Շառլ Ազնավուր. «Եթե ես բեմ չբարձրանամ՝ կմեռնեմ»

Մահվանից երկու շաբաթ առաջ՝ 2018-ի սեպտեմբերի 16-ին Ազնավուրն իր տանը՝ Մուրիեսում հարցազրույց է տվել ֆրանսիական TF-1 հեռուստաալիքի «Sept à Huit» հաղորդմանը: Իր վերջին հարցազրույցում նա ազատ ու անկեղծորեն քննարկում է խոր ծերության և մահվան հարցերը: Հաղորդումը հեռարձակվեց նրա մահվան օրը՝ 2018-ի հոկտեմբերի 1-ին:    

 

«Նա տեսնում էր իր անունն աֆիշի վերևի տողերում, ի հեճուկս այն քննադատների կարծիքի, որոնք նրա մեջ ամեն տեսակի թերություններ էին գտնում՝ կարճ հասակ, խռպոտ ձայն և նույնիսկ չափազանց մեծ քիթ: Այսօր այդ ծաղրողները լռել են, իսկ Շառլ Ազնավուրը մնացել է: Հոգով, սրտով երիտասարդ, բայց մարմնով հոգնած այս հայ գաղթականի զավակը չգիտես թե արդեն որերորդ  համաշխարհային շրջագայության է մեկնում: 94 տարեկան հասակում նա դեռ հրաժարվում է բեմը լքել»:

 

Մեկնաբան -Այսօր արդեն հիսուն տարի է, ինչ դուք ամուսնացած եք նույն կնոջ հետ:

Շառլ Ազնավուր -Հիսուներկու: Հենց այդպես, և ես հիանում եմ դրանով:

-Արդյոք որոշակի պահի ձեր կինը չի ասել ձեզ. «Դու պետք է դադարես բեմ բարձրանալ, Շառլ:»

-Նա ինձ ասաց.«Քո տարիքում դու պետք է դադարես երգել:» Ես պատասխանեցի. «Եթե ես բեմ չբարձրանամ՝ կմեռնեմ:» Եվ նա ինձ ասաց՝ «Դե լավ, ուրեմն շարունակիր երգել»: Ահա, պարզից էլ պարզ է:

-Երբ բեմ եք բարձրանում, վախ ունե՞ք, որ ձեր մարմինը կդավաճանի ձեզ, որ ձեր ձայնն այլևս նույնը չի լինի:   

-Ձայնս արդեն նույնը չէ: Այն առավել խռպոտ է դարձել, քան այն ժամանակ, երբ ես առաջին անգամ էի ելույթ ունենում: Ոչ, ոչ, վերջիվերջո, ես ոչ մի բանից չեմ վախենում: Միայն մի բանից՝ որ կյանքիս ուղին չափից ավելի երկար չլինի: Իմ նման մարդկանց համար հենց դա է դժվարությունը:

-Եվ Դուք պատրաստ կլինե՞ք բեմը լքել:

-Ստիպված կլինեմ:

-Ինձ թվում էր, թե դուք ուզում եք այն երգիչը լինել, ով հարյուր տարեկանում դեռ բեմում կերգի: 

-Նմանատիպ հիմարություններ հորինողը ես չեմ:

-Ինչպե՞ս կիմանաք, որ եկավ հենց այդ օրը:

-Ես կիմանամ դրա մասին:

-Ինչե՞ր էին ասում ձեզ ձեր բեմելի ժամանակ:

-Ասում էին, որ ձայնս լավը չէ, որ իմ արտաքինն անտանելի է, որ ինչ ասես չեմ գրում: Մինչև անգամ ասում էին, որ պետք չէ թողնել, որ հաշմանդամները բեմ բարձրանան:

-Այժմ դուք մոռացե՞լ եք այդ քննադատությունները:

-Ես անցել եմ դրա միջով, դա նույն բանը չէ: Ես շարունակել եմ իմ ճանապարհը. գիտեի, որ մի օր կջախջախեմ նրանց: Նրանք բոլորն էլ ջախջախված են: Նրանք այլևս ոչինչ չեն կարող անել՝ ոչ մի վատություն: Ես սրբազան կով եմ, ուրեմն նրանք չեն կարող այլ կերպ վարվել:

-Այնուամենայնիվ, կան որոշ բաներ, որ դուք արել եք: Դուք փոխել եք քթի ձևը և չեք թաքցնում դա:

-Այո, ես գլխի մազերի իմպլանտացիա էլ եմ արել: Բայց ես դա բեմից եմ ասել՝ հանդիսատեսին եմ ասել այդ մասին:

-Այսպիսով, ո՞վ էր խնդրել ձեզ քթի փոփոխություն անել:

-Ռեժին անունով մի տիկին էր՝ Պիաֆի ընկերուհին: Նա հոյակապ ժարգոն ուներ: Նա ասաց ինձ. «Դու ունես մականուն, հարկավոր է փոխել այն:» Ապա գտանք լավագույն բժշկին: Իմ ամերիկացի հրատարակիչը, ու Պիաֆը վճարեցին իմ վիրահատության համար՝ յուրաքանչյուրը տվեց գումարի կեսը:

-Եթե դրա կարիքը կրկին լիներ, կանեի՞ք դա:

-Այո, անկասկած: Եթե կան ոչ հաճելի բաներ, որոնք կարող են ավելի շատ խանգարել հանդիսատեսին, քան մեզ, ապա հարկ է շտկել դրանք: Իմ կարծիքով, մենք գոնե սա պետք է անենք հանդիսատեսի համար:

-Երբ դուք տասնհինգ տարեկան էիք, մահվան մտքից քարանում էիք: 

-Այո, այդ ժամանակվանից՝ երբ գիտեմ, որ շուտով մահանալու եմ,

իհարկե ավելի քիչ եմ քարանում: Բայց, ի վերջո, շատ գոհ կլինեի, եթե կարողանայի չմահանալ:

-Արդյո՞ք այսօր դուք պատրաստվում եք այդ գաղափարին, չե՞ք հրաժարվում դրանից:

-Ոչ, ես դրան պատրաստ եմ: Խնդիրը, որին բախվում եմ, հետևյալն է՝ իմանալ, թե որտեղ է լինելու իմ գերեզմանը: Ես կարող եմ թաղվել Հայաստանում, Փարիզում  և Իվելինում: Երբ դա քննարկում եմ երեխաներիս հետ, նրանք չեն էլ թողնում, որ ասելիքս ավարտեմ՝ անգամ լսել չեն ուզում, որ մի օր կմահանամ:

-Դուք մի՞շտ էիք ցանկանում ապրել մինչև ծերություն:

-Այո, ոչ թե ծերություն, այլ՝ խորը ծերություն: Իմ նախընտրելի հերոսը Մաֆուսաիլն է: Նա ապրել է մոտ 900 տարի: Լավ, ես համաձայն եմ կանգ առնել 850-ի վրա: Վատ չի լինի: Բայց կփորձեմ գնալ հնարավոր երկար:

-Որտեղի՞ց է գալիս կյանքի այս ծարավը, սահմաններն ընդլայնելու ցանկությունը:

-Ես սերում եմ ցեղասպանությունը վերապրած ընտանիքից: Ես չեմ ունեցել ոչ պապ, ոչ տատ, ոչ հորեղբորորդիներ, հորաքրոջ կամ մորաքրոջ որդիներ, ոչ նրանց աղջիկներ, ոչ էլ զարմիկներ: Ես ոչինչ չեմ ունեցել:  

-Այսպիսով, դա ձեզ հնարավոր երկար ապրելու ցանկություն է տալիս:

-Այո, իմ երեխաների համար միշտ տվող հայր լինելու ցանկություն է տալիս: Ես այլևս հիմարություններ չեմ անում, չեմ խմում: Ի վերջո, օգտագործում եմ մեկ գավաթ գինի ընթրիքի ժամանակ: Էլ չեմ խմում: Հիմա արդեն 40 տարի է, ինչ չեմ ծխում: Օրական երեք տուփ «Գոլուազ»  ծխախոտ էի ծխում: Ես խելամիտ եմ դարձել: Ավելի լավ է լինել խելամիտ ընկերների հետ, քան ապրել այն մարդկանց հետ, որոնց հետ կարելի է խենթություններ անել: Նման բաներ արել եմ՝ շատ: Ես չեմ զղջում դրա համար: 

-Իսկ այդպես մի քիչ տխուր չէ՞:

-Ոչ, ոչ, ոչ, տխուր չէ: Ես մի ջրահեծանիվ եմ գնել, դուք ծանոթ եք դրան: Ջրահեծանիվ եմ վարում, որովհետև սովորական հեծանիվով զբոսնելու ցանկություն չունեմ: Այսքանը:

-Ծերությունն ապրել, նշանակում է ավելի ու ավելի ապրել ուրվականների հետ: 

-Մտածում եմ նրանց մասին: Չեմ մոռացել իմ անցյալը: Սակայն Պիաֆին, իհարկե, կարոտում եմ: Իմ համար, ով միայն մեկ քույր է ունեցել, Պիաֆը երկրորդ քույրս է եղել: Միշտ էլ ականջիս նրա ծիծաղն է: Երբեք չեմ մոռացել նրա ծիծաղը, նրա բղավելու ոճը, երբ նա դժգոհ էր որևէ բանից, կամ էլ՝ վատ տրամադրություն ուներ:

-Ի՞նչն էր ձեզ միավորում:

-Փողոցը: Մենք մեծացել ենք փողոցում: Փողոցն է մեզ տվել բոլոր մնացած բաները. մեր ունեցած բեմադրությունները, մեր երգելաոճը: Մենք՝ Էդիթն ու ես դա գիտեինք: Երբեմն խոսում էինք այդ մասին, ոչ հաճախ, բայց՝ երբեմն: Մենք փողոցի կարոտ ենք զգում:

-Դուք ապրե՞լ եք նրա հետ:

-Այո, բայց ամեն ինչ պարկեշտ էր: Մենք սիրավեպ չունեցանք: Ինձ համար նա տիրուհի էր, տան թագուհին էր:

-Նա Ձեզ դուր չէ՞ր գալիս:

-Նա իմ տեսակը չէր: Եվ հետո դա ի՞նչ կկարգավորեր՝ ոչինչ: Կարիերա անելու համար հարկավոր էր, որ ես ինքս դրանով զբաղվեի:

-Դուք չէ՞ք մասնակցել Ջոնի Հոլիդեյի թաղմանը:

-Ոչ, ես ձեռնարկեցի մի բան. սուգ պահեցի, ինչպես դա անում են Հայաստանում: Քառասուն օր Ջոնիի համար սուգ եմ պահել: Ոչ մի ալկոհոլ, ոչ մի տեղ գնալ, և այլն, և այլն… Ահա, թե ինչ ներդրում եմ արել մեր ընկերության մեջ: Մենք շատ մտերիմ էինք: Նա երկար ժամանակ ապրել է իմ տանը: Նա եղել է ընտանիքի անդամ:

-Ի՞նչ է պահպանվել ձեր հիշողության մեջ նրա կերպարից:

-Քնքշությունը: Նա քնքույշ, սիրալիր մի տղա էր:

-Դուք նրա հետ կանոնավոր հանդիպու՞մ էիք նրա կյանքի վերջին շրջանում:

-Ոչ, նրա կողքին չափազանց շատ մարդ կար: Ես դա չեմ սիրում:

-Դուք տպավորություն ունեք, թե պետք էր ընտրեիք ճամբա՞րներից մեկը:

-Չգիտեմ, ամեն դեպքում չէի ուզում այդ ամենի մասին խոսակցություններ լսել:

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ ձեր մահանալուց հետո ձեր ժառանգության համար վեճեր կսկսվեն:

-Ոչ, ես արդեն ամեն ինչ կարգի եմ բերել: Արդեն երեսուն տարի է, որ ես կազմել եմ իմ կտակը: Ես չեմ ուզում, որ նրանք վիճեն մի գդալի կամ պատառաքաղի համար: Դա ծիծաղելի է, բայց հաճախ է լինում:

-Ի՞նչ կմնա ձեզնից հետո:

-Բացարձակ կարևոր չէ: Կմնա այն, ինչ կմնա: Դե լավ, կնախընտրեի, որ շատ բան մնար, որովհետև դա կկազմի հեղինակային իրավունքներ իմ թոռների համար:

 


Թարգմանությունը՝ Նունե Գալստյանի