Սերն ու կյանքը ճոճանակի վրա․ «Լակոտը»

Ինչպե՞ս գրել ներկայացման մասին, որը հոբելյանական է, ի հիշատակ է, հարգանքի տուրք է թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանին, նրա ծննդյան 95-ամյակի առիթով է, նաև թատրոնի հիմնադրման 33-ամյակի առիթով։
Համազգային թատրոնի նոր՝ «Լակոտը» ներկայացման հիմքում Սոս Սարգսյանի համանուն վիպակն է:
Դերասանի կենդանության ժամանակ հրատարակված «Կանչ» գրքում իրեն գրող չհամարող Սոս Սարգսյանն իր մանկության տարիների իրական պատմություններին է անդրադարձել, վիպակները փոքր քաղաքը ցնցող մատնության, բոլորի լուռ հայացքի տակ խորտակված սիրո՝ «Լակոտը», սառչող ոտքերի՝ «Ոտնամաններ», մասին են։
Որքան էլ վերջին տարիներին համազգայինցիները արձակը բեմ հանելու լավագույն փորձն ունեն՝ «Փափլիկը», «Խատուտիկի գինի», գուցեև ներկայացման բեմադրիչների /Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան/ համար բարդ էր և՛ վիպակը բեմ բարձրացնելը, և՛ թեման։ Հաջողվե՞լ է արդյոք թեմային անդրադարձը։
Պատմական ռեմարկ
«Սովետական Ռուսաստանում լեռնացած է երեսուն տարիների անպատմելի վիշտն ու թշվառությունը։ Տուն չկա, որ պատերազմում մի զոհված, Չեկայի նկուղներում երկու գնդակահարված, Սիբիրում երեք աքսորված, բանտում չորս կալանավոր չունենա»․ Լեռ Կամսար, «Կարմիր ծիծաղ», 1951թ, անտիպ։
Միլիոնավոր բռնաճնշվածներից հայ երգիծաբան Լեռ Կամսարի չափազանցված-գրոտեսկային միտքն աղետի ծավալների մասին է։ Թեմայի պատմա-գեղարվեստական անդրադարձում՝ Սոլժենիցինի «Գուլագ արշիպելագում», միլիոնններով է հաշվվում բռնաճնշումների զոհերի թիվը, զուգահեռվելով երկրորդ համաշխարհայինի մարդկային կորուստների հետ։
Թեման արգելված էր, և 80-ականների վերջին Հայաստանում լույս տեսած միակ արգելված գիրքը երկու անգամ աքսորված Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարերն» էր․ աքսորի մարդկային պատմություն, տաղանդավոր ու հուզիչ։
Մալյան թատրոնում Հրաչյա Քոչարի «Կարոտ» ներկայացման հաջողությունը թեման էր նաև, թեև երկրորդված կարոտով՝ հայրենիքի հանդեպ տածած «անուշ-անուշ տխրությամբ»։ Վերջին լավագույն անդրադարձը Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացին» ֆիլմն է, որը հասավ մինչև Օսկարի կարճ ցանկ։ Եվ տպավորություն կա, որ համազգայինցիները պիեսն ընտրելիս սա էլ են նկատի առել։
Բռնադատվածների հիշատակի օր կա՝ հուլիսի 14, որի մասին քչերը գիտեն, ու թվում էր տաբուն հանված էր, և շատ էին գրելու կամ բեմադրելու, նկարահանելու, բայց Հայաստանը հիշելու համար շնչելու ժամանակ չունեցավ։ Սումգայիթ, Բաքու, փախստականներ, չորսամյա պատերազմ, զինադադար, քառօրյա ու քառասունչորսօրյա պատերազմ, ցեղասպանության փորձ․․․
«Ժողովուրդների հայրը» մեկ մարդ էր, բայց չէ՞ որ միլիոններով մատնիչ են եղել՝ հայրենակից, դրկից, ազգական։ Դրանցից մեկի «արդարացումը» մերժված սերն է։ Լավ լուր մեր թատրոնների և հայ դերասանների համար՝ միմյանց մատնելու դեպքերը եղել են նվազագույն, ինչը պատիվ է բերում դերասանական համայնքին, ի տարբերություն․․․
Սոս Սարգսյանին թեման հուզել է անդարձ, ու նա տասնամյակներ անց գրել է «Լակոտը»․ սիրո իրական պատմություն Հայաստանի ևս մի դժվար ժամանակում, որի հերոսները մատնության զոհ են դառնում:
Ներկայացումը
«Լակոտը» ներկայացումը բեմադրվել է իրական անշահախնդիր սիրո, խորտակված սիրո շեշտադրումով ու դիտանկյունով․ սիրային եռանկյունի է, լուծումն էլ ժամանակին շնչին համաձայն՝ մատնությամբ։
Ներկայացումը բացվում է 1937-ի ինքնին հասկանալի տեսարանով․ կտտանք, դույլի մեջ ջրահեղձում, բանադրանք՝ անտիպ տողերի համար։ «Քռից ջուր խմելու» հիշատակումով բանաստեղծությունը շատ է հիշեցնում Չարենցի հայտնի տողը՝ «թիֆլիսցի նեղճակատ կինտոն»։ Շարունակությունը բեմականորեն հետաքրքիր-հուզիչ էր՝ մայրական, քրոջ հոգատարությամբ հանկարծակի հայտնված գիշերային բարի ոգիները ջրով ցողում ու բժշկում են մարած երիտասարդին, ամոքում մարմինն ու հոգին։
Հաջորդ տեսարանում արդեն բարի ոգիները գլխավոր հերոսի դասընկերուհիներն են։ Երիտասարդ բոլշևիկի անունով քաղաքում՝ ոչ գյուղ, ոչ քաղաք բնակավայրում, հարևան ու համադասարանցի Գրիգորը/ Անդրանիկ Միքայելյան/, Կառլենն /Հայկ Պետրոսյան/ ու Թագուհին / Միլենա Ղազարյան/ ուրախ ընկերախումբ են։ Տղաները սիրահարված են գեղեցկուհի, առույգ, աղմկարար օրիորդին, բայց աղջկա ընտրությունը Գրիգորն է։ Մի քիչ ընդդիմություն առաջացնող, ներկայացման մեջ հաճախ հնչող «լակոտ» բառը մեկ տեղ է հնչում տեղին ու արժանահավատ։ «Է՜յ, մեծահոգի լակոտ, մեկ էլ քեզ խեղճացած չտեսնեմ»․ Թագուհու սիրո արտահայտվելու լավագույն ձևն է։
Աղջիկների դպրոցական համազգեստը՝ ճերմակօձիք, վերհիշության ու մոդայիկի համադրությամբ է, իսկ դասարանի ու ներկայացման թագուհին ասես գունագեղ, ծաղկային ու գեղեցիկ շրջազգեստների հրավառություն է ցուցադրում /զգեստները՝ Թամարա Բարոյանի/։ Բեմի նույն քառակուսին քաղաքի հրապարակ էր, որ հարմար էր հեղափոխական քայլերթի փողային նվագախմբի համար, ըստ հարկի դասարան, համալսարանական լսարան՝ մայրաքաղաքում, ննջասենյակ, փողոց, գետափ։ Ժամանցի միակ վայրը, ավանդական յոթ քարով ու պարանով, և ազարտային ճոպանով։ Մինչև երկինք սուրացող ճոպանը գործող անձ է, հերոսների ճակատագրական իրավիճակների վայրը և վկան /բեմանկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան/։ Ճոպանի վրա սիրային տեսարանները երկչոտ-հայկական չէին, բայցև գեղեցիկ էին, եթերային, աննյութական․ սա ներկայացման հեղինակներին հաջողվել է ամենից շատ․ երևի այդ պատճառով էլ շատ դրվագներ կային։ Գրիգորի սիրահարված հայացքը չկա, թաքնված է աղջկա վարսերի մեջ։
Դրա փոխարեն մերժված սիրահար Կառլենի՝ խանդից կանաչած զայրալից հայացքն է, և ուսանող երիտասարդ կոմունիստը որոշում է ախոյանին հեռացնել կեղծ մատնությամբ։
Հիշվող է մեղրածոր խոսվածքով վավաշոտ դասախոսի՝ ուսանողուհի Թագուհուն հարցապնդելու սառնաշունչ տեսարանը․ «Ափսո՜ս, ափսո՜ս, մի վտակ կարող էինք փրկել»։ Թագուհին հասկանում է ճշգրիտ՝ իրենց սերը վտանգված է, ու որոշում են հեռանալ մայրաքաղաքից։ Բայց աղետի շոշափուկներն ամենուր են, և լուր է տարածվում, որ գիշերը Գրիգորին տարել են, տարե՜լ են, և ով, ուր, ինչու հարցերը չեն էլ հնչելու։
Երևի ներկայացման լավագույն ու հուզիչ տեսարանն է՝ ճոճանակի վրա Թագուհու դեմքը չի երևում, մարմինը՝ երկատված, կիսված, անօգնական հետուառաջ են անում մանկական սրունքները, վարսերով ավլում է գետինը, երկար, անձայն-բարձրաձայն նվվոցն է լսվում։ Աղաղակն անձայն է ու անբառ․ խորտակվեց երկու կյանք։
Նորահարս Թագուհին փարաջանովյան նկար-կոլաժ է, խոսուն, բազմիմաստ, գեղեցիկ։ Դերասանուհին քարացած վիշտ է՝ պատի իր նկարը։ Կառլենը հագնվեց, սպիտակ վերնաշապիկի վրա փողկապը կապեց, գնաց կոմկուսի շրջկոմ աշխատանքի, համոզված՝ «իմն է Թագուհին»։
Թագուհին դարձավ նրա կինը, բայց նրանից միշտ ցուրտ է փչելու։ Հայկ Պետրոսյան-Կառլենը հետաքրքիր էր իբրև խանդող ու զայրացած սիրահար, և տեքստով ու խաղաոճով անհավաստի՝ մեղայականի տեսարանում։
Սիբիրից փախած Գրիգորին բարձրաստիճան չեկիստ-Սերգեյ Թովմասյանի գիշերային կարճ երևումի ժամանակ հնչած հարցին՝ ինչու ես օգնում, պատասխան է հնչում՝ հայ եմ, ասես ասելիս լինի՝ մարդ եմ։ Գուցե սա է ներկայացման բանալի բառը՝ մարդ մնալը։
Տառապած, թոքախտավոր, ցրտահարված ձեռքերով Գրիգորն այդուհետ արյուն է թքելու և հատակ ու պատեր ճանկռելու սեփական, կամ մորեղբոր տանը՝ գյուղում, լսելու հարազատ հոգի քեռու /Գագիկ Մադոյան/ իմաստուն-լոռեցիական խորհուրդներն առ այն, որ չի վերադառնալու իր նախկին կյանքը, Թագուհին։ Քննարկելու հարց է, արժե՞ր հղիի նատուրալիստական տեսարանը՝ արհեստական ձնամրրիկի տակ, ևս մեկ սև գույն հավելելով Կառլենի մատնիչ կերպարին, և հավելյալ դժբախտություն՝ Թագուհուն։
Դավիթ Հակոբյանն ու Տաթև Ղազարյանը թատերականացված ընթերցանության ժանրի մեջ էին։ Սոս Սարգսյանի «շուքին տակ» անցնող ներկայացման մեջ Դավիթ Հակոբյանը երբեմն պատմում էր Սոսի հարազատ հնչերանգով, ծոր տալիս արտիստի ու շատերիս սիրած երգը՝ «Դռդո՜․․․ շաբաթմ-էրկուս երթանք չոլեր»։ Մեկ անգամ էլ Լևիտանի ձայնով սեղանին դրված գրամոֆոնից ազդարարեց ժողովուրդների հոր վախճանը։
Գայանե Մկրտչյան
թատերագետ


