Սևակ Ասրյան. «Հիշողությունն ինքնապահպանման հզոր ուժ է, որը ես փորձում եմ պահպանել իմ լուսանկարներով»

«Եթե հաշտվեմ Արցախի կորստի հետ, կնշանակի`ես հանձնվում եմ. ես ես չեմ լինի»:

«Երբ նայում եմ լուսանկարներիս, ես չեմ կարողանում ընդունել իրականությունը, որ ես այնտեղ չեմ»:  

«Ես նորից լինելու եմ Արցախում, նկարելու եմ իմ նկարած ու չնկարած վայրերը. Արցախ վերադառնալ հնարավոր է, եթե չկորցնենք երազանքն ու ձգտումը»:                  

Սևակ Ասրյան

 

Արցախցի տաղանդավոր լուսանկարիչ Սևակ Ասրյանն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է իր՝ «Հիշողության ուժը» խորագրով գեղարվեստական նկարների ցուցահանդեսը՝ իր տեսած, զգացած՝ «ծանոթ և չտեսնված» Արցախ աշխարհը: Այսօր այն եզակի հնարավորություն է ընձեռում տեղափոխվել պատմական ցավալի իրադարձությունների պարտադրանքով անհասանելի դարձած հայկական երկրամասի յոթ շրջանների հայտնի և հատկապես անհայտ գեղատեսիլ վայրեր, հաղորդակցվել խոսուն պատկերների հետ, զգալ կորսված հայրենիքի կենդանի շունչը, կարոտել, երազել, ինչպես նաև տաղանդավոր լուսանկարչի հայացքով տեսնել վեհաշուք հոգևոր-մշակութային կոթողները չավերված վիճակում: Ուշագրավ է, որ լուսանկարները հիմնականում արվել են Արցախի համար պատմականորեն դրամատիկ զարգացումներով լի ժամանակահատվածում՝ 2016-ից մինչև 2023-ի սև սեպտեմբերը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափման հանցագործությունը, և ներկայացնում են Արցախի յոթ շրջանների բնակավայրերի տեսողական հիշողությունը: Անխուսափելիորեն այս շրջանի ողբերգական իրադարձությունները բեկվել են ինչպես լուսանկարչի կյանքի, այնպես էլ նրա բոլոր ցուցահանդեսների ճակատագրի միջով՝ փոխելով վերջիններիս գլխավոր իմաստն ու նպատակները: Չնայած որ լուսանկարչությամբ երկար տարիներ է զբաղվել, սակայն առաջին ցուցահանդեսը կազմակերպել է միայն 2022 թվականի նոյեմբերին նույն «Հիշողության ուժը» անվանումով: Ինչպես հուշում է անվանումը, ցուցահանդեսում այս օրերի հետ տխուր զուգադիպությամբ ներառված են եղել հիմնականում 2020-ի պատերազմից առաջ այլ մթնոլորտում, այլ տրամադրությամբ արված 44 լուսանկարներ, որոնք, նրա խոսքով, 2020-ի պատերազմի կործանարար հետևանքների պատճառով դիտողների և իր համար վերածվել են պատերազմի հետևանքով գրավյալ հայրենիքի մի մասի՝ Շուշիի, Հադրութի և այլ բնակավայրերի վերհուշի, կարոտի, վերադարձի հույսերի արտահայտման միջոցի: Հետո ուզում էր շարունակել խոսքը, բայց դժվար էր ստացվում. «Անկախ նրանից, որ առաջին ցուցահանդեսից մեկ ամիս անց բլոկադան սկսվեց, և խափանվեց Երևանում ցուցահանդես կազմակերպելու ծրագիրս, այնուամենայնիվ, հույսս մինչև վերջ չէի կորցրել, մտածում էի, որ շուտով ճանապարհը կբացվի, ցուցահանդեսն էլ իրականություն կդառնա: Էս ամենը լրիվ ուրիշ կերպ պիտի լիներ. ուրիշ տրամադրությամբ, բայց փոխարենը թշնամու կողմից հրահրվեց պատերազմ հայաթափման հետևանքով, և գլխիվայր շրջվեց ամեն ինչ…: Երբեք չէի պատկերացնի, մինչև հիմա չեմ հավատում, որ իմ բոլոր նկարներն այլևս ամբողջ Արցախի դատարկված, անտեր մնացած վայրերի հիշողությունն են (հուզվում է)… Չգիտեմ… անհավատալի է… շատ-շատ դժվար է հիմա ինչ-որ բան ասել: Բայց փաստ է, որ հիմա արդեն ցանկացած նկար անգին է, ավելին է, քան լուսանկարը. հետևում մնացած մեր կյանքը, մենք ենք, մեր ապրածն ու զգացածն է, մեզ հիշեցնող ծանոթ, հարազատ վայրերն են, երազանք են: Այս ամենի մեջ ինձ համար ավելի կարևոր էր, որ, անկախ դժվարություններից, մեծ թվով մարդ է այցելել՝ նկարներս դիտելու, գնահատելու, տարբեր զգացմունքներ են ապրել՝ տխրել են, ուրախացել, զայրացել, կարոտել, ոգևորվել ու հույսով լցվել, հուսահատվել, աղոթել ու երազել: Շատ ծանոթ արցախցիների եմ առիթ ունեցել տեսնելու, զրուցելու, որոնց վերջին անգամ տեսել էի Ստեփանակերտում: Ուղղակի շնորհակալ եմ բոլոր այցելուներին: Ես երևի մի քիչ լավատես մարդ եմ, բայց գիտեմ՝ ինքը (Արցախը) կա ու միշտ լինելու է: Հիմա թե տասնյակ տարի հետո, ես նորից լինելու եմ Արցախում, նկարելու եմ իմ նկարած ու չնկարած վայրերը: Երբ նայում եմ լուսանկարներիս, ես չեմ կարողանում ընդունել իրականությունը, որ ես այնտեղ չեմ: Եթե հաշտվեմ կորստի հետ, կնշանակի ես պարտված եմ, հանձնվում եմ: Ես ես չեմ լինի»:

Ասրյանի խոսքով՝ եթե վերանա արհավիրքների ազդեցություններից, ինքը նախընտրում է բնապատկերներ ստեղծել, որովհետև իր համար բնությունը միջոց է՝ արտահայտելու իր հույզերը, իր փիլիսոփայությունը, ցույց տալ բնության և մարդու անբաժանելի փոխկապակցվածությունը, բնության ներդաշնակ գեղեցկությունը և ուժը, սակայն այդ ամենը որպես իր «տեսած, զգացած Արցախի մաս. «Ես նկարում էի Արցախը՝ մի կողմից աշխարհին ցույց տալու, որ այս հողակտորը հայկական է, իր ժողովրդի հետ խոսում է հողը, լեռը, ցույց տալու մեր շքեղ եկեղեցիները, բացի այդ՝ նաև ցանկացել եմ ընդգծել, որ հայկական Արցախն աշխարհի անկրկնելի գրավչություն ունեցող վայրերից է: Իսկ մյուս կողմից՝ ցանկացել եմ Արցախը յուրովի բացահայտել հայերի, հենց արցախցիների համար, որովհետև շատերը ծանոթ չեն այն վայրերին, ուր ես գնացել եմ հատուկ նկարելու համար: Այդպիսով ցանկացել եմ, որ նրանք լավ ճանաչեն հայրենի հողը, բնաշխարհը և նրա հետ կապն ամրանա և փոխի մարդու արժեքները»: Ասրյանի համոզմամբ՝ առանց այդ կապի մարդը չի կարող լիարժեք գտնել իրեն: Ասրյանն ընդգծեց նաև, որ իր համար Արցախն ավելի շատ ասոցացվել է աշխույժ, ուրախությամբ ու գույներով լի կյանքի, ազատության, ուժեղության, ստեղծագործ, աշխատող մարդկանց հետ և հենց այդ պատճառով Արցախը սև ու սպիտակ գրեթե չի նկարել, անգույն նկարողներին էլ հարցրել է՝ ինչու են այդպես նկարում: Հիմա հույս ունի, որ իր նկարները կհիշեցնեն այդ ամենի մասին, որ ավելի շատ լուսավոր հույզեր կառաջացնեն, ուժ ու լավատեսություն կներշնչեն, քան՝ անհուսություն, տխրություն, կօգնեն կարոտն ու սիրտը թեթևացնել, որովհետև, իր տեսանկյունից, եթե վատ է, եթե կորուստներ ունես, պետք է հիշես լավը, բարին, որ ապրելու հավասարակշռությունը պահես: Որպես արցախցի՝ շատ-շատ է կարևորում, որ արցախցիները հիմա ուժեղ լինեն, հավատով լի ու, անկախ ամեն ինչից, չմոռանան՝ ինչքան մեծ զոհողություն, կորուստներ ենք տվել Արցախի համար, որ պետք է պինդ պահենք հայրենիք վերադառնալու ձգտումն ու երազանքը, չդադարենք պայքարել Արցախի գոյության իրավունքի համար. «Արցախի հողը, լեռները կարոտով սպասում են իրենց տիրոջը»: Շատ դժվար է, գուցե և անհնար հերքել այս խոսքերը, երբ դիտում ես մի ջերմ նկար-հեքիաթ, որում ուշադրությունդ անմիջապես սևեռվում է աներևակայելի, իրական պայծառությամբ շողացող Հարդագողի աստղալից ճանապարհին, ապա Սուրբ Հակոբավանքին՝ ներսից լուսավառ և իր «բախտը պահած» աստղերի հետ անմեկնելի, զվարթ երկխոսության մեջ: Այդ հեքիաթը պատմում է, որ աստղային լուսավոր ճանապարհը հենց քո երազանքի բախտավոր ուղին է, դու էլ հարդագողի ճամփորդը, որ անհոգնել, դժվարությունների դեմ մաքառելով, քո հավատն ու լույսը վառ պահելով, քո Հակոբավանքով անպարտ գնալու, հասնելու ես ամենափայփայած տենչերիդ:

Ինչպես և սպասելի էր, այցելուների  գերակշռող մասն արցախցիներն էին, և սրահի մթնոլորտը հակասական հույզերի «ծաղկաբույլ» էր հիշեցնում՝ հիացմունքից մինչև տառապանք, անհանգստությունից, տագնապներից մինչև ոգեշնչվածություն, սպասում, որ լուսանկարչի նկարած մայրմուտների նմանողությամբ գույներ դարձած անտես ձուլվում էին իրար, փոխազդում, բայց և առանձին վառ արտահայտվում: Ըստ լուսանկարչի նկատելի էր ինչպիսի յուրահատուկ հուզականությամբ են Հայաստանի տարբեր կողմերում ցրված արցախցիները ծանոթ հայացքներ փնտրում, գտնում, հետո երկար զրույցի բռնվում, որի մեջ շատ հաճախ ոչ թե բառերով, այլ լուռ հայացքով են կիսում ու հասկանում այն, ինչ չեն կարող կիսել բռնի տեղահանության, հայրենազրկման մղձավանջը չվերապրած մարդկանց հետ: Խոսակցություններն ու հայացքները, բնականաբար, ավելի շատ իրենց՝ անտեսանելի մշուշով պատված ապագայի տագնապներով էին լցված: Երբ ավելի ուշադիր էիր հետևում, նկատում էիր՝ ինչպես են շատ հայացքներ մերթ-մերթ կարոտով, սպասումով ուղղվում դեպի նկարներից նայող վեհաշուք եկեղեցիները՝ աներևույթի հետ խորախորհուրդ զրույց բացած, ճերմակագլուխ հպարտ Շուշիի Սուրբ Հովհաննես եկեղեցին, աստղերի հետ երազող թե աղոթող Գանձասարի վանքը և Հակոբավանքը, Վանքասարի եկեղեցին, դեպի խաղաղ մայրամուտները, լուսաբացները, արցախահայության այժմյան հոգեվիճակին հարազատ անթափանց, անվերջ ու համասփյուռ մշուշները, դաշտերն ու բլուրները, Հոնուտի կիրճը, Իշխանաձորը, Լիսագորը, Դիզափայտը: Թվում էր թե  նրանցից անպատասխան հարցերի պատասխանին են սպասում: Կարծես հուշում էին ուզում՝ արդյոք նորից լինելու են այդ վայրերում: Մտքի սևեռումից էր, թե այլ բան, բայց զգացողություն էր, որ լուսանկարները թիկունքից իսկապես պատասխանում են. «Արցախը դուք եք»: Ասրյանի լուսանկարների առաձնահատկությունը նրանց  բնականությունն է, անկեղծ, խոսուն լինելը: Հատկանշական է, որ վարպետությամբ արված լուսանկարներն առանձնանում են տարածական, մասշտաբային ընդգրկում ունեցող և միևնույն ժամանակ յուրաքանչյուր մասն ասեղնագործի նրբությամբ ընդգծված, բնական ու խորհրդավոր պատկերներով, որնք լի են ջերմ շնչով: «Նկարել բնության պես, ծավալել բնության պես, մեռցնել բնության պես…». Հրանտ Մաթևոսյանի՝ Հակոբ Մնձուրու գրականությանը տրված այս գնահատականով կարելի է նաև բնորոշել Սևակ Ասրյանի լուսանկարների գեղագիտական, գաղափարական յուրահատկությունը: Այս առումով շատ խորհրդանշական ու գողտրիկ պատկերներից է Շուշիի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ ճերմակ, հպարտ գմբեթով, և անկախ այն բանից,որ  հայկական ամեն ինչ ոչնչացնելու Ադրբեջանի մոլուցքը չի խնայել նաև 1818 թվականին կառուցված գեղեցկուհուն (այժմ եկեղեցու գմբեթն ավերված է), նա այսպես անխաթար, կանգուն հսկելու է, աղոթք է բարձրացնելու երկին: Արևի արտասովոր պայծառ լույսը քամու հետ օրորում են եկեղեցուն շրջապատող, նրան հպարտորեն խոնարհված ծառերը, և զգացողություն է, որ խմբերգի պես միացել են ժամերգության երգերին կամ սաղմոսներին: Եվ թվում է՝ այս պատկերը միշտ այսպես է մնալու, և ոչ մի արհավիրք չի կարող խաթարել այն: 

Իսկ ինչո՞ւ «Հիշողության ուժը» և ինչպիսի՞ ներքին տագնապների, խմորումների արդյունք է այն: Արցախցի լուսանկարիչն ասում է, որ վերջին հինգ ամիսներին ցավով նկատել է՝ կամա թե ակամա միտում կա՝ անտարբերության մատնելու, մոռանալու, խանգարող իրի պես անկյուն մղելու ընդամենը հինգ ամիս առաջ մեզ հետ կատարված ամենաամոթալի, հակամարդկային ոճրագործություններից մեկը, երբ հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը մնացել է առանց հայի: Ու թեև հասկանում է մեր փոքր երկրի շատ մեծ գոյաբանական խնդիրները և փոքր հնարավորություներն ու միջոցները, անզորությունը, մարդկանց ձգտումը՝ հիշողության կամ ամոթի բեռի տակ չկքելու և կյանքը շարունակելու, հարմարվելու հրամայականը, բայց իր՝ արցախցու, արվեստի մարդու համար առանց դիմադրության հանձնվելը, տան կորստի հետ հաշտվելն անընդունելի է, ամոթալի: Նա հավատում է՝ հիշողությունն է որ կարող է հաղթել անգամ ամենակուլ ժամանակին, անգամ՝ բնությանը, ու ինչքան էլ այն ցավոտ, ծանր լինի, միևնույն է՝ ինքնապահպանման միջոց է, որին առերեսվելով միայն կարող ես ճիշտ հասկանալ քեզ ու կյանքիդ ճանապարհը: Ըստ լուսանկարչի՝ պետք է փորձել այն պաշտպանել գեղեցիկ արվեստների, մշակույթի, երաժշտության, գրականության, մեդիայի միջոցով. «Առանց հիշողության մարդը մարդ չէ: Մոռանալ, կնշանակի՝ դավաճանել կռված զինվորիդ, քո պատմությանը, քեզ: Պատվի հարց է հիշելը, պահանջելը»: Նրա համոզմամբ՝ Արցախ հնարավոր է վերադառնալ, բավական է բոլոր հայերի միասնականությունն Արցախի հայկականությունը փրկելու նպատակի շուրջ»:

Ասրյանը, թեև վաղուց է լուսանկարում, բայց մինչև օրս չի հաշտվում, երբ իրեն անվանում են լուսանկարիչ, և հիմնականում հակադարձում է. «Ես լուսանկարիչ չեմ, ուղղակի ցանկացել եմ լավ լուսանկարներ ունենալ և արդյունքը ցույց տալ, կիսել մյուսների հետ ցուցահանդեսով կամ ալբոմով»: Նա պատմում է, որ լուսանկարելու հանդեպ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 14 տարեկանից՝ հոր շնորհիվ, սակայն այն ընդհատել է Արցախյան առաջին պատերազմը, որին մասնակցել է նաև իր հայրը: Իրավիճակը փոխվել է, երբ բանակային ծառայությունից հետո հայտնվել է Ուկրաինայում. «Զգացի, որ ներքին անհագ պահանջ եմ զգում՝ իմ ապրած գրեթե յուրաքանչյուր պահն անընդհատ ֆիքսելու: Իսկ երբ վերադարձա Արցախ, զգացի, որ այդ պահանջը չպիտի մնա որպես սիրողական հետաքրքրություն, ինքս ինձ արտահայտելու չիրականացրած երազանք, ու սկսեցի լուսանկարել և ցույց տալ: Խոստովանում եմ, երբ լուսանկարներիս մասին բավականին շատ բացասական կարծիքներ լսեցի, ինքս ինձ ասացի՝ ինչու է իմ լուսանկարն ավելի վատ, քան մյուս լուսանկարչինը, եթե ես ներքուստ ունեմ զգացողություն, որ ես կարող եմ առանձնահատուկ, բոլորից տարբերվող նկարել, որովհետև ես ունեմ իմ յուրահատուկ հայացքն ու իմ հուզաշխարհը և կարող եմ մյուսների պես լավ լուսանկարել»: Իր ներքին համոզմունքն իրականություն դարձնելու նպատակով էլ սկսել է համառ ջանքերով ինքնակրթվել բոլոր հնարավոր միջոցներով. «Սկսեցի օնլայն դասընթացներ դիտել, խորացնել իմացությունս լուսանկարչության մասին: Սովորածս  փորձում էի չարչարվելով: Սխալվում էի, բայց հետ չէի կանգնում, չէի հուսահատվում: Ու այդպես հասկացա, որ ֆոտոխցիկը դարձել է իմ անբաժանելի մասնիկը: Եթե սկզբում պատահական վայրեր էի նկարում, հետո արդեն՝ նախապես ընտրված, հատուկ վայրեր: Նույնիսկ եղանակն էի հատուկ ընտրում: Այդպես շարունակվեց մինչև ծանոթացա շատ արժեքավոր մի աշխատության՝ Շահեն Մկրտչյանի «Արցախ. Պատմամշակութային համառոտ ակնարկ»-ին, ինչպես նաև շփվեցի այլ ոճի լավ լուսանկարիչների հետ: Այդ երևույթները շատ բան փոխեցին. դրանից հետո սկսեցի փնտրել և գտնել իմ չտեսած վայրերը, նկարել իմ չտեսած հուշարձանները, հոգևոր-մշակութային կոթողները»: «Լավ, տաղանդավոր լուսանկարիչ» բնորոշումներին Ասրյանը հակադարձում է. «Երբ ինձ ասում են՝ դու շատ լավ նկարիչ ես, իսկ նման բան հաճախ են ասում, ես ուզում եմ հակադարձել՝ յուրաքանչյուր նկարիչ, որ ինձ ինչ-որ բան է կարողանում սովորեցնել, ուրեմն ինձնից լավ է լուսանկարել ինչ-որ բաներ: Ընդհանրապես, լուսանկարիչ չհամարվող յուրաքանչյուր ոք, երբ լավ որակով, յուրահատուկ լուսանկար է ստանում՝ ինչ-որ կարևոր, գեղեցիկ պահ հայտնագործելով և ֆիքսելով, ինքը դառնում է լուսանկարիչ: Խոսքը տեխնիկական, մեխանիկական որակի մասին չի միայն, այլ՝ տեսնելու խորության, նրբազգացության, շատ չկրկնված, նոր, հետաքրքիր վայրեր, պատկերներ գտնելու մասին է, երբ լուսանկարիչը չի ձգտում անընդհատ շատերին հայտնի ու սիրելի նույն վայրերը նկարել՝ շատ դիտումներ ունենալու համար»:

Տեղահանումից հետո լուսանկարիչն էլ ավելի անպատեհ է համարում պերճախոս բաներ ասել իր բնապատկերների ազդեցության մասին, ուղղակի կարևոր է համարում, որ իր լուսանկարները դիտողի հետ երկխոսեն, նրան անտարբեր չթողնեն, հույզեր առաջացնեն՝ ուրախ թե տխուր՝ էական չէ, որովհետև համաձայն է մտքին, որ ապրելը, կյանքը հենց հոգևոր թրթիռներն են, որոնք այլ գույն ու իմաստ են հաղորդում մարդու ապրածին. պատահական չէ, որ մարդիկ միշտ ձգտում են հույզերն ու զգացմունքներն կրկնել: «Եթե այս ամենը չլինի, ուրեմն ես այդքան էլ հաջող չեմ նկարել»,- ասում է նա:

Արցախցի Անուշ Ղավալյանը, որը լավ է ճանաչում Սևակ Ասրյանին, տեսել է՝ ինչ ջանքերով ու նվիրումով է նա աշխատում, և առանձնակի ոգևորությամբ նշում է, որ նրա լուսանկարների շնորհիվ միանգամից տեղափոխվում է Արցախ, վերապրում այնտեղ ապրած անմոռանալի ակնթարթները, ընդհանրապես ապրած կյանքը, անցած ճանապարհը, բայց մյուս կողմից սիրտն անպատմելի տխրությամբ, կարոտով է լցվում: «Լուսանկարներում ներկայացված համարյա բոլոր վայրերում եղել եմ, որոշներում՝ հենց Սևակի հետ եմ եղել ու կարող եմ հավաստել՝ Արցախի շունչը այդքան հարազատ ու գեղեցիկ, խորը, բնական, ջերմ սիրով նկարող մեկ այլ լուսանկարիչ դժվար թե գտնվի: Նա հնարավորություն է տալիս զգալ քամու օրորը, արևի լույսը, գետի ջրի ձայնը, կարող ես զգալ ամպերի ու սարերի հանդիպման միստիկ, հրաշալի պահերը: Իմ սիրած նկարները հենց մշուշապատ լեռներն են. ավելի հարազատ են իմ ապրումներին, ավելի լավ են թարգմանում հույզերս: Բացի այդ, Սևակը մասշտաբային, միևնույն ժամանակ նրբանկատ լուսանկարիչ է»- ասում է, ապա հավելում, որ Սևակի նկարներում գերիշխողը սերն է Արցախի և բնության հանդեպ: Նրա նկարների գրավչության հիմնական գրավականը պարզ, բարի մթնոլորտն է, անկեղծ վերաբերմունքը: «Նկարներին նայելիս էլ համոզվում եմ՝ անհնար է հաշտվել և չեմ հաշտվում Արցախի կորստի հետ: Ոչ միայն հավատում եմ, որ նորից լինելու եմ լուսանկարների վայրերում, այլ այդ ուղղությամբ այժմ էլ ակտիվ աշխատանք եմ կատարում: Իսկ մինչև այդ նպատակին հասնելու ճանապարհին մենք ավելի ենք կառչած մայր Հայաստանից, նրա ուժեղության ու լինելիության համար պետք է մեր ջանքերը, մեր ներուժը գործադրենք»,-ամփոփում է Անուշը:

 

Թամարա Ղազարյան

 

... ... ...