Սոֆի Մարսո. «Այն պահից ի վեր, երբ ռեժիսոր դարձա, հանգիստ եմ թողնում բեմադրող ռեժիսորին»

Կանն 2021. հետփառատոնային օրագիր

Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի  ամենաքննարկված ֆիլմերից է կինոռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Ամեն ինչ լավ անցավ» կատակերգությունը, որում արծարծվում է էֆտանազիայի թեման: Ֆիլմը նկարահանվել է Էմմանուել Բեռնհեյմի համանուն վեպի հիման վրա: Գլխավոր հերոսուհիները երկու քույրեր են, որոնց հայրը գլխուղեղի կաթված է ստացել և խնդրում է օգնել իրեն մահանալ: Սա ծիծաղաշարժ և միաժամանակ քնարական  ֆիլմ է մի դստեր մասին, որը չի կարող հակաճառել իր հորը, եթե անգամ խոսքը նրա մահվան մասին է: Ֆրանսուա Օզոնն այս ֆիլմում հրաշալի դերասանական խումբ է հավաքել. դստեր դերում հանդես է գալիս Սոֆի Մարսոն, նրա քրոջը կերպավորել է Ժերալդին Պելասը, իսկ Անդրե Դյուսոլյեն փայլուն կերպով խաղում է հորը: Ֆիլմում նկարահանվել են նաև Շառլոտա Ռեմպլինգը, Հաննա Շիգուլլան:  

Սոֆի Մարսոյի կինոկենսագրության մեջ առաջին անգամ է, որ նա իրական կերպար է կերտում: Ըստ դերասանուհու լայն հանդիսատեսին ծանոթ չէ Էմմանուելի ստեղծագործությունը, այս ֆիլմը բայոպիկ չէ, մինչդեռ շատ զգացմունքային և խոր կինոնկար է, իսկ ռուս կինոքննադատ Անտոն Դոլինի գնահատմամբ այն Ֆրանսուա Օզոնի «լավագույն և, անկասկած, ամենահասուն ֆիլմն է»:

Վեց տարվա բացակայությունից հետո դերասանուհին վերստին վերադառնում է Կրուազետի առափնյակ: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք առաջարկում հատվածներ «Canal +»- ին և  «ELLE» ամսագիրին դերսանուհու տված հարցազրույցից:

Ֆիլմի նորամուտի օրը, երբ Ֆրանսուա Օզոնն ու Սոֆի Մարսոն, անցնում էին կարմիր գորգի վրայով, կինոռեժիսորը «Canal +»- ի լրագրողին խոստովանեց, որ այս ֆիլմում ամենից շատ իրեն հետաքրքրում էր Սոֆին, որը մարմնավորում էր Էմմանուելի կերպարը:

Ի պատասխան լրագրողը նշեց. «Ֆրանսուային կարող եմ ասել միայն այն, որ ես նույն զգացմունքները ունեի թե՛ ֆիլմը դիտելիս, թե՛ գիրքը կարդալիս ու այն մտովի պատկերացնելիս»:  Ապա հարցն ուղղեց Սոֆիին. «Ինչպե՞ս եք հասել դրան»:

Սոֆին հստակ արձանագրում է. «Ինչպես և դուք: Մտքումս գիրքն էր, որը գրված էր հատուկ կինոնկար դառնալու նպատակով՝ Ֆրանսուայի համար: Ես կարծում եմ, որ այն համապատասխանում է ֆիլմին: Կարծում եմ, այս կինը հուզեց նրան իր բնավորությամբ, հոր հետ ապրած իր կյանքով՝ մի հոր, որը շատ խարիզմատիկ, շատ անտանելի ու հիանալի և շատ ազատ մի կերպար է, և ահա նրանք զրուցում են կյանքի մանրուքներից, ընտանեկան կապերից, և դա արվում է մեզ հետ կատարվող բարդ իրադարձությունների միջոցով»:

 

«ELLE» ամսագիրը ներկայացնում է Ֆրանսուազա Դելբեկի տեսահարցազրույցը Մարսոյի հետ:

Ֆրանսուազա Դելբեկ- Առաջին անգամ է, որ դուք հայտնվում եք Ֆրանսուա Օզոնի նկարահանման խցիկի առջև…

Սոֆի Մարսո- Ես միշտ շատ հիացել եմ այս ռեժիսորի աշխատանքով՝ սկսած նրա առաջին՝ «Տեսնել ծովը» ֆիլմից: Սա միջին մետրաժի ֆիլմ է՝ խենթացնող է: Անշուշտ, ես հետևել եմ նրա ռեժիսորական կարիերայի ընթացքին և  բազմաբնույթ աշխատանքին, սակայն նա միշտ դերասանների հանդեպ սեր ուներ, միշտ: Չգիտեմ, թերևս սխալվում եմ, բայց միգուցե մենք նրանից սպասում ենք ավելի պակաս պատահական, բայց շատ ավելի մտածված, կշռադատված, ցանկացած մի բան: Այսպիսով, ամբողջ ընթացքում մենք մեզ լավ էինք զգում նրա հետ:

Ֆրանսուազա Դելբեկ-Պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա: Իչպե՞ս ձեզ հաջողվեց Էմմանուելի կերպարը դարձնել ձերը:

Սոֆի Մարսո- Սկզբում ես պարզապես ներշնչվել եմ իրական գրքով և սցենարով, որը շատ հավատարիմ է գրքին: Ես կարծում եմ, որ մեզ՝ դերասաններիս համար, միակ Աստվածաշունչը բեմադրող ռեժիսորի մտահղացումն է, թե ինչպես է նա պատմում իր պատմությունը: Ահա, սա է, սա միակ բանն է, որ հաշվի է առնվում, և գործը դրանով է առաջ գնում: Այս բաների մասին գրված է, չգիտեմ, թե ինչպես բացատրեմ: Գուցե մենք տարբեր խաղաոճ ունենք, բայց երբ գալիս է պահը, մենք հանդիպում ենք իրար, զրուցում ենք դերի մասին և ընդհանուր տեսակետի ենք հանգում:

Ֆրանսուազա Դելբեկ- Օզոնը պնդում է, որ սա վավերագրական ֆիլմ է ձեր հերոսուհու մասին:

Սոֆի Մարսո-ճշմարիտ է, որ նա չի լքում իր պերսոնաժին: Գերեզմանատան տեսարանից սկսած նա ներկա է բոլոր պլաններում, բոլոր տեսարաններում: Իրականում սա կապակցված է պատմության հետ, որովհետև որոշ առումով այս ֆիլմի և՛ հեղինակը, և՛ դերասանուհին հենց նա՛ է, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, պատահել է նրա՛ հետ, քանի որ նա այդ մասին պատմում է իր գրքում: Հենց նրա միջոցով է փոխանցվում այս ամբողջ պատմությունը: 

Ֆրանսուազա Դելբեկ- Ձեր քրոջ դերը խաղում է Ժերալդին Պելասը, ձեր կարիերայում շատ ընդհանրություններ կան:

Սոֆի Մարսո- Մեզ երկուսիս էլ բացահայտել է Կլոդ Պինոտոն: Իրականում մենք սերնդակիցներ ենք: Նա ունի իր սեփական կարիերան, դերերի ընտրություն է անում, ես՝ նույնպես: Ամեն ինչ նման է: Մենք հանդիպում ենք իրար, որովհետև ներքուստ փոխկապակցված ենք: Երազում եմ կյանքում նրա նման քույր ունենալ: Ես գոհ եմ, որ հենց նա է մարմնավորել այս կերպարը, առավել ևս, որ նա ընտելացել է Ֆրանսուա Օզոնի կինոլեզվին: Սա էլ էր ինչ-որ չափով մեր միջև կապ ստեղծում: Այսպիսով, ես ինձ բարյացակամ վերաբերմունքով շրջապատված էի զգում:

Ֆրանսուազա Դելբեկ-Դուք էլ ռեժիսոր եք: Դա ձեզ մտերմացրե՞ց Ֆրանսուա Օզոնի հետ: 

Սոֆի Մարսո-Այն պահից ի վեր, երբ ռեժիսոր դարձա, ես հանգիստ եմ թողնում բեմադրող ռեժիսորին: Ես չեմ ուզում նրանց ձանձրացնել: Չէի ասի, որ նախքան ռեժիսոր դառնալս քմահաճ ու նյարդային էի, որ նրանց կարող էի ասել՝ գիտեք, ես ենթադրում եմ… Ոչ, ես չափից ավելի լավ գիտեմ, թե դա ինչ է իրենից ներկայացնում, թե ի՞նչ է նշանակում դերասան լինել և լինել բեմադրիչ: Նույնիսկ  եղել է, որ ես միաժամանակ այս երկու գործով էլ զբաղվել եմ, սակայն ես շատ երջանիկ եմ թե՛ դերասանուհի, թե՛ ռեժիսոր ինելու համար: Այս ֆիլմում ես կարիք չունեմ անելու այն, ինչ Ֆրանսուան է անում: Նա ունի իր սյուժեն և չի շեղվում դրանից, վերջիվերջո, այսպիսով, հաճելի է զգալ նրա աջակցությունը, լինել նրա դրած կադրում: Մեզ մնում է միայն, որ նա մեզ ուղորդի:

Ֆրանսուազա Դելբեկ- Այս ուժեղ դերն ավելի ուժգին դարձրե՞ց դերասանուհի լինելու ձեր ցանկությունը:

Սոֆի Մարսո- Այո, ես պաշտում եմ դերասանուհի լինելը, սա այն պահն է, երբ ես իսկապես ինձ լիովին երջանիկ եմ զգում, և ավելի քիչ եմ անհանգստանում ժամանակի, կյանքի մանրուքների համար, քան այն ժամանակ, երբ ինքս եմ ֆիլմ նկարում, որովհետև մենք գտնվում ենք ստեղծագործական պրոցեսում. քննարկում ենք, կարծիքներ ենք փոխանակում, մասնակցում ենք որոշ բաների: Սա մեղմորեն ներթափանցում է ձեր մեջ: Մենք մի քիչ հեռանում ենք իրականությունից և կամաց-կամաց մեզ համար մեկ այլ կյանք ենք հորինում:  Ինչպիսի հաջողություն:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի