Շոն Քոների՝ փոթորիկ, տորնադո, թայֆուն, անվանեք ինչպես կուզեք

Օգոստոսի 25-ին շոտլանդացի հռչակավոր դերասան Շոն Քոներին կդառնար 93 տարեկան: Նա առաջինն էր, ում դեմքով աշխարհը ճանաչեց գաղտնի գործակալ 007-ին՝ Ջեյմս Բոնդին՝ նրա մասին պատմող կինոսագայի ֆիլմերում: Բոնդիանայից բացի Քոներին խաղացել է նաև Ալֆրեդ Հիչքոքի, Սթիվեն Սփիլբերգի, Մայքլ Բեյի ֆիլմերում, մեծ էկրանին կերպավորել է Ռոբին Հուդին, Արթուր թագավորին, պրոֆեսոր Հենրի Ջոնսին:

1965 թվականին, Կաննի 18-րդ կինոփառատոնում Շոն Քոներին ներկայացնում էր Ռեյ Ռիգբիի և Պ.Ս. Ալենի պիեսի հիման վրա ռեժիսոր Սիդնի Լյումետի նկարահանած «Բլուր» ռազմական դրաման, որում նա խաղում էր տանկիստ Ջո Ռոբերթսի դերը: Նրա մասնակցությունը Կաննի կինոփառատոնին մեծ իրարանցում առաջացրեց: «Դա իսկական փոթորիկ էր, տորնադո, թայֆուն, անվանեք ինչպես կուզեք», գրում է ֆրանսիացի լրագրող Ֆրանսուա Շալեն, որին բախտ է վիճակվել զրուցել դերասանի հետ:

«ArtCollage»-ն իր ընթերցողներին առաջարկում է ծանոթանալ այդ հարցազրույցին, որում երեսունհինգամյա Շոն Քոներին խոսում է Ջեյմս Բոնդի ֆիլմաշարի հաջողության պատճառների մասին՝ այս գունագեղ, վառ և հումորով լի ֆիլմերի մասին, որոնք արթնացրին կինեմատոգրաֆիական աշխարհը, որում այն ժամանակ  գերակշռում էին տխուր և լուրջ ֆիլմերը:

 

Ֆրանսուա Շալե -Նախ և առաջ մենք պետք է մի փոքր խոսենք Ջեյմս Բոնդի մասին: Պարտավոր ենք դա անել: Կան բազմաթիվ դերասաններ, որոնք գաղտնի գործակալների դերեր են խաղացել: Ինչո՞ւ այդ մեկն այդպիսի ցնցող հաջողություն ունեցավ: 

Շոն Քոների -Կարծում եմ, որ դա ճիշտ ժամանակին էր: Գրքի հաջողությունը զուգադիպեց այն ժամանակահատվածին, երբ պատերազմից հետո բոլորը ցանկանում էին լսել արևադարձային կղզիների, շամպայնի, արկածների մասին: Մյուս կողմից, «Դոկտոր Նոուն» (բոնդապատումի առաջին կինոնկարը) էկրան էր բարձրացել մեծ թվով տխուր ուղերձ ունեցող սև ու սպիտակ ֆիլմերից հետո: Մեկ տարի առաջ կամ ավելի ուշ «Դոկտոր Նոուն» գուցե նույն հաջողությունը չունենար:

Ֆրանսուա Շալե -Այսօր մենք այլևս չենք կարող խանութի ցուցափեղկի կողքով անցնել և չհայտնաբերել Ջեյմս Բոնդի կոստյումներ, Ջեյմս Բոնդի գոտիներ, Ջեյմս Բոնդի կանանց, Ջեյմս Բոնդի տատիկներին և չգիտեմ, թե էլ ինչ: Երբ ձեռնամուխ եղաք բոնդապատմանը, այդյոք մտածո՞ւմ էիք, որ այս ֆիլմը կարժանանա այն անհավանական հաջողությանը, որն ունեցավ:

Շոն Քոների -Անկասկած՝ ոչ: Բացի այդ, ես երբեք բնավ կապված չեմ եղել այս ամբողջ մանր առևտրի հետ: Այս գովազդը մեծ սխալ է: Արդեն բավական էր այն, որ ֆիլմը ցուցադրվում է: Մենք պատրաստվում էինք հագեցնել շուկան, ինչպես դա արեցինք Բիթլզի պարագայում:

Ֆրանսուա Շալե -Եթե կարողանայիք կանխատեսել այդ հաջողությունը, անշուշտ, ձեր պրոդյուսերից անհամեմատ ավելի շատ գումար կպահանջեիք:

Շոն Քոների -Ես դա արեցի՛:

Ֆրանսուա Շալե -Վերջապես այս կերպարի հաջողության պատճառով մենք ամբողջովին խեղաթյուրված պատկերացում ունենք Ձեր մասին: Մենք կցանկանայինք իմանալ, թե ո՞վ եք դուք իրականում: Ո՞վ եք դուք և որտեղի՞ց եք գալիս:

Շոն Քոների -Այդ մասին կարող եք հարցնել Շոտլանդիայի ոստիկանությունից: Ո՛չ, այդ մասին ձեզ կասեն իմ անգլիացի ընկերները: Ջեյմս Բոնդից առաջ ես միայն երկու անգլիական դեր եմ խաղացել։ Միշտ մարմնավորել եմ գերմանացիների, ֆրանսիացիների, հույների, իտալացիների, լեհերի՝ բոլորին, բացի անգլիացիներից: Եվ այն, որ Ջեյմս Բոնդի ֆիլմաշարում ինձ ստիպել են խաղալ տիպիկ անգլիացու դեր, կատակ է թվում: Ինչպիսի՞նն եք դուք: Քնքո՞ւշ: Կոշտ ու կոպի՞տ: Ամեն ինչ կախված է իմ հոգեվիճակից։

Ֆրանսուա Շալե -Դուք դաժա՞ն եք:

Շոն Քոների -Ես շատ վատ բնավորություն ունեմ։

Ֆրանսուա Շալե -Պատահե՞լ է, որ ինչ-որ մեկի հետ կռվեք:

Շոն Քոների -Հաճախ:

Ֆրանսուա Շալե -Ինչո՞ւ:

Շոն Քոների -Որովհետև նա ինձ հետ համաձայն չէր:

Ֆրանսուա Շալե -Ձեզ դո՞ւր են գալիս դետեկտիվ վեպերը, պատմություններ սպանությունների, խուզարկուների մասին:

Շոն Քոների -Ոչ, դրանք ինձ դուր չեն գալիս: Ես միայն կենսագրական վեպեր եմ սիրում:

Ֆրանսուա Շալե -Ինչպիսի՞ կանանց եք հավանում:

Շոն Քոների -Կանացի, քնքուշ:

Ֆրանսուա Շալե -Ո՞րն է տղամարդու ամենակարևոր հատկությունը:

Շոն Քոների -Կարողանալ կնոջը պահպանել:

Ֆրանսուա Շալե -Իսկ ո՞րն է կնոջ ամենամեծ թերությունը: Արժանիքներն ինձ չեն հետաքրքրում։

Շոն Քոների -Տղամարդուն փոխարինելու ցանկությունը:

Ֆրանսուա Շալե -Ի՞նչ եք մտածում գաղտնի գործակալների մասին:

Շոն Քոների -Ես նրանցից ոչ մեկի հետ ծանոթ չեմ:

Ֆրանսուա Շալե -Իսկ ոստիկանության մասի՞ն:

Շոն Քոների -Ես դեմ չեմ ոստիկանությանը այն պայմանով, որ այն նեղմիտ չլինի, ինչպես հաճախ է լինում։

Ֆրանսուա Շալե -Արդյո՞ք դուք հատուկ մարզվում եք, կատարում ինչ-որ յուրահատուկ մշակված ֆիզիկական վարժություններ, որպեսզի պահպանեք Ձեր մարզավիճակը:

Շոն Քոների -Ոչ, ես ժամանակ չունեմ:

Ֆրանսուա Շալե -Այստեղ՝ Կաննում, Դուք եկել եք ներկայացնելու մի ֆիլմ, որը շատ է տարբերվում Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարից: Այն վերնագրված է «The Hill»՝ կորուսյալ մարդկանց բլուր: Դուք նաև ուրիշ կերպար եք խաղում: Վերջապես, Դուք բացարձակապես հակա- Ջեյմս Բոնդ եք: Պատմե՛ք մեզ այս ֆիլմում Ձեր մարմնավորած կերպարի մասին:

Շոն Քոների -Ես խաղացի այդ դերը, քանի որ այդ ֆիլմի ասելիքը համընկնում էր այն բանին, ինչը զգում էի ես: Տասնվեց տարեկանում ես ծառայել եմ նավատորմում։ Ես այնքան էլ լավ նավաստի չէի։ Ես ընդամենը շղթայի մեկ օղակն էի: Համակարգը վատն էր: Մեր ֆիլմն այդ համակարգերն է մեղադրում: Մյուս կողմից, ինձ համար հաճելի էր նկարահանվել սև ու սպիտակ կինոյում՝ ականավոր բեմադրող ռեժիսորի մոտ: Վերջապես, այս ֆիլմը կասկածի տակ է դնում կինոաստղի քաղաքականությունը: Այստեղ բոլոր լավ ընտրված դերասաններն էլ իրենց նշանակությունն ունեն։ Ամեն ինչ կախված է այն տեսարանից, որը նրանք պետք է խաղան: Մենք ընդամենը մեկ շաբաթ ենք փորձեր արել։ Այո, սա ֆիլմ է, որի մեջ ես կարողացել եմ շատ բան ներդնել իմ անձնական փորձից և, թերևս դրանով իսկ օգնել, որ համակարգը փոխվի:

Ֆրանսուա Շալե -Ի՞նչ կանեիք, եթե պատահաբար հանդիսատեսը Ձեզ չհետևի այս ընտրած ուղում. Ջեյմս Բոնդ ընդմիշտ, թե՞ կենսաթոշակ:

Շոն Քոների -Ես ուրիշ բան անելու պատճառ չունեմ։ Ի դեպ, ինչո՞ւ «Բլուրը» մեծ հաջաղություն չունեցավ: Մյուս կողմից, ինձ համար նմանատիպ ֆիլմը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի մի տեսակ փոխհատուցումն է։

Ֆրանսուա Շալե -Դուք, հիմնականում, չեք խոսում ֆրանսերեն: Այնուամենայնիվ, ինձ ասացին, որ Դուք որոշակի բառապաշար ունեք: Կարո՞ղ եք օրինակ բերել, որ մենք կարծիք կազմենք:

Շոն Քոների -«Ամենայն բարիք» (ասում է ֆրանսերեն):

Ֆրանսուա Շալե -Նույն օրը երեկոյան Շոն Քոններին մեծ հաջողություն ունեցավ Սիդնի Լյումետի «Բլուր» ֆիլմում՝ իր տաղանդի հանդեպ անհանդուրժողականություն ցուցաբերող հակառակորդներին համոզելով, որ ինքը պարզապես կոմիքսների հերոս չէ:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի