համաժողով։ Որտեղի՞ց ծագեց այս հավակնոտ գաղափարը և ի՞նչ է մեզ սպասվում։

-Դեռ 2017 թ-ից՝ որպես ժյուրիի անդամ Հայաստան էին գալիս շատ հետաքրքիր արվեստագետներ, այլ բիենալեների տնօրեններ։ Անցյալ բիենալեին ինքս պատիվ եմ ունեցել ներկա լինել ժյուրիի քննարկումներին, ու շատ բան սովորեցի՝ բոլորովին այլ կերպ մոտենալ գործին, գործը ներկայացնելու ձևին, տեխնիկային։ Եվ ես մտածեցի, որ այդ պահին այդ մարդկանց ներկայությունն օգտագործելը նոր բան սովորելու բացառիկ հնարավորություն է բոլորիս համար։

Այստեղ, իհարկե, չկա այն միտումը, որ մենք շատ թերի, չզարգացած ու «անգրագետ» մի երկրում ենք ապրում, որ պետք է «առիթից օգտվենք» ու սովորենք։ Բայց արվեստի ոլորտում շփումը, փորձի փոխանակումն ու առհասարակ խոսելը միշտ կարևոր է։ Եվ քանի որ այս տարի ժյուրին իր ամբողջ կազմով էր գալիս Հայաստան, Բիենալեի հանդեպ հետաքրքրությունն էլ շատ մեծ էր թե՛ հայ արվեստագետների, թե՛ միջազգային արտիստների կողմից, որոշեցինք նման նախաձեռնությամբ հանդես գալ։

Մեզ համար կարևոր է նաև հատկապես Հայաստանի դերը շեշտել, որովհետև իսկապես Հայաստանը միջազգային արվեստագետների համար այս տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանը ճանաչելու կենտրոն։ Ուրեմն ինչո՞ւ չխոսել այդ մասին։

Հետո մտածեցինք, որ եթե մենք ունենք Բիենալեի հրաշալի մասնակիցներ, ինչո՞ւ նամակ չուղղել իրենց՝ առաջարկելով համաժողովին ևս մասնակցել։ Ու ի զարմանս մեզ, բոլոր մասնակիցները դրական պատասխանեցին։ Արդյունքում 36-ից ավելի արվեստագետ մասնակցել է գիտաժողովին, ոմանք նույնիսկ առաջարկեցին վարպետության դասեր անցկացնել (այն, ինչ մենք, գուցե, չէինք հանդգնի ինքներս առաջարկել), անգամ հարցնում էին՝ ինչ նյութեր չկան Հայաստանում, որ իրենց հետ բերեն։

Այս գաղափարը հնարավոր է դարձել միմիայն հայ արվեստագետների ներուժի և կամավոր օգնության ու միջազգային արվեստագետների պատրաստակամության շնորհիվ։ Եվ այժմ  համաժողովի շրջանակում ներկայացվելու է ավելի քան 30 զեկույց և 7 վարպետության դաս՝ այդ թվում դասախոսություն և գործնական աշխատանք Դիլիջանի միջազգային դպրոցում։

Մեր ցանկությունն է ցույց տալ նաև, որ այսօր նման համաժողովի կարիքն իսկապես կա։

-Ինչպիսի՞ տեղ է ունեցել գեղարվեստական տպագրությունը հայկական արվեստի զարգացման գործում։

-Դա մի առանձին հետազոտության թեմա է, իսկ այս ոլորտում մեր հետազոտական շերտը դեռ շատ է կաղում։ Բայց համաժողովի շրջանակում Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Անի Ենոքյանը ներկայացրել է Հայաստանում տպագրության ավանդույթները։

Մեզանում գեղարվեստական տպագրությունը երկար ժամանակ կապված է եղել գրատպության հետ։ Սակայն մյուս կողմից մենք ունեցել ենք շատ հետաքրքիր փորագրանկարիչներ, որոնք այդ ուղղությունը զարգացրել են օտար հողում, օրինակ, Էդգար Շահինը Ֆրանսիայում։ Ստացվում է, որ մեզ մոտ պատմական զարգացման մի գիծ չի եղել, այլ տարբեր միջավայրերում զուգահեռաբար զարգացող տարբեր գծեր։ Ու դա, իհարկե, շատ հետաքրքիր է հետազոտել։

-Որքա՞ն մեծ է փորագրանկարիչների հայ համայնքն այսօր. միջազգային բիենալեին մասնակցող 10 հայ նկարիչները կարծես ձուլվում ու կորում են այդ մասշտաբային ցուցադրությունում։ Անձամբ իմ պատկերացումը փոխվեց միայն Նկարիչների միությունում կազմակերպված «Էստամպ» երկու խմբակային ցուցահանդեսից հետո, երբ մի «տանիքի տակ» հավաքվեցին հայ բազմաթիվ փորագրանկարիչներ։ Մինչև այդ մտքովս չէր էլ անցնի, որ Հայաստանում 20-ից ավելի արտիստ կա, որ զբաղվում է գրաֆիկայով:

-Անգամ 40-ից ավելի։ Այս տարի Հայաստանը վերջապես ընդգրկվեց Բիենալեի ամենաշատ ցուցադրվող երկրների հնգյակում։ Դա էլ էր մեծ արդյունք, որովհետև եթե առաջին Բիենալեին մասնակցել էր ընդամենը 13 հայ արվեստագետ, ապա չորրորդին մենք իսկապես մեծ թիվ ունենք։

Իսկապես, նման ընդգրկուն ցուցադրության մեջ հայերը կարող են չերևալ։ Բայց մյուս կողմից հայ արտիստների համար սա բացառիկ հնարավորություն է նման հարթակում ցուցադրված լինել՝ ընտրված լինել միջազգային ժյուրիի կողմից։

-Սակայն նույնիսկ նման մեծ համայնք ունենալու պարագայում՝ արդյո՞ք ընդամենը մի Բիենալեով, որն էլ երկու տարին մեկ է անցկացվում, և ընդամենը մի համաժողովով, չունենալով ո՛չ մի ինստիտուցիա, որը հենց միայն գեղարվեստական տպագրությամբ է զբաղվում, մենք իսապես կարող ենք դառնալ արվեստի այս ոլորտի տարածաշրջանային կենտրոնը։

-Մենք իսկապես նման հավակնություն ունենք ու նաև ցույց ենք տալիս, որ այս տարիներին այդ ուղղությամբ աշխատանք տարվե՛լ է։ Բնականաբար ոչ մի բան չի կարող կայանալ միայն մի ինստիտուցիայով կամ մեկ նախաձեռնությամբ։ Բայց չէ՞ որ նույն Շվեյցարիայի Բազել քաղաքը արվեստի կենտրոն է համարվում միմիայն Art Basel-ի շնորհիվ։ Գուցե սխալ է հիմա համեմատվել, որովհետև դա միջազգային մեծ տոնավաճառ է, որին ամեն տարի մասնակցում է 400-ից ավելի միջազգային գալերեա, բայց դա միայն մի «միջոցառում» է, որը կարողանում է արվեստի ամբողջ աշխարհը 3-4 օրով կենտրոնացնել այնտեղ: Այսինքն միայն մի՛ միջոցառմամբ, եթե այն ունի համապատասխան որակ ու մասնագիտական ներդրում, Հայաստանը, այո՛, կարող է դառնալ գեղարվեստական տպագրության կենտրոն։ Ի վերջո, փաստացի այսօր տարածաշրջանում չկա որևէ հարթակ, որը կլուսաբանի գեղարվեստական տպագրությունը և իր տարածաշրջանը կներկայացնի միջազգային հանրույթին։ Գեղարվեստական տպագրության մասին խոսող միակ Բիենալեն Հայաստանում է, նաև միակ Բիենալեն, որը կարողանում է այսքան մեծ աշխարհագրություն ունենալ։ Որովհետև մենք չենք աշխատում միայն, օրինակ, Արևմտյան Եվրոպայի կամ միայն ԱՊՀ երկրների հետ, այլ ներկայացնում ենք ամբողջ միջազգային համատեքստը՝ Ասիայից մինչև Աֆրիկա, Եվրոպա ու Սիբիր։ Իսկ այս տարի Բիենալեն վերաճում է մի հարթակի, որտեղ կարելի է ոչ միայն ցուցադրել, այլև խոսել սեփական փորձառության, գործի և մշակույթի մասին։

-Համաժողովն ամեն դեպքում բավականին նեղ մասնագիտական միջոցառում է և հետաքրքիր կլինի արվեստի հենց այս ճյուղում աշխատող արվեստագետների և ուսումնասիրողների համար։ Իսկ ի՞նչ եք պատրաստել «ոչ մասնագետների» համար։ Չէ՞ որ, ի վերջո, Բիենալեի այցելուների մեծ մասը պրոֆեսիոնալ արվեստագետներ կամ արվեստաբաններ չեն։

- Չեմ կարծում, որ Համաժողովը հետաքրքիր է միայն մասնագետներին։ Սիմպոզիումին մասնակցող շատ արվեստագետների աշխատանքները կախված են այստեղ։ Այնպես որ արվեստասերներին նույնպես հետաքրքիր է գալ և լսել այն արտիստին, որի աշխատանքն իրենք արդեն տեսել են։

Այս տարի փորձելու ենք արվեստասերներին ցույց տալ գեղարվեստական տպագրության տեխնիկաների տարբերությունը։ Առաջին հարկում լինելու են հատուկ ֆիլմեր, որոնք ուղարկել են Բիենալեի մասնակիցները, իսկ համաժողովից հետո լինելու են շրջայցեր արվեստագետների և համադրողի հետ։

Բացի այդ այս տարվա էքսպոզիցիայի դիզայներական-ճարտարապետական լուծումով մենք փորձել ենք ստանալ գեղարվեստական տպագրության արվեստանոցի զգացողություն թանգարանային տարածքում։ «Ազնավուր» կենտրոնի շենքն ամբողջությամբ տրանսֆորմացվել է։ Եթե առաջին հարկում տարածքը շատ լայն է, «շնչող», ապա հետո, երբ այցելուն իջնում է ներքև, տարածությունը նեղանում է, ու դիտողը հայտնվում է թափանցիկ լաբիրինթոսում, որտեղ աշխատանքները ցուցադրված են հենց այնպես, ինչպես դրանք դուրս են գալիս հաստոցի տակից՝ առանց շրջանակի ու պասպարտուի։ 

-Ո՞վ կարող է մասնակցել վարպետության դասերին։ Ես, օրինակ, շատ եմ ուզում, բայց նկարելու, առավել ևս՝ փորագրանկարի ոչ մի փորձ չունեմ։

-Քանի որ այս անգամ առիթ ենք ունեցել իսկապես բացառիկ արվեստագետների հրավիրել, կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ վարպետության դասերին մասնակցեն արդեն իսկ փորագրանկարով զբաղվող արվեստագետները։

Մենք չենք ուզում պարզապես կրթական բաղադրիչ ապահովել Բիենալեին։ Մեզ համար սկզբունքային է փոխանցել ա՛յն փորձառությունը, ա՛յն ինֆորմացիան, որի կարիքն իսկապես կա։ Հայաստանում, օրինակ, մեցոտինտով աշխատող արտիստները շատ քիչ են, որովհետև դա բավականին բարդ տեխնիկա է։ Իսկ մենք ունենք մեցոտինտի հրաշալի վարպետ։ Ուրեմն ինչո՞ւ ինքը չանի վարպետության դաս արդեն փորձառու արվեստագետների և ուսանողների հետ, որոնք կկարողանան դա հետագայում օգտագործել։

 

Սոնա Արսենյան

 

... ... ...