Սիմոն Աբգարյան. «Հեքիաթից ավելի իրական բան չկա»
«Պենելոպե, օ, Պենելոպե»-ի նորամուտը Համազգայինի բեմում
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորաբաց շենքում երկրորդ մեծ պրեմիերան է. Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ, Պենելոպե» հայ-ֆրանսիական և ռուսական համատեղ թատերական նախագիծը վերջապես ներկայացվում է հայ թատերասերների գնահատմանը: Սիմոն Աբգարյանի՝ մեզ ծանոթ և շատ սիրված էկրանային կերպարից դուրս, նրա՝ նաև որպես թատրոնի մարդ հայտնությունը գրեթե մեկուկես տարի առաջ էր, երբ Մայր թատրոնի բեմում ներկայացվեց նրա «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը: Թատերական նրբագույն գեղագիտությամբ և բեմադրական ինքնատիպ լուծումներով այս ներկայացման համար Աբգարյանին ֆրանսիական հեղինակավոր «Մոլիեր» մրցանակն է շնորհվել միանգամից երեք՝ «Լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» անվանակարգերում: Այժմ, մեկ տարուց փոքր-ինչ ավելի տևած դադարից հետո, նոր հայտնություններ է խոստանում աբգարյանական «Պենելոպե»-ն: Մինչև Համազգայինի բեմ հասնելը, նախորդ տարվա ամռանը այն ներկայացվել է նաև Չեխովի անվան ռուսաստանյան միջազգային փառատոնում:
«Պենելոպե, օ, Պենելոպե»-ն բացառապես հեղինակային բեմադրություն է՝ պիեսի հեղինակը, բեմադրող ռեժիսորն ու բեմանկարիչը Սիմոն Աբգարյանն է: Ի տարբերություն «Էլեկտրա»-ի բազմամարդ, գունեղ ու շռայլ հրավառությանը, Պենելոպեի առասպելի աբգարյանական մեկնաբանությունը հատկանշվում է ընդգծված ասկետիզմով, անսովոր ու գրավիչ լուծումներով: Հունական դիցաբանության առանցքային կերպարներից մեկի՝ Պենելոպեի քսանամյա սպասումը ամուսնու վերադարձին Սիմոն Աբգարյանի համար մի պատմություն է, որը նաև անձնական հասցեականություն ունի, և որի մասին նա նախընտրում է չխոսել. ռեժիսորի մայրը ութ տարի սպասել է ամուսնու վերադարձին պատերազմից։ Պենելոպեի հարատև սպասումը դրամատուրգ և ռեժիսոր Աբգարյանի համար գոյաբանական ամենակարևոր խնդիրներին անդրադառնալու ևս մեկ առիթ է, և նա դիցաբանական առասպելը վերածում է ժամանակակից դրամայի՝ փոխում է հերոսների անունները, գործողությունները տեղափոխում է մեր օրեր և երաժշտական լեյտմոտիվը զինում է ծանր ռոքի հարվածներով:
Նարինե Գրիգորյանի Պենելոպե-Դինահը պատանքի փոխարեն ինչ-որ բան է կարում, որն, ի վերջո, պարզվում է հարսանեկան զգեստ է: Աբգարյանի ռեժիսորական և դերասանուհու արտիստական մեկնաբանության մեջ դյուցազներգության հերոսուհին սպասման, հավատարմության, արժանապատվության ու սիրո հետ միասին անհաղթահարելի դիմադրության հզոր ներուժ ունի: Նարինե Գրիգորյանը «Պենելոպե»-ի ստեղծումը երազանքի ճանապարհ է որակում, փաստում է՝ Դինահը ինքնության, տեսակի պահպանության և ազատ ընտրության սիմվոլն է. «Իմ հերոսուհին ասում է՝ իմ հավատարիմ մնալը ոչ ոք ինձ չի թելադրել, ես հավատարիմ եմ մնացել, որովհետև ես եմ այդպես ուզել: Այն հասարակարգում, որտեղ մեկն ուզում է գրավել իրեն, իր տունը, ամեն ինչ քանդել, տղային սպանել, էս կինը շատ ամուր արմատներով կառչել է կյանքին, և ինքն է այդ այդ որոշումը կայացրել։ Ուզում եմ ասել, որ սա դրամա չէ, մենք հոգեբանական թատրոն չենք խաղում, մենք էպիկական թատրոն ենք խաղում և ուզում ենք էպոս պատմելու մեծության հասնել»:
Եվ իրապես ռեժիսորն ու Համազգայինի արտիստական թիմն աշխատել են կատարյալ փոխըմբռնման պայմաններում՝ առանց պաթոսի և զուսպ խաղաոճով ձգտելով հնարավոր մոնումենտալիզմի ու էպիկական շնչի: Աբգարյանի դրամատուրգիան, որ առաջին անգամ է բեմից հնչում հայերեն, հանդիսատեսին ներկայանում է Շուշանիկ Թամրազյանի հրաշալի թարգմանությամբ: Վաղուց ազգային թատրոնի բեմում այդքան շքեղ հայերեն չի հնչել: «Պենելոպե, օ, Պենելոպե»-ի երևանյան նորամուտի առիթով «ArtCollage»-ը զրուցել է Սիմոն Աբգարյանի հետ:
Նունե Ալեքսանյան -Մեկ տարուց փոքր-ինչ ավելի է անցել, երբ Մայր թատրոնում ներկայացրեցիք «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը, և պիտի ասեմ, որ հիացմունքն այդ ներկայացումից ժամանակի ընթացքում որևէ կերպ չի խամրում: Հիմա էլ Երևանում եք «Պենելոպե, օ, Պենելոպե» պիեսի պերեմերիայով: Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ եք փնտրում հունական դիցաբանության մեջ, ինչո՞ւ եք մշատպես վերադառնում այդ հերոսներին:
Սիմոն Աբգարյան -Ինքս էլ միշտ հարցնում եմ ինձ՝ ինչո՞ւ եմ անում այս բաները. ո՞նց եմ անելու, ո՞նց գրեմ, ո՞նց բեմ մտնեմ, ո՞նց բեմադրեմ: Էդ հարցումները միշտ ինձ հետ են, այսինքն, ակոսը բաց է, որ սկսել եմ՝ ի՞նչ պիտի ցանեմ, ի՞նչ պիտի վերցնեմ այդ ակոսից: Ես հավատում եմ թատրոնին, արվեստին՝ որպես մարդկության հայելի և արձագանք, այսինքն, մենք փորձում ենք այդպես արձագանք տալ իրողություններին։ Մեր ժողովրդի կամ ժողովուրդների մեջ բաներ կան որ մոռացել ենք, բայց համարում ենք, որ մենք այդ բաները գիտենք, որ կրկնելու պետք չկա: Չէ, կրկնելով է, որ մարդիկ պիտի կրթվեն: Եվ այս մարդկային պրինցիպները պիտի կրկնենք:
Ն.Ա. -Ներկայացումը նվիրել եք Սոս Սարգսյանին: Արդյոք ճանաչե՞լ եք նրան, մտերի՞մ եք եղել, շփվե՞լ եք:
Ս.Ա. -Մի անգամ եմ հանդիպել իրեն. ինքը բեմում էր, բայց չէր խաղում: Փառատոնի մասնակցելու էր եկել, ու տեսա իրեն։ Իսկ իր հետ շփվել եմ իր ֆիլմերում: Իր խստությունը, ճշտությունը, ճշմարտությունն արդեն չեն կարող մոռանալ կամ ժխտել մարդիկ: Այսինքն պարզ մեկը չէ, մեծ մեկն է, մեծ անձ է Սոսը։ Կան մարդիկ, սիրում են իրեն, կան մարդիկ՝ չեն սիրում, խնդիր չէ, բայց էդ մարդն աշխատել է իր արվեստի համար, և իր արվեստն աշխատել է իր մեջ, ու դարձել է ավելի լավ, ավելի մեծ մի մարդ։
Ն.Ա. -Ձեր պիեսում առանձնահատուկ շեշտադրում ունի լեզուն, խոսքի մշակույթը և բեմից հնչող տեքստը տպավորում է իր նրբագեղությամբ ու պոետիկայով:
Ս.Ա. -Ես նաև լեզվին եմ հավատում: Լեզուն, որ լսում ենք դրսում, առօրյա լեզուն սնանկանում է, իսկ թատրոնն այն տեղն է, որ պետք է լեզվի արժեքը հետ բերի՝ լինի հայերեն, ֆրանսերեն կամ ընդհանրապես որևէ այլ լեզու: Մենք մեր քաղաքակրթությունները, մեր աշխարհները և հունական աշխարհը լեզվի վրա ենք հիմնել, գրավոր մշակույթի վրա ենք ստեղծել: Ունենք հայ հեղինակներ, որոնց աշխարհում շատ մարդիկ չեն ճանաչում: Եվ մեր գործն է օրինակ Թումանյանին թարգմանենք, ասենք ֆրանսերեն, բեմադրենք, տանենք, բերենք: Այդ պատճառով իմ համար լեզուն և այդ շփումները չափազանց կարևոր են:
Ն.Ա. -Չեխովի անվան ռուսաստանյան միջազգային փառատոնում Ձեր ներկայացումը ջերմ արձագանք ունեցավ: Ռուսական մամուլում հրապարակված վերլուծություններում որոշ հեղինակներ հղում էին տալիս շեքսպիրյան Համլետին, նաև Էդիպի բարդույթի մասին էին խոսում: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականների հետ։
Ս.Ա. -Համաձայն եմ, անշուշտ: Հեղինակներ կան Շեքսպիրի նման, Էսքիլոսի նման, Եվրիպիդիսի նման, որ մեզ սնունդ են տվել։ Այսինքն, չես կարող ժխտել էդ ժառանգականությունը, եթե ժխտես, արդեն կորել ես: Այսինքն՝ ամբողջը ժառանգականության հարց է՝ հանդիպման, ժառանգականության և անհրաժեշտության:
Ն.Ա -Ձեր պիեսում գլխավոր հերոսը՝ Էլիասը, քսանամյա բացակայությունից հետո անճանաչելիորեն վերափոխված է վերադառնում տուն: Ռազմիկի խրոխտ ու մարտնչող կերպարի փոխարեն բեմում տեսնում ենք հոգնած, համակերպված ու վրժեխնդրությունը մերժող մարդուն: Ի՞նչ ուղերձ ունի այս կերպարանափոխությունը:
Ս.Ա. -Քանի՞ դաժան պատերազմի ենք մենք ականատես եղել: Այսինքն, մարդիկ, ժողովուրդներ կան, որ մոռացել են՝ ինչքան դաժան բան է պատերազմը։ Ես ուզում էի ասել, որ մարդիկ գնում են պատերազմի խնդալով, ծիծաղելով, բայց պատերազմը դաժան բան է, շատ դաժան բան է. հոգիդ է սպանում, մարմինդ է սպանում, ընկերներիդ է ոչնչացնում: Պետք է հասկանանք վերջապես, որ լուրջ խնդիր է պատերազմը, և եթե այդ արյունի ծարավը չտիրապետես կդառնաս ոճրագործ: Էլիասը հրաժարվել է այդ զենքերից, պատերազմից, նա վրեժխնդրություն չի ուզում, բայց այդ կացությունը իրեն դեպի ներս, դեպի արյուն է քաշում:
Ն.Ա. -Դուք Դինահի կերպարում ընդգծել եք նրա դիմադրության կատաղի ուժը, ասես ստվերում թողնելով սիրո և հավատարմության թեման:
Ս.Ա. -Դիմադրելու խնդիրն անշուշտ կա, պայքարի խնդիրը՝ կյանքը պայքար է: Նա երբեք չի զիջել, չի հրաժարվել իր հավատքից, իր պրինցիպներից, այդ է պատմությունը: Այսինքն, այսօր մենք տեսնում ենք աշխարհը մեր շուրջը, Հայաստանի մասին չեմ ասում, ընդհանրապես աշխարհի մասին եմ ասում, որ զարգացած երկրները, մարդիկ իրենց իդեալներից, իրենց արժեքներից ու խոսքից հրաժարվում են։ Շատ ուրիշ գործոններ էլ կան, բայց դու պիտի պահես քո խոսքը, եթե ոչ՝ ուրիշ ձևով պիտի փորձես դուրս գալ վտանգից, բայց ընդհանրապես ուղիղ մնացող մարդը չի ընկնում։
Ն.Ա. -էլեկտրա»-ի վառվռուն ու շքեղ բեմական ձևավորման, գունեղ ու նրբաճաշակ հագուստների համապատկերում կարծես ավելի է ընդգծվում «Պենելոպե»-ի խիստ ասկետիզմը, նվազագույն հնարավորություններով մեծ մասշտաբի հասնելու ձգտումը: Որպես ներկայացման բեմանկարիչ ինչո՞ւ եք նման մինիմալիստական լուծումների դիմել:
Ս.Ա. -Դեկորը շատ կարևոր բան է ինձ համար, միայն զարդարանք չէ: Ինքը պետք է արվեստական մի բան լինի: Այսինքն աթոռը ոչ թե միայն աթոռ պետք է լինի, կամ լույսը միայն լուսավորելու համար լինի, այլ պետք է ստեղծել տարածքներ, երևակայական տարածքներ՝ հանդիսատեսի մտքի մեջ, նրա գլխի մեջ: Ես ռեալիզմի շատ չեմ հավատում, ուզում եմ մի քիչ հանդիսատեսին ազատ թողնել, որ ինքը գտնի իր ուզած վայրը, իր ուզած ժամը, իր ուզած անունը, իր ուզած հավատքը։ Ես երբեք հետաքրքքրված չեմ եղել քրիստոնյա-մուսուլման բաժանումներով կամ նման բաներ գրելով։ Ուզում եմ այդ տարածքը մի քիչ անորոշ թողնել, որպեսզի մարդիկ իրենց ուզած անունը դնեն: Ինձ համար այդ ամենը հեքիաթի պես մի բան է: Հեքիաթն ինձ համար կարևոր բան է, քանի որ հեքիաթից ավելի իրական բան չկա։
Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի