Սեմյուել Բեքեթի նամականին

«ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում հատվածներ աբսուրդի թատրոնի համահիմնադիր, գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Սեմյուել Բեքեթի նամականուց: Բեքեթի մասին առավել տարածված կարծիքի համաձայն նա ինքնամփոփ և շփումներում ոչ պատրաստակամ մարդ էր, բայց նրա նամակները ցրում են այդ տպավորությունը՝ մեզ ներկայացնելով ոչ միայն անձնական մտերմիկ շփումներում, այլև գործնական հարաբերություններում բավական ազատ անհատականությանը: Ներկայացնում ենք Բեքեթի ընկեր և նրա ստեղծագործությունների թարգմանիչ Էքսել Կաունին, թատերական ռեժիսոր Ալան Շնայդերին և ամերիկացի հայտնի հրատարակիչ Բարնի Ռոսեթին գրված նամակներից մի քանի հատվածներ, որոնցում հստակ ուրվագծվում են Բեքեթի սկզբունքները:

 

Նամակ Էքսել Կաունին

«Ես միշտ ուրախ եմ քեզնից նամակ ստանալ: Հետևաբար գրի՛ր հնարավոր հաճախ և ծավալուն: Արդյո՞ք ուզում ես, որ ես բացարձակ նույնն անեմ քեզ համար անգլերենով: Արդյո՞ք դու նույնքան ձանձրանում ես՝ կարդալով իմ գերմաներեն տառերը, որքան ես՝ անգլերեն գրելով։

Ես ներողություն եմ խնդրում, եթե դու նույն զգացողությունն ունես․ գուցե սա պայմանագրի հարց է, որը ես չեմ կատարում։ Պատասխան եմ ակնկալում։

Ինձ համար, իրոք, ավելի ու ավելի դժվար է, նույնիսկ անիմաստ, պաշտոնական անգլերենով գրելը: Եվ իմ լեզուն ինձ ավելի ու ավելի է վարագույր թվում, որը պետք է պատռել, որպեսզի հասնեմ դրա հետևում ընկած իրերին (կամ ոչնչությանը):

Քերականություն և ոճ։ Ինձ թվում է, որ դրանք այնքան անտեղի են, որքան բիդերմեյերյան լողազգեստը կամ ջենթլմենի անխռովությունը: Դիմակը։ Մնում է հուսալ, որ կգա ժամանակ, փառք Աստծո, որոշ շրջանակներում այն արդեն եկել է, երբ լեզուն լավագույնս կօգտագործվի այնտեղ, որտեղ այն առավել արդյունավետ չարաշահվում է: Քանի որ մենք չենք կարող միանգամից չեղարկել ամեն բան, համենայն դեպս, մենք չենք ցանկանում անտարբերության մատնել որևէ բան, որը կարող է նպաստել նրա վարկաբեկմանը:

Մեկը մյուսի հետևից դրա մեջ անցք փորելը, մինչև հետևում թաքնված ինչ-որ բանի կամ ոչնչի հասնելը․․․ ու սկսել տեսնել դրա միջով․ ես չեմ կարող այսօրվա գրողի համար ավելի բարձր նպատակ պատկերացնել։

Թե՞ գրականությունը պետք է միայնակ մնա այդ հին ու պիղծ ճանապարհին, որը վաղուց լքված էր երաժշտության ու նկարչության կողմից։ Կա՞ մի կաթվածահար անող սուրբ բան, որը պարունակվում է բառի անբնականության մեջ, որը չեն պարունակում արվեստի մյուս տարրերը։ Կա՞ որևէ պատճառ, որ բառի մակերեսի այդ սարսափելի կամայական նյութականությունը չպետք է լուծարվի, ինչպես, օրինակ, Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիայի ձայնային մակերևույթը՝ հսկայական սև դադարներով /պաուզաներով/, այնպես որ էջեր շարունակ մենք չենք կարող դա ընկալել այլ կերպ, քան հնչյունների գլխապտույտ ճանապարհ, որը կապում է լռության անասելի անդունդները: Պատասխան եմ ակնկալում։

Ես գիտեմ, որ կան մարդիկ, զգայուն ու խելացի մարդիկ, որոնք ուղղակի լռության պակաս չունեն։ Չեմ կարող չենթադրել, որ նրանք վատ լսողություն ունեն։ Քանզի անտառում, որտեղ խորհրդանիշներ չկան, թռչունները, որոնք մեկնաբանություն չունեն, երբեք չեն լռում:

Իհարկե, մարդն առայժմ քչով է բավարարվում։ Սկզբում խոսքը կարող է լինել միայն բառի նկատմամբ այս արհամարհական վերաբերմունքը բանավոր կերպով ցուցադրելու մեթոդ հնարելու մասին: Գործիքի և գործածության այս դիսոնանսում, երևի թե կարելի է զգալ երաժշտության ավարտի կամ ամեն ինչի հիմքում ընկած լռության շշուկը:

Իմ կարծիքով, Ջոյսի ամենավերջին աշխատանքն ընդհանրապես կապ չուներ նման ծրագրի հետ։ Այնտեղ ավելի շատ խոսքի ապոթեոզի խնդիր է ի հայտ գալիս: Մինչև այն պահը, երբ ​​երկինք բարձրանալը և դժոխք իջնելը նույնը չեն: Ինչ լավ կլիներ, եթե կարողանայինք հավատալ, որ իրականում այդպես է:

Հավանաբար, Գերտրուդ Սթայնի լոգոգրամներն ավելի մոտ են այն ամենին, ինչ նկատի ունեմ: Լեզվի հյուսվածքն առնվազն ծակոտկեն է դարձել, եթե, ցավոք, միանգամայն պատահաբար, և, իբր, Ֆայնինգերի տեխնիկային փոքր-ինչ նման ընթացակարգի հետևանքի է լոկ նմանվել։

Դժբախտ տիկինը (նա դեռ ո՞ղջ է), անկասկած, դեռևս սիրահարված է իր մեքենային, եթե միայն, այնուամենայնիվ, ինչպես մաթեմատիկոսն իր թվերին․ նրա համար խնդրի լուծումը շատ երկրորդական հետաքրքրություն է ներկայացնում, այո՛, քանի որ թվերի մահը նրան իսկապես սարսափելի է թվում։ Այս մեթոդը Ջոյսի մեթոդի հետ կապելը, ինչպես որ նորաձև է, ինձ նույնքան ծիծաղելի է թվում, որքան նոմինալիզմը (սխոլաստիկների տեսանկյունից) ռեալիզմի հետ համեմատելու փորձը։

Այս, ինձ համար խիստ ոչ ցանկալի բառի, «նոմինալիստական ​​հեգնանքի» ինչ-որ ձևի գրականությունը, իհարկե, անհրաժեշտ փուլ կարող է լինել: Այնուամենայնիվ, դա բավարար չէ, եթե խաղը կորցնի իր սուրբ հանդիսավորությունը։ Թող այն ընդհանրապես դադարեցվի: Եկեք վարվենք այնպես, ինչպես այդ խելագար մաթեմատիկոսը, որն օգտագործում էր չափման նոր սկզբունքը հաշվարկի յուրաքանչյուր առանձին քայլի համար: Բառախաղ՝ հանուն գեղեցկության։

Այս ընթացքում ես ոչինչ չեմ անում։ Միայն ժամանակ առ ժամանակ մխիթարվում եմ, ինչպես հիմա, քանի որ ինձ թույլ են տալիս ակամա ոտնահարել օտար լեզուն, ինչպես գիտելիքով և դիտավորությամբ կուզենայի անել նույնը իմ լեզվի դեմ և․․․ «Deo Juvante»(Աստված օգնական, լատ․), ես կանեմ դա։

Հարգանքներով,

քո․․․․ ([9] հուլիս,1937)

 

Նամակ  Ալան Շնայդերին

«․․․․Անհեթեթություն կլինի, եթե սկսեմ խորհուրդ տալ Ձեզ կարդալ հոդվածը, որը ես մտադիր չեմ անել։ Բայց երբ խոսքը վերաբերում է լրագրողներին, կարծում եմ, որ միակ ճիշտը ցանկացած բացատրության մեջ ներգրավվելուց հրաժարվելն է, և դրամատիկ իրավիճակի ու հարցի ծայրահեղ պարզությունը պնդելն է։ Եթե ​​դա բավարար չէ նրանց, և դա ակնհայտորեն բավարար չի էլ լինի, սա արդեն չափազանց է մեզ համար, ապա մենք չպետք է պարզաբանումներ առաջարկենք առեղծվածների մասին, որոնք բոլորն էլ իրենց ստեղծածն են: Իմ աշխատանքը հիմնարար հնչյունների խնդիր է (առանց կատակի), որ դրանք հնարավոր լիարժեք հնչեն, և ես պատասխանատվություն չեմ կրում որևէ այլ բանի համար:

Եթե ​​մարդիկ ուզում են գլխացավեր ունենալ օվերտոնների մեջ, թող ունենան։ Ասպիրինը նրանց օգնական։

Ես ոչ մի կողմից էլ չեմ։ Ինձ հետաքրքրում է գաղափարների ձևը: Ավգուստինայում մի հրաշալի նախադասություն կա. «Մի՛ հուսահատվիր. գողերից մեկը փրկվել է. Մի՛ չարաշահիր․ գողերից մեկն անիծված էր»։ Այս նախադասությունը հրաշալի ձև ունի։ Կարևորը ձևն է»։

 

Նամակ  Բարնի Ռոսեթին

«Ես հոգնած և ընկճված եմ փորձերի այս ամբողջ աղմուկից և սխալ կապիկի հացի վրա հաչելու զգացումից և անհամբեր սպասում եմ այն ​​պահին, երբ ես նորից կարողանամ փորփրել այստեղ և տեսնել, թե արդյոք մենության մեջ մնացել են այնպիսին փշրանքներ, որ էլի հնարավոր լինի միացնել։

Այս պահին ես ունեմ մի մարդ, որը մթության մեջ սողում է ժայռի միջանցքով, բայց նա ցանկացած պահի կարող է անհետանալ… Ես սարսափելի հոգնած և ապշած եմ, բայց ո՛չ բավականաչափ հոգնած ու ապշած. գրելն անհնար է, բայց ոչ բավականաչափ անհնար: Ահա, թե ինչպես եմ ես ինքս ինձ կոդավորում այս օրերին…»:

 

23 Հունվար, 1954թ․

 

«Ես ավելին չգիտեմ այս պիեսի մասին, քան որևէ մեկը, ով կարողանում է այն ուշադիր կարդալ:

Ես չգիտեմ, թե ինչ ոգով եմ գրել այն։

Ես հերոսների մասին ավելին չգիտեմ, քան այն, ինչ ասում են, ինչ անում են և ինչ  կատարվում է նրանց հետ»:

 

14 Դեկտեմբեր 1953

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի