Սիմոն, որդի Օվեի

Յուրաքանչյուր մեծ գրող ծնվում է նախ և առաջ իրեն տանջող մեծ մտահոգություններից, ցավից, երկվություններից, որոնք դառնում են նրա ստեղծագործության լեյտմոտիվը:

Քսաներորդ դարասկզբին երկու ջրաղացպան ընկերներ հեռանում են Սասունից՝ գործ փնտրելու։ Հասնում են Կիլիկիայի Այնթապ գյուղաքաղաք, աշխատանք գտնում ու ընկերներից մեկը՝ Պետոն՝ «շատ գեղեցիկ եւ կտրիճ երիտասարդ մը», ամուսնանում է տեղացի աղջկա՝ Մանուշի հետ։ Երբ յոթ տարի անց Պետոն անզավակ մեռնում է, Մանուշի հետ ամուսնանում է մյուս ընկերը՝ Օվեն՝ «Հայկ նահապետի պէս անտաշ ու ըմբոստ»։ Այս ամուսնությունից երեք որդիներ են ծնվում, սակայն Մանուշը մինչև մահ հիշում էր ի՛ր Պետոյին, առանձնացնում նրան ու ապրում նրա հիշատակով․ «ան ուրիշ էր»։ Նույնիսկ մահացավ՝ Պետոյի անունը շուրթերին։

Օվեի ու Մանուշի ավագ որդին՝ Սիմոն Սիմոնյանը, իր գրականությամբ, պիտի մշտապես անդրադառնար երկվությունների՝ այս և ուրիշ՝ շատ ավելի դառը՝ Հայի երկվությանը՝ իր արմատներից, հողից բռնի կտրված, սակայն չմարող հիշողությունը սրտում անթեղած աստանդական մարդու մաքառմանը։

Սիմոն Սիմոնյանը հայկական Այնթապում անցկացրեց կյանքի առաջին յոթ տարիները, ապա տարագիր հայի ճակատագրի բերումով (երբ հայաթափվեց Կիլիկիան), ապրեց, ուսանեց ու գործեց Հալեպում, հետո՝ 1946-ին հրավիրվեց Անթիլիաս՝ որպես Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսի գիտական աշխատակիցը։ Միայն մի անգամ եղավ Խորհրդային Հայաստանում՝ 1954 թվականին, և չափազանց հուսախաբվեց՝ տեսնելով տիրող վախի մթնոլորտը․ այդուհանդերձ, դատելով գրվածքներից, Հայաստանում տեսած ամեն մի քարն ու կառույցը մեկընդմիշտ դրոշմվել էին Սիմոնյանի հիշողության մեջ։ Նրա աշակերտներից Թորոս Թորանյանը մի միջադեպ է ներկայացնում, թե ինչպես Սիմոնյանն իր առջև է փռել Հայաստանի՝ սեփական հրատարակության քարտեզը և նետվելով վրան՝ ասել. « որքան էլ արգելեն մուտքս Հայաստան, ոչ ոք չի կարող ինձ դուրս հանել իմ Հայաստանից․․․»

Սփյուռքի բացառիկ մտավորականներից էր Սիմոնյանը, իսկական «Վերածննդի մարդ»՝ գրող, ուսուցիչ, դասագրքերի հեղինակ, խմբագիր, գրահրատարակիչ, հրապարակախոս, բանասեր, պատմաբան։ Բեյրութում հիմնեց «Սփիւռք» անկախ շաբաթաթերթը և «Սեւան» տպագրատունն ու հրատարակչատունը, որոնք առանցքային դեր խաղացին սփյուռքահայ գրականության պատմության մեջ։

Բացի տպագրած շուրջ 500 գրքերից, գրքույկներից ու դասագրքերից՝ «Սեւանը» ամբողջ աշխարհից Բեյրութ այցելած հայ մտավորականության հավաքատեղին էր։ Համահայկական ընդգրկում ուներ նաև «Սփիւռքում» տպագրվողների ցանկը՝ Նշան Պեշիկթաշլյան, Արամ Հայկազ, Զարեհ Որբունի, Կարիկ Պասմաճյան, Վեհանույշ Թեքյան և բազում ուրիշներ։ Երկարամյա միջնորդավորված կապ կար Սիմոնյանի և Հովհաննես Շիրազի միջև. վերջինիս՝ Խորհրդային Հայաստանում արգելված գործերը տպագրվում էին «Սփիւռք»-ում։ Իր հերթին՝ Շիրազը բարձր է գնահատել Սիմոնյանի պատմվածքները՝ դրանք բնութագրելով որպես «համաշխարհային գրական գոհարիկներ»։

Ցավալիորեն, Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին ռմբակոծումների հետևանքով վնասվեց «Սեւան» տպարանը, իսկ «Սփիւռք» թերթը, որի խմբագիրն էր դարձել գրող Գևորգ Աճեմյանը, անկանոն էր տպագրվում:

1945-1947թթ․ սասունցիների կյանքի մասին պատմվածքների շարքից կազմվեց «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուն (առաջինը «Ան ուրիշ էր» պատմվածքն էր)։ Պատմվածքների շարքին բնորոշ էր էպիկական շունչը, որ դրանք իրար էր շաղկապում՝ դարձնելով մեկ գեղարվեստական ամբողջություն։ Սիմոնյանը Էրգրից դուրս կարողացավ ստեղծել ի՛ր, սիմոնյանական աշխարհը (Սարգիս Հարությունյանի խոսքերով՝ նոր «Սասնա ծռերը»), որում սասունցին ապրում էր, տոկում իբրև մի հավերժական թափառական, որը համառորեն դեպի անմահություն է քայլում։ Հակոբ Օշականը ոգեշնչեց ժողովածուի տպագրությունը, սակայն նրա մահով լույս ընծայումը հետաձգվեց քսան տարով։

1972-ին տպագրված Սիմոնյանի պատմվածքների և վիպակների մեծ հատընտիրը («Լեռ եւ ճակատագիր») ներառում էր նաև «Լեռնականներու վերջալոյսը»։ «Ըստ էության, ակունքից կտրված և ակունքներով ապրող մարդիկ են Ձեր հերոսները»,- գրում էր Համո Սահյանը և Սիմոնյանին դասելով Բակունցի, Շահնուրի, Համաստեղի կողքին՝ շարունակում․ «Դուք գրել եք պատմվածքներ, որոնք կարող են զարդերը կազմել ամեն մի ազգային գրականության»։

Գրական նշանակալի իրադարձություններ դարձան նաև «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967) վիպակը և «Սիփանայ Քաջեր» (Ա. և Բ. հատոր, 1967 և 1970) ժողովածուն։

Սիմոնյանի գրական գործերում երգիծանքն ու ողբերգականը հաճախ կողք կողքի են հանդես գալիս․ այդպիսի վառ օրինակ է «Կը խնդրուի… խաչաձեւելը» (Հայոց երգիծական պատմութիւն, 1965), որում փորձ է արվում վերլուծել հայ ժողովրդի ճակատագիրը․ «տեւել ու չմեծնալ․ ահա՛ հայ ժողովուրդը»։ Ստեղծագործության սյուժեն հայ ժողովրդի ծննդյան 10․000-ամյակի տոնակատարությունն է Բեյրութում, որին ներկա են և իրենց խոսքն են ասում հայության ճակատագիրին առնչված պատմական անձինք: Հիացած Վարդան Աճեմյանը ցանկացել է Մոսկվայում բեմադրել այս գործը, որպեսզի ցույց տա, որ հայերն էլ թատրոն ունեն, սակայն դա անհնար եղավ․ Սիմոնյանի սկզբունքայնությունը և անկախ կողմնորոշումը, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի և Արցախի հարցերի հետևողական հետապնդումն արգելափակել էին նրա գրականության մուտքը Խորհրդային Միություն։

Մտահոգ մտավորական, ըմբոստ ազգային մտածող էր Սիմոնյանը։ «Այրել ինչ որ պաշտած ենք եւ պաշտել՝ ինչ որ այրած ենք»․ Սիմոնյանը պնդում էր, որ այն ինչ տեղի է ունեցել մեր ամբողջ պատմության ընթացքում, եղել է ի վնաս մեր ժողովրդին, մինչդեռ չեղած շատ բաներ կարող էին բարիք լինել նրա համար։ Բեյրութում Սիմոնյանի հետ շփված Վիլյամ Սարոյանը նրա մեջ նկատել է «նվիրում հայոց ճշմարտությանը»։

Սիմոնյանի գլուխգործոց վեպը՝ «Անժամանդրոսը», աննախադեպ է իր կառուցվածքով ու բովանդակությամբ, հախուռն՝ իր շարադրանքով և չի ենթադրում իրավիճակների սպասելի լուծումներ։ Եթե Ումբերտո Էկոն գրականության մասին իր ակնարկներից մեկում պնդում է, թե գրականության հիմնական գործառույթներից է բախտի անկասելիության և մահվան անխուսափելիության մտքին վարժեցումը, սա հաստատ այդ դեպքը չէ։

Որպես պոստմոդեռնիստական ստեղծագործություն՝ «Անժամանդրոսում» իրականության և գեղարվեստական հորինվածքի զուգահեռ հատույթները հաճախ միախառնվում են, դառնում մեկ միասնություն։ Մասից մաս հաջորդաբար մի քանի պատում է շարադրված՝ բուն իրադարձությունները և վեպը՝ վեպի մեջ։ Իրադարձությունները տեղի են ունենում Բեյրութում, Թեհրանում ու Հայաստանում, որը խորհրդային հանրապետությունից աստիճանաբար վերածվում է մի ֆանտասմագորիկ վայրի։ Վեպում կարելի է առանձնացնել մի քանի հարթություններ՝ ազգային-պատմական, սիրային, դետեկտիվ, հոգեբանական, փիլիսոփայական, նույնիսկ՝ քաղաքական։ 

Ինքը՝ Անժամանդրոսն ապրել է տասը հազար տարի առաջ (սա, թերևս, հղում է հայ ժողովրդի պատմությանը, հիշենք «Կը խնդրուի… խաչաձեւել» երկը) և տասը հազար տարի անց կրկին հայտնվել է՝ գեթ մեկ ակնթարթ կրկին սիրելու։ Իսկական հայն է Անժամանդրոսը` իր խառնվածքով ու ճակատագրով, որը պիտի նորից հայտնվի ու սիրի նախասկզբնական ոգով, և որը մեծ գյուտ է արել՝ թե սիրելն ավելի լավ է, քան կռվելը, որի կյանքն ավելի երևակայություն է, քան իրականություն, որի համար չեղած բաներն ավելի գեղեցիկ են, քան եղածները, իսկ չեղած բախտը նախընտրելի է եղածից։ Ապրե՞լ տառապելով, թե՞ չապրել. համլետյան դիլեման նրան էլ է տանջում: Անժամանդրոսը վեպում ունի երկու զուգակերպարներ՝ ճարտարապետ Զամանյանը և կոմունիստ Գոլիան, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ ընդհանրություն ունի հեղինակի հետ։

«Անժամանդրոսում» բազմաթիվ են հանելուկները, ռեբուսները, խորհրդանշական զուգադիպություններն ու անհավատալի համընկնումները․ Գոլիան անհետացել է մարտի 11-ին՝ Սիմոնյանի (ինչպես և վեպում՝ Զամանյանի) ծննդյան օրը, իսկ հեղափոխական մեծ ցույցերը տեղի են ունենում․․․ սեպտեմբերի 21-ին:

Ինչպես և գրքի գլխավոր գործող անձինք, վեպն էլ մի քանի հայտնություն ունեցավ։ Տպագրվեց 1978-ին, սակայն սփյուռքահայ ընթերցողին հասավ միայն հեղինակի մահից հետո (1986)։ Իսկ Հայաստանում գիրքը լույս տեսավ 1998 թվականին՝ «Նոր-Դար» հրատարակչության կողմից և մեծ հետաքրքրություն առաջացրեց: 1990-ականների համար մի բացառիկ դեպք էր, երբ նոր տպագրված գիրքն շատ արագ անհետացավ գրախանութներից։

Վեպն աղերսներ ունի «Ոդիսականի», Աստվածաշնչի, «Սասնա ծռեր» էպոսի հետ, այնտեղ հանդիպում են Քամյուին հիշեցնող աբսուրդիստական առճակատումներ և Գերթրուդ Սթայնի ոճով տրամաբանական խճճվածություններ՝ համեմված տեղին օգտագործված սովետիզմներով, հայկական հումորով և դժվար նշմարվող հեգնանքով։

Անմրցելի են էրոտիկ և սիրո տեսարանների նկարագրությունները․ «Աղջիկը կը կարծէր թէ եղնիկներ կը մօտենան աղբիւրին, գոյն-գոյն թռչուններ կ'երգեն, վաղեմի անտառներ եւ դաշտեր կը վերածաղկին ու կը լեցուին գազաններով եւ անոնց ոռնոցներով, եղջերուներ կը յօշոտուին եւ անոնց խոշոր աչքերը դուրս կը նետուին կոպիճներէն»։

Վարպետորեն լուծված հոգեբանական դրվագներով հարուստ է վեպը․ օրինակ, այն դրվագը, երբ իր վեպի հերոսուհու անունը նոր ծանոթացած Ալիայի պատվին դնելուց հետո Զամանյանը հանկարծ երկմտում է, ինչն այնքան բնորոշ է որևէ գրողի․

«Ապա, կանգ առաւ, երկիւղ զգալով, եւ թերեւս հեռազգալով իր միամտութեան աստղային թռիչքը, ջնջեց աղջկան անունը»։

Որքա՜ն յուրահատուկ է գրքի կերպարներից մեկի՝ ամերիկացի Հենրիի մոտեցումը հայ ժողովրդին․ նա ասում է, որ հայերն ավելի զորավոր են, քան ամերիկացիները և Սովետմիությունը, քանի որ «կ'ապրիք ձեր մեռելներով եւ ունիք մեռելներու հզօր հանրապետութիւն մը»՝ ընդարձակ ու անկախ, ու եթե այդ մեռելները մի օր դուրս գան իրենց հողակույտերից, կործանելու են ամբողջ աշխարհը, դեմոկրատիան ու կոմունիզմը միասնաբար։

Գրքի գործող անձանցից մեկն այսպիսի միտք է արտահայտում․ պետք է կարողանալ մնալ հեղափոխական՝ հեղափոխությունից հետո։ Այնինչ, այլ է իրականությունը․․․ Վեպի ավարտին բացահայտվում է ինքնամոռացության աստիճանի նվիրյալ կոմունիստներ Գոլիայի և նրա սիրեցյալ Ալիայի հիասթափությունը Խորհրդային Միությունից։ Ամենակարևորը․ կոմունիզմը չի կարողացել նույնիսկ սիրել սովորեցնել, ջնջել-սրբել է սերը սրտերից։ Գոլիան ասում է, որ դավաճանները հիասթափվածները չեն, «իսկական դաւաճանները չհիասթափուողներն են»․ կոմունիզմը մարդուն երջանիկ չդարձրեց, ուստի մարդկությանը սոցիալիզմից, կրոններից ու գոյություն ունեցող գաղափարախոսություններից վեր մի բան է անհրաժեշտ։

Ցավոք, քսանմեկերորդ դարում թե՛ մարդկության, թե՛ հատկապես իր Հայկյան ազգի տեսանկյունից դեռևս չի իրականացել Սիմոնյանի հերոսի մեկ այլ կանխատեսումը․ «քսաներորդ դարը մեծ փորձի, մեծ հիասթափութեան եւ մեծ ունայնութեան քաոսն է, որմէ պիտի ծնի յաջորդ դարը, ինչպէս արարչագործութեան վեց օրերէն՝ եոթներորդը։ Պիտի գայ Քսանմէկերորդ դարը, ուր մարդը պիտի ապրի, եւ ոչ թէ ճիգ պիտի ընէ ապրելու, ուր մարդը երջանիկ պիտի ըլլայ եւ ոչ թէ երջանիկ պիտի կարծէ ինքզինք»։ Կիրականանա՞ արդյոք երբևէ․․․

 

Աշոտ Գրիգորյան

Հեղինակը շնորհակալություն է հայտնում գրողի որդուն՝ Սասուն Սիմոնյանին, օգտակար դիտողությունների համար։ Սիմոն Սիմոնյանի թվային արխիվի թարմացումներին կարելի է ծանոթանալ https://simonsimonianarchive.com/ կայքում։