Սիրո երեք «խոստովանություն» Արամ Խաչատրյանին

Միշտ նրբաճաշակ կոստյումով, դիրիժորի փայտիկը ձեռքին, կամ ռոյալի մոտ`նոտաների ընկերակցությամբ. այսպիսին ենք սովոր տեսնել Արամ Խաչատրյանին: Նրա հանրային՝ «օսլայած» կերպարից զատ, սակայն, կար ուրիշ` կենցաղային ամենասովորական կյանքով ապրող մի մարդ`մանկան պարզությամբ: Ներկայացնում ենք երեք անհայտ կամ քչերին հայտնի պատմություն, որոնք հյուսվում են հենց այս երկրորդ կերպարի շուրջ:

 

***

Ա՜խ, այդ տոլմայի անկրկնելի համը...

Կոմպոզիտորը սիրում էր համեղ ուտել: Իսկ ամենասիրելի ճաշատեսակը հայկական տոլման էր`պատրաստված խաղողի տերևներով: Երբ Խաչատրյանն այցելում էր Հայաստան, հաճախ էր հյուրընկալվում ջութակահար Գևորգ Աճեմյանի տանը: Վերջինիս հետ կոմպոզիտորը բարեկամական սերտ կապ էր պահում, որը տարիների պատմություն ունի. Աճեմյանը նույնիսկ եղել է Խաչատրյանի թոռան` Արամի կնքահայրը: Վաղեմի բարեկամի տուն այցելությունների համար, սակայն, մեծ կոմպոզիտորն ուներ այլ, «ախորժելի» մի պատճառ. բանն այն էր, որ Աճեմյանի մայրիկը շատ համեղ տոլմա էր պատրաստում. այդ առիթով Խաչատրյանը սիրում էր ասել. «Настолько вкусная толма, что тает во рту как трюфель»:

Հայ երաժշտական հանճարի համար տոլման նույնիսկ «դարմանի» դեր է խաղացել: Երբ 1970-ականներին Խաչատրյանը վատառողջ էր և Մոսկվայում պառկած էր հիվանդանոցում, մտերիմները Երևանից ինքնաթիռով մի մեծ կաթսայով տոլմա են ուղարկում Խաչատրյանին, որպեսզի նա նույն օրը ստանա և հենց իր հիվանդասենյակում նորից ճաշակի հարազատ համը:

 

***

Ցլամարտիկի արտառոց նվերը

Խաչատրյանը հաճախ էր լինում լատինոամերիկյան պետություններում: 1958 թվականից նա Լատինական Ամերիկայի երկրների հետ բարեկամության և մշակութային համագործակցության սովետական ասոցիացիայի նախագահն էր: Եվ ահա, երբ այցելում է Մեքսիկա, ցանկություն է հայտնում ներկա լինել ցլամարտի: Նա մեծ ցանկություն ուներ կենդանի կորիդա տեսնել և ծածուկ ներկայանում է ստադիոն: Այդ լուրը, սակայն, բազմահազարանոց հանդիսատեսի շրջանում տարածվում է լույսի արագությամբ: Հայտարարվում է, որ ստադիոնում ներկա է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Մատադորը, լսելով այդ լուրը, նախ մոտենում է Խաչատրյանին, ծնկի է իջնում և նրան նվիրում իր սոմբրերոն: Իսկ հետո կորիդան կոմպոզիտորի համար անսպասելի ընթացք է ստանում: Երբ մատադորը սպանում է ցլին, կտրում է ականջը, ապա հանդիսավոր կերպով մոտենում է Խաչատրյանին ու ականջը նվիրում նրան: Անակնկալի եկած կոմպոզիտորը երկար ժամանակ չի կողմնորոշվում` ինչպես վարվել այդ իրավիճակում, պարզապես տեղը չի գտնում մինչև այն պահը, երբ նրան բացատրում են`մատադորի կողմից տապալված ցլի ականջը նվեր ստանալը ոչ միայն մեծ, այլև առանձնահատուկ պատիվ է համարվում:

 

***  

Խաչատրյանը հենց ժողովուրդն է

Հայտնի է, որ Խաչատրյանը շատ էր սիրում շրջագայել Հայաստանով, ասում էր`դրա շնորհիվ բուժում է իր վերքերը: Եվ երբ հերթական անգամ ճամփորդում էր Սյունիքում, ականջին է հասնում «Պեպո» ֆիլմի երաժշտությունը: Առաջին հայկական հնչյունային ֆիլմի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Խնջույքից հնչող կենդանի երաժշտության ելևէջները հաճելիորեն պարուրում են նրան: Խաչատրյանը մոտենում է խնջույքի մասնակիցներին և հարցնում, թե ով է գրել այդ երաժշտությունը: Նրանք, բնականաբար, չեն էլ ճանաչում Մաեստրոյին: Ասում են, որ դա ժողովրդական մեղեդի է: Թվում է, թե Խաչատրյանի ինքնասիրությունը պետք է վիրավորվեր կատարվածից. ինչպե՞ս թե չգիտեն այդքան հայտնի ստեղծագործության հեղինակին, անգամ չեն էլ ճանաչում իրեն... Բայց Խաչատրյանը չափազանց շոյվում է սյունեցիների խոսքից, նա ներքուստ երջանկությամբ է լցվում. չէ՞ որ երբ իր ստեղծագործությունը մարդիկ ընկալում են որպես ժողովրդական երաժշտություն, դրանից բարձր գնահատական լինել չի կարող ստեղծագործող անհատի համար: Կնշանակի`Խաչատրյանն ինքը ժողովուրդն է:

 

Նյութերը տրամադրել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:

 

Աննա Բաբաջանյան