Սեդա Վերմիշևա՝ գրել շնչելու պես

Կա մի հին բանավեճ, թե արդյո՞ք «բանաստեղծ» հասկացության ու նրա ֆեմինիտիվի՝ «բանաստեղծուհու» միջև էական տարբերություններ կան։ Ըստ իս, այո՛, և խոսքը ոչ միայն աշխարհին այլ հայացքով նայելու մասին է, այլև հասարակական դիրքորոշման. ճշմարիտ բանաստեղծուհին ոչ միայն չի կարող անտեսել իր երկրի կենսական խնդիրները, այլև հոգում կրում է սեփական ժողովրդի վիշտն ու արցունքները, լի է սրտացավությամբ նրա զավակների հանդեպ, կյանքում, թե ստեղծագործությամբ՝ իր ժողովրդի և՛ դուստրն է, և՛ ինչ-որ առումով՝ մայրը։ Օրինակներ փնտրելու համար ժամանակագրորեն հեռուն չգնանք՝ մեծն Կապուտիկյանը, Մետաքսեն․․․ ու Սեդա Վերմիշևան, որն առանց հայրենի հողի իրեն չէր պատկերացնում և միմիայն Հայաստանի քաղաքացի էր, որքան էլ որ ծնունդով թիֆլիսեցի էր ու ըստ բնակության վայրի՝ առավելապես մոսկվացի։

Վերմիշևան հայրական տատի կողմից հին հայկական իշխանական տոհմի՝ Արղության-Երկայնաբազուկների շառավիղներից էր։ Հետաքրքիր է Վերմիշյան ազգանվան ստուգաբանությունը․ 18-րդ դարում ծագումով լոռեցի Հարությունը (Ամբակո) իր զինվորներով քաջաբար մարտնչում է թուրքերի դեմ՝ հանուն Վրաստանի ազատագրության և Իրակլի 2-րդ թագավորի ոտքերի տակ նետում թուրքական մարտական դրոշները։ Իրակլի 2-րդն առաջարկում է վարձահատույց լինել հայորդու հերոսության համար, սակայն Ամբակոն պատասխանում է, որ իրեն ոչինչ պետք չէ․ «Ապրիր և շենացրու ժողովրդին»։ Ի պատասխան թագավորը բացականչում է․ «Շվեն թվիս վերվիշովի» (այսպիսի գեղեցիկ հոգու տեր մարդ չես գտնի)։ Դրանից հետո «վերվիշովի» բառն աստիճանաբար ձևափոխվում է և դառնում Ամբակոյի ժառանգների ազգանունը։

Սեդայի պապը՝ Քրիստափոր Վերմիշյանցը եղել է Թիֆլիսի քաղաքագլուխը և Հայաստանի առաջին հանրապետության կառավարության անդամ (ինչպես և Վերմիշևայի մորական պապը՝ Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը), իսկ հորեղբայր Գրիգոր Վերմիշյանցը (Վերմիշև)՝ ռազմական ինժեներ և պատմական գրող։

Վերմիշևան ծնվել է Թիֆլիսում՝ 1932 թվականին, իսկ մանկությունն անցկացրել է  Մոսկվայում։ Հայաստանում նա հայտնվեց պատերազմի հետևանքով, քանի որ հայրը՝ Կոնստանտինը, կամավոր մեկնել էր ռազմաճակատ։ Երևանում Սեդան ավարտեց միջնակարգ դպրոցը, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը և ասպիրանտուրան։ Հետագայում զուգահեռաբար աշխատում էր մասնագիտությամբ և զբաղվում նաև գրական գործունեությամբ։

Հաճախակի գործուղումների մեկնելով Մոսկվա՝ Վերմիշևան մոր ընկերուհու՝ Տատյանա Սպենդիարովայի միջնորդությամբ ծանոթանում է բանաստեղծուհի և թարգմանչուհի Ադելինա Ադալիսի ու նրա միջոցով՝ մոսկովյան գրական շրջանակների հետ։ 1969-ին Վերմիշևայի օգնությամբ որոշ ժամանակով Հայաստանում է ապաստանում ռուսական անդերգրաունդի ամենավառ բանաստեղծներից մեկը՝ Լեոնիդ Գուբանովը, որը Մոսկվայում դաժան հետապնդումների էր ենթարկվում։

Վերմիշևայի բանաստեղծական առաջին՝ «Արևը բարձրակետում» ժողովածուն («Հայաստան» հրատարակչություն, ռուսերեն) լույս տեսավ 1970-ին։ Սիլվա Կապուտիկյանը 1971 թ․ «Գրական թերթի» էջերից ողջունեց բանաստեղծուհուն, նշելով, որ չնայած թերահավատորեն է մոտենում ոչ իրենց մայրենի լեզվով գրողներին, սակայն Վերմիշևայի առաջին ժողովածուն ժխտում է իր այդ համոզումը․ «այդ փոքրիկ գրքույկում ես հանդիպեցի իսկական բանաստեղծությունների, ուր առկա է անկեղծ, թրթռուն ապրումը և այն ընթերցողին փոխանցելու հազվագյուտ շնորհը»։ Կապուտիկյանն արժևորում է բանաստեղծուհու «զարմանալի համառ, տևական ու լարված որոնումները», «որոնում՝ ձևի, պատկերի, բառի որոնում՝ ինքն իրեն բացելու, գտնելու, հաստատելու։ ․․․Վերմիշևան կարծես թե պեղում, արևերես է հանում տարիներ շարունակ ուրիշ մի լեզվի, ուրիշ մի միջավայրի ու կենցաղի շերտով ծածկված հայրենականը՝ հողը, քարը, մայրենի լեզվի հնչյունները, նվիրական հիշատակները և նոր ուժով ձգվում դեպի դրանք, ասես գտնում է կորած հարազատներին»։ Վերմիշևայի պոեզիան Կապուտիկյանը փոխաբերորեն համեմատում է «ռուս պոեզիայի մեծ ու լայնաշունչ ծովում հայկական լեռներից հոսող գետակի» հետ։ Ինքն էլ թարգմանաբար ներկայացնում է Վերմիշևայի երկու բանաստեղծություն։ Ահա «Հայաստանին» բանաստեղծության վերջին հատվածը՝ Կապուտիկյանի թարգմանությամբ․

Մասունքի նման շուրթիս եմ առնում հնչյունը լեզվիդ

Եվ զգում եմ ես՝

Վերուստ էր գծված իմ հանդիպումը

Քե՛զ, քո դարերին, քո ճանապարհին։

Սիրով, ինքնակամ բացում եմ հոգիս

Քո հին ու դժվար ճշմարտությանը,

Սեղմված շուրթերիդ զայրույթի՜ն ժլատ։

Սխրանքի տու՜րք են պահանջում ինձնից

Համառությունը անառ լեռներիդ

Եվ ճակատագրիդ ելևէջները․․․

1974-ին Վերմիշևան արդեն ԽՍՀՄ գրողների միության անդամ էր։

Աշխատել է ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքում, 1993-ից՝ Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում՝ որպես փորձագետ։ 1988-ից նա զգալի ներդրում է ունեցել արցախահայության իրավունքների պաշտպանության գործում, հրապարակել պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր, համագործակցել Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի («ԿՐԻԿ») հետ։

Հետագայում նա դարձավ Ռուսաստանի գրողների միության բարձրագույն ստեղծագործական խորհրդի անդամ, Հայաստանի գրողների միության ռուսալեզու գրողների բաժանմունքի համանախագահ։ Վերմիշևան 14 բանաստեղծական ժողովածուի հեղինակ է, որոնցից երկուսը թարգմանվել և հրատարակվել են հայերեն, մեկը՝ լեհերեն։ Արժանացել է Հայաստանի, Արցախի ու Ռուսաստանի պետական ​​պարգևների։

Փառավոր տոհմածառը շարունակելու առաքելությունը Վերմիշևան և իր ամուսին Տիգրան Զոլյանը պատվով կատարեցին․ նրանց դուստր Նարինեն նկարիչ է, որդին ճանաչված մտավորական Սուրեն Զոլյանն է, իսկ թոռնուհին՝ վաղամեռիկ ռեժիսոր և սցենարիստ Մարիա Սահակյանն արժանացել է մի շարք կինոփառատոների (այդ թվում՝ «Ոսկե ծիրանի») մրցանակների։

Վերմիշևան գրում էր շնչելու պես, առանց տանջալից ստեղծագործական երկունքի՝ ոգեշնչմամբ, ուստի հնչյունը, շեշտը, մեղեդայնությունը հայտնվում էին առաջին պլանում (պատահական չէ, որ նրա բանաստեղծություններով երգեր են հորինվում): Զգացմունքը խտացնելով բառի մեջ՝ նա բաց նյարդով էր վերապրում խոսքը՝ հատու և ճշգրիտ։ Որպեսզի բառը շեշտվի, այն հաճախ ամբողջ տող է զբաղեցնում։ Ինչպես բանաստեղծուհի Իրինա Սնեգովան է նկատել՝ «Սեդա Վերմիշևայի լավագույն բանաստեղծությունների վերջավորությունների պայթյունավտանգ անսպասելիությունը, զգացման և բառի ուժը, հակիրճությունը լարվածության մեջ են պահում, հուզում են»։

Քննադատներն ընդգծում են Վերմիշևայի պոեզիային հատուկ աշխարհի տեսլականի մասշտաբայնությունը, քաղաքացիական զգացման և խոր քնարականության օրգանական միասնությունը, պայթուցիչ ռիթմը, տնատման ինքնատիպությունը և փոխաբերականությունը։ Քննադատ Լև Աննինսկին՝ նշելով Վերմիշևայի առաջին գրքում հանդիպող բանաստեղծական անփութության հետքերը, այնուամենայնիվ, առանձնացրել է․ «այն կարևորը, որ ինձ հարազատ է Ձեր գրքում և ինչով այն առանձնահատուկ քայլ է ներկայիս պոեզիայում, դա, ինչպես անցյալում էին ասում՝ Աստծո զգացողությունն է»։ Գրող, գրականագետ Գրիգորի Բլեխմանի խոսքերով՝ «խղճի սրված զգացումը» Վերմիշևային հարազատ է դարձնում իր սիրելի բանաստեղծին՝ Ալեքսանդր Բլոկին։

Բանաստեղծուհին մշտապես մտահոգ է իր ժողովրդի ճակատագրով, ինչպես ամեն մի մայր՝ իր զավակի։ Նրան հուզում են հարցեր, որ պատասխան չունեն.

Որքա՞ն ապրել կարող ես

Դու՝ չմեռնելով,

Ու ոչ վերածնվել

Ինչպես Աստված կամեր,

Ուժասպառված քո մեջ

Քեզ կրելով,

Որ սահմանիդ կրկին դու ակռկես։

Հողդ ափի չափ,

Հնարքդ՝ ճկույթի։

Արյունդ է թունդ՝

Անուշադրի նման։

 

Ու՞ր ես գնում դու,

Հի՛ն ուրարտացի,

Կույր ցավը անցյալի

Ինչպե՞ս քեզ ուղղորդի․․․

Հիշողության կորուստը, եթե նույնիսկ այն հնարավոր է, ելք չէ։ Մեկ այլ բանաստեղծությունում, արդեն այս դիտանկյունից կրկին հառնում է պատասխան չունեցող այս հարցը․

Ես հայուհի եմ։

Ու ուզում եմ ասել

Ի լուր աշխարհի,

Որ ազգն իմ

Սպանեցին

Տասնհինգ թվին։

Նրան ջարդում էին և արյան մեջ

Խեղդում,

Մինչ աշխարհն էր

Համառորեն լռում։

 

Բայց հաստատակամ է բանաստեղծուհին․

Արդարության նժարին

Կշռաքարը իմ ձեռքով եմ

Իջեցնում․․․

Գթալ

Այլևս

Չեմ խնդրում։

Վերմիշևայի բանաստեղծություններում տիրապետող թեման Հայաստանն է, հայ մարդը, նաև ինքը՝ բանաստեղծուհին՝ իր անհատականությամբ, մտորումներով և ապրումներով, նաև Ռուսաստանի ապագայի հանդեպ իր մտահոգություններով։ Նա հազվադեպ է անդրադարձել սիրային քնարերգությանը։ Չի ստեղծել չափածո մեծածավալ ստեղծագործություններ, նախընտրել է ժանրային միատեսակությունը, ձգտել լակոնիզմի՝ զուգահեռված փոխանցման (enjambement) հմուտ կիրառումներով։ Միգուցե թվա, թե Վերմիշևայի պոեզիան այնքան էլ բազմազան չէ՝ ո՛չ թեմատիկորեն, ո՛չ էլ ոճապես, սակայն սա հենց Վերմիշևայի աշխարհն է, որ ուրիշի գործերի հետ երբևէ չես շփոթի։

2004 կամ 2005 թվականն էր, երբ ծանոթացա նրա հետ: Մոսկվայում, ԼՂՀ ներկայացուցչության (որքան գիտեմ, դրա նախաձեռնողներից էր) դահլիճում կազմակերպվել էր պոեզիայի երեկո, որի ընթացքում նա հանդես եկավ իր բանաստեղծությունների ընթերցմամբ։ Հետագա տասը տարիներին տարբեր առիթներով էլի եղան հանդիպումներ ու այցելություններ։ Հիշողությանս մեջ մեկընդմիշտ դրոշմվել է նրա առերևութ երկչոտ, ընդհատվող, փոքր-ինչ խզված ձայնը, ութսուն տարեկանում էլ հմայիչ, մանկական ժպիտը, անմիջականությունը, որ նաև նրա ստեղծագործություններին էր հատուկ։ Նա համեստ էր ապրում, Մոսկվայում տուն չուներ ու երբ արդեն վատառողջ էր, ստիպված էր մի ժամանակավոր բնակարանից մյուսը տեղափոխվել: Իր պոեզիայի ֆոնին՝ կյանքում նա անհամեմատ անօգնական էր թվում, իսկ երբ աշխարհաքաղաքական զարգացումների մասին դատողություններ էր անում, դրանք կարող էին վիճելի թվալ, անառարկելի էր միայն նրա կրքոտ նվիրումը, ներքին այրումը:

Հաճախ էի ականատես լինում, թե ինչ մեծ հարգանք է վայելում թե՛ հայ, թե՛ ռուս մտավորականների շրջանում։

Կյանքի վերջին տարիներին հիվանդ էր, տեղափոխվել էր Երևան, երբեմն հեռախոսով էինք խոսում, խիստ դժգոհ էր Հայաստանի սոցիալ-հասարակական հետընթացից, հատկապես բարեկրթության ու ճշտապահության պակասից։ Երևանում էլ 2020 թ․ փետրվարին հեռացավ կյանքից։ Այդ առիթով իր հղած ցավակցագրում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել էր․ «Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում»: Իսկ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը Վերմիշևային բնորոշել էր որպես Արցախի մեծ հայրենասեր, որը «համախոհների խմբով կանգնեց իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարող արցախցիների կողքին»։ Եվ նվիրումով ծառայելով նախնյաց սուրբ հողի ու ժողովրդի ազատությանը՝ նա մշտապես հավատարիմ մնաց բանաստեղծուհու՝ ի վերուստ տրված կոչմանը։

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարներ․

1․ Սեդա Վերմիշևան իր գրքի շնորհանդեսի ժամանակ (լուսանկարը՝ հեղինակի)

2․ Վերմիշևան երիտասարդ տարիներին

 

...