Սիլվի Գիլեմ. «Շատ բան ունենք անելու, քանի որ աշխարհը փրկելն այնքա՜ն դժվար է»

Ծագումով կատալոնացի, բալետի ֆրանսիացի հռչակավոր պարուհի Սիլվի Գիլեմը բալետով սկսել է զբաղվել 11 տարեկանից, իսկ 19 տարեկանում նա արդեն նվաճեց  «Էտուսլ» (աստղ) տիտղոսը: Նրա վերջին ներկայացումը 2015թվականի հունվարի 15-ին էր: Ֆրանսիական «sceneweb» կայքի մեկնաբան Ստեֆան Կապրոնը զրուցել է Գիլեմի հետ հրաժեշտի հյուրախաղերի ժամանակ:

Նա հանդես է գալիս իր վերջին հյուրախաղով: 50 տարեկանում պարուհի Սիլվի Գիլեմը հրաժեշտ է տալիս բեմին վերջին ներկայացմամբ, որի խորեոգրաֆներն են Աքրամ Խանը, Ռասել Մալիֆանտը և Մաց Էկը: 39-ամյա արտասովոր և ինքնօրինակ  կարիերայից հետո, նա հրաժեշտ է տալիս իր հանդիսատեսին ամբողջ աշխարհում: Հանդիպում Սիլվի Գիլեմի հետ՝ մեծ բեմին հրաժեշտից առաջ: 

 

-Սա ձեր վերջի՞ն ներկայացումն է, դա անվերադարձ է:

-Այո, իմ վերջին շրջագայություններն են: Ես հասկացա, որ եկել է որոշում կայացնելու ժամանակը։

-Ո՞ր պահին:

-Անցյալ տարվա կեսերին: Ես գիտեի, որ մի օր դա պետք է անեմ: Ուիլյամ Ֆորսայթը և Մաց Էկը նույնպես բեմին հրաժեշտ են տալիս։ Այնպես որ, եկել է ժամանակը, և ես ասացի ինքս ինձ, որ 50 տարին ճիշտ թիվն է:

-Բայց և այնպես, մյուս մեծ պարուհիները շարունակում են պարել շատ երկար, ինչպես Պինա Բաուշը:

-Ես սիրում եմ բեմը ու սիրում եմ ամբողջությամբ տրվել, սիրում եմ եռանդուն պարել: Ես չէի ցանկանում պարել մինչև 70 կամ 80 տարեկան և լսել. «Օ՜, դուք դեռ պարում եք: Օ՜, ես ձեզ տեսել եմ, առաջ շատ ավելի լավ էր»: Ես չեմ ցանկանում դա լսել։ Գիտեմ, որ դժվար կլինի։ Սա շատ ցավոտ որոշում է:

-Մտածե՞լ եք  Ձեր արվեստը փոխանցելու ուղղությամբ:

-Ես խորհեցի դրա շուրջ ու չեմ ուզում դրանով զբաղվել: Պարային դպրոց, կամ ընկերություն ունենալու ցանկություն չունեմ, քանի որ դա այդպես չի արվում: Ես ինքս սովորել եմ նայելով: Ես ուսանել եմ այնպիսի հրաշալի մարդկանց հետ խոսելով, ինչպիսինն է Ռուդոլֆ Նուրիևը: Ես նրան աշակերտեցի ոչ թե դաս առնելով, այլ հետևելով նրա քաջությանը։ Ես միշտ պատրաստ կլինեմ հարցերին պատասխանելու, բայց մասնագիտորեն չեմ զբաղվելու դրանով:  

-Ինչպիսի՞ն է Ձեր վերջին ներկայացումը:

-Առաջին մասում Աքրամ Խանի մենակատարումն է երաժիշտների հետ: Այնուհետև գալիս է Ռասել Մալիֆանտի պա-դե-դեն Էմանուելա Մոնտանարիի հետ: Եվ կա նաև Մաց Էկի մենակատարումը: Ժամանակակից պարարվեստում շատ հազվադեպ է պատահում, որ բալետային ներկայացման մեջ բազմաթիվ մարդիկ ներգրավված լինեն: Եվ դա փոխում է շփումը պարուսույցների հետ: Դասական մեծ բալետներում մենք պարզապես կատարողներ ենք, դրա հետ մեկտեղ մենք կարող ենք ինչ-որ բաներ հորինել, սակայն անձնական պատկերացումը քիչ նշանակություն ունի:

Մինչդեռ ժամանակակից ստեղծագործության մեջ պարուսույցների հետ իրական երկխոսություն է տեղի ունենում: Բայց ես ընտրելու հնարավորություն եմ տվել: Ես չասացի Աքրամ Խանին, կամ Մաց Էկին, որ ուզում եմ մենաելույթ ունենալ, բայց նրանց համար դա ակնհայտ էր: Մյուս կողմից, ես առաջարկեցի Ռասել Մալիֆանտին այդ պա-դե-դեն անել կնոջ մասնակցությամբ, քանի որ ես դա երբեք չէի արել:

-Այս վերջին շրջագայության ընթացքում ի՞նչ եք մտածում այն պարուսույցների մասին, որոնք ոգեշնչել են Ձեզ:

-Ես անընդմեջ մտածում եմ այդ մասին, և դա է պատճառը, որ վերջին ներկայացման մեջ տեղ է գտել նաև Ուիլյամ Ֆորսայթի խորեոգրաֆիան՝ պարային դուետ, որը կատարում են նրա ընկերության երկու  պարողներ: Աքրամ Խանի հետ հանդիպումը նույնպես շրջադարձային էր իմ կարիերայի համար: Ես ուզում էի ինչ-որ նոր բան անել, այլ ոչ թե հանդես գալ իմ լավագույն համարներով:

-Երբ հետադարձ հայացքով նայում եք Ձեր կարիերային, արդյո՞ք ասում եք ինքներդ Ձեզ. «ինչպիսի՜ հրաշալի ճակատագիր ունեցա ես»:

-Այո, Ես նորից կսկսեի ամեն ինչ, անգամ եթե միշտ չէ, որ հեշտ էր, նույնիսկ եթե պահանջվում էր պայքարել: Իմ բախտը շատ է բերել: Ես պատահաբար հայտնվեցի մի վայրում, որի համար չէի ստեղծված: Սա է պատճառը, որ ինձ համար դժվար է եղել այս որոշումը կայացնելը, քանի որ սա իմ կյանքն է՝ 11 տարեկանից սկսած: Ես չեմ դադարել հիանալ բեմում ելույթ ունենալուց՝ առանց երբևիցե զոհաբերության հասկացությունը զգալու: Քանի որ ինձ բախտ էր վիճակվել, և քանի որ սա արտասովոր վայր է, ապա իմ պարտքն եմ համարում դա անելը: Բայց ես նաև ծնվել եմ պարի համար նախատեսված «գործիքներով», որոնք իմ ոտքերն են: Հայրս նույն ոտքերն ուներ:

-Շուտով դուք կմտնեք կյանքի նոր փուլ և կսկսեք շրջակա միջավայրի պահպանության պայքար մղել: Ինչո՞ւ եք ստանձնում այդ պարտավորությունը:

-Հուսով եմ, որ ակտիվ կլինեմ: Ես եռանդուն ու մոտիվացված մարդ եմ: Շուտով ես ավելի շատ ժամանակ կունենամ դրանով զբաղվելու համար: Նմանատիպ բաները ես սրտիս մոտ եմ ընդունում և կփորձեմ հնարավոր շատ ներգրավվել այդ պայքարի մեջ, որը շատ թանկ է ինձ համար, և որը մղում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Sea Shepperd-ը, կամ Kokopelli-ն: Շատ բան ունենք անելու, քանի որ աշխարհը փրկելն այնքա՜ն դժվար է:

-Ի՞նչը դրդեց Ձեզ այդ քայլին գնալ: 

-Ինձ միշտ հուզում էին ջրի և բնության խնդիրները, բայց իմ առաջին մղումը եղել էր Լոնդոնում փոքրիկ այգի ունենալը: Ես ունեի շատ փոքր բնակարան և նույնքան փոքր այգի: Այդպես ես պարզեցի կանոններ, որոնց լավ ծանոթ չէի: Իսկ հետո հեռուստատեսային շոուի միջոցով ես իմացա Փոլ Ուոթսոնի աշխատանքի մասին և  սկսեցի դրա մասին տեղեկություններ հավաքել: Կարդացի Glénat հրատարակությունների Լամիա Էսեմլիալիի «Զրույց ծովահենի հետ» գիրքը: Երբ փակեցի գրքի վերջին էջը, ինքս ինձ ասացի. «Վերջ, ես էլ ձուկ չեմ ուտելու», որովհետև ասում են, որ 2048թվականին ծովերում այլևս ձուկ չի լինի: Մեկ շաբաթ անց ես դադարեցի միս ուտել:

-Ինչ փոխեց սա ձեր ներսում:

-Ես ինձ լավ եմ զգում, հատկապես բարոյապես: Ես երբեք սննդի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել՝ ուտում եմ ամեն ինչ, այդ թվում, շատ ճարպոտ բաներ: Բայց հիմա ես շատ էներգիա ու շատ ուժ ունեմ: Սովորաբար, երբ մենք ծերանում ենք, մենք ավելի թույլ ենք դառնում՝ ամեն ինչ հակառակն է: Ուստի, երևի այս սննդակարգն ինձ շատ օգուտ է տալիս:

-Կցանկանայի՞ք, օրինակ, պարել ջրի մեջ կետերի հետ:

-Ինձ առաջարկեցին դա անել, բայց ես ահավոր եմ ջրում ու ինձ մոտ ոչինչ չի՛ ստացվում: Ես նախընտրում եմ ցամաքում պաշտպանել Sea Shepperd-ի գործողությունները, որոնք գրոհում են խոշոր բիզնեսները:

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը