Սիրո և հարգանքի ուղերձ Վարգասից. նա համբուրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմը
Հռչակավոր օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասն առաջին անգամ բացառիկ մենահամերգով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Վարգասի երևանյան համերգը տեղի ունեցավ Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ մեծ երաժշտական տոն պարգևելով հայ երաժշտասերներին:
Երևանյան համերգն անցավ շռնդալից հաջողությամբ, հանդիսատեսը երկար և անընդմեջ ծափահարություններով պարզապես չէր ուզում հրաժեշտ տալ մեծ երգչին: Համերգային ծրագրի ընթացքում Վարգասը մեծ վարպետությամբ, զգացմունքայնությամբ ու իր հայրենի Մեքսիկայի արևին հատուկ ջերմությամբ կատարեց աշխարհի լավագույն օպերային բեմահարթակներում հնչած իր երգացանկի լավագույն և սիրված արիաները՝ հանդիսատեսին հատկապես հիացնելով Դոն Օտտավիոյի «Il mio tesoro intanto» արիայով՝ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից, Նեմորինոյի «Una furtiva lagrima» ռոմանսով Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայից, Դոն Խոսեի «La Fleur que tu m'avais jetée» արիայով «Կարմեն» օպերայից, Լենսկու «Куда, куда, куда, вы удалились» արիայով Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Որպես բիս Ռամոն Վարգասը երգեց 20-րդ դարի ամենասիրված ու հայտնի մեքսիկական «Bésame mucho»-ն: Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչեցին մի շարք օպերային նախերգանքներ:
Բիսից առաջ անզուգական տենորը յուրօրինակ սիրո խոստովանություն արեց Հայաստանին, նշեց, որ առաջին անգամ է այստեղ և գերված է մեր հրաշալի երկրով, հայկական հյուրընկալությամբ, ջերմ ու հրաշալի հանդիսատեսով, բարձրակարգ նվագախմբով և անկրկնելի մաեստրո Էդուարդոյով: Նա նաև հավելեց, որ դասական երաժշտությունը միավորում է մարդկանց, համերաշխություն ու ներդաշնակություն է բերում մեր կյանք: Չդադարող ծափողջույնների տարափի ներքո, ի նշան սիրո ու հարգանքի Վարգասը խոնարհվեց ու համբուրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմը:
Արցախյան դրամատիկ իրադարձություններից հետո Ազգային ֆիլհարմոնիկը շատ համերգներ չեղարկեց, բայց որոշ նշանակալից համերգներ, այդուհանդերձ, իրականացվեցին: Ամբողջ այդ ընթացքում ակնհայտ էր, որ թե՛ հանդիսատեսը, թե՛ արտիստները խիստ զուսպ էին իրենց զգացմունքների մեջ ու հասկանալիորեն ոչ տոնական տրամադրությամբ: Առաջին անգամ Վարգասի համերգին էր, որ հանդիսատեսը չզսպեց իր զգացմունքները ու իրեն թույլ տվեց ցնծությամբ ողջունել բեմում գտնվող մեծ արտիստին, դիրիժորին ու նվագախմբի երաժիշտներին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ անգամ համերգից հետո կուլիսներում չէր դադարում երկրպագուների հոսքը, որոնք ցանկանում էին անձամբ հայտնել իրենց երախտագիտությունը արտիստին և նրանից ինքնագիր վեցնել: Իսկ Վարգասի ոգեշունչ ելույթի ազդեցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում դեռ երկար ժամանակ հնչում էին պատանի հայ երգիչների կողմից նեապոլիտանական երգերի կատարումներ… Իրո՛ք, երաժշտական տոնը ստացված էր:
Տարիներ շարունակ Ռամոն Վարգասն աշխարհի առաջատար օպերային բեմերում ամենասպասված երգիչներից է: Նրա հաղթարշավը սկսվեց 1992-ին, երբ Մետրոպոլիտեն օպերայում Լուչանո Պավարոտտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո Վարգասը դարձավ աշխարհի առաջատար երաժշտական թատրոնների ցանկալի հյուրը: Դրան հաջորդեց նրա դեբյուտը Լա Սկալայում, ապա նաև մշտական ելույթները Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի թագավորական թատրոնում, Փարիզի Օպերա Բաստիլում, Սան Ֆրանցիսկոյի օպերայում, Վիեննայի պետական օպերային թատրոնում, Արենա դի Վերոնայում և այլուր:
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ռամոն Վարգասը բազմաթիվ հեղինակավոր երաժշտական մրցանակներ է նվաճել, այդ թվում նաև որպես Իտալիայի 1993 թվականի համերգաշրջանի լավագույն երգիչ արժանացել է «Լաուրի Վոլպիի» մրցանակին (Lauri Volpi Award): 1995-ին Իտալիայի քննադատները միաձայն նրան շնորհեցին արվեստի բնագավառում «Ջինո Տանիի» մրցանակը (Gino Tani Award), 2000-ին British Opera Now-ն Վարգասին «Տարվա արտիստ» հայտարարեց, 2001-ին գերմանական Phono Academy-ի կողմից նա ստացավ ECHO Klassik-ի մրցանակ՝ որպես «Տարվա երգիչ», 2005-ին Վարգասին հանձնվեց Պուչչինիի մցանակը՝ Puccini Foundatzione-ի կողմից, ավելի ուշ՝ 2018-ին նա արժանացավ «Opera News Award» մրցանակին, իսկ 2020-ին Մեքսիկայում արժանացավ «Ortiz Tirado Award»-ին: Եվ վերջապես 2021-ին ավստրիական «Festspiele» ամսագիրը Ռամոն Վարգասին դասեց աշխարհի լավագույն տենորների շարքին:
23 տարի առաջ՝ 2000 թվականին, կարիերայի բարձրակետին, Վարգասն իր տիկնոջ՝ Ամալիայի հետ հիմնեց «Vargas Foundation» բարեգործական հիմնադրամը, որն առավեալպես աջակցում է սահմանափակ հնարավորություններով երեխաներին և երիտասարդներին, որոնք ապրում են Մեքսիկայի սոցիալապես անապահով և մեկուսացված շրջաններում: Հիմնադրամը ստեղծվել է ի հիշատակ նրանց որդու՝ Էդուարդոյի, որը մանկական ուղեղային կաթված ուներ և մահացել է վեց տարեկան հասակում: Ռամոն Վարգասի հիմնադրամի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երեխաներին օգնել ինտեգրվել հասարակությանը և զարգացնել իրենց ունակությունները, ինչպես նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել նրանց ծնողներին ու ուսուցիչներին: Երևանյան համերգից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի երգիչն անդրադարձավ նաև իր բարեգործական գործունեությանը՝ նշելով, որ այս երեխաներին ու երիտասարդներին աջակցությունը յուրաքանչյուրի պարտքն ու պատասխանատվությունն է, և յուրաքաչյուր մարդ պետք է պատրաստակամ լինի աջակցել կարիքի մեջ եղողներին և կարեկից լինի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով:
Ի դեպ, ճանաչված տենորը լիահույս է, որ երևանյան այս համերգով չի ավարտվի իր ծանոթությունը Հայաստանի ու հայ մշակույթի հետ, և ինքը դեռ հայաստանյան բացահայտումների նոր հնարավորություն կունենա:
Աստղիկ Դալլաքյան