Սոնա Առուստամյան. Երբ պարը մտքի, հոգու և սրտի աշխատանքի արդյունք է

«Ես ծնվել եմ թատրոնի միջազգային օրը, և պարծենում եմ դրանով»,- ինձ ասաց Սոնա Առուստամյանը մեր զրույցի սկզբում։ Թերևս բնավ պատահական չէ, որ  հայ բալետային թատրոնի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սոնա Առուստամյանը ծնվել է մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը։

Մանկուց հաճախում էր Զեյթունի Արվեստի դպրոցի պարային բաժինը, լրջորեն զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ: Արդեն ինը տարեկանում նրանից մեծ սպասելիքներ ունեին և պատրաստվում էին ընդգրկել Հայաստանի հավաքականում։ Սակայն հենց այդ ժամանակ դպրոց այցելեցին պարարվեստի ուսումնարանի մանկավարժները, որոնք փնտրում էին օժտված երեխաների:  

- Երբ ինձ առաջարկեցին դառնալ պարարվեստի ուսումնարանի սան, ես պետք է  ընտրություն կատարեի սպորտի և պարի միջև, և, իհարկե, նախընտրեցի ուսումնարանը,- հիշում է Սոնան: 1991-ին ավարտել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Թամարա Միրիմանովա-Այդինյանի դասարանը: Հատկանշական է, որ մեր թատրոնի առաջատար պարուհի Միրիմանովա-Այդինյանն իր հերթին ստացել է փայլուն մասնագիտական կրթություն Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանի հայտնի դասավանդող Մարգարիտա Գրիշկևիչի մոտ և իր բարձր մակարդակի մասնագիտական, պարային հմտությունները փոխանցել է Սոնա Առուստամյանին: Սոնան ուսումնարանն ավարտել է 1991 թ. և ընդունվել Սպենդիարյանի անվան թատրոնի բալետային խումբ: 1995 թ. մեկնել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաք և մինչև 1997 թ․ մասնակցել «Պրեմիերա». Յուրի Գրիգորովիչի բալետային խումբ» ստեղծագործական միության աշխատանքներին։ Նա մենապարային դերերով հանդես է եկել աշխարհահռչակ բալետմայստերի մի շարք բեմադրություններում։

-Այդ երկու տարին,- նշում է Սոնան,- ինձ մեծ օգուտ տվեցին, շատ կարևոր հմտություններ ձեռք բերեցի։ Իմ ունակությունների մասին ես այնտեղ իմացա, մասնավորապես նշում էին, որ պետք է շատ լուրջ աշխատեմ, քանի որ մեծ պոտենցիալ ունեմ:

Երևան վերադառնալուց հետո, 1998-ից նորից սկսեց հանդես գալ մեր թատրոնում, սակայն իր առաջին գլխավոր դերը Սոնա Առուստամյանը կատարեց երբ արդեն 28 տարեկան էր։

-«Դոն Կիխոտն» էլ շատ պատահականորեն ստացվեց: Մեր այդ պահի առաջատար պարուհի Մարինա Մայիլյանը (Գրիգորյան) մայրության արձակուրդում էր, և ինձ շուտափույթ, 1-1,5 ամսվա ընթացքում, նախապատրաստեցին Կիտրիի դերի համար: Առաջին անգամ, փաստորեն, առաջատար դերում հանդես եկա այդ ներկայացման մեջ: Դա 2001-ին էր: Եվ այնպես պատահեց, այդ մասին ես նույնիսկ չգիտեի, որ այդ օրը դահլիճում էր «Արտավազդ» թատերական փառատոնի հանձնաժողովը: Եվ այդ կատարումից հետո իմացա, որ արժանացել եմ «Արտավազդ» մրցանակի՝ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում: Իհարկե, 28 տարեկանում սկսել առաջատար պարուհու կարիերա՝ պարուհու համար ուշ է, դա արդեն ծաղկունքի ժամանակ է: Սակայն այդպես պատահեց,- հիշում է Սոնան: Այնուհետև, մինչև 2015 թ., Սոնա Առուստամյանն արդեն կատարեց խաղացանկի բոլոր առաջատար դերերը: 2005 թ., երբ Վիլեն Գալստյանը վերականգնեց Խաչատրյանի «Գայանե» բալետը, նա գլխավոր հերոսուհու կերպարն արդեն վերափոխեց՝ հատկապես նկատի ունենալով Սոնա Առուստամյանի կատարողական առանձնահատկությունները:

Ժիզել՝ Ադանի համանուն բալետում, Կիտրի, փողոցային պարուհի և Հավերժահարս՝ Մինկուսի «Դոն Կիխոտ», Էգինա՝ Խաչատրյանի «Սպարտակ», Կարմեն՝ Բիզե-Շչեդրինի «Կարմեն սյուիտ», 7-րդ վալս՝ «Շոպենիանա», Տիկին Կապուլետի՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներում...

Նրա ստեղծագործական կյանքում մեծ դեր խաղաց Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նադեժդա Դավթյանը, որի հետ Սոնան նախապատրաստեց համարյա բոլոր դերերը: Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանի հետ աշխատել է «Ժիզել» և «Շոպենիանա» բալետների գլխավոր դերերը կերտելիս:

Պարուհին մարմնավորել է ոչ միայն քնարական նուրբ կերպարներ, որոնցից ամենագրավիչը Ժիզելն էր, այլև ուրույն մեկնաբանություն է տվել թե՛ կայծկլտուն, կենսուրախ Կիտրիին, թե՛ կրքոտ ու նենգ Էգինայի կերպարին։

Բնությունից շռայլորեն տրված պարային ունակություններ, բարետես արտաքին, բալետային հնարքների հմուտ տիրապետում. ձեռքերի լայնաշունչ և, միաժամանակ, քնքուշ շարժումներ, վեհ կեցվածք, դերասանական վարպետություն և մայրաքաղաքային փայլ… Ահա այս վերջին առանձնահատկությունը թույլ է տալիս Սոնա Առուստամյանին դասել մի առանձին սանդղակում։ Մեր բալետի կատարողական արվեստի ասպարեզում այդպիսի որակ ունեցող դերասաններին կարելի է հաշվել մատների վրա։ Մյուս առանձնահատկությունը կարելի է պարարվեստի համար անսովոր մակդիրով արտահայտել՝ Սոնա Առուստամյանն ինտելիգենտ պարուհի է։ Նրա կերտած յուրաքանչյուր կերպարը խոր մտորումների արդյունք է։ Եվ միևնույն դերի ամեն հերթական կատարումը նման չէ նախորդողներին։ Դա միշտ մտքի, հոգու և սրտի մեծ աշխատանքի արդյունք է։ Եվ այժմ էլ, որպես Սպենդիարյանի անվան թատրոնի փորձավար, նա ջանք չի խնայում իր հմտությունները փոխանցել մեր երիտասարդ մենակատարներին։

2003–2009 թթ. դասական պար է դասավանդել Երևանի պարարվեստի քոլեջում։ 2015 թ. ավարտել է Երևանի Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը։ 2015-ից ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնի բակալավրիատում վարում է դասական պարի դասընթացներ։

2019 թ․ Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն առաջարկեց և հովանավորեց կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետի բեմականացումը Երևանում: Եկատերինա Միրոնովայի և Ալեքսանդր Սոմովի բեմադրության փոխադրումը իրականացրեցին Սոնա Առուստամյանը ու մեր բալետի փայլուն և առաջատար մենակատար, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը: Գրեթե մեկ ամսում նրանք ոչ միայն փոխադրեցին բեմադրությունը երևանյան բեմ, այլև ներմուծեցին իրենց մեկնաբանությունը։

 

Նազենիկ Սարգսյան

արվեստագիտության դոկտոր

... ...