Սարյան և Շոստակովիչ. արևի ու անձրևի հանդիպումը

Մարտիրոս Սարյանի առնչությունները համաշխարհային մեծությունների հետ սկսած` Ջոն Սթայնբեքից մինչև Ռոքուել Քենտ, հայտնի են արվեստասերներին: Այդ բազում կապերի մեջ, սակայն, Շոստակովիչի հետ ունեցած հոգևոր մտերմությունը պետք է շարունակվեր երկար. թելը կտրողը միայն նկարչի մահը պետք է լիներ:

«ArtCollage»-ը  ներկայացնում է բացառիկ լուսանկար` Մարտիրոս Սարյանի ընծայագրով: Լուսանկարում Վարպետն է, շինարար և ինժեներ Բաբկեն Սոսյանը և ռուս մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչը: Մակագրությունից պարզ է դառնում, որ այն Սարյանի նվերն է Սոսյանին` 1965-ի մարտի 8-ին վարպետի`Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանանալու առթիվ:

Ինչ վերաբերվում է Շոստակովիչին, հայտնի է, որ նա բազմիցս եղել է Հայաստանում: Իր հոդվածներում հաճախ է անդրադարձել հայկական երաժշտության զարգացման խնդիրներին և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Շոստակովիչին աշակերտել են կոմպոզիտորներ Կարեն Խաչատրյանը և Ղազարոս Սարյանը` Մարտիրոս Սարյանի որդին: Ղազարոս Սարյանը սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ էլ դասավանդում էր Շոստակովիչը:

Մարտիրոս Սարյանի թոռը` Ռուզան Սարյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ հավանաբար  հենց այդ տարիներին`1940-ականներին էլ Մոսկվայում կայացել է Սարյան-Շոստակովիչ ծանոթությունը: Հետագայում կոմպոզիտորը հաճախ էր այցելում Հայաստան և սերտ շփումների մեջ էր Սարյանի ընտանիքի հետ: Իր 9-րդ և 10-րդ կվարտետները, «Համլետ» ֆիլմի երաժշտությունը Շոստակովիչը գրել է Դիլիջանում՝ կոմպոզիտորների ստեղծագործական տանը. «Հայրս`Ղազարոս Սարյանը, պատմում էր, որ մի տարի Դիլիջանում`հենց կոմպոզիտորների ստեղծագործական տանը, երկու քոթեջներում կողք-կողքի հանգստանում էին Սարյանի և Շոստակովիչի ընտանիքները: Դե, Դիլիջանում, ինչպես գիտենք, եղանակը շատ կտրուկ կարող է փոխվել: Հայրս հիշում էր, որ մի օր տեղատարափ անձրև է եկել, ու կայծակ է փայլատակել: Ասում էր` այդ պահին աչքս գցեցի հարևան քոթեջին, տեսնեմ Շոստակովիչը շապիկով դուրս է եկել և հրճվում է բնության այդ տեսարանով: Ու մեկ էլ անձրևը կտրուկ դադարել է, միանգամից արև է բացվել: Հայրս ասում էր` մեկ էլ տեսա` Սարյանն է դուրս եկել պատշգամբ ու ձեռքերը երկարել, հիանում է արևով. կարծես ամեն մեկը մի տարերք լիներ»,- պատմում է Ռուզան Սարյանը:

Հայտնի է, որ Շոստակովիչը եղել է Սարյանի տանը, և Վարպետը կերտել է նրա դիմանկարը, ընդ որում, շատ արագ` կես ժամում: Ինքը՝ կոմպոզիտորը դա համարում էր իր դիմանկարներից լավագույնը: Եվ ահա թե այդ առթիվ ինչ է գրում Շոստակովիչը Սարյանին 1966-ին. «Սիրելի´ Մարտիրոս Սերգեյի, երեկ Զարիկը փոխանցեց ինձ Ձեր` ինձ համար այնքա՜ն թանկ նվերը: Ավելի լավ նվեր չեմ էլ երազել ստանալ: Շնորհակալ եմ Ձեր բարության և ուշադրության համար: Շնորհակալ եմ Ձեր զարմանալիորեն հրաշալի արվեստի համար: Հղում եմ ձեզ իմ լավագույն մաղթանքները: Ամուր սեղմում եմ Ձեր ձեռքը: Ձեր`Դ. Շոստակովիչ»:

Երկու մեծերի կապը սերտացնողը նաև Ղազարոս Սարյանն էր: Կոմպոզիտորը դասավանդեց նրան մինչև իր հանդեպ սկիզբ առած չարաբաստիկ ճնշումները: 1948-ից Ստալինի  հրահանգի համաձայն՝ այն է կարգուկանոն հաստատել ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունում, իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվում են մի շարք կոմպոզիտորներ, այդ թվում Շոստակովիչը,Պրոկոֆևը և Արամ Խաչատրյանը: Նրանք մեղադրվում էին «Ֆորմալիզմի» մեջ, որն այդ ժամանակ Խորհրդային Միությունում ամենատարածված մեղադրանքն էր. «Ղազարոս Սարյանը ներկա է եղել Մոսկվայի կոնսերվատորիայի կուսակցական ժողովին: Հայրս միշտ հիշում էր այն պահը, երբ ժողովի ղեկավարը կանգնել և ասել է. «Ես ամաչում եմ սովորել մի կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում են ինչ-որ շոստակովիչներ...Շատ չանցած` կոմպոզիտորին հեռացրել են աշխատանքից: Պատկերացնո՞ւմ եք, թե այնտեղ ինչ մթնոլորտ է տիրել...»,-պատմում է Ռուզան Սարյանը:

Շոստակովիչին Հայաստանի հետ կապում էր նաև իր առաջին կինը` Նինա Վազարը: Նա աստղաֆիզիկոս էր և աշխատում էր Ալիխանյան եղբայրների հիմնադրած Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում: Ընդ որում, Վազարը 1954-ին հենց Հայաստանում հեռացավ կյանքից. «Կնոջ դին Մոսկվա տեղափոխելու հարցում Շոստակովիչին օգնել են նաև Մարտիրոս և Ղազարոս Սարյանները»,-փաստում է նկարչի թոռը:

Մահը շատ ավելի ուշ, բայց անխուսափելիորեն վրա հասավ նաև Սարյանի կյանքում: Ի՞նչ իմանար Շոստակովիչը, որ այս տողերը հարազատի մահվան առթիվ  գրելուց ընդամենը 3 տարի անց ինքը ևս պետք է բռներ հավերժի ուղին. «Սարյանի ստեղծագործությունը թանկ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ սովետական ժողովրդի համար: Այն թանկ ու մոտ է ոչ միայն նկարիչներին, այլև երաժիշտներիս: Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց Սարյանի, որի հետ բարեկամություն եմ արել երկար տարիներ: Սարյանը բովանդակ արվեստի, համայն մարդկության մեծ պարծանքն է: Ինձ համար նրա կորուստը նաև անձնական մեծ վիշտ է»:

 

Աննա Բաբաջանյան

 

 

... ... ...