Սիմոն Աբգարյան. «Աշխատել ազնվորեն՝ ինչպես մի ասպետ »

Փարիզի «Դյու Սոլեյ» թատրոնը դերասան և բեմադրող ռեժիսոր Սիմոն Աբգարյանին հրավիրել է ներկայացնելու տրագիկոմեդիայի ոճով գրված և Հարավային Ֆրանսիայի ժողովրդին ձոնված իր դիպտիխը՝ «Ծոմապահության վերջին օրը» և «Արագիլի թռիչքը»: Այս երկու պիեսներում էլ գլխավոր դերը խաղում է դերասանուհի Արիան Ասկարիդը:

Նշենք, որ 2001 թվականին Սիմոն Աբգարյանն արժանացավ «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակին Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսում դերակատարման համար ճանաչվելով լավագույն դերասան:

Իսկ կինոյում՝ 2016 թ-ին «Ֆրանկոֆոն կինոյի մրցանակաբաշխության» ժամանակ մրցանակ ստացավ «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում» անվանակարգում՝ Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմում խաղացած դերի համար:

Ներկայացնում ենք «Ֆրանս 5» հեռուստաալիքի «Entrée libre» մշակութային հաղորդաշարի անդրադարձը Սիմոն Աբգարյանի վերջին թատերական նախագծերին:

Մեկնաբան -Սիմոն Աբգարյանը նախևառաջ կինոյի դեմք է: Այրող հայացքով այս դերասանը ոչ մի դերում աննկատ չի մնա՝ լինի դա գանգստերի դերը ռեժիսոր Սեդրիկ Կլապիշի մոտ, թե չարագործի դերը Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող հերթական ֆիլմում («Կազինո Ռոյալ»), կամ էլ ապուշ գնդապետի դերը «Քաբուլյան խոհանոց» հեռուստասերիալում:

Նա վերադառնում է թատրոն երկու ներկայացումներով, որոնք ինքն է հեղինակել և ինքն է բեմադրել՝ «Ծոմապահության վերջին օրը» և «Արագիլի թռիչքը»: 

Արիան Ասկարիդ -Սիմոնն արտասովոր մի մարդ է այն իմաստով, որ նա սովորական ըմբռնումներից դուրս է: Նրան բնորոշ բնավորության գիծն այն է, որ նրա պահվածքը չի համաձայնեցվում իրականության հետ, էական չէ՝ դա սոցիալական պատճառների համատեքստում է, թե՞ ընտանեկան: Դա հիանալի է՝ լինել մեկի հետ, ով այդպիսինն է:

Երկու պիեսի ընդհանուր տևողությունը ոչ ավելի, ոչ պակաս վեց ժամ է:

Սիմոն Աբգարյան -Ես ստեղծում եմ երեք ժամանոց պիեսներ, որոնցում կան տասնվեց գործող անձինք: Ոչ, ես չեմ ցանկանում որ ինձ թելադրեն, թե ինչ պետք է անեմ, կամ ինչպես անեմ ու ինչ գրեմ:

Իր պիեսները գրելիս նա ներշնչվել է Լիբանանում անցկացրած  մանկությունից: Նա ինը տարեկան էր, երբ ծագումով հայ իր ընտանիքի հետ մեկնում է Բեյրութ: Այդ ժամանակ էլ պատանի Սիմոնն իր համար բացահայտում է Միջերկրածովյան ավազանի կյանքն ու ամբողջ հմայքը:

Սիմոն Աբգարյան -Իրականում եթե ձեր ընտանիքի մասին որևէ բան եք ուզում իմանալ, դուք գնում եք նպարավաճառի մոտ, իսկ հետո լսում եք, թե ինչ են մարդիկ խոսում. դուք ձեր մասին որոշ բաներ եք իմանում մարդկանցից, որոնք ձեզ չեն էլ ճանաչում, որովհետև բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն:

Սա երևակայական թաղամասի առօրյա կյանքի մասին պատմող մի պատմություն է: Սկզբում ամեն ինչ սկսվում է որպես բուլվարային կատակերգություն, հետո այն վերածվում է ողբերգության, որը ծավալվում է քաղաքացիական պատերազմի ֆոնին:

Սիմոն Աբգարյան -Ինձ հետաքրքիր է, երբ պիեսը խոսում է աշխարհի խնդիրների, մարդկային գոյության պայմանների մասին: Սա է որ ինձ հետաքրքիր է: Ասենք թե ինչ-որ մեկի սեռական կյանքը չի դասավորվում, ու նա իր կնոջն է դավաճանում՝ նմանատիպ սյուժեներն ինձ չեն հետաքրքրում:

Թատրոնում, ինչպես նաև կինոյում, դերասանը նախընտրում է իրեն շրջապատել հավատարիմ ընկերներով, իսկ նրանց թվում են կինոռեժիսորներ Ռոբեր Գեդիկյանը ու Սեդրիկ Կլապիշը:

Սիմոն Աբգարյան -Սեդրիկը կինո է նկարում այնպես, կարծես թե դա լուրջ բան չէ, կարծես թե «ամեն ինչ կարգին է»: Ես այս տղայի մոտ երբեք անհանգստության նշույլ չեմ նկատել: Այն, ինչ ես սովորել եմ Սեդրիկից՝ հենց այն թեթևությունն է, որը նա կիրառում է լուրջ գործերին ու գաղափարներին անդրադառնալիս, և այդ թեթևությունը չի խանգարում, որ նա գեղարվեստական հաստատակամություն դրսևորի: Նրա մեջ ինձ ամենից շատ հենց դա է դուր գալիս:

Ռոբերի հետ ամեն ինչ տեղի է ունենում գրեթե ֆիլմից առաջ, կամ էլ հետո: Օրվա վերջում՝ քննարկում ենք, խմում ենք, խոսում ենք աշխարհից և նրա կինեմատոգրաֆիական ձեռագրից: Այլ կերպ չենք կարող անել: Չեմ սիրում «համեստ, խոնարհ» բառերը, այլ գնահատում եմ հնարավոր հասարակ լինելու փաստը:

Իսկ այդ «հասարակ լինելուն» Սիմոն Աբգարյանը սովորել է գտնվելով բեմի մյուս կողմում:

Սիմոն Աբգարյան -Ես ծնվել եմ բեմահարթակի վրա՝ Արիանա Մնուշկինայի «Théâtre du Soleil»՝ «Դյու Սոլեյ(Արևի)» թատրոնում:

Դերասանն իր թատերական կարիերան սկսել է Արիանա Մնուշկինայի հետ և աշխատել նրա թատրոնում 1985թ-ից մինչև 1993 թվականը: Այստեղ նա որպես դերասան սովորել է ինչպես թաքցնել իր զգացմունքները:

Սիմոն Աբգարյան -Սա նման է խոստումը պահելուն, որը կայանում է հետևյալում՝ «երբե՛ք չդավաճանել»: Այն, ինչ վստահված էր ինձ, սա էր. աշխատել ազնվորեն՝  ինչպես մի ասպետ ու ինչպես մի աղքատ, այսինքն հասնել վարպետության այն աստիճանին, որ կարողանամ երկուսն էլ գործածել՝ և՛ վեհությունը, և՛ չմոռանալ փոքր մարդկանց մասին:

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը