Սերգեյ Դովլաթով. «Ոչ միայն Բրոդսկի»

«Ոչ միայն Բրոդսկի» գիրքը Սերգեյ Դովլաթովի մանրապատումների մի ամբողջ պատկերասրահ է ներկայացնում, որում դովլաթովյան ոճով ուրվագծվում են ռուս  մտավորականության տարբեր սերունդների ամենահայտնի դեմքերը՝ Ակսյոնովը, Բիտովը, Սպիվակովը, Վոզնեսենսկին, Կորժավինը, Ռոստրոպովիչը, Վիշնևսկայան, Նուրիևը և  այլոք: Գրքի համահեղինակն է Մարիաննա Վոլկովան, որի հեղինակային լուսանկարների համար է  Դովլաթովը գրել այդ տեքստերը: «Ոչ միայն Բրոդսկի» գրքից «ArtCollage»-ն իր ընթերցողներին  է ներկայացնում մանրապատումներից մի քանիսը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի թարգմանությամբ:

 

***

Արամ Խաչատրյան

Խաչատրյանը եկել էր Կուբա։ Հանդիպեց Հեմինգուեյին։ Պետք էր ինչ-որ կերպ բացատրվել։ Խաչատրյանն անգլերեն ինչ-որ բան ասաց։ Հեմինգուեյը հարցրեց․

-Դուք անգլերեն խոսո՞ւմ եք։

Խաչատրյանը պատասխանեց․

-Մի քիչ։

-Ինչպես և մենք բոլորս,- ասաց Հեմինգուեյը։

Որոշ ժամանակ անց Հեմինգուեյի կինը հարցրեց․

-Ինչպե՞ս ձեզ տրվեց անգլիական առոգանությունը։

Խաչատրյանը պատասխանեց․

-Կարգին լսողություն ունեմ։ 

 

Բելլա Ախմադուլինա

Մարդու պաշտամունքի մերկացումից հետո էր։ Ճամբարներից բազում գրողներ էին վերադարձել, այդ թվում արդեն ոչ երիտասարդ Գալինա Սերեբրյակովան։ Նրան առիթ ընձեռվեց ելույթ ունենալ մի գրական կոնֆերանսում, որի ընթացքում նա կոֆտան արձակեց՝ ցուցադրելով բանտային խոշտանգումների հետքերը։ Ի պատասխան ցինիկ Սիմոնովը նկատեց․

-Այ եթե դա աներ Ախմադուլինան․․․

Հետագայում Սերեբրյակովան Մարքսի մասին հաստ գիրք գրեց, հավատարիմ մնաց կոմունիստական գաղափարներին։

Ախմադուլինայի հետ ամենն այդքան պարզ չէ։

 

Վասիլի Ակսյոնով

Ակսյոնովը տաքսիով գնում էր Նյու Յորքով։

Նրա հետ գրական գործակալ էր։ Ամերիկացին տարբեր հարցեր է տալիս։ Մասնավորապես.

-Ինչո՞ւ  է տարագիր ռուս գրողների մեծ մասն ապրում Նյու Յորքում։

Հենց այդ պահին քիչ մնաց վթար լիներ։ Վարորդը վրդովված բղավում է․

-Քու մերը․․․

Վասիլին ասում է գործակալին․

-Հասկացա՞ր։

 

Վագրիչ Բախչանյան և Էդուարդ Լիմոնով

Մի անգամ հարցրի Բախչանյանին․

-Դու հա՞յ ես։

-Հայ եմ։

-Հարյուր տոկոսո՞վ։

-Նույնիսկ հարյուրհիսուն։

-Էդ ո՞նց։

-Անգամ մեր խորթ մայրն էր հայ։

Սա պատահել է մի գրական կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին նաև Լիմոնովը և Կորժավինը։ Վերջում բանավեճ էր։ Ամեն ելույթ ունեցողին յոթ րոպե էր հատկացվում։ Կորժավինի հերթն էր։ Յոթ րոպե նա հայհոյում էր Լիմոնովին բարոյազանցության համար։ Ի վերջո նախագահն ասաց․

-Ժամանակը սպառվեց։

-Ես դեռ չեմ ավարտել։

-Բայց ժամանակը սպառվել է։

Խառնվեց Լիմոնովը․

-Ինձ նույնպես ժամանակ է հատկացված։

-Յոթ րոպե։

-Կարո՞ղ եմ դա տրամադրել Նաում Կորժավինին։

-Ձեր իրավունքն է։

Եվ Կորժավինը յոթ րոպե էլ հայհոյեց Լիմոնովին բարոյազանցության համար։ Ընդ որում հիմա արդեն նրա հաշվին։

 

Լիլյա Բրիկ

Մայակովսկու ինքնասպանությունը մեզ համար ողբերգական առեղծված է մնում։ Շատերը նրա մահվան համար մեղադրում են Լիլյա Բրիկին։ Նա, ոնց ասում են, սիրային եռանկյան ներքնաձիգն էր։ Տունը լցնում էր Չեկայի աշխատակիցներով և այսպես շարունակ։

Ինքը Լիլյա Բրիկն այլ վարկած էր տարածել։ Ըստ որի՝ Մայակովսկին խոր հակում ուներ առ ինքնասպանությունը՝ մահվան մոլագար ծարավի պես մի բան։

Ավելին՝ Մայակովսկին նախկինում էլ էր ինքնասպանության փորձ կատարել։ Բայց ձգանում միակ փամփուշտով ատրճանակը չէր կրակել։ Լիլյա Բրիկն այդ փամփուշտը խնդրելով վերցրել էր Մայակովսկուց, և դա իր անմեղության ապացույցի պես մի բան էր։

Այդ ամենից, ցավոք, վատ հոտ է գալիս։ Առհասարակ ինչ-որ մեկի մահվան ֆոնին աղետալիորեն դրսևորվում է ցանկացած անհամություն։

Զուր չէր բանաստեղծ Կրուչոնիխն ասում․

-Մահանալ, թե արիությունը բավի, ճաշակով․․․

 

Բուլատ Օկուջավա

Յոթանասունականներն էր։ Բուլատ Օկուջավայի հիսնամյակն էր: «Գրական թերթը» նրան չշնորհավորեց։

Որոշեցի անծանոթ բանաստեղծին հեռագիր ուղարկել։ Ոչ ստանդարտ տեքստ մտածեցի, այն է՝ «Առողջ եղիր, աշկերտ»: Դա իր վաղ վիպակներից մեկի վերնագիրն էր։

Մի տարուց առիթ ունեցա ծանոթանալու Օկուջավայի հետ։ Եվ հիշեցրի նրան հեռագրի մասին։ Վստահ էի, որ դրա ոչ ստանդարտ բովանդակությունը բանաստեղծի հիշողությունում կմնար։

Պարզվեց, որ Օկուջավան հոբելյանական օրերին հարյուրից ավելի հաղորդագրություն է ստացել, որոնցից ութսունհինգում ասվում է․«Առողջ եղիր, աշկերտ»։

 

Ռիտա Ռայտ -Կովալյովա

Մի ժամանակ Վերա Պանովայի քարտուղարն էի: Մի անգամ Վերա Ֆյոդորովնան հարցրեց․

-Ըստ ձեզ՝ ո՞ւմ ռուսերենն է ամենալավը:

Հավանաբար, պետք է ասեի՝ ձեր: Բայց ասացի.

Ռիտա Կովալյովայի։

-Ի՞նչ Կովալյովա։

-Ռայտ:

-Չլինի՝ Ֆոլքների թարգմանիչ:

-Ֆոլքների, Սելինջերի, Վոնեգութի:

-Ուրեմն, Վոնեգութը ռուսերեն Ֆեդինից լա՞վ է հնչում:

-Անկասկած:

Պանովան մտմտաց և ասաց.

-Այդ ինչ սարսափելի է:

Ի դեպ, Գորի Վիդալի հետ, թե չեմ սխալվում, այսպիսի պատմություն է պատահել: Նա Մոսկվայում էր: Մոսկվացիները սկսեցին հյուրին հարցնել Վոնեգութից: Հիանում էին նրա վեպերով: Գոռ Վիդալը նկատեց.

-Կուրթի վեպերը բնօրինակով խիստ տուժում են:

 

Վլադիմիր Սոլոուխին

Այպսիսի ֆանտաստիկ պատմություն եմ լսել:

Դա եղել է դեռ Ստալինի կյանքի օրոք։

Մոսկվա էր եկել Արման Համերը։ Նրան հանդիսավոր դիմավորեցին, անգամ պատվո պահակի պես ինչ-որ բան կար։

Համերն անցավ կուրսանտների շարքի երկայնքով։ Մոտեցավ նրանցից մեկին, դանդաղեցրեց քայլը. նրա առաջ բարձրահասակ և լայնաթիկունք խարտյաշ երիտասարդ էր։

Համերը մոտ մի րոպե նայեց այդ տղային։ Գուցե խորհրդածում էր առեղծվածային սլավոնական հոգու մասին։

Այդ ամենը նկարված էր կինոժապավենի վրա։ Երեկոյան խրոնիկան ցույց տվեցին ընկեր Ստալինին։ Առաջնորդին հետաքրքրեց տեսարանը՝ ամերիկացին հիանում է ռուս դյուցազնով։ Առաջնորդը հարցրեց․

-Ազգանունն ի՞նչ է,-

-Կուրսանտ Սոլոուխին,- անհապաղ պարզեցին և զեկուցեցին ենթակաները։

Առաջնորդը մտածեց և ասաց․

-Արդյոք չեմ կարո՞ղ այդ տղայի համար ինչ-որ լավ բան անել։

Քսան վայրկյանից զորանոց վազեցին հևասպառ զորավարները և մարշալները․

-Որտե՞ղ է կուրսանտ Սոլոուխինը։

Հայտնվեց քնաթաթախ Վոլոդյա Սոլոուխինը։

-Սոլոուխին,- բղավեցին զորավարները,- բաղձալի ցանկություն ունե՞ս։

Կուրսանտը, մտածելով, ասաց․

-Հա ես այստեղ բանաստեղծություններ եմ գրում։ Կուզեի դրանք ինչ որ տեղ տպել։

Երեք շաբաթից տպվեց նրա առաջին գիրքը՝ «Անձրև տափաստանում»։

 

Վլադիմիր Սպիվակով

Սպիվակովին երկար նեղում էին հրեա լինելու համար: Գեղեցիկ ազգանունը չէր փրկում նրան հրեատյացությունից: Նրան կոչումներ չէին տալիս, հյուրախաղերի չէին թողնում, տարատեսակ տհաճություններ էին պատճառում:

Ի վերջո, Սպիվակովը հասավ ԱՄՆ հյուրախաղային ուղևորության: Ժամանեց Նյու Յորք: Գնաց Կարնեգի Հոլլ:

Մուտքի մոտ կանգնած էին Հրեաների պաշտպանության ակումբի տղաները: Նրանց գլխավերևում գրացուցանակ էր կախված. «ԿԳԲ-ի գործակալ, կորչիր այստեղից»: Ու նաև. «Ամեն ինչ սովետական հրեաների պայքարի համար»:

Սկսվեց համերգը: Երաժշտի վրա ներկով բանկաներ թռան: Նրա շապիկը ալ բծերով պատվեց:

Սպիվակովն արիաբար մինչև վերջ նվագեց: Գիշերը զանգեց Վոլկովին, որն ասաց․

-Այս ամենից հետո գուցե ձեզ «վաստակավոր արտիստ» կտան:

-Թող թեկուզև «սպորտի վաստակավոր վարպետ» տան։

 

Սերգեյ Յուտկևիչ և Գրիգորի Ալեքսանդրով

Յուտկևիչը Լենինի մասին մի քանի հանդիսավոր ֆիլմեր է նկարել։ Այդուհանդերձ նա առնվազն մի ստեղծագործական ձեռքբերում ունի՝ հայտնաբերել է Վիսոցկուն։

Յուտկևիչը Մոսկվայի պետական համալսարանի ղեկավարն էր։ Հիսունականներին արտասահմանյան ուսանողների համար պետք էր համերգ կազմակերպել և դիմեցին Յուտկևիչի օգնությանը, որն ասաց․

-ՄԽԱԹ-ի արվեստանոցում շնորհալի տղա կա, իր երգերն է երգում, ոնց որ չորորդ կուրսում է, Մասալսկու մոտ, ազգանունը մոռացել եմ․․․

Յուտկևիչը գերազանց հիշողություն ուներ, բայց ասում էր․

-Արտիստի խորհուրդ տալիս, պետք է իրեն փնտրեն, այդժամ նրան հարգանքով են վերաբերվում․․․

Համերգը կայացավ։ Դահլիճում էր բարձր ղեկավարությունը։ Եվ անգամ ԿԿ քարտուղար Պոսպելովը։ Վիսոցկին մեծ հաջողություն ունեցավ։ Բայց ընկեր Պոսպելովը բղավեց․

-Վերջ տվեք․․․

Բարեբախտաբար, կազմակերպչական եզրակացություններ չհետևեցին։ Համեմատաբար լիբերալ ժամանակներ էին։

Երիտասարդ Ալեքսանդրովն Էյզենշտեյնի աշակերտն էր։ Տեղավորվել էր Պռոլետկուլտի հանրակացարանում։ Այդտեղ մահճակալ էր զբաղեցնում և Իվան Պիրևը։

Էյզենշտեյնը պրիմուս ուներ։ Եվ հանկարծ այն կորավ։ Էյզենշտեյնը կասկածեց Պիրևին և Ալեքսանդրովին։ Բայց հետո եզրակացրեց, որ Ալեքսանդրովը մոդեռնիստ և արևմտական է և հնաոճ պրիմուսը պետք է նրան բարոյապես օտար լինի։ Իսկ Պիրևը, ինչպես ասում են, ժողովրդի ծոցից է։

Այդպես Ալեքսանդրովը և Պիրևը դարձան թշնամիներ և երևան եկավ սովետական երաժշտական կինոկատակերգության երկու ուղղություն։ Պիրյևը նկարում էր ժողովրդական ոգով՝ «Հարուստ հարսնացու», «Տրակտորիստներ», Ալեքսանդրովը աշխատում էր Հոլիվուդի ավանդույթով՝ «Ուրախ տղաներ», «Կրկես»։

 

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի