Սիգուրնի Ուիվեր. «Աշխարհը, որը սիրում եմ, դանդաղ աշխարհն է, դանդաղ կյանքը»

«Իմ տարին Նյու Յորքում» ֆիլմում Սիգուրնի Ուիվերը խաղում է մի ինտելեկտուալ Մեծ տիկնոջ, որը շատ լավ ճանաչում և հրատարակում էր Սելինջերին: Ֆիլմի նորամուտը տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնում: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում «Իսկուստվո կինո» պարբերականի թղթակից Մաքսիմ Զագովորայի զրույցը դերասանուհու հետ ժամանակակից աշխարհում մեծ գրականության դերի և համաճարակի պայմաններում ընթերցանության բուժիչ հատկությունների մասին։

-Ավելի քան մեկ տարի է անցել Բեռլինի կինոփառատոնում «Իմ տարին Նյու Յորքում» ֆիլմի պրեմիերայից։ Ինչպե՞ս է փոխվել Ձեր վերաբերմունքը ֆիլմի նկատմամբ այս ընթացքում։

-Ինձ թվում է, որ այսօր այն ավելի շատ եմ սիրում: Ես հիշում եմ մեր թիմը, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած էր կանանցից՝ նկարիչներ, դեկորատորներ... Հիշում եմ, թե ինչպես էին նրանք աշխատում ֆիլմի վրա, ինչպես էին նորից ու նորից փոփոխում որոշ բաներ՝ արդյունքի հասնելու համար: Գիտեք, դա նման էր սիրային նամակ գրելուն. գրում ես, հետո ջնջում և նորից վերաշարադրում. ահա այսպիսին էին «Իմ տարին Նյու Յորքում» ֆիլմի նկարահանումները։ Եվ ամբողջ պատմությունը, որ պատմում ենք ֆիլմում, գրավոր խոսքի կարևորության մասին է։ Սա սիրո խոստովանություն է տեքստին, գրականությանը։ Եվ ինձ թվում է, որ Ֆիլիպ Ֆալարդոյի նման կարդացած ռեժիսորը իդեալական ռեժիսոր էր ֆիլմի համար։ Մեր ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես եմ ես նորից վերադառնում գրելուն, ինչպես է ընթերցումը վերածվում զրույցի։ Երբ դու Սելինջեր ես կարդում, թվում է, որ նա խոսում է քեզ հետ և միայն քեզ հետ։ Եվ ահա, դու պատասխանում ես նրան, գրում  ես քո նամակը, ստեղծում քո սիրո ուղերձը։ Ահա, ես ասում եմ դա և հասկանում. այո՛, հիմա ինձ շատ ավելի է դուր գալիս մեր ֆիլմը, քան մեկ տարի առաջ:

-«Գրականություն» ու «տեքստ» եք ասում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է տարբերվում մեկը մյուսից:

-Կարծում եմ՝ գրելու որակով։ Նաև ընթերցման ընթացքով, իհարկե։ Հենց ձեռքով անցնում ենք շապիկի, էջերի վրայով, սկսում ենք դանդաղ կարդալ, ստիպում ենք մեր երևակայությանը աշխատել՝ այդ պահին տեքստը դառնում է գրականություն։ Իհարկե  կարևոր է, որ դա լավ տեքստ լինի։ Այն գրողները, որոնց գրականության վրա ես մեծացել եմ, և այն գրողները, որոնց գրականության վրա մեծացել է իմ հերոսուհի Մարգարեթը, դա միանշանակ փայլուն գրականություն է, նրանք իրենց ժամանակի տիտաններն են։

-Մեկուսացման ժամանակ շա՞տ էիք կարդում:

-Այո, կարդացի «Պատերազմ և խաղաղությունը» և «Աննա Կարենինան»՝ Լարիսա Վոլոխոնսկայայի թարգմանությամբ, նա ֆանտաստիկ թարգմանիչ է. ռուսերեն չխոսող մարդու համար Տոլստոյի համահեղինակ և մեկնաբան է։ Այս երկու վեպերը համաճարակի ընթացքում իմ ամենավառ տպավորություններն են, հատկապես «Պատերազմ և խաղաղությունը», որում ինձ համար ամենակարևորն անհատի և հասարակության հակասությունն է, ընդ որում՝ կիսառազմական, ռազմատենչ հասարակության։ Ես վաղուց էի երազում Տոլստոյ կարդալ, իսկ հիմա վերջապես իրականացրեցի երազանքս։

-Նախկինում Դուք ասում էիք, որ Ձեր սիրելի գրողը Չեխովն է։ Տոլստո՞յը զբաղեցրեց նրա տեղը:

-Հավանաբար: Թերևս նրան ճիշտ ժամանակին եմ կարդացել՝ տիտանական տեղաշարժերի ժամանակ։ Համաճարակը մեզ սովորեցրեց գլոբալ մտածել, իսկ ո՞վ է ավելի գլոբալ մտածել, քան Տոլստոյը: Ես փորձագետ չեմ, բայց ինձ թվում է, որ նա  պատմության մեջ ամենամասշտաբային գրողն է։ Եվ ահա, եթե հայտնվել ենք ինչ-որ գլոբալ գործընթացի ներսում, երբ ամբողջ աշխարհը գլխիվայր շուռ եկավ, մի՞թե կարելի է այս իրավիճակում ավելի լավ ուղեկից պատկերացնել։

-Ձեր հերոսուհի Մարգարեթը լավ գրականությունը և, ընդհանրապես, ինտելեկտը հակադրում է ժամանակակից տեխնոլոգիաներին: Դուք մի անգամ ասացել եք, որ համաձայն եք նրա հետ այս հարցում: Բայց չէ՞ որ անցնող տարին մեզ ցույց տվեց տեխնոլոգիաների ամբողջ կարևորությունն ու անհրաժեշտությունը։

-Իհարկե ցույց տվեց: Տեխնոլոգիաներն իսկապես կապեցին մեզ մեր մերձավորների հետ: FaceTime-ը կամ Zoom-ը իսկական հրաշքներ են՝ անկախ նրանից՝ գրող ես, դերասան, թե լրագրող: Բայց տեսեք, իմ Մարգարեթն ամենից շատ վախենում էր, որ տեխնոլոգիաներն անդառնալիորեն կփոխեն այն կյանքը, որ ինքը սիրում է: Եվ թվում է, թե նա ճիշտ էր: Աշխարհը փոխվել է, և մենք դժվար թե երբևէ վերադառնանք հին ապրելակերպին։ Տեսեք, այո մենք փակի տակ հայտնվեցինք, աշխարհը կարծես կանգ է առել, բայց իրականում էլ ավելի է արագացել։ Մենք այլևս մեկ օր չենք հատկացնում ինչ-որ մեկի հետ հանդիպմանը, երկար խոսակցություններ չենք կարող ունենալ։ Մեկ զանգ, երկրորդը, երրորդը, և մենք ավարտեցինք բոլոր գործերը: Մենք սովորեցինք  այդ ռիթմին, և տպագիր գրքեր կարդալը մեզ այնքան դանդաղ է թվում։ Դա  Instagram-ով անցնելը չէ: Աշխարհը, որը սիրում է Մարգարեթը, աշխարհը, որը ես եմ սիրում, դանդաղ աշխարհն է, դանդաղ կյանքը:

-Ի դեպ, գրականությունը, որպես նվազագույն տեխնոլոգիական արվեստ, համաճարակի ընթացքում ապացուցեց իր կայացածությունը այդ նույն կինեմատոգրաֆի հանդեպ: Կինոարդյունաբերությունը կործանման եզրին էր, գրականությունը՝ չնկատեց ողբերգությունը։

-Այո, կարծում եմ դուք ճիշտ եք։ Մենք մեր գրքերով փակի տակ էինք, և գրքերին ոչինչ չպատահեց: Բայց բանը միայն գրականության ոչ քմահաճ լինելը չէ, այլ նաև նրա իսկությունը, հասկանո՞ւմ եք ինչ նկատի ունեմ։ Ամենադժվար շաբաթներին ես ուզում էի լիցքաթափվել արվեստի օգնությամբ և չգիտես ինչու փորձեցի դիտել «Marvel»-ը։ Դա չափազանց անիրական, չափազանց մտացածին ​​կինո է, իսկ ես աջակցության, հենարանի կարիք ունեի: Իսկ գրողները՝ Տոլստոյը, Սելինջերը, Վոննեգուտը, Ֆիցջերալդը, Ֆոլքները՝ նրանք իրական են։ Եվ նրանց անդրադառնալով՝ մենք նույնպես ավելի իրական ենք դառնում։ Դա բարձրարվեստ «խոհանոց» է, իսկ մնացածը՝ «ֆասթֆուդ» է։ Մենք ժամանակ ունեինք վայելելու այդ «համը», ես վայելում էի այն։

-Ալեքսանդր Սոկուրովը, հավանաբար նրան ճանաչում եք, հաճախ է կրկնում, որ գրականությունը միշտ ավելի կարևոր կլինի, քան կինոն, որ կինոն երբեք առաջ չի անցնի գրականությունից։

-Ես շատ եմ սիրում Սոկուրովին և հույս ունեմ աշխատել նրա հետ։ Կարծում եմ՝ նա ճիշտ է, բայց, հավանաբար, իրավացի է՝ իր և իմ սերնդի արժեքներին համապատասխան։ Ժամանակակից մարդկանց համար կինոն այնքան համընդգրկուն արվեստ է, որ նրանք երբեք գրքերից չեն ստանա այն, ինչ ստանում են ֆիլմերից։ Կարծում եմ սա սերունդներին բնորոշ հայացք է:

-Ի դեպ, նոր սերնդի մասին. «Իմ տարին Նյու Յորքում» ֆիլմում ձեր խաղընկերը Մարգարեթ Քուալլին է: Նա այժմ 26 տարեկան է: Դուք 28 տարեկան էիք, երբ խաղացիք ձեր բեկումնային դերը «Օտարը» ֆիլմում: Կարո՞ղ եք համեմատել ձեզ և նրան այդ տարիքում:

-Նախ, Մարգարեթը 26 տարեկանում շատ ավելիին է հասել, քան ես: Նա շատ ավելի աշխատասեր է, նա արդեն բազմաթիվ հրաշալի դերեր ունի։ Նա շատ է աշխատում: Եվ հավատացեք նա ստիպված է աշխատել և ապացուցել ավելին, քան մյուսները՝ նա Էնդի Մաքդաուելի դուստրն է։ Երբ մենք ծանոթացանք Մարգարեթի հետ, նա 24 տարեկան էր, ես չէի ենթադրում, որ նա այդքան երիտասարդ է, նա շատ հասուն էր մտածում, իրեն շատ հասուն էր պահում։ Ես ուրիշ էի։ Ես եկել էի թատրոնից, ընդ որում վայրի, կենդանի թատրոնից՝ Բրոդվեյից։ Ինձ դուր էր գալիս շոուն, ստեղծագործելը, մաքուր արվեստը, իսկ կինոն անմիջապես հենց աշխատանք թվաց՝ արհեստ։ Մարգարեթը հենց սկզբից պատրաստ էր դրան։ Եվ, ընդհանրապես, ինձ թվում է, որ պետք չէ նրան համեմատել ինձ հետ, նա ավելի շուտ նման է Օդրի Հեփբյորնին՝ նույն կենդանի աչքերը, նույն անսահման հմայքը: Սակայն, թերևս, հենց դրանով էլ ավարտվում է նրանց նմանությունը, այնուամենայնիվ, նրանք միանգամայն տարբեր դերասանուհիներ են։

-Դուք հիշեցիք ձեր թատերական անցյալը՝ ասելով, որ կինոն ձեզ ավելի բարդ աշխատանք է թվացել։ Բայց Ռուսաստանում այլ կարծրատիպեր կան. այստեղ շատերը կարծում են, որ իրական դերասանական վարպետությունը դրսևորվում է միայն թատրոնում, ոչ ֆիլմերում՝ դուբլերի անսահման քանակության հնարավորությամբ:

-Համաձայնելու և բանավիճելու բաներ կան: Չեմ կարծում, որ թատերական դերասաններն ավելի լավն են, բայց, թերևս, մենք տիրապետում ենք լավագույն դպրոցին։ Մենք  փոքր-ինչ այլ մոտեցում ունենք մասնագիտության հանդեպ, մենք բոլորս գալիս էինք մոսկովյան թատրոններում ստաժավորման, ուսումնասիրում էինք Ստանիսլավսկու համակարգը։ Թատրոնը լավագույն վարժանքն է, հիմք է, գիտելիք է։ Բայց ես գիտեմ երբևէ բեմ չբարձրացած բազմաթիվ մեծ արտիստների, որոնց դա  բնավ չի խանգարել կայանալ մասնագիտության մեջ: Բայց ինձ համար թատրոնը աշխատանք չէ, այն իմ առաջին ու գլխավոր սերն է։ Ես երազում էի խաղացանկային թատրոնի մի մասը լինել, որը մեզանում գրեթե չի մնացել, բայց որը, գիտեմ, դեռ գոյություն ունի Ռուսաստանում։ Ամեն շաբաթ ներկայացումներ խաղալ. այսօր՝ կատակերգություն, վաղը՝ դրամա։ Այո, այդ երազանքը չիրականացավ, բայց, գիտե՞ք, հիմա ես փորձում եմ կինոյում աշխատել, ասես ծառայում եմ իմ անձնական խաղացանկային թատրոնում. շատ ժամանակ եմ ծախսում փորձերի վրա, ինձ տարբեր ժանրերում եմ փորձում, խուսափում եմ դադարներից... Ի դեպ, ահա ևս մեկ պատճառ, որի համար ես սիրում եմ «Իմ տարին Նյու Յորքում» ֆիլմը, որի սցենարը հիշեցնում էր թատերական պիես, և հիանալի պիես, հավատացեք ինձ:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի