Սեր առ կերպար․ «Փափլիկը»

Ճակատագրական 2020-ի տարեսկզին բեմադրված «Փափլիկը» ներկայացումը մեզ հետ անցավ դժվար ճանապարհ, զուգահեռվեց ու վերագնահատվեց։ Այս տարի արդեն, «Արտավազդ» մրցանակի հունձքից հետո, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ Մոսկվայում նախ մասնակցեց Չեխովի անվան միջազգային թատերական 15-րդ փառատոնին, այնուհետև՝ Եվգենի Միրոնովի հիմնադրած Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան միջազգային առաջին փառատոնին։   

Եվ հիմա, 2021 թվականի ավարտին, ամեն ինչին, այս դեպքում՝ ներկայացմանը, նայում ենք մեկ տարվա մեր փորձության պրիզմայով, ու էլ չի առաջանում հարցը՝ տեսնես ինչո՞ւ է բեմադրիչ Նարինե Գրիգորյանը ընտրել այս գործը։ Անցյալ դարի 50-ականներից հայերեն հրատարակված  Մոպասանի «Ճարպագունդը» նովելը մեզանում բեմադրվել է առաջին անգամ։

Նովելում կերպարի նյութեղեն անունի հայերեն գտնված հոմանիշը զարմանալի է, ճշգրիտ, ինքնին ջերմ վերաբերմունք, և ակամա զուգահեռվում է Չեխովի հայտնի պիեսի վերնագրի հետ՝ «Քեռի Վանյա»։ Մեր դեպքում՝ համակրելի փափլիկ, ոչ թէ ճարպագունդ։

«Պարտված բանակի մնացորդները մի քանի օր շարունակ անցնում էին քաղաքով»․ ֆրանս-պրուսական պատերազմի մասին Մոպասանի «Ճարպագունդը» նովելի սկիզբն է։ Համազգայինի բեմ-կառամատույցի առաջին պլանում բարձր հանրակառք է։ Մոպասան-Վարշամ Գևորգյանը գոնգի հատու ու զրնգուն ձայնով ազդարարում է ներկայացման ու երթի սկիզբը, ուղևորներին հորդորում ու օգնում արագ բարձրանալ։ Դիլիժանսի շարժմանը համահունչ թափահարվող ուղևորների նկատելի վախը կամաց-կամաց տեղը զիջում է այլ զգացումի։ Պարզ է դառնում, որ վտանգից հապշտապ հեռանալուն պատրաստ էր միայն վերջին ուղևորը՝ գնդլիկ կուրտիզանուհին, իսկ մյուսները սկզբում բարձրաքիթ չեմուչումով, ապա ախորժակով դատարկում են նրա տռուզ ցանցազամբյուղը։

Ուղերթի առաջին օրվա ավարտի հետ հանրակառքը սահուն բաժան-բաժան է լինում, վերածվելով քաղաքային պանդոկի կահույքի, գոնգը հակառակ կողմով դառնում է հյուրընկալ սպասավորի սկուտեղ (բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո- Հովհաննիսյան)։

Պանդոկատիրոջ հետ իջևանողներին տիրոջ իրավունքով դիմավորում ու հաշվառում է պրուսացի սպան՝ պենսնեով, թևքերը կանթած, հաղթական-սպորտային կազմվածքով (Ստեփան Ղամբարյան)։ Գերմանացի պարետի թրի տակով անցնելու պես դիլիժանսից իջնում են Կոմսը (Դավիթ Հակոբյան), ամուսնուց նկատելի երիտասարդ, բարձրահասակ ու գանգրահեր Կոմսուհին (Ալլա Սահակյան), միստր ու մադամ Լուազոները (Գագիկ Մադոյան և Արմինե Անդրեասյան), միանձնուհիների զույգը՝ տարեց (Սերգեյ Թովմասյան) և դեռատի(Մարիա Սեյրանյան), երիտասարդ հեղափոխական Կորնյուդեն (Նարեկ Բաղդասարյան) և թմբլիկ Էլիզաբեթ Ռուսեն (Տաթև Ղազարյան)։

Ամեն կողմից կլորիկ, թարմ դեմքով, շրթունքի վերևում գայթակղիչ կետ-խալով Փափլիկն առանձնանում է վախվորած ուղևորներից։ Պետք է գնալ ներկայացման, տեսնելու համար, թե ինչպես է նա, արևագույն խոպոպիկներով գլուխը բարձր, աքլորային արտահայտությամբ, իրեն փոփոլացնելով, կռվազան-աքլորային արտահայտությամբ, արագաքայլ, ի հեճուկս, շարժվում թշնամու զննող հայացքի  առաջ։

Ընթրիքը մատուցող պանդոկապանն, ասես իմիջիայլոց, փոխանցում է պրուսացի հյուրի ցանկությունը․ «Էլիզաբեթ Ռուսեն արդյոք չի՞ կամենում․․․»։ Անպատիվ առաջարկն աղջիկն ընկալում էր իբրև վիրավորանք իր ազգին։ Փափլիկ-Տաթև Ղազարյանն ամբողջ էությամբ և բոլոր մարմնաձևերով խտացած զայրույթ է, պրկված լար՝ թշնամու և իր երկիրը ասպատակողի անարդար, ցինիկ, անպատկառ առաջարկի դեմ։ Ասես հրդեհից վառված, վազվզում է պանդոկով մեկ, ձեռքերը պարզած գոռգոռում «Տակա՛նք, սրիկա՛, կե՛ր․․»:

Փափլիկի մերժումով մթնոլորտը դառնում է հաղթական, դրան գումարվում է պատերազմ հուշող ալյումինե բաժակներով հյուրասիրվող գինին։ Փափլիկը հայտնվում է սեղանի մեջտեղում, բոլորը հպարտ են, որ հայրենիքը նման դուստր ունի, ծածանվում է հեղափոխականի ձեռքին հայտնված ֆրանսիական եռագույնը։ «Ձեր հիացմունքն ու դժգոհությունը ցած-րա-ձայն արտահայտեք»․ շատ բան տեսած ու զգուշավոր Կոմսն է։

Խաղաղ առավոտյան, երբ Կոմսուհին աչքերի դեղն է կաթացնում, մադամ Լուազոն համրիչով կորցրած գումարը հաշվարկում, նախաճաշը մատուցող սպասավորը քաղաքավարի փոխանցում է սպայի հրամանը՝ չի՛ ցանկանում, որ մեկնեն։

Սպա- Ստեփան Ղամբարյանը նախաճաշող պատանդների աչքի առաջ, քայլերթի հնչյունների տակ մարզումը դարձնում է մկանների, ուժի, իշխանության տիրական ցուցադրություն։ Նվաճողի լկտիություն և քմահաճույք է նաև շանտաժով աչքի ընկնող կնոջը կամենալը։ Ստեփան Ղամբարյանի ստեղծած մկանուտ, զինվորական-մոդայիկ սանրվածքով կերպարը մի քանի բառ է խոսում, սակայն լիովին դրսևորում է իրեն անխոս մարզումների ժամանակ, տերուտիրական լինելը շեշտելով սեղանի վրա բարձրանալով, լվացվելիս ջուրը շրջապատի վրա ցողելով։ Վարժանքն ավարտում է հեծանիվի հաղթական պտույտով, և բարձրանում վեր, ներքևում թողնելով սարսափած մարդկանց և Կոմսին՝ իր նետած սրբիչի տակ ամոթից հեկեկալիս։ Դեմքը թաքցրած Կոմսի հպատակության տեսարանը առաջին նշանն է, որ «պարտվածների համար սկսվում էր հաղթողներին հաճելի երևալու պարտականությունը» (Մոպասան)։

Բեմում տասը դերակատար են, և չկա էպիզոդիկ կերպար, բոլորն էլ լիարյուն,  կենսագրություն ունեցող, պատումի շղթայի կարևոր օղակ են։ Արձակի բեմականացման ժամանակ հեղինակի կերպարը սովորաբար արհեստականորեն  ներմուծված է թվում։ Այս ներկայացման մեջ Վարշամ Գևորգյան-Հեղինակը զարմանալիորեն բնական էր, լիարժեք կերպար, հայտնվում ու անհետանում էր ճիշտ ժամանակին։ Ըստ հարկի դառնում էր բեմի չնկատվող ատրիբուտ, ձուլվում էր դեկորացիային, երբ բեմի անկյունում ձեռքերն էր տաքացնում մոմի վրա, անխոս, միայն դիմախաղով ցուցադրում էր դրսի սառնամանիքն ու անհույս սպասումը։ Ըստ հարկի, սկուտեղը ձեռքին Վարշամ Գևորգյանը հոգատար ու բոլոր հաճախորդների կամքն ու քմահաճույքը կարևորող իջևանատեր էր, մեկ էլ պահի տակ անէությունից հայտնվում էր իբրև պրուսացի հյուրի պատվիրակ․ «Մադամ, երբե՞ք»։

Պատասխանը միշտ նույնն է՝ «Եր­բե՛ք», հատու, ինչպես նետահարում, խոցում, և՝ Կորնյուդեի մեկ համբույր Փափլիկի ճակատին։ Ներկայացման մեջ շեշտված է Նարեկ Բաղ­դա­սար­յա­ն-Կորնյուդեի խա­ղի ու կերպարի երկակիությունը․ դրական է որպես Փափլիկի արարքը գնահատող, բացասական՝ իբրև գործիչ։ Խաղաոճը թվում է չափազանցված, քանի որ ակնհայտ հակասություն կա իր երազանքի ու հնարավորության միջև։ Փոքրամարմին․ նկատելի ջղային կազմվածքով, լայն քայլերով, արդար զայրույթով առլեցուն պերմանենտ հեղափոխականը միշտ տատանվում է, հաճախ՝ վրիպում։ Նրա ընդվզումը հաճախ անլուրջ է ու զվարճալի։ Վրիպում է պրուսացուց դանակ-պատառաքաղով վրեժխնդիր լինելիս, սխալվում անգամ Փափլիկին սիրահետելիս․ «Ես այս բանը սրա ներկայությամբ չեմ անի»։ Կորնյուդեն մրցակցությունից դուրս է դրոշ ծածանելու, հարբած երգելու, թշնամու նկարը գետնին նետելու մեջ։

«Պետք է հա-մո-զել, ինքնազոհողությունը հայտնի զենք է»․ աննահանջ ֆրանսուհուն տարհամոզելու բարդ գործն իր ուսերին է առնում փոքրամարմին Կոմսը, ազնվականի, պատկառելի տարիքի իր դիրքը մահակ դարձրած։ Կոմս-Դավիթ Հակոբյանը եթե անգամ թևանցուկ ու գնահատելով հարցնում է՝ օրիորդ, ինչո՞ւ, նրա վարքը խրատատու-հայրական է, խաբեության աննշմար երանգով։

Ալլա Սահակյանի Կոմսուհին կողակցի հակապատկերն է՝ ազնվական գույնի, գեղեցկության ու ճաշակի տեր, բարեհոգի, իր քիմքը սիրող։ Թեև նա ուշ է միանում խաբեությանը, սակայն հարափոփոխ բնավորության բերումով՝ ամենից շատ ու աղմկալի ջանքն է ներդնում։ Դժվարություններին անհաղորդ, դրության լրջությունը չկարևորող Կոմսուհու բնավորությունը լավագույնս դրսևորվում է  օրգիա հիշեցնող խնջույքի տեսարանում։

Գինեվաճառ Լուազո-ամուսիններն ակնհայտ եռանդով են միանում խաբեությամբ համոզելու գործին։ Սրածայր բեղերով, մորթեերիզ մուշտակով, զգուշավոր Լուազո-Գագիկ Մադոյանի վարքը, երբ «աչքերը խուզարկում էին մթության մեջ» (Մոպասան), ներկայացման մեջ թատերային կերպ է ստացել զոլավոր գիշերազգեստով զոլավոր պատին ծեփված հնարամիտ տեսարանով։ Մադամ Լուազո-Արմինե Անդրեասյանը վաշխառու ամուսնու հաշվետարն ու փաստաբանն է, և կերպարի մռայլ հոգին շեշտված է հագուկապի, սանրվածքի, գույների ընտրությամբ։

«Փափլիկը» ներկայացման մեջ բոլոր կերպարները քողազերծվում են Փափլիկի ճակատագրի հանդեպ իրենց վերաբերմունքով, ուստի պետք էր տեսնել, թե փրկության ինչպիսի հույսով էր հետապնդվողը նայում տարեց Միանձնուհու (Սերգեյ Թովմասյան) դեմքին։ Միմյանց տարբեր ու նման, իրենց շարժումները, մտքերը սինխրոնացնող (ուտել, խմել, խաչակնքել) զվարճալի ու կենսուրախ, չափավոր խորամանկ միանձնուհիների՝ դավին միանալը, որոշիչ է դառնում Փափլիկին պրուսացու երախն ուղարկելու հարցում։

Ամբոխ դարձած, հետապնդում են Փափլիկին կեղծավոր խոսքերով, Կլեոպատրայի ու Ժաննա Դ՝արկի զոհողությունները հիշատակելով, քաշքշելով, փախչող, սեղանի վրա բարձրացած Փափլիկի թևքերի դարսդարսված շղարշները ձգելով։ Ու երբ բացված ձեռքերը իրանի հետ դառնում են խաչ՝ առանց խաչափայտի, հմայում, հրում և ուղարկում են վերնահարկ՝ թշնամու ատելի որջը, մի տեղ, որն այդ բանն անգամ կառապանի հետ անող ֆրանսիացի կնոջ համար, հավասար էր կործանման։

Խաչված մեղսավորը․ սա է թատրոնը (ռեժիսոր Յուրի Կոստանյան, զգեստների ձևավորող Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան)։

Նարինե Գրիգորյանի «Փափլիկի» բեմադրությունը,  ընդամենը բալետի լիբրետոյի ծավալի տեքստի առկայությամբ, հասկանալի, լիարժեք ընկալելի է անգամ այլալեզու, նովելը չկարդացած հանդիսականին։ Այս ներկայացման մեջ, բացի ձանձրալիից,  բոլոր ժանրերը կան՝ դրամա, միմոդրամա, դետեկտիվ, գրոտեսկ, համր կինոյին հատուկ չափազանցված խաղ և աչքերի արտահայտչաձև, քարացած կադրեր, սուլոցի, երաժշտության մոտիվներ (երաժշտական ձևավորող Նարեկ Բաղդասարյան)։ Զգեստների ձևավորումը ժամանակի ֆրանսիական մոդային համապատասխան է՝ դարսդարսված, երբեմն ծանրաքարշ կիսաշրջազգեստ, ժանեկազարդ վերնազգեստ, ֆրակ, մորթե կիսամուշտակներ, ցանցկեն զուգագուլպաներ։ Դրության ողբերգականությունը ներկայացման ինչ-որ պահի վերածվում է դրության կոմիզմի։ Գրոտեսկի ժանրը, առաջին տպավորությամբ, ողբերգականությունը հաղթահարելի դարձնելու, կողքից, քննադատաբար նայելու, մեզնից հեռացնելու համար է։

Մավրերն արեցին իրենց գործը և կարող են հեռանալ պանդոկից։ «Դուք մի մեծ անազնվություն գործեցիք»․ թույլ ընդվզում է հեղափոխականը, իսկ հայրենիքի համար բոլորը մի են՝ առևտրական, ազնվական, հեղափոխական թե կուրտիզանուհի։ Ներկայացման ավարտին, հանրակառքի մեջ, սրահում նույն մարդիկ են, նույն կարգով ու շարքով, բայց նաև այլևս երբեք նույնը չեն լինելու։ Կոմսուհի-Ալլա Սահակյանը մարդ մնալու վերջին փորձն է անում, կարեկից հայացք գցելով Փափլիկի վրա․ «լալիս է»։ Սակայն տեսնելով Կոմս-Դավիթ Հակոբյանի պատասխան անհոգի հայացքը՝ «մե՛զ ինչ», մյուսների հետ մտնում է համընդհանուր անտարբերության ապահով տարածք։ 

Միայնակ ու քաղցած Փափլիկը զուսպ լաց է լինում։ Նրանք, ովքեր մաքրազարդել էին իր առատ զամբյուղը, մի չորահաց չկիսեցին։ Նրանք հաշվարկված զոհաբերեցին իր հոգին և ձեռքերը լվացին դրանից։ Հուսաբեկ, տառապող,  բարձր՝ իրենից կրկին խորշող ու հաց չկիսող ազգակիցներից, Փափլիկը վիրավորված երեխայի պես մունջ լալիս է ու իր արցունքներով մաքրվում։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ... ...