Սիմեոն Աբամելիք-Լազարյան՝ ազնվականի, քաղաքացու և մտավորականի արտասովոր կյանքը

Հայկական իշխանական փառավոր տոհմի վերջին ժառանգը՝ Սիմեոն Աբամելիք-Լազարյանը (Աբամելեք-Լազարև) շրջադարձերով հարուստ կյանք ունեցավ․ որպես հնագետ նա նշանակալի հետք թողեց այդ ասպարեզում, լինելով անծայրածիր կալվածքների, գործարանների ու հանքավայրերի սեփականատեր՝ հաջողությամբ զբաղվեց ձեռնարկատիրությամբ և երկրաբանությամբ, հրատարակեց աշխատանքներ Ռուսաստանի տնտեսության մասին։ Նա խորապես զարգացած անձնավորություն էր, հավաքորդ, մեկենաս ու բարեգործ, Ռուսական կայսրության ամենահարուստ ազնվականներից մեկը, միաժամանակ՝ գաղտնի խորհրդական, ցարական արքունիքի շտալմեյստեր։ Կյանքի երկրորդ կեսում նա ակտիվ գործունեություն ծավալեց Իտալիայում, սակայն և երբեք չմոռացավ իր նախնյաց հայրենիքի ու արմատների մասին։
Աբամելիք-Լազարյանը ժառանգն էր ռուսահայ երևելի երեք տոհմերի․ նրա հայրը՝ Սիմեոն-ավագը վրացահայ Աբամելիք իշխանական տոհմի ներկայացուցիչ էր, իսկ մայրը՝ Ելիզավետան, հոր կողմից շառավիղն էր Լազարյանների տոհմի, իսկ մոր կողմից՝ դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի։ Քանի որ Ելիզավետան եղբայր չուներ, 1873 թ․ հատուկ հրովարտակով նրա ամուսնուն փոխանցվեց Լազարյան ազգանունը (շուրջ քսան տարի անց միավորվեցին նաև նրանց զինանշանները)։
Սիմեոն-կրտսերը ծնվել է 1857 թ․ նոյեմբերի 12(24)-ին։ Նրա մանկությունն անցել է Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից գտնվող պապենական տանը։ Առանձնակի ջերմ հարաբերություններով էր նա կապված հորաքրոջ՝ թարգմանչուհի Աննա Աբամելիքի հետ։
1881թ․ Սիմեոնն ավարտեց Սանկտ-Պետերբուրգի կայսերական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով թեկնածուի գիտական աստիճան։ Նա կազմակերպեց հնագիտական արշավանք, որի նպատակն էր հետազոտել Հին Արևելքի գոհարները։ Աշնանը իշխանի հոգածությամբ գործող արշավախումբն ուղևորվեց դեպի սիրիական անապատներ․ նրան միացան հնագետ պրոֆեսոր Ադրիան Պրախովը և նկարիչ Վասիլի Պոլենովը։ Նրանք անցան Արևելյան Եվրոպայով, Կոստանդնուպոլսով, Հունաստանով, Եգիպտոսով, Լիբանանով, ապա եղան Պաղեստինում։ 1882-ին Աբամելիք-Լազարյանը հայտնաբերեց «Պալմիրյան տարիֆ» կոչվող երկլեզու (հունարեն և արամեերեն լեզուներով) արձանագրությունը․ մաքսային գործառույթներ ունեցող 15 տոննա ընդհանուր կշռով սալերն այսօր ցուցադրվում են Էրմիտաժում։ Սա հիրավի մեծարժեք գտածո էր, որի մասին նշանավոր արևելագետ Պավել Կոկովցովը գրում էր իշխանին․ «Խոսքեր չեմ գտնում լիարժեքորեն Ձեզ փոխանցելու իմ երախտագիտությունն այն թանկարժեք ու լիովին անսպասելի նվերի համար, որից ես լավագույն կերպով կաշխատեմ օգտվել գիտական հետաքրքրությունների համար»։ Պալմիրայի վերաբերյալ իր գրքում (1884) Աբամելիք-Լազարյանը եզրակացնում էր, որ հայտնաբերվածը մարդկությանը հայտնի ամենահին մաքսատունն է, որը թվագրվում է 137 թվականով։ Արժևորելով իշխանի հայտնագործությունը՝ նրան ընտրեցին Ֆրանսիական ակադեմիայի ադյունկտ, իսկ 1884 թ․ ֆրանսիայի կառավարությունը նրան պարգևատրեց պատվո նշանով։ Նա նաև Ռուսական հնագիտական ընկերության իսկական անդամ էր։
Հին մշակույթով տարված Աբամելիք-Լազարյանը չէր կարող չհետաքրքրվել Իտալիայով։ Պատմաբան Միխայիլ Տալալայի բառերով՝ «Իտալիան օգնում է մարդկանց դառնալ ավելի բարի, ուրախ, գթասիրտ, բարեկիրթ, վայելչագեղ, սովորեցնում է ապրելու արվեստին»։ 1885-ին իշխանն ուղևորվեց Իտալիա, եղավ Սիցիլիայում, այցելեց Նեապոլ ու Մեսինա։ Իտալիան դարձավ իշխանի սիրելի վայրը, 1890-ականներից նա հիմնականում բնակվում էր Իտալիայում և Պետերբուրգում։ Սիմեոնի քույրերը՝ իշխանուհիներ Ելիզավետան և Ելենան ևս տեղափոխվեցին Իտալիա։
1884 թվականից իշխանը ծառայում էր Ժողովրդական լուսավորության նախարարությունում, սակայն երբ չորս տարի անց կյանքից հեռացավ հայրը, նա ստիպված էր կենտրոնանալ ձեռնարկատիրական գործունեության վրա․ պետք էր կարգի բերել և կառավարել նախնիներից ժառանգություն ստացած բազմամիլիոն կապիտալը՝ գործարանները, հանքավայրերը և կալվածքները։ Այսպես, նրան էր պատկանում Ուրալի մեծագույն լեռնաարդյունաբերական գործարաններից մեկը։ Որպես արդյունաբերող՝ իշխանը գործել է տարբեր ոլորտներում (ածուխի, աղի, երկաթի, պլատինի, ոսկու արդյունահանում, անտառարդյունաբերություն, անշարժ գույք, արժեթղթեր և այլն) ու տարածաշրջաններում։ 1895 թ․ նա գործուղվել է Դաղստան՝ ծծմբի արդյունահանման և Անդրկովկաս՝ պղնձաձուլման դրության ուսումնասիրության նպատակով։
1913 թվականին Աբամելիք-Լազարյանի ունեցվածքը գնահատվում էր 41 միլիոն ռուբլուց ավելի։ «Նովոե վրեմյա» պետերբուրգյան թերթի հավաստմամբ (1916) իշխանը «համարվում էր Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից ու ըստ իրեն պատկանող հողատարածքի՝ անկասկած ամենախոշոր ռուսական կալվածատերն էր»։ Իշխանն առանձնատներ ուներ Ռուսաստանի չորս քաղաքներում, մասնավորապես հայտնի է Պետերբուրգի կենտրոնում՝ Մոյկա գետի ափին նրա նախաձեռնությամբ կառուցված առանձնատունը։
Իշխանի կալվածքներից մեկը գտնվում էր Լև Տոլստոյին պատկանող Յասնայա Պոլյանայի հարևանությամբ, ու հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող իշխանը մտերմացավ ռուս մեծ գրողի ու նրա ընտանիքի հետ։ 1887թ․ ամռանը Աբամելիք-Լազարյանը Տոլստոյին հյուր բերեց դաշնակահարուհի և բարեգործուհի, իշխանուհի Նադեժդա Շախովսկայային, որը հրապուրվեց գրողի գաղափարներով և կարևոր դեր խաղաց դրանց տարածման գործում։
Հետագայում իշխանը նախաձեռնեց ևս մեկ արշավ՝ դեպի Ջերաշա մեռյալ քաղաք․ ճանապարհը դժվարանցանելի էր ու վտանգավոր, սակայն հետազոտական մղումներն ավելի ուժեղ էին։ 1895թ․ Պյոտր Սեմյոնովի հետ իշխանը բեդուինների ուղեկցությամբ («եթե չդիմեինք նրանց պաշտպանությանը, հավանաբար հենց նրանք էլ մեզ կթալանեին») հասնում է Ջերաշ․ նա ուսումնասիրում է հունա-հռոմեական հուշարձանները, դրանց պատմությունը և տեղում հայտնաբերված արձանագրությունները, ինչի մասին գիտնականի բարեխղճությամբ հրատարակում է մանրամասն տվյալներով պատկերազարդ գիրք։ Ինչպես միշտ, մեծարժեք հնագիտական լուսանկարների հեղինակը Աբամելիք-Լազարյանն էր։
Օպերային թատրոնում նա ծանոթանում է Մարիա Դեմիդովայի՝ Սան-Դոնատոյի իշխանուհու հետ ու 1897-ին նրանք ամուսնանում են։ Սիրող այս զույգին, ցավոք, վիճակված չէր զավակներ ունենալ։
1904թ․ իշխանը Հռոմում ձեռք բերեց 33 հեկտար հողատարածքով պերճաշուք դղյակ, որն անվանեց «Վիլլա Աբամելիք»․ այն տեղաբաշխված էր Վատիկանին մոտ՝ բլրի վրա, և իր չափերով ամենամեծն էր։ Մ․ Տալալայի խոսքերով՝ «դա իսկապես չափազանց գեղեցիկ մի վայր է․ այստեղ և՛ այգի կա, և՛ հենց վիլլան է՝ ճարտարապետական կառույցը»։ Այստեղ Աբամելիք-Լազարյանը հավաքեց արվեստի գործերի հարուստ հավաքածու, վերակառուցեց ու ընդլայնեց շինությունները, բարեկարգեց այգին։ Վիլլան դարձավ ռուսական արվեստի կենտրոն․ այստեղ տեղի էին ունենում համերգներ, դասական բալետի երեկոներ։
Դատելով Աբամելիք-Լազարյանի գործունեությունից՝ նա մշտապես գիտակցել է ազնվականի, քաղաքացու և մտավորականի պատասխանատվությունն իր ժամանակի, հայրենակիցների, երկրի ու վերջին հաշվով՝ մարդկության հանդեպ։ Նա Ռուսաստանում գեղարվեստի վերածննդի ընկերակցության համահիմնադիրներից էր, հատկացումներ էր անում Կարմիր Խաչին, խուլուհամրերի, զինվորական հաշմանդամների և խոցելի այլ խավերի օգտին, ինչպես նաև՝ ավիացիայի և նավատորմի զարգացման նպատակով։ Պարգևատրվել է Ռուսաստանի և Սերբիայի շքանշաններով, այդ թվում բարձրագույն՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ Հաճախ է տարբեր նյութերով հանդես եկել պարբերականներում։
Լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ նա տոհմական ավանդույթով սերտ կապեր ուներ նաև ռուս ուղղափառ եկեղեցու հետ։ 1915 թ․ իշխանը նշանակվեց Հռոմում ուղղափառ տաճարի կառուցման հանձնախմբի նախագահ, նրա նախաձեռնությամբ ճարտարապետ ընտրվեց Վ․ Մորալդին, ձեռք բերվեց հողատարածք Տիբեր գետի ափին և կատարվեց հիմնարկեքը, սակայն իշխանի մահվանից հետո շինարարութունը դադարեցվեց։
Իշխանը չէր մոռանում և իր հայկական ծագման մասին․ նա Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձուն էր, նրա հոգածությամբ կառուցվեցին ճեմարանի նոր շինությունները, մասնավորապես՝ գրադարանը և հիվանդանոցը։ Նրա աջակցությամբ ճեմարանում ընդլայնվեց գրահրատարակչությունը։ Աբամելիք-Լազարյանը դրամական միջոցներ է հատկացրել նաև Գևորգյան ճեմարանին։ Բացի այդ, իշխանը ժառանգաբար ստացել էր ռուսական երկու մայրաքաղաքներում գտնվող հայկական եկեղեցիների հոգաբարձուի կոչումը։ Նա ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում նաև Ռուսաստանից դուրս գտնվող հայկական եկեղեցիներին ու հայրենակիցներին։
1914 թ․ Աբամելիք-Լազարյանը հրատարակում է մի չափազանց ուշագրավ աշխատանք՝ «Փառավոր ու ամրակուռ խաղաղության պայմանները» վերնագրով։ Ենթադրելով, որ համաշխարհային պատերազմում հաղթելու են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Անգլիան, նա պաշտպանում էր աշխարհի ու ժողովուրդների ազատագրության մարդասիրական գաղափարը և մանրամասնորեն վերլուծում այն հնարավոր նախապայմանները, որոնց ապահովումը թույլ կտար վերջապես լուծել հինավուրց ցավոտ հարցերը, այդ թվում՝ հայկականը, որին իշխանը հատուկ ուշադրություն է դարձրել․ «Հայկական հարցի լուծման համար, այսինքն՝ թուրքահայերի անվնաս, տանելի գոյության համար, բավական է Լիբանանյանին նմանությամբ ստատուտ տալ երեք՝ Վանի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթներին, եթե Անգլիան ու Ֆրանսիան դեմ կլինեն դրանց միավորմանը Ռուսաստանին»։ Ավելի մանրամասնելով՝ նա նշում է․ «Թուրքիայից, որի մայրաքաղաքը կտեղափոխվի Բուրսա, պետք է վերցնել ու Ռուսաստանին միավորել Տրապիզոնի, Էրզրումի ու Վանի շրջանները, ինչով կլուծվի Հայկական հարցը» (էջ 6)։ Նույն գաղափարները նա կրկնում է վերջաբանում, շեշտելով, որ Կոստանդնուպոլիսը Դարդանելի երկու ափերի հետ պետք է ստանա ազատ քաղաքի կարգավիճակ՝ Անտանտի երաշխավորմամբ։ Ցավոք, իշխանի առաջարկությունն իրականություն չդարձավ, նա չտեսավ Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ավարտը և աննպաստ հանգուցալուծումները։ 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ նա զգալի գումար փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ին՝ հօգուտ փախստական հայրենակիցների։ Հայազգի իշխանը մահացավ սրտի կաթվածից՝ 1916 թ․ սեպտեմբերին, և թաղվեց ընտանեկան դամբարանում՝ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու գավթում։ Նրա կտակի համաձայն՝ Մոսկվայի Արմյանսկի նրբանցքի №7 տունը հատկացվելու էր Լազարյան ճեմարանին՝ կրթաթոշակներ հիմնելու նպատակով, իսկ 20000 ռուբլի՝ Պետերբուրգի հայկական եկեղեցիներին՝ տոկոսային եկամուտները հոգևորականներին փոխանցելու համար։ «Արմյանսկի վեստնիկ»-ի տպագրած մահախոսականում, մասնավորապես, նշվում էր, որ իշխանի բարեգործությունը նրա ընտանեկան առանձնահատկությունն էր․ «Որպես հայոց եկեղեցու հավատարիմ որդի, նա 1895 թ․ եղավ Էջմիածնում ու առատաձեռն նվիրատվություններ արեց Մայր Տաճարի օգտին»։ Իսկ ֆլորենտական թերթերից մեկը գրում էր․ «Վախճանվեց մեծ ազնվական, որը նշանակալից դեր է խաղացել իտալական հասարակության մեջ․ բարձրահասակ, միշտ երիտասարդ տեսքով, հարավային տիպի (նրա նախնիները Քրդստանի տիրակալներն են եղել), արվեստի և մեր պատմության սիրահար Աբամելիք-Լազարևը Ֆլորենցիայում և Հռոմում շարունակել է հետևել օտարազգի ազնվականի ավանդույթներին․ լինելով կրթյալ, հրապուրվելով լատինական քաղաքակրթությամբ՝ նա հաճախ իրեն իտալացի էր զգում»։
Նշենք, որ իշխանի վերաբերյալ բազմաթիվ անդրադարձներ կան Մ․ Տալալայի, Ա․ Օնուչինի, Գ․ Իպոլիտովայի և Վ․ Գասպերովիչի գրքերում, նրան է նվիրված Գոհար Ռշտունու «Լազարևների տոհմի փայլը» (Մոսկվա, 2015) ռուսերեն գիրքը։
Պատմությունն ամբողջական չէր լինի, եթե չանդրադառնայինք Սիմեոն Աբամելիք-Լազարյանի այրու բարեսիրական աշխատանքներին։ Իշխանուհի Մարիան ի հիշատակ ամուսնու Ֆլորենցիայում հիմնեց Սիմեոն Աբամելիք-Լազարյանի անվան զինվորական ծանր հաշմանդամների տուն-կացարանը, որի պատին իշխանի դիմաքանդակով հուշատախտակ փակցրեց՝ հետևյալ գրությամբ․ «Քո անմոռաց ու օրհնյալ հիշատակին, օ՜ իմ պաշտելի ու ողբացյալ ամուսին, իշխան Սիմեոն Աբամելիք-Լազարև՝ մարդկային որևէ տառապանքի առատաձեռն մխիթարիչ, արդարության ու ժողովուրդների միջև սիրո աննկուն մարտիկ։ Թո՛ղ կույր վետերանների այս ազգային ապաստանը հառնի որպես Իտալիայի հանդեպ մեր սիրո խորհրդանիշ։ Մարիա Աբամելիք-Լազարևա՝ Սան-Դոնատոյի իշխանուհի, 1917»։ Ըստ պատմաբանների՝ իշխանուհու աջակցության շնորհիվ հարյուրավոր էմիգրանտներ, այդ թվում՝ հայեր, փրկվել են սովից ու կարողացել են ողջ մնալ։
Իշխանի կտակի համաձայն՝ նրա այրին պետք է ցկյանս տնօրիներ «Վիլլա Աբամելիքը», իսկ Մարիայի մահվանից հետո այն պետք է դառնար Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի սեփականություն՝ նկարիչների ու քանդակագործների պանսիոնի վերածելու համար։ Սակայն Աբամելիք-Լազարյանի մահվանից հինգ ամիս անց Ռուսաստանում պայթեց Փետրվարյան հեղաշրջումը, ապա՝ Հոկտեմբերյանը։ Պետականացվեցին նրա ահռելի կալվածքները, փակվեց Լազարյան ճեմարանը, «վիլլա Աբամելիքն» առգրավվեց ու անհասկանալի տրամաբանությամբ ի վերջո դարձավ ռուս դեսպանի կեցավայր։ Սակայն ոչ ոք չկարողացավ խլել իշխանի բարի համբավը և անունը, որ առհավետ կապված մնաց նրա հնագիտական հետազոտությունների, նրա հոգածությամբ գործած Լազարյան ճեմարանի, բարեգործական հատկացումների, նրա շնորհիվ երկրորդ շունչ ստացած վիլլայի հետ։ Մնացյալն, ինչպես ասում են, ունայնություն է․․․
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Ա․ Իսուպով, «Իշխան Սիմեոն Աբամելիք-Լազարև»
2․ Իշխան Աբամելիք-Լազարյանի արշավախումբը Երուսաղեմում
3․ Իշխանի արձանը «Վիլլա Աբամելիքում» (քանդակագործ՝ Մ․ Կակոսյան, 2003 թ․)
4․ «Վիլլա Աբամելիք»


