Սոֆիկո Չիաուրելի. «Վրացական տանը կառավարում է կինը»

Դեմք որմնանկարից

Այսօր Վրաստանի և Հայաստանի ժողովրդական արտիստ Սոֆիկո Չիաուրելիի ծննդյան  օրն է: Արդեն 15 տարի է, ինչ մեծ Արտիստուհին ողջ չէ, բայց հիշողությունը նրա մասին ապրում է հազարավոր մարդկանց սրտերում: Սիրված դերասանուհու  ծննդյան օրվա  առթիվ «ArtCollage»-ը հատվածաբար իր ընթերցողներին է ներկայացնում Սոֆիկո Չիաուրելիի՝ Եկատերինա Պրյաննիկին տված հարցազրույցը, որը հրապարակվել է 2002 թվականի հունվարին 19-ին՝ «МК»-ում:

 

***

Մոսկվա հազվագյուտ հյուրեր են այցելել` Սոֆիկո Չիաուրելին, ամուսինը՝ Կոտե Մախարաձեն և որդին՝ Սանդրոն։ Սոֆիկոն հենց այնպես չի եկել, այլ առաքելությամբ՝ նա «Սիրո դեմքեր» VII միջազգային փառատոնի ժյուրիի կազմում է։

Կարծես թե Սոֆիկոն շատ է ջանում ժյուրիի օրինակելի անդամ լինել։ Բայց, չսպասելով ցուցադրության ավարտին, նա հարցազրույցի համար հեռանում է դահլիճից, ճանապարհին անխնա մեղադրելով իրեն՝ ինչ անկարգապահն եմ: Եվ արդեն ավելի  հանգիստ՝ շատ անկարգապահն եմ: Մուգ հովհարը ձեռքին, շողշողացող շալը ուսերին, խոշոր զարդերով՝ նա նրբաճաշակորեն ուրվագծվում է մշուշոտ Մոսկվայի բնապատկերում։

«Ձմռանը Ձեր ինչի՞ն է պետք հովհարը»: «Շոգում եմ». ամենաբնական ու չհորինված պատասխանը: Բնականությունն ու անկեղծությունը նրա կերպարի մի մասն են՝ ի տարբերություն հովհարի, որը ոչ թե կերպարի, այլ հարմարավետության համար է։

«MK» թղթապանակից՝ Չիաուրելի Սոֆիկո, Վրաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի (Վրաստանի բարձրագույն մրցանակ) դափնեկիր։ Մայրը՝ Վերիկո Անջափարիձե, մեծ ողբերգական դերասանուհի, Անգլիայի արվեստի ակադեմիայի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն դերասանուհիներից մեկը: Հայրը՝ Միխայիլ Չիաուրելի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ականավոր ռեժիսոր։ Սոֆիկոն ավարտել է ВГИК-ը, աշխատել է Մարջանիշվիլիի  և Ռուսթավելու անվան թատրոններում, նկարահանվել է կինոյում՝  Շ. Մանագաձեի «Խևսուրյան բալլադը», Ս. Փարաջանովի «Նռան գույնը», Թ. Աբուլաձեի «Ցանկությունների ծառը», Գ. Շենգելայայի «Վերա թաղամասի մեղեդիները», Ա. Սուրիկովայի «Փնտրեք կնոջը» ֆիլմերում:

ВГИК-ում սովորելու տարիներին ամուսնացել է ռեժիսորական ֆակուլտետի ուսանող Գեորգի Շենգելայայի հետ։ Ամուսնությունից երկու որդի է ունեցել՝ Նիկոլայը և Ալեքսանդրը: 1980 թվականին նա բաժանվել է առաջին ամուսնուց և ամուսնացել Կոտե Մախարաձեի հետ։ Այսօր Սոֆիկո Չիաուրելին թոռնուհի և թոռ ունի՝ Նատաշան և Գեորգին։

-Սոֆիկո Միխայլովնա, ի՞նչ եք կարծում՝ դերասանությունը ժառանգակա՞ն շնորհ է։

-Չեմ կարող ասել: Այս պնդումը հաճախ չէ որ արդարացնում է իրեն։ Օրինակ, երբ թոռնուհիս ծնվեց, կարծում էի, որ նա էլ է դերասանուհի դառնալու։ Բայց երբ նա ավարտում էր դպրոցը, ես հասկացա. ոչ մի պարագայում: Եվ հենց նա ակնարկեց թատրոնի մասին, ես ասացի՝ ոչ մի դեպքում։ Ցանկացած մասնագիտության մեջ կարելի է միջակ լինել, բայց միջակ դերասան պետք չէ լինել: Եվ հիմա նա զբաղվում է լրագրությամբ՝ սովորում է Կոտեի մոտ՝ հեղինակային հեռուստատեսության կուրսում։ Չէ  որ նա դասավանդում է, իր ամբիոնն ունի։

-Զարմանալի փաստ. դուք Ձեր մոր՝ մեծ դերասանուհի Վերիկո Անջափարիձեի անվան մրցանակի դափնեկիրն եք։ Դուք հաճա՞խ եք ներքուստ դիմում նրան:

-Հիմնականում, իհարկե, դա վերաբերում է ստեղծագործությանը, բեմին։ Ես նույնիսկ նրան չեմ դիմում, հիշում եմ: Նախկինում ես երբեք նրան երազում չէի տեսնում, իսկ վերջերս սկսել եմ տեսնել՝ այնպիսին, ինչպիսին էր նա՝ կենդանի, ուժեղ: Ինչպես ծառերն են կանգնած մահանում, այնպես էլ մայրս մահացավ: Նա երբեք անօգնական ծեր կին չեղավ. 90 տարեկանում էլ չծերացավ: Մայրիկը երազում էր մահանալ բեմում, և այդպես էլ եղավ. մահվանից մեկ օր առաջ նա խաղաց «Երիցուկ»: Ես այն բեմադրել էի հատուկ մայրիկիս համար։ Ինձ երբեք չի ձգել ռեժիսուրան, բայց ես տեսա, թե ինչպես է նա տառապում պարապությունից, անգործությունից, տառապում է, քանի որ զրկված է նրանից, ինչին նվիրել է իր ամբողջ կյանքը և ինչի համար ստեղծվել էր:

-Դուք ինքներդ երբևէ տուժե՞լ եք գործազրկությունից:

-Բարեբախտաբար՝ ոչ։ Գուցե այն պատճառով, որ ես և՛ թատրոնի, և՛ կինոյի դերասանուհի եմ։ Եթե ​​թատրոնում աշխատանք չկար, կինոյում՝ կար, և հակառակը։ Եվ երկրորդ՝ չէ որ մենք մեր թատրոնը ունենք։ Այն մեր տանը գոյություն ունի արդեն տասնհինգ տարի, չնայած ես այնտեղ սկսեցի խաղալ շատ ավելի ուշ։ Բայց հիմա ես «վառվում եմ» միայն այդ թատրոնով։

Այն Կոտեն է ստեղծել. նրա մոնոներկայացումներով է սկսվել մեր Մեկ դերասանի թատրոնը։ Բայց հետո ռեժիսոր Թենգիզ Կոշկաձեն մեզ բերեց Սանտանելիի «Մայր թագուհին» պիեսը և առաջարկեց հեռուստատեսային ներկայացում անել։ Ես կարդացի այն և ասացի. «Հեռուստատեսային ներկայացում անելն ինձ չի հետաքրքրում: Եկեք դա անենք այստեղ՝ թատրոնում»: Մենք Կոտեին համոզեցինք, որ խախտի իր սկզբունքը և մեր փոքրիկ բեմում մեկի փոխարեն հայտնվեցին երկու դերասան։ Ներկայացումը ստացվեց և մեծ հաջողություն է վայելում։ Իսկ ես ինձ համար բոլորովին այլ աշխարհ բացահայտեցի։ Երբ զգացի, որ հանդիսատեսը նստած է ու նայում է ինձ նույնքան մոտ, որքան դուք հիմա, ես հասկացա, որ իմ դերասանական կյանքում հեղափոխություն է տեղի ունեցել։ Ես այն անվանել եմ խոշոր պլանի թատրոն: Այդ հեռավորության վրա հանդիսատեսին ոչնչով չես  խաբի. դու նրան կհուզես ու կպահես։ Ապշեցուցիչ զգացում է:

-Ձեր ընտանիքին դիպա՞վ քաղաքացիական պատերազմը:

-Բոլորիս դիպավ: Ինչպե՞ս կարող է քաղաքացիական պատերազմը չդիպչել: Կատյա, ես դա չեմ ցանկանա անգամ թշնամուս՝ ամուսինն ու կինն են կռվում, եղբայրն ու եղբայրը, հարևանը՝ հարևանի հետ։ Ես շատ ընկերներ կորցրեցի, քանի որ նրանք մյուս կողմում էին։ Հիմա արդեն մենք նորից միասին ենք, բայց այն ժամանակ սարսափելի բան էր տեղի ունենում։ Իմ ավագ որդին գլխավորում էր հենց այդ հեղափոխությունը, իսկ ես Բագրատիոնի նման հեռադիտակով հետևում էի հրապարակին։ Մեր տունը սարի վրա է, այնտեղից ամեն ինչ երևում է և ես ամբոխի մեջ փնտրում էի որդուս, քանի որ այնտեղ անընդհատ կրակոցներ էին, փողոցներում՝ կռիվներ։ Չեմ էլ ուզում հիշել։

Նախկինում մեզանից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ մեզ գազ, լույս և էլեկտրականություն են տալիս։ Մենք սովորել էինք դրան։ Եվ հանկարծ մնացինք առանց ամեն ինչի՝ լույսն անջատեցին, գազը կտրեցին։ Երկիրը դեռ պատրաստ չէր գազի բալոններին, ջեռուցման սարքերին։ Մենք բակում կրակ էինք վառում և ընթրիքը տաքացնում կրակի վրա ու թեյ եփում:

-Տանը բոլոր դժվարություններն ընկան ձեր ուսերի՞ն:

-Հիմնականում այո, ես չէի կարող անգործ մնալ, ես միշտ պետք է ինչ-որ բան անեմ: Ի դեպ, դրանով ես հորս եմ նման. չեմ հիշում հորս հանգիստ մատները, հանգիստ ձեռքերը։ Կյանքում նման բացառիկ տաղանդավոր մարդու չեմ հանդիպել։ Նրա ձեռքից ամեն ինչ գալիս էր՝ ոսկի, ոսկի: Նա կառուցում էր, քանդակում էր, նկարում էր, երգում էր, նվագում էր բոլոր գործիքները։ Նա ամեն ինչ գեղեցիկ էր անում։

-Դա փոխանցվե՞լ է Ձեզ: Գիտեմ, որ շատ լավ եք կարում։

-Այո: Ես կարում եմ, գործում եմ, եփում եմ, լվացք եմ անում, սանտեխնիկ եմ, կարող եմ սալիկապատել։ Եթե ​​լույսը մարի, կարող եմ կապել լարերը: Ամենը, ինչ տղամարդը պետք է կարողանա անել, ես կարող եմ անել:

-Իսկ Կոտե Իվանովիչը՞:

-Կոտեն այդ իմաստով շատ անօգնական է: Կոտեն տնային գործերի մարդ չէ, նա ուղեղն է։ Նա բացառիկ կրթված մարդ է՝ անընդհատ կարդում է: Դուք նրան ոչ մի վայրկյան չեք տեսնի առանց գրքերի և առանց երկու թևատակերում գտնվող թերթերի …

-Վրացի տղամարդը տան տերն է։ Միթե՞ նա կարող է անօգնական լինել:

-Դա  ճիշտ չէ, առասպել է: Վրացական տան տանտիրուհին 90 տոկոս դեպքերում կինն է. և ընդհանրապես, մեզ մոտ մայրիշխանություն է։ Սուրբ լեռան վրա կանգնած է երկրի խորհրդանիշը՝ կինը, Մայր-Վրաստանը։ Նրա մի ձեռքում թասն է, մյուսում՝ դաշույնը. բաժակն ընկերների համար է, իսկ դաշույնը՝ թշնամիների։ Վրացական տանը կինն է իշխում. իմացեք և այլևս նման հարցեր մի տվեք:

-Ռեժիսորները, որոնց հետ աշխատել եք, այնքան տարբեր են՝ Փարաջանովն ու Սուրիկովան, Աբուլաձեն և Դանելիան։ Նրանցից որևէ մեկին առանձնացնո՞ւմ եք։

-Պետք է ասեմ, որ իմ բախտը բերել է։ Ես աշխատել եմ հրաշալի ռեժիսորների հետ, և մենք միշտ լեզու ենք գտել միմյանց հետ: Բայց Փարաջանովն, այնուամենայնիվ, միանգամայն  առանձնահատուկ է։ Ես չեմ կարող խոսել նրա մասին՝ ի թիվս այլոց: Չնայած շատ սիրում եմ բոլորին:

Փարաջանովը հանճար էր. Գիտե՞ք թե ինչպես էր նա գրում սցենարները։ Նրա սցենարները տեղավորվում են մեկ թերթի վրա. ամեն ինչ նրա գլխում էր՝ նա գիտեր, թե ինչպես և ինչ է նկարելու։ Նա հրաշալի նկարիչ է և գեղեցիկ էր նկարում։ Փարաջանովի կոլաժները մի առանձին արվեստ են. Եթե ​​Երևանում լինեք, անպայման դիտեք։ Ափսոս, չէ որ առաջ այս ամենը մերն էր՝ վրացական։ Նա իր ձեռքերով իր տանը թանգարան էր ստեղծել։ Բայց երբ նա մահացավ, Վրաստանի կյանքում սարսափելի շրջան էր, ամեն ինչ խառնվել էր իրար։ Եվ նրա ժառանգությունը տարան հայերը։ Եվ լավ է, որ տարան, այլապես այն չէր լինի։

-Իսկ ինչպե՞ս Փարաջանովը գտավ Ձեզ։

-Նա ինձ տեսել էր «Խևսուրյան բալլադ» ֆիլմում և որոշել էր ինձ նկարահանել իր «Նռան գույնը» ֆիլմում։ Բայց նախքան ինձ կհաստատեին, նա պետք է մեծ դիմադրություն հաղթահարեր, որովհետև ֆիլմը նկարահանվում էր «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Իսկ Սայաթ-Նովան բանաստեղծ է, որը գրել է երեք լեզվով, և երկրներից յուրաքանչյուրը նրան այժմ համարում է իրենը։ Եվ հայերն էլ, իհարկե, նույնպես։ Եվ հանկարծ Փարաջանովը հայտարարում է, որ Սայաթ-Նովային խաղալու է վրացի, և դեռ մի բան էլ՝ կին, հասկանո՞ւմ եք։ Այնտեղ բոլորը պարզապես շշմել էին: Եվ, իհարկե, սարսափելի ընդդիմանում էին։ Բայց նա ասաց. «Առանց Սոֆիկոյի ես ֆիլմը չեմ նկարահանի»։

Այնտեղ ես վեց առանձին կերպար եմ խաղացել։ Պատկերացրեք, թե դա որքան հետաքրքիր էր ինձ համար: Ֆիլմը սյուժե չունի. դա որմնանկարներ են, դա պոետիկա է, դա պոեզիա է: Երբ Փարաջանովին հարցրել էին. «Բայց ինչու հատկապես Սոֆիկոն», Նա պատասխանել  էր. «Նրա դեմքը որմնանկարից է, իսկ որմնանկարների վրա կնոջ ու տղամարդու դեմքը նույնն է։ Այնտեղ տարբերություն չկա»:

-Ի՞նչ աշխատանք է սպասվում ձեզ մոտ ապագայում։ Ի՞նչ հետաքրքիր բան կա:

-Այժմ պատրաստվում ենք հյուրախաղերի Մոսկվայում։ Փնտրում ենք դահլիճ, որտեղ ամեն ինչ տեղի կունենա։ Եվ ոչ միայն Մոսկվայում, - մեզ խնդրել է Կիևը, Սանկտ Պետերբուրգը: Մենք պատրաստում ենք մեր բեմադրությունները ռուսերենով, քանի որ մեր թատրոնին  անհարիր է համաժամանակյա թարգմանությունը, այն մեզ սարսափելի խանգարում է։

Մենք կցուցադրենք «Մայր թագուհին»։ Կոտեն մտադիր է ռուսերեն խաղալ իր երկու ներկայացումները՝ «Ստալին» և «Բագրատիոնի»՝ Բագրատիոնների հազարամյա դինաստիայի մասին։ Հավանաբար կգա մեր հոյակապ դերասան Մուրման Ջինորիան, որը  «Համլետ» մոնոներկայացումն արեց: Թատրոնում մի գերազանց դերասան էլ կա՝ Գոգի Գեգեչկորին, հուսով եմ նա էլ կգա։ Ես անկեղծորեն ցավում եմ, որ վերջին տարիներին Մոսկվայի և Թբիլիսիի միջև ինչ-որ տեղեկատվական շրջափակում է առաջացել։ Եվ մենք ձգտում ենք ինչ-որ կերպ ընդլայնել շրջանակը՝ շուտով մեր կայքը կբացենք համացանցում, որպեսզի մեր թատրոնը հասանելի դառնա, որ մարդիկ իմանան այդ մասին։ Այժմ մենք հատուկ հրավիրում ենք մարդու, որը կզբաղվի նման կայքի ստեղծմամբ։

-Իսկ եթե ինչ-որ մի բարերար հիմա Ձեզ շատ փող տար ու ասեր. «Խաղա, ինչ ուզում ես բեմադրիր՝ բայց միայն Մոսկվայում»: Կգնայի՞ք։

-Ընդմի՞շտ: Ո՛չ, երբեք: Երբ ավարտեցի ВГИК-ը առաջարկներ էի ստանում մնալ Մոսկվայի թատրոններում։ Այն ժամանակ ես բացարձակապես ակցենտ չունեի. երբ հինգ տարի միայն ռուսերեն ես խոսում, ակցենտն անհետանում է։ Բայց ոչ մի վայրկյան կյանքս չէի պատկերացնում առանց իմ հայրենիքի, առանց Թբիլիսիի, առանց իմ տան։ Հիմա ես մինիմալ ծրագիր ունեմ՝ ես ու Կոտեն ուզում ենք մեր թատրոնի կողքին նոր թատրոն կառուցել, որովհետև մերը՝ իննսուն հոգանոց դահլիճով, արդեն շատ փոքրացել է, հանդիսատեսը չի տեղավորվում։ Եվ նույնիսկ որոշ նյութական ռեսուրսներ հայտնվեցին։ Խոստանում են օգնել այստեղ՝ Մոսկվայում։ Վրաստանում հիմա շատ դժվար է բարերարներ գտնել, բայց, այնուամենայնիվ, այնտեղ էլ գտնվեց այդպիսի մարդ։

-Թվում է, թե դուք միշտ հաջողության եք հասնում անհնարինում:

-Դրանով էլ ապրում ենք, Կատյա: Մարդիկ, որոնք գալիս են մեզ մոտ, չեն ցանկանում հեռանալ մեզանից։

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի