Սլավոնական հեքիաթ. Կաբարդինկան, Ադելինան, Նոդարիչը

-Լյուդա ջան, ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես ամբողջովին ավազի մեջ մտել,-հարցրեց  Լյուդային հեռվից հետևող հարևանը, հետո վառեց ծխախոտը, նստեց ճանապարհի եզրին թափված մեծ քարերից մեկին ու շարունակեց աչքի տակով նայել ավազի մեջ թաղված Լյուդային։

Լյուդան դուրս եկավ ավազի կույտի միջից՝ երեսը մրոտ, դարչնագույն  ցնցոտիներով ու ոտքին մի թայ ճտքավոր կոշիկ.

-Կոշիկիս մյուս թայն եմ ման գալիս, մեկը գտել եմ՝ հագել։

Ադելինան սովոր էր, որ իրեն մոր անունով են դիմում՝ Լյուդա։ Իսկ Լյուդան Կաբարդինո-Բալկարիայից երկու երեխաների՝ Ադելինայի ու Ռուսլանի հետ գաղթել էր Հայաստան՝ մի տղամարդու մոտ։

Ադելինան դուրս եկավ ավազի միջից՝ մի ոտքին ճտքավոր կոշիկ, իսկ մյուս ոտքը բոբիկ. անհույս սկսեց հեռանալ։

Հարևանը հանգցրեց ծխախոտը ու թափ տվեց շորերը, հետ շրջվեց որ գնա, բայց այդ պահին հեռվից իջնում էր ամառվա տապից շոկոլադի գույն ստացած Ռուսլանը.

-Արա՜ , ա´յ Նոդարիչ, արի մի պապիրոզ տամ՝ ծխի´:

-Եթե մի հատ էլ մորս համար կտաս՝ կգամ:

-Կտա՜մ, կտա՜մ, արի:

Ռուսլանի անունը հարևանները Նոդարիչ էին կնքել, հավանաբար նրա երևակայական հոր անունը Նոդար էր, որովհետև ոչ ոք չգիտեր թե ո՞վ է նրանց հայրը։

Ռուսլանն իսկական տղամարդ էր. 8 տարեկան էր, դպրոց չէր գնում, շատ էր սիրում կրեմով տորթ ու ծխախոտ։

Կրեմով տորթը տղերքը պատիվ էին տալիս ինչ-որ հատուկ օրերի, իսկ այդ հատուկ օրերը որոշվում էր հանկարծակի՝ պահի տակ…

Այ, առանց ծխախոտ ապրելը դժվար էր, Ռուսլանն այնպիսի խոր հայացքով էր ծխում, կարծես թե մի յոթ-ութ կյանք արդեն հասցրել է ապրել։

Լյուդան, Ադելինան ու Ռուսլանը հայերեն շատ լավ էին խոսում, ու հիմնականում զբաղվում էին մուրացկանությամբ։ Լյուդայի ամուսինը նրանց տանից դուրս էր անում, և ընդունում միայն այն ժամանակ, երբ ուտելիք կբերեն։

Մի կիսավեր տուն ունեին, իսկ տան մեջ գույքի փոխարեն խաշամ էր լցված։ Նրանց տան երդիկից երբեք ծուխ դուրս չէր գալիս, փոխարենը ծուխը դուրս էր գալիս դռնից, քանի որ նրանք կրակ էին անում հենց տան մեջ՝ գետնի վրա։

Ադելինան կարճ մազեր ուներ՝ մոր նման։ Մայրը որոշել էր երեխաներին ամուսնացնել, բայց ժամանակը շատ դանդաղ էր անցնում, ոչ Ադելինան էր ամուսնության համար պիտանի, ոչ էլ Ռուսլանը, ու նրանք ստիպված ման էին գալիս մոր փեշից կպած։

Լյուդան երեխաների հետ նաև բանվորություն էր անում ծխախոտի դաշտերում, և հենց այնտեղ էլ ծխում էին դեռ չչորացած ծխախոտի տերևները, իսկ կանաչ տերևները լավ չէին վառվում, դրա համար էլ Նոդարիչը բոլորից կարգին ծխախոտ էր խնդրում։

-Այ տղա Նոդարիչ, էսօր ի՞նչ ես կերել,-հարցրեց հարևանը, որն ամեն օր հարցախույզ էր անում Ռուսլանին ու Ադելինային:

-Պապիրոզ,-ասաց Ռուսլանը:

-Արի´, արի´, արի գնանք տորթ առնեմ, բայց մազերդ պետք է ներկենք՝ երեք գույնի, համաձա՞յն ես:

Ռուսլանի աչքերը փայլեցին ուրախությունից, թուքը կուլ տվեց ու գլուխը դեմ տալով ասաց.

-Հիմա ենք չէ՞ գնում:

-Գնացինք։

Երկու ժամ անց Ռուսլանը քայլում էր կուշտ փորով ու եռագույն գլխով ՝դեղին, սև ու դարչնագույն։

Մայրը՝ Լյուդան, ոչինչ չասաց, չնախատեց, կարևորը տղան կուշտ էր։ Քանի որ Լյուդան Կաբարդինո-Բալկարիայից էր եկել, նրան «Կաբարդինկա» էին ասում, իսկ կրճատ՝ «Գաբարդին»։

Մի առավոտ լուր տարածվեց, որ Կաբարդինկան երեխա է ունեցել։ Իր պատմելով՝ երրորդ երեխան ծնվել էր հանկարծակի, ինքը չէր սպասում, բայց՝ ծնվել էր…

Բոլորը սպասում էին, որ տեսնեն Կաբարդինկայի նորածին երեխային, որովհետև բոլորն վստահ էին, որ երեխան կմեռնի այդ կեղտի ու աղքատության մեջ, բայց նորածնի գենի մեջ արդեն կոդավորված էր ապրելու գաղտնաբառը, և դա գիտեին միայն իրենք, որովհետև բոլոր նորմալ կենցաղով ապրող մարդիկ, եթե հայտնվեին այդ իրավիճակում, հաստատ կմեռնեին։

Կաբարդինկան զավեշտալի կերպար էր, միևնույն ժամանակ՝ ողբերգական։ Կաբարդինո-Բալկարիան Հայաստանի ու աղքատ տղամարդու հետ փոխած կինը մի առավոտ դուրս եկավ՝ բարուրը գրկին։ Բոլոր մարդիկ մոտեցան, որ տեսնեն նորածնին, նա սպիտակամաշկ էր, բայց ամբողջ երեսը ցան…

Նորածնի նուրբ մաշկը չէր դիմանում Կաբարդինկայի կենցաղին, բայց երեխան ապրում էր։

Մի քանի օր անց, Ադելինան բարուրը գրկին ման էր գալիս, երեխան ձայն ու ծպտուն չէր հանում. նրանք հաճախ շրջում էին չորսով։

Նոդարիչը ծխախոտ խնդրելիս արդեն երեք հատ էր խնդրում, իր, մոր և քրոջ համար՝ Ադելինան սկսել էր ծխել։

Ադելինայի նիհար ձեռքերը չէին դիմանում բարուրի ծանրությանը։ Երեխան մեծանում էր, բեռը՝ ծանրանում, քաղցը մեծանում էր՝ երազանքները մեռնում, կամ դառնում զույգ կոշիկ, որը Ադելինան հաճախ տեսնում էր երազում, իսկ արթմնի նա շրջում էր մի ոտքին ճտքավոր կոշիկ, իսկ մյուսին՝ հողաթափ։

Լյուդան հաճախ էր հիշում Կաբարդինո-Բալկարիյաի արևածաղկի անծայրածիր դաշտերը, որտեղ նա աշխատել էր, տարբեր տղամարդկանց հետ  ստեղծել Ռուսլանին ու Ադելինային, չէր զղջում թե ինչ է արել, ինչո՞ւ է լույս աշխարհ բերել երկուսին: Որքան էլ ծանր էր թվում երեխաների բեռը, նա քնքշանքով էր նայում եռագույն դարձած մազերով որդուն ու բոբիկ աղջկան, հիացմունքով էր նայում երեսը ցանով պատված նորածնին, նա սիրում էր իր ամուսնուն ու իրենց հին խրճիթը, բայց քիչ անց հոգու խորքում անիծելով բախտը վառում էր ծխախոտը, նստում գետնին, ու լուռ հայացքով նայում դեպի դիմացի սարի վրա գտնվող գերեզմանատանը։

Նայում էր ու լուռ ծխում՝ ոչ թե կնոջ, այլ տղամարդու նման, սևացած ու ճաքճքած մատների արանքով նայում գերեզմանոցին, աչքերի մեջ այնքան թախիծ կար, որ թվում էր թե մեռելները ուր որ է հարություն կառնեն ու կգան սփոփելու Կաբարդինկա մականունով Լյուդային, որովհետև ողջ մարդիկ մեռելի պես սառն ու անտարբեր էին։ Մարդիկ միայն ծիծաղում էին, բամբասում, փորձում հաշվել նրա սիրեկաններին, կասկածի տակ առնում, որ նորածին երեխան ամուսնուց է, իսկ Լյուդան միշտ ժպտում էր նրանց։ Լյուդան բարի հայացք ուներ, թվում էր թե ճակատագրի հետ հաշտ է, բայց չէ, նա ոչ թե հաշտվել էր ճակատագրի հետ, այլ գիտակցաբար տանջվում էր, կարծելով, որ այդպես կքավի նախկինում գործած մեղքերը, իսկ մարդկանց կարծիքով Լյուդայի մեղքերը տարբեր տղամարդկանց հետ քնելն ու երեխաներ լույս աշխարհ բերելն էր. Լյուդան կարծես հաշտվել էր հասարակության այդ կարծիքի հետ։

Գեղեցիկ ու բարետես կանայք թաքցնում էին իրենց ամուսիններին, կարծելով թե Լյուդան մի կախարդական զենք ունի ու կարող է գողանալ իրենցից նոր լողացած ու մաքուր վերնաշապիկներով տղամարդկանց, այնինչ Լյուդան` գետնին փռած իր կեղտոտ շրջազգեստը, պարզապես ծխում էր, ծխում էր ու թախծում։

Նա իր նմանին էր ընտրել, ու գիտակցաբար ապրում էր այս աշխարհի քավարանում, բայց բնությունը այստեղ էլ էր բռնացել նրա վրա, ու երկուսին գումարել ևս մեկը, բնությունն է, որի դեմ անզոր են կեղտոտ շորերն ու ճաքած մատները, ծխախոտի հոտն ու խրճիթում այրվող խարույկի ծուխը…

Ինչպես այն ժամանակ՝ Կաբարդինո-Բալկարիայի արևածաղիկների փուշն ու հորդ անձրևը. վստահ էր՝ լինելու բանը պետք է լինի, Լյուդան հաշտ էր եղածի հետ, մարդիկ՝ անհանդուրժող։

Հաճախ, կանայք, որոնք օրինավոր ամուսիններից պարտադրաբար զավակներ էին լույս աշխարհ բերել, և մինչև հոգու խորքը զզվանքով էին նայում իրենց երեխաների հորը, Լյուդային ուղղակի արհամարհում էին, ասելով, թե նա անբարո կին է, Լյուդան չէր պատասխանում ոչ մի արհամարհանքի։

Երբ քնում էին բոլորը, գիշերները նա դուրս էր գալիս բակ, նստում կոճղին,  նորից վառում տղայի բերած ծխախոտն ու նայում մթից արդեն չերևացող գերեզմանոցի կողմ, անմիջապես գալիս էին մտքերը, որ այդ հասարակությունն իրեն վաղուց դասակարգել է «մերժվածների» ցուցակում, որ ինքը մուրացկան է, որ երեխաների կյանքը այն չէ՝ ինչ պետք է լիներ, ու նորից գիտակցում էր, որ իր հանգիստ զգալու միակ վայրը մեռելների կողքին է՝ գերեզմանոցում: Հասկանում էր, որ ինքն իրեն շրջապատող բոլոր մարդկանց մեջ այն ավելորդն է, որին յոթ փութ մեղրով չէին կարող կուլ տալ,  նա հասկանում էր նաև, որ մարդիկ կարծում էին, թե նա այդ ամենը չի հասկանում։

Փնթի էր հագնվում, որովհետև ի սկզբանե ընտրած կյանքն էր փնթի, շտկելու համար ուշ էր թվում։

Կարծես երկու մարդ լիներ նրա մարմնում, մեկը՝ հաշտ եղածի հետ, իսկ մյուսը՝ գիտակից, բայց մարդիկ գրեթե միշտ ընտրում են հարմարվելու տարբերակը, ու նա հիմնականում այն հարմարվածներից էր, որին գիշերները մտքերը հանգիստ չէին տալիս։

Մարդկանց ուրախություն Նոդարիչը հաճախ էր արթնանում գիշերները, դուրս գալիս ու նստում մոր կողքին, նրանք ոչինչ չէին խոսում, երբեմն ծխախոտ էր խնդրում մորից, իսկ այդ պահին գիտակցության եկած մայրը մերժում էր նրան, ասելով որ դեռ փոքր է, չի կարելի, ու շարունակում էին նայել նույն ուղղությամբ։

Լյուդան հասկանում էր, որ իրենց նայած ճանապարհը տանում է դեպի վերջին հանգրվան՝ գերեզմանոց, հոգու խորքում Աստծուն խնդրում էր որ իրեն տանի այնտեղ, հետո հիշում էր երեք անչափահասների մասին, մայրաբար գրկում որդուն ու գնում տուն՝ քնելու։

Ի՞նչն էր իրենց տարել իր երկրից, ինքն էլ չէր հասկանում, հասկանում էր միայն մի բան, որ սա այն վայրն է, որտեղ տանջանքները բավարար էին  մեռնելուց առաջ բոլոր մեղքերը քավելու համար։

Դժվար էր այդքանը բացատրել հասարակության կարծիքի համար երեխա ծնած կանանց, որոնք իրենց չբեր չանվանելու համար՝ ամուսնությունից 9 ամիս անց երեխա էին ունենում։

Լյուդան մուրացկանի կյանքով էր ապրում, բայց հոգում փոթորիկ էր, այնպիսի՝ որ մի լուսաբաց բացվեց առանց նրանց։

Լյուդան ու երեք երեխաները չքվել էին, անհետացել, ցնդել...

Տխրել էին բամբասկոտ կանայք, տխրել էին Ադելինայի վրա աչք դրած պիղծ հոգով տղամարդիկ, որոնք նրա մեծանալուն էին սպասում, տխրել էին Ռուսլանի համար տորթ գնող տղերքը, որոնք 8 տարեկանի հետ շփվում էին տղամարդու պես: Տխրել էին բոլորը։ Լյուդան հեռացել էր, ամուսինը՝ մահացել մի քանի օր անց։

Նրանց խրճիթի դռները ընդմիշտ մնացին բաց, երևի բոլոր նրանց համար՝ որոնք մեռնելուց առաջ կցանկանան քավել մեղքերը։

 

Ասպրամ Սարատիկյան