Սերգեյ Դովլաթով. Հատվածներ «Սոլո ունդերվուդի վրա» ժողովածուից

Մի անգամ Ախմատովայից ժողովածու էր լույս տեսել։ Միշա Յուպը հանդիպեց նրան և ասում է․

-Վերջերս ընթերցեցի ձեր գիրքը։

Հետո ավելացրեց․

-Շատ բան դուրս եկավ։

Ասում են, այդ «շատ բան դուրս եկավ»-ը Ախմատովան մինչև մահը հիշում էր։

 

Մի անգամ աղբամանը դուրս հանեցի։ Սառեցի։ Աղբահորից մի երեք մետր այն կողմ նետեցի։ Տասնհինգ րոպեից մեզ այցելեց բակապանը։ Պարզվեց, որ նա ըստ աղբի հեշտությամբ որոշում է բնակչին և տան համարը։

Յուրաքանչյուր աշխատանքում ստեղծագործելու տեղ կա։

 

Հարևանի տղան ամռանը գնաց Ուկրաինա հանգստանալու։ Վերադարձավ տուն։ Մենք նրան հարցնում ենք․

-Ուկրաիներեն սովորեցի՞ր։

-Սովորեցի։

-Ուկրաիներեն մի բան ասա։

-Օրինակ, մերսի։

 

Խարմսն ասում էր․

-Հեռախոսահամարս պարզ է՝ 32-08։ Հեշտ է հիշվում՝ 32 ատամ և ութ մատ։

 

Մի անգամ հանդիպեցի բանաստեղծ Շկլյարինսկուն՝ բրդե, ձմեռային, արտասահմանյան բաճկոնով։

-Շքեղ,-ասում եմ,- բաճկոն է։

-Այո,- ասում է Շկլյարինսկին,- սա ինձ Վիկտոր Սոսնորան է նվիրել, իսկ ես նրան՝ վաթսուն ռուբլի։

 

Գուբարևը վիճում էր Արյևի հետ․

-Հակասովետական ստեղծագործությունը,- ասում էր նա,- կարող է տաղանդավոր լինել, բայց կարող է և ապաշնորհ դուրս գալ։ Անտաղանդ ստեղծագործությունը, եթե նույնիսկ հակասովետական է, միևնույն է անտաղանդ է։

-Անտաղանդ է, բայց՝ հարազատ,- նկատեց Արյևը։

 

Կինս հարցրեց Արյևին․

-Անդրեյ, չեմ հասկանում, դու ծխո՞ւմ ես։

-Հասկանում ես,- ասաց Անդրեյը,- ես ծխում եմ միայն խմելիս։ Իսկ խմում եմ անդադար։ Ուստի շատերը սխալմամբ կարծում են, որ ծխում եմ։

 

Չիրսկովը ձեռագիրը բերեց խմագրություն․

-Ահա,- ասաց նա խմբագրին,- նոր վիպակս։ Խնդրեմ, ծանոթացեք։ Կուզեի ձեր կարծիքն իմանալ։ Գուցե պետք է ինչ-որ բան ուղղել, վերափոխել։

-Հա, հա,- մտածկոտ պատասխանեց խմբագիրը,- իհարկե։ Վերափոխեք, երիտասարդ, վերափոխեք։

Եվ ձեռագիրը հետ մեկնեց Չիրսկովին։

 

Բանաստեղծ Նայմանին հարցնում եմ․

-Դուք Յուրա Կացենելենբոգենին ճանաչո՞ւմ եք

-Յուրա Կացենելենբոգենի՞ն։ Ինչ-որ ծանոթ է։ Յուրա անունը ինչ-որ տեղ ինձ հանդիպել է։ Հաստատ հանդիպել է։ Կացենելենբոգեն ազգանունը առաջին անգամ եմ լսում։

 

-Տոլյա,- կանչում եմ Նայմանին, - Lև Դրուսկինին հյուր գնանք։

-Չեմ գալիս,- ասում է, - նա ինչ-որ սովետական է։

-Այսինքն, էդ ոնց է սովետական, սխալվում եք։

-Դե հակասովետական, ինչ տարբերություն։

 

Մի անգամ ես ու կինս հյուր էինք։ Խոսք գնաց մեր աղջկանից։ Այն մասին, թե ում է նա ավելի շատ հիշեցնում։ Ինչ-որ մեկն ասաց․

-Աչքերը Լենինինն են։

Եվ բոլորը դա հաստատեցին։

Իսկ Նայմանը հանկարծ ասում է․

-Աչքերը Լենինինն են, քիթը՝ Ստալինինը։ 

 

Մենք հայտնվեցինք նորակառույցների թաղամասում։ Ապակի, բետոն, միանման տներ։ Ես ասում եմ Նայմանին․

-Վստահ եմ, որ Պուշկինը չէր համաձայնվի ապրել այս զզվելի թաղամասում։

Նայմանը պատասխանում է․

-Պուշկինը չէր համաձայնվի ապրել․․․ այս տարում։

 

-Ի՞նչ է նրա հեռախոսահամարը։

-Չեմ հիշում։

Դե, թեկուզև մոտավորապես:

 

- Ձեր մազերն ինչպե՞ս կտրել։

- Լուռ։

 

Գրողների միությունում քննարկում էին Եֆիմովի «Տեսարաններ» վեպը։ Ամեն ինչ շատ լուրջ էր։ Հետո անսպասելի հայտնվեց Լյալենկովը և սկսեց բոլորին խանգարել։ Նա հարբած էր։ Ի վերջո, ոտքի կանգնեց նախագահ Վախտինը և ասում է․

-Լյալենկով, դադարեցրեք խուլիգանությունը, եթե չդադարեցնեք, ստիպված կլինեմ ձեզ հեռացնել։

Ի պատասխան Լյալենկովը փնչացրեց․

-Եթե չդադադարեցնեմ, ինքս կգնամ։

 

Հենրիխ Սապգիրը, շատ տաղանդավոր մարդ, իրեն ապագայի բանաստեղծ էր անվանում։ Լև Խալիֆը նրան նվիրեց իր գիրքը հետևյալ մակագրությամբ․ «Ապագայի բանաստեղծին ներկայի բանաստեղծից»։

 

Վոլֆն ասում էր․

-Հյուր գնալը նորմալ է, երբ կանչում են, սարսափելի է՝ երբ չեն կանչում, բայց ամենալավը՝ երբ կանչում են, իսկ դու չես գնում։

 

Նկարիչ Կոպելյանին դատում էին ալիմենտները չվճարելու համար։ Նրան վերջին խոսք տվեցին։ Իր ելույթը նա այսպես սկսեց․

-Քաղաքացի դատավորներ, պաշտպաններ․․․ կիսապաշտպաններ և հարձակվողներ։

 

Լենինգրադ էր եկել Մարկ Շագալը։ Նրան տարան Գորկու անվան թատրոն։ Այնտեղ դահլիճում նրան տեսավ նկարիչ Կովենչուկը։

Նա արագ նկարեց Շագալին։ Ընդմիջմանը մոտեցավ նրան և ասում է․

-Սա ձեր ծաղրանկարն է, Մարկ Զախարովիչ։

Շագալն ի պատասխան․

-Նման չէ։

Կովենչուկ․

-Իսկ դուք շտկեք։

Շագալը մտածեց, ժպտաց և պատասխանեց․

-Դա ձեզ վրա չափազանց թանկ կնստի։

 

Լենինգրադ էր եկել ամերիկացի կոնգրեսմենների պատվիրակությունը։ Նրանց դիմավորում էր Լենինգրադի մարզկոմի քարտուղար Տոլտիկովը։ Իսկույն զրույց տեղի ունեցավ, կոնգրեսմեններից մեկն այլ բաներից զատ հետաքրքրվեց․

-Լենինգրադում մահացության ի՞նչ ցուցանիշներ են։

Տոլտիկովը վստահ և կարճ պատասխանեց․

-Լենինգրադում մահացություն չկա։

 

Նայմանին զանգահարում է ընկերուհին․

-Տոլեչկա, եկեք ճաշելու։ Ճանապարհին սարդինա վերցրեք, արտասահմանյան, մարոկայական, ու նաև ինչ-որ մուրաբա․․․ Եթե, իհարկե, ձեզ այդ ծախսերը չեն անհանգստացնի։

-Ամենևին չեն անհանգստացնի, քանզի ես ոչ մեկը, ոչ մյուսը չեմ գնի։

 

Նայմանը և իր ծանոթներից մեկը հեռուստացույց էին նայում։ Գեղասահք էին ցուցադրում։

-Հետաքրքիր է,- ասում է ծանոթը,- Բելոուսովն ու Պրոտոպովը այս անգամ աշխարհի չեմպիոն կդառնա՞ն։

Նայմանը հանկարծ բարկացավ․

-Դուք Պրոտոպովի համար մի անհանգստացեք, այլ՝ ձեր։

 

Յաշա Ֆրուխտմանը ղեկավարում էր ծեր բոլշևիկների երգչախումբը։ Ընդ որում ասում էր․

-Հիշողություններ եմ գրում «Ես տեսել եմ նրանց, ովքեր տեսել են Լենինին» վերնագրով։

 

Ինչ-որ գիտական նիստ էր, Մակոգոնենկոն էր ելույթ ունենում, Բյալին ընդհատեց նրան․

-Երկար չվերջացնելը՝ տղամարդու առավելությունն է, տղամարդու, ոչ թե հռետորի։

 

Գրող Չումանդրինը փորկապով էր տառապում, իր արտաքնոցում նա այսպիսի ցուցանակ էր կպցրել․«Դժվար՝ չի նշանակում՝ անհնար»։

 

Մեր ծանոթներից մեկին հարցրել են․

-Ի՞նչ ես դու ավելի շատ սիրում՝ օղի, թե՞ սպիրտ։

Սա պատասխանել է․

-Օյ, անգամ չգիտեմ։ Եվ մեկը, և մյուսն այնքան համեղ է․․․ 

 

-Պատմվածքը տպեցի՞ն։

-Տպեցին։

-Փող ստացա՞ր։

-Ստացա։

-Լա՞վ։

Լավ՝ բայց քիչ։

 

Սերմանները Պուշկինյան թատրոնում էին։ Չերկասովի «Վազքն» էին ցուցադրում։ Ռուֆ Ալեքսանդրովնան սաստիկ անհանգստանում էր։ Հատկապես նրան ցնցեց Չերկասովը գեներալ Խլուդովի դերում։ Նա ասում էր ամուսնուն․

-Ի՞նչ կլինի նրա հետ, ի՞նչ կլինի նրա հետ։

Իլյա Զախարովիչը պատասխանեց․

-Իսկ ի՞նչ կլինի նրա հետ։ Հերթական ստալինյան մրցանակը կտան։

 

Թբիլիսիում «Սովետական գրականության լավատեսությունը» թեմայով կոնֆերանս էր։ Ելույթ ունեցողները բազում էին, այդ թվում Նարովչատովը, որը խոսում էր սովետական գրականության լավատեսությունից։ Նրա հետևից բեմ ելավ վրացի գրականագետ Կեմոկլիձեն․

-Հարց նախորդ հռետորին։

-Խնդրեմ։

-Բայրոնի մասին է։ Նա երիտասա՞րդ էր։

-Ի՞նչ,- զարմացավ Նարովչատովը,- Բայրո՞նը, Ջորջ Բայրո՞նը։ Այո, նա համեմատաբար երիտասարդ է մահացել։ Իսկ ի՞նչ։

-Առանձնապես ոչինչ։ Եվս մի հարց Բայրոնի մասին։ Նա գեղեցի՞կ էր։

-Ո՞վ, Բայրո՞նը։ Այո, Բայրոնն, ինչպես հայտնի է, բավական տպավորիչ արտաքին ուներ։ Իսկ բանն ի՞նչ է։

-Դե, այնպես։ Մի հարց էլ։ Նա ունևո՞ր էր։

-Ո՞վ, Բայրո՞նը։ Դե, իհարկե, նա լորդ էր, դղյակ ուներ, միանգամայն ունևոր էր, և անգամ հարուստ, դա հանրահայտ է։ 

Եվ վերջին հարցը։ Նա տաղանդավո՞ր էր։

-Բայրո՞նը, Ջորջ Բայրո՞նը։ Նա Անգլիայի մեծագույն պոտեն է։ Ես չեմ հասկանում՝ բանն ի՞նչ է։

-Հիմա կհասկանաս։ Այ, տես, Ջորջ Բայրոնը երիտասարդ էր, գեղեցիկ, հարուստ և տաղանդավոր ու վատատես էր։ Իսկ դու ծեր ես, աղքատ, այլանդակ և ապաշնորհ ու լավատես ես։

 

Խորհրդավոր կրոնական գործիչ Լեմկուսն ասում էր․

-Դուք, Սերգեյ, անընդհատ ինձ ձեռք եք առնում, ծաղրում կրոնական և հասարակական գործունեությունս, իսկ այ անծանոթները լիովին վստահում են ինձ։

 

Խորհրդավոր կրոնական գործիչ Լեմկուսը նաև գրող էր։ Ինչ-որ մեկը գրել էր․

-Վարդագույն առավոտյան մայրամուտը դեռատի կնոջ կուրծք էր հիշեցնում։

Ասում եմ նրան․

-Գրիշա, ուշքի եկ, առավոտյան ի՞նչ մայրամուտ։

-Մի՞ թե դա կարևոր է,- արձագանքեց Լեմկուսը։

 

Մի անգամ ասացի Բախչանյանին․

-«Կոմպրոմիս» վիպակ ունեմ, ուզում եմ շարունակություն գրել, բայց դեռ մինչև այժմ վերնագիր չեմ հորինել։

Բախչանյանը հուշեց․

-«Կոմպրոմիսիս»։

 

Թոմաս Վենցլովան պայմանավորվում էր իր համալսարանական դասախոսության մասին։ Առաջինի համար ես երեք հարյուր դոլլար եմ վերցնում, երկրորդի համար՝ երկու հարյուր հիսուն, երրորդի համար՝ հարյուր, բայց այդ երրորդը ձեզ խորհուրդ չեմ տալիս։

 

Նյու Յորքում հյուրընկալել էի բանաստեղծ Սոսնորային։ Հիշում եմ, Ամերիկան քննադատելիս, ասացի նրան,

-Այստեղ լիքն են ուտելիքները, հագուստները, զվարճանքները՝ և ոչ մի իմաստ։

Սոսնորան պատասխանեց․

-Իսկ Ռուսաստանում, ընդհակառակը, համատարած մտքեր են՝ ուտելիքի, հագուստի և զվարճանքի մասին։

 

Գրիշա Պոլյակը հյուր էր։ Բավական շատ էր ուտում։ Ինչ-որ կին սկսեց նրան ասել․

-Ո՞նց չեք ամաչում, դուք գեր եք, պետք է դադարեցնեք յուղալի, հացեղեն և քաղցր ուտել, հատկապես քաղցր։

Գրիշան պատասխանեց․

Ես, սկզբունքորեն, քաղցր չեմ ուտում, միայն թեյի հետ։

 

Տարագիրների մի ընկերակցությունում մեր երեխաներից խոսք բացվեց։ Ինչ-որ մեկն ասաց․

-Մեր երեխաները ամերիկացի են դառնում, ռուսերեն չեն կարդում, դա սարսափելի է։ Նրանք Դոստոևսկի չեն ընթերցում։ Ինչպե՞ս կկարողանան նրանք առանց Դոստոևսկու ապրել։

Ինչին նկարիչ Բախչանյանը նկատեց․

-Պուշկինը ապրել է, և ոչինչ։

 

Քննադատ Պ-ն բավական կարճահասակ է։ Ծանոթանալիս, իսկ դա երեսուն տարի առաջ էր, հարցրեց․

-Դու, երևի, բասկետբոլ ես խաղում։

-Իսկ դու,- ասում եմ, -երևի, կեգլի։

 

Մեզ այցելել էր երաժշտագետ Արկադի Շտեյնը։ Կինս երկու ընկերուհիների հետ էր։ Շտեյնը ուզեց սիրալիր լինել․

-Լենոչկա,- ասաց նա, -տեսքդ ապշեցուցիչ է, առավել ևս՝ մյուսների ֆոնին։

 

Մի ծանոթ ռեժիսոր Նյու Յորքում ներկայացում էր բեմադրել։ Եթե չեմ սխալվում՝ Սիրանո դե Բերժերակը։ Շատ էր հպարտանում իր ձեռքբերումով։

Հարցրեցի Իզյա Շապիրոյին․

-Դու տեսե՞լ ես ներկայացումը, ժողովուրդը շա՞տ էր։

Իզյան պատասխանեց․

-Սկզբից քիչ էր, կնոջս հետ եկանք, երկուսով շատացան։

 

Յուննա Մորիցը Վրաստանում մի բաժակ գինի է պատվիրում, մեջը ճանճեր են լողում։

Յուննան բողոքում է վրացի վաճառողին, սա բացականչում է․

-Որտեղ ճանճեր՝ այնտեղ կյանք։

 

Մի տարագիր Սովետից դուրս տարավ իր չսիրած զոքանչի աճյունը։ Բացատրում էր դա իր սկզբունքային հակաբոլշևիզմով։ Այդպես ուղիղ էլ արտահայտվում էր․

-Որպեսզի չհասնի բոլշևիկներին։

 

Ընկերը զանգում է Իզյա Շապիրոյին․

-Լսիր։ Տղա եմ ունեցել։ Համեստ, կարճ, տարածված և հիշվող անուն մտածիր։

-Իզյան խորհուրդ տվեց․

-Ռեքս անվանիր։

 

Բրոդսկին ընկերական ծաղրանկարս է արել։ Ըստ իս չտեսնված նկար է։

Ես ցույց տվի դա ամերիկացի ընկերոջս։ Նա ասաց․

-Քիթդ ուրիշ է։

-Ուրեմն, ասում եմ, պետք է պլաստիկ վիրահատություն անել։

 

Զրուցում էի Պանովի հետ,

-Իհարկե,- ասում եմ, -ես դեմ եմ հակահրեականությանը։ Բայց առանցքային պաշտոնները Ռուսաստանում իրավունք ունեն զբաղեցնել ռուսները։

-Դա հենց հակահրեականություն է։

-Հը՞։

-Այն, ինչ դուք ասում եք, հենց հակահրեականությունն է։ Առանցքային պաշտոնները ռուսական պետությունում իրավունք ունեն զբաղեցնել ԱՐԺԱՆԱՎՈՐ մարդիկ։

 

Գորբովսկին, բազմազավակ հայր, պատմում էր․

-Երեկոյան տուն եմ գնում, տեսնեմ՝ կեղտի մեջ երեխաներ են խաղում, ուշադիր նայեցի՝ իմոնք են։

 

Հանճարը՝ հասարակ մարդու անմահ տարբերակն է։

 

Մեր դարաշրջանի գլխավոր բախումը՝ անհատի և բծի միջև է։

 

Ինչ-որ մեկին ավելի սիրել, քան նրան սիրում է Աստված, դա հենց սենտիմենտալությունն է, կարծես այդ մասին է գրել Սելինջերը։

 

Յուրաքանչյուր ստորագրություն ուզում է, որ իրեն ինքնագիր համարեն։

 

Պակի հիմնը ու ազդականչերը․«Հայրենիքը լսում է, հայրենիքը գիտի․․․»

 

Երբ եղբայրս որոշեց ամուսնանալ, հայրս ասաց հարսին․

-Կիրա, ուզում ես, որ ես քեզ սիրեմ և հարգեմ․ ինձ տուն մի հրավիրի, և դու էլ մեզ հյուր մի արի։

 

Մետտերը Օրլովին անվանում էր․ «Ամբոխ մի մարդուց»։

                                                           

Բորի Մետտերի տանը էլեկտրոնային սարքավորումների լրիվ կոմպլեկտ է, ակնհայտորեն չի բավում էլեկտրական աթոռը։

 

Բրոդսկին ասում էր, որ սիրում է մետաֆիզիկան ու բամբասանքները և հավելում․

-Ըստ էության միևնույն բանն է։

 

Քեռիս իր տղայի մասին ասում էր․

-Բորյայի համար ես համեմատաբար հանգիստ եմ, միայն երբ նրան բանտում են պահում։

 

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի