Սարտր-Բովուար զույգը Հայաստանում. Ըստ Սեսիլ Վայսիեի «Սարտրը եւ ԽՍՀՄ-ը» գրքի

Անցյալ դեկտեմբերին Ռենի համալսարանի (Վերին Բրետան, Ֆրանսիա) հրատարակչությունը լույս է ընծայել Սեսիլ Վայսիեի «Սարտրը եւ ԽՍՀՄ-ը. Խաղացողը եւ վերապրողները» գիրքը։ Այն նվիրված է ֆրանսիացի ականավոր գրող-փիլիսոփա ամուսիններ Ժան-Պոլ Սարտրի (1905–1980) եւ Սիմոնա դը Բովուարի (1908–1986)՝ Խորհրդային Միություն կատարած այցելություններին։ Հեղինակը՝ Սեսիլ Վայսիեն, քաղաքագիտության դոկտոր է, Ռենի թիվ 2 համալսարանի ռուսագիտության եւ սովետագիտության պրոֆեսոր, ԽՍՀՄ մտավորականների պատմության եւ խորհրդային ու ռուսական ազդեցության քաղաքականության մասնագետ, մի քանի գրքի եւ հրապարակումների հեղինակ։ Իր այս հատորում նա հղել է բազմաթիվ ռուսերեն սկզբնաղբյուրներ, արխիվներ ուսումնասիրել Ռուսաստանում եւ նախկին խորհրդային հանրապետություններում, ընդսմին՝ Հայաստանում։ Ի շարս տարբեր հոդվածների, նա հեղինակել է նաեւ «Երկու գրողի երկու ճանապարհորդությունը Հայաստան 1960-ականների սկզբին. Վասիլի Գրոսմանի և Սիմոն դը Բովուարի հայացքները» հոդվածը, որն ընդգրկվել է «Քաղաքական ուժը, գրաքննությունը եւ գրական ստեղծագործությունը Խորհրդային Հայաստանում» ժողովածուում (ֆրանսերեն եւ անգլերեն, 2022)։
Ըստ գրքի ծանուցման՝ «Արեւմուտքում Սարտրն այն սերնդի առաջնորդն էր, որի համար կոմունիզմի հետ հարաբերությունները մտավոր եւ քաղաքական բանավեճերի կենտրոնում էին։ Թեպետ փիլիսոփան հաճախ վատ հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հետ, 1952–1968 թվականներին նա կապ է պահել Խորհրդային Միության հետ՝ չնայած Բուդապեշտում խորհրդային ռազմական միջամտության պատճառով ունեցած ընդհատմանը։ Սարտրը նույնիսկ տասնմեկ անգամ այցելել է ԽՍՀՄ, առավել հաճախ՝ Սիմոնա Բովուարի հետ, եւ այս այցելությունները, որոնք տեւել են մի քանի ժամից մինչեւ մեկ ամիս, առանցքային տեղ են գրավում այս գրքում շնորհիվ այս զույգի խորհրդային ուղեկիցների գրառումների։ Փիլիսոփան հանդիպել է պաշտոնական հեղինակների հետ, որոնց երբեմն ընկերներ է համարել եւ որոնց կարիերան ներկայացնում է ԽՍՀՄ մշակութային պատմության ուրվագիծը: Բայց այս ճամփորդությունները եւ շփումները նաեւ 1920-ականների սկզբին Մոսկվայի ստեղծած պրակտիկայի մի մասն էին, որպեսզի ազդեն, հրապուրեն եւ մանիպուլացնեն արեւմուտքցիներին: Սարտրի դեպքն առավել հետաքրքրական է, քանի որ այս փիլիսոփան ստեղծել եւ կյանքի է կոչել պարտավորությունների տեսությունը. նրա կարծիքով, յուրաքանչյուր մարդ պարտավոր է փոխել աշխարհը եւ պետք է գործի համապատասխանաբար. բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար եւ կդատվեն դրանց համար: Հարց է առաջանում՝ ինչո՞վ եւ ումո՞վ էր Սարտրը պարտավորված ԽՍՀՄ-ի առաջ»։
Մեզ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում 1963 թվականի օգոստոսին նշանավոր այս զույգի՝ Խորհրդային Հայաստան կատարած այցելությանը վերաբերող «Հայաստանն ու նրա լռությունները» ենթագլուխը։ Այն մաս է կազմում 19-րդ՝ «Վրաստան և Հայաստան. չհանդիպումներ» գլխի։
Հայաստանյան մասը շարադրելիս հեղինակը հղել է չորս աղբյուր՝ Սիմոնա Բովուարի «Ընդհանրապես եւ ամբողջությամբ» հուշագրությունը (Փարիզ, 1970), Հայաստանում ամուսիններին հանդիպած Ալեքսանդր Թոփչյանի «Ժան-Պոլ Սարտրը Հայաստանում. փիլիսոփան իրականության առջեւ» հոդվածը («Նուվել դ’Արմենի», 1998), նաեւ Պատրիկ Կազալսի «Պարոն Սարտրի եւ տիկին դը Բովուարի նեղությունները Կովկասում» վավերագրական ֆիլմը (2002) եւ Հովիկ Չարխչյանի՝ Համացանցում հրապարակած «Սարտրի չհասկացված Հայաստանը» հոդվածը (2013)։
Ներկայացնում ենք «Հայաստանն ու նրա լռությունները» գլուխը մեր թարգմանությամբ եւ ծանոթագրություններով.
«Սարտրը, Բովուարը եւ Զոնինան[1] մեքենայով (Վրաստանից – Ա. Բ.) մեկնում են Հայաստան, որտեղ անց են կացնում երկու-երեք օր։ «Մանդարինների» հեղինակը (դը Բովուարը – Ա. Բ.) զգայուն է բնապատկերների գեղեցկության նկատմամբ. «մուգ եղեւնիներով շրջապատված բամբակի դաշտերից եւ կանաչ մարգագետիններից հետո» ճանապարհորդները հայտնաբերել են «վարդագույն եւ տանջված անապատը» եւ «վառ կապույտ սփռոցը» (Beauvoir Simone de, Tout compte fait, Paris, Folio, 1972, էջ 408)՝ վիթխարի Սեւանա լիճը։ Այնտեղ էլ նրանց ընդունել են տեղի Գրողների միության ներկայացուցիչները, եւ Բովուարը իրեն նեղություն չի տվել՝ նշելու որեւէ մեկի անունը։ Այդ ուղեկիցների մեջ էր Ալեքսանդր Թոփչյանը (1939–2021). այդ ժամանակ նա 24 տարեկան էր եւ այս այցելության մասին նա հոդված հրապարակեց 1998 թվականին (Toptchian Alexandre, « Jean-Paul Sartre en Arménie. Le philosophe face à la réalité », Nouvelles d’Arménie Magazine, mars 1998, մուտք՝ մայիսի 29, 2019)՝ նախքան վկայություններով հանդես կգար բեմադրիչ Պատրիկ Կազալսի ֆիլմում (Cazals Patrick, Tribulations de Monsieur Sartre et de Madame de Beauvoir vers le Caucase… Les films du Horla, 2002): Չնայած որոշ փաստացի սխալներին, նրա կրկնակի վկայությունը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ Սարտրն ու Բովուարը շատ բան չէին ըմբռնում, թե ինչ է իրենց շրջապատում:
Երիտասարդից բացի՝ հյուրընկալներն առնվազն երեքն էին. առաջինն Ալեքսանդրի հայրը՝ Էդվարդ Թոփչյանը, ՀԳՄ առաջին քարտուղարը (2019-ի դեկտեմբերին Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանի գրադարանի քարտարանից տեղեկացանք, որ նա ռուսերեն ոչ մի գիրք չուներ տպագրած, կարծես ուներ միայն մեկը՝ հայերեն), երկրորդը՝ գրողների միության կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանը (որի ռուսերեն թարգմանությունների մեծ մասը Սարտրի այցից հետո էր), երրորդը՝ մի «պաշտոնյա», որի անունն Ալեքսանդր Թոփչյանն ասում էր, որ մոռացել է, բայց ըստ մերօրյա հայկական բլոգի՝ եղել է Հրաչյա Քոչարը (Հովիկ Չարխչյան, «Սարտրի չհասկացված Հայաստանը», մուտք՝ 10 դեկտեմբեր, 2018)[2]: Վերջինս բավականին ստանդարտ կարիերա է ունեցել ԽՍՀՄ-ում. նա, լինելով անապահով միջավայրից, տասնհինգ տարեկանում միացել է կոմերիտմիությանը, ավարտել բանվորական դպրոցը եւ աշխատել մամուլում՝ նախքան իր առաջին գրքերը հրատարակելը: Լինելով կուսակցության անդամ՝ նա ականատես եղավ իր կարիերայի բռնկմանը՝ գաղափարախոսությանը կատարելապես համահունչ լինելու եւ հաճախ պատերազմին նվիրված աշխատանքների շնորհիվ[3]: Հետեւաբար, Հայաստանում, ինչպես եւ այլուր, երեք հիմնական տանտերերը ֆրանսիացիներին ընդունելու իրենց առաքելության համար պարտական են գրական պաշտոնական դաշտի առաջատարների շարքում իրենց զբաղեցրած տեղին:
Ըստ Ալեքսանդր Թոփչյանի՝ զույգին նախ դիմավորել են Սեւանա լճի ափին գտնվող հանրահայտ «Մինուտկա» ռեստորանում, որտեղ «Երեւանից եւ Թբիլիսիից հաճախ են [գալիս] համադամասերները՝ համտեսելու հայտնի ձուկը»։ Այս անգամ «խոհարարն իսկապես գերազանցեց իրեն» (Toptchian Alexandre, նույն տեղում), ինչպես խոստովանել է անգամ Բովուարը, եւ նրանց մատուցել են «թեւի չափ մեծ եւ սաղմոնի պես վարդագույն իշխան» (Beauvoir Simone de, էջ 409)։ Գրողուհին խոստովանել է, որ այս ճաշը «հետաքրքրական էր», բայց նաեւ ավելացրել է, որ այնուհետ տանտերերը պնդել են «տանել [նրանց] իրենց ընկերներից մեկի մոտ, որը […] բնակարանամուտի խնջույք էր անում»:
«Փոշոտ գյուղն անցնելուց հետո» նրանք հասնում են «մի այգու, որի ներքեւում կանգնած է մի մեծ նորակառույց շենք», եւ որտեղ «մոտ հիսուն հյուրեր նստած են պայտաձեւ սեղանի շուրջ՝ ծանրաբեռնված սպասքով. ցերեկվա ժամը հինգն է, եւ նրանք դեռ ուտում են» (նույն տեղում, էջ 409-410): «Մանդարինները» գրքի հեղինակը չի հասկացել, որ իրեն եւ Սարտրին տարել են Հայ գրողների միության քարտուղար, արձակագիր Վախթանգ Անանյանի առանձնատունը, որի՝ բնության մասին պատմություններն այն ժամանակ ուսումնասիրում էին դպրոցներում[4]: Հրավիրված էին տեղի ամենահայտնի հեղինակները, ինչպես նաեւ Հայաստանի Կենտկոմի առաջին ու երկրորդ քարտուղարները։ Ալեքսանդր Թոփչյանը ենթադրում է, որ ոստիկանությունը զուսպ, բայց արդյունավետ հսկողություն է իրականացրել, ինչը փարիզցիները կարծես թե չեն նկատել (Toptchian Alexandre, նույն տեղում):
Մյուս կողմից, Բովուարն իրենց հանդեպ ջերմության պակաս է զգում։ Գրողներից մեկն առաջարկում է Սարտրին կենաց ասել, եւ վերջինս առաջարկում է «ֆրանս-հայկական բարեկամության» կենացը, բայց նրա խոսքերն ընկնում են «սառած լռության մեջ», նկատել է փիլիսոփան։ «Հազիվ թե հյուրերից մեկը երեք բառ արտասանած լիներ։ Այդ մարդիկ մեզ չէին սիրում. նրանք, անկասկած, չէին հետեւել ռուսների էվոլյուցիային՝ կապված Սարտրի հետ» (Beauvoir de Simone, էջ 410)։ Երբ Բովուարն այսպես է խոսում «ռուսների» մասին, նա նկատի ունի խորհրդային առաջնորդներին՝ այդպիսով ձեւակերպելով «ռուսների» գլխավորած դե ֆակտո ԽՍՀՄ-ի իմպերիալիստական բնույթը։ Իսկ եթե այս սառնության պատճառներն ա՞յլ էին։
Ալեքսանդր Թոփչյանը հաստատում է, որ երկու ֆրանսիացիների ներկայությունը «մեծ խանդավառություն չի առաջացրել». հայերը «ուրախ էին իրենց մեջ նման անհատականություններ ունենալու համար», սակայն երկխոսությունն «անհնար էր» (Toptchian Alexandre, նույն տեղում): Նա երկու պատճառ կբերի այս անհնարինության համար, որ կարելի է գտնել Էստոնիայում ու Լիտվայում եւ արդեն զգացվել էր Վրաստանում եւ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում, ինչպես հուշում են Կոնստանտին Ֆեդինի[5] որոշ նշումներ։ Մի կողմից Սարտրն ու Բովուարը «բոլորովին անհայտ էին»՝ ԽՍՀՄ-ում տպագրված չլինելու պատճառով (նկատառումը հաստատեց Չարխչյանը, նույն տեղում)։ Հայ մտավորականների համար «փիլիսոփա, գրող, դրամատուրգ, լրագրող եւ քննադատ Սարտր գոյություն չուներ»[6]. «Կար միայն մի մտավորական, որը ներկայացվում էր խորհրդային քարոզչությամբ եւ խեղաթյուրված էր որպես գաղութատիրության դեմ ապստամբող, սեւամորթներին պաշտպանող եւ դպրոցական բանավեճերին մասնակցող (Toptchian Alexandre, նույն տեղում)։ Մյուս կողմից, «նույնիսկ եթե ստալինյան սովորույթները որոշ ժամանակով վերացված լինեին, մնացել էր շատ ուժեղ ինքնագրաքննությունը», այնքան, որ խորհրդային մարդիկ բոլոր արեւմուտքցիներին ընկալում էին որպես «թշնամի երկրի ներկայացուցիչներ»։ «Ըստ էության, ցանկացած քննարկումից պետք էր խուսափել»,– շարունակում է Թոփչյանը։ «Հայ գրողները զոհ գնացին քաղաքավարությանը, եւ, ասելով ամեն ինչ, այլեւս պատճառ չունեին շարունակելու նույն ճանապարհով, ուստի նրանք հետ քաշվեցին՝ շարունակելով հերթական քննարկումը միայն իրենց միջեւ։ Ժան Պոլ Սարտրը մի պահ մնաց մենակ՝ մի անկյունում կանգնած» (նույն տեղում)։
Ժամանելուն պես առաջին քարտուղարը հայրենակիցներին թելադրել է զբաղվել ֆրանսիացիներով, սակայն, ըստ Թոփչյանի, «տրված խորհուրդը անհետացել է»։
«Հանրապետության ղեկավարներն իրենց հերթին ողջույնի խոսքեր են արտահայտել՝ պարտադրված էթիկետով։ Սա ոչինչ չի փոխել իրավիճակում։ Ժան-Պոլ Սարտրը եւ Սիմոնա դը Բովուարը մնացին միայնակ՝ միայն Գրողների միության նախագահ Էդուարդ Թոփչյանի եւ [Լենա] Զոնինայի ընկերակցությամբ» (նույն տեղում)։
Էդուարդ Թոփչյանն այնուհետ առաջարկել է քայլել դեպի վարդերի այգին եւ, ըստ նրա որդու, «երկխոսությունը կայացել է ազատ, նախկին բոլոր ձեւականություններից զերծ»։ Սարտրը, փաստորեն, ցանկացել է իմանալ, թե ֆրանսիացի ժամանակակից ո՛ր հեղինակներն են թարգմանվել հայերեն, բայց թվում է, թե հայտնի են եղել միայն Անատոլ Ֆրանսն ու Անրի Բարբյուսը։ Նշվել են որոշ ամերիկացի հեղինակներ, ինչպես նաեւ մի հայ, որն ապրել է Փարիզում[7]» ։
Հետո Բովուարն ու Սարտրը պատմեցին Սիլվի Վարդանի եւ Ջոնի Հոլիդեյի համերգի մասին[8]: Սկսվեց անհավանական առատ խնջույքը, բայց երկու ֆրանսիացիները «կտցահարում են», որովհետեւ «խնջույքը «Մինուտկա» ռեստորանում» տեղի էր ունեցել «հազիվ մեկ կամ երկու ժամ առաջ» (նույն տեղում): Ուստի Վախթանգ Անանյանն Ալեքսանդր Թոփչյանին խնդրում է «առատ լցնել այս ծերունու եւ նրա կնոջ ափսեները»։ Կենտկոմի քարտուղարը հաստատում է, որ «նրանց պետք է լավ կերակրել», ինչպես բոլոր հյուրերի կանոնն է՝ «Լցրե՛ք ափսեները։ […] Համոզվե՛ք, որ դրանք լիքն են» (նույն տեղում): Բովուարն այստեղ եւս անզիջում է՝ դեռեւս հավատալով, որ մասնակցում է բնակարանամուտի խնջույքի՝
«Ինձ ապշեցուցիչ թվաց, որ սոցիալիստական երկրում մենք այսքան շքեղ ու պաշտոնապես նշում էինք մասնավոր սեփականության այս տոնը. բայց ամենից առաջ մթերքների այս ցուցադրությունն անպարկեշտ էր այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը տառապում էր սովից։ Արդեն կշտացած՝ ես անհամբերությամբ հրաժարվեցի ձեռք տալ մսին, որը հարեւանս ուժով դնում էր ափսեիս մեջ։ Ի՞նչ էինք մենք անում այնտեղ» (Beauvoir Simone de, էջ 410)։
Երեկոյան ֆրանսիացիներին եւ Զոնինային մեքենայով տեղափոխել են Երեւան, որտեղ նրանց տեղավորել են Լենինի (այսօր՝ Հանրապետության) հրապարակի «Արմենիա» հյուրանոցում՝ այսօրվա վարդագույն տուֆով «Մարիոթում»։ Լենինի սովորական արձանը, որն այն ժամանակ կանգնեցված էր հրապարակի կենտրոնում, քանդեցին 1991-ին։ Ստալինի հուշարձանը, որը մինչեւ 1962 թվականը նայում էր Երեւանին, դեռ չէր փոխարինվել «Մայր Հայաստան» հուշարձանով։ Գրեթե կեսգիշեր է, եւ այցելուները «հսկայական հերթեր» են տեսնում հացաբուլկեղենի խանութի առջեւ: Ալեքսանդր Թոփչյանը բացատրում է. «Հայաստանի մայրաքաղաքում այլեւս հաց չկար. [...] Մարդիկ կեսգիշերին դուրս էին գալիս հացի խանութների առջեւ հերթ կանգնելու։ Բոլորը ցանկանում էին այնտեղ լինել, երբ վաղ առավոտյան հացատունը բացի իր դռները, քանի որ միայն այդպես կարելի էր մի կտոր հաց ստանալ» (Toptchian Alexandre, նույն տեղում)։
Հաջորդ օրը մենք իմացանք, որ «Խորհրդային Միությունում հացի պակաս կա» (նույն տեղում)։ Սարտրը կարծես թե ոչ մի խոսք չի ասել այդ մասին Արեւմուտքում, բայց Բովուարը հաստատեց, որ «ամբողջ երկիրը տառապում էր սովից» (Beauvoir Simone de, էջ 410)։ Այնուամենայնիվ, նա նաեւ վստահեցրեց, որ «Կապվածությունը ԽՍՀՄ-ին շատ ձեռնտու էր Հայաստանին. հսկայական ոռոգման աշխատանքները նախկին ամայի հողը վերածեցին բերրի գյուղի» (նույն տեղում, էջ 412): Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք բացատրել հացի պակասը։
Երկու ֆրանսիացիներին տարան հայ եկեղեցու առաջնորդ Վազգեն Առաջինի մոտ, որը նրանց պատմեց խորհրդահայերի եւ սփյուռքահայերի միջեւ գոյություն ունեցող շատ բարեկամական հարաբերությունների մասին։ Նրանք խորհրդածում են «հոյակապ Արարատ լեռան մասին, որտեղ իջավ Նոյի տապանը», այցելում են «երկու եկեղեցի, կարմիր՝ քաղաքի պես» եւ կանգ առնում քրիստոնեական սրբավայրի ավերակների մոտ։ Հաղորդելով «կիսաքրիստոնեական, կիսահեթանոսական տոնի[9]» մասին՝ փիլիսոփան նկարագրում է «կրակներ […] վառված մեծ կաթսաների տակ», «բլրի վերեւից մինչեւ ներքեւ»։ «Ամեն մի ընտանիք խմբված էր թասի շուրջ ու շոգեխաշած միս էր ծամում»։ Լեռները «մնում են վայրի» (նույն տեղում, էջ 411-412), կարծես դիմադրում են խորհրդային առաջադիմությանը. ուրիշության զգացումը, էկզոտիկ, բայց մի փոքր անհանգստացնող, կարծես գերակշռում է:
Բովուարը ոչինչ չի գրել ստալինյան զտումների մասին, որոնք նույնպես ծանր հարված են հասցրել այս հանրապետությանը (այս թեմայով տե՛ս Երեւանի գրականության եւ արվեստի շատ հետաքրքիր թանգարանը, այցը՝ 2019-ի դեկտեմբերին). ոմանք «սարսափով են հիշում 1937 թվականի մեկ գիշերվա ընթացքում ձերբակալված եւ արտաքսված 10000 մտավորականների հիշատակը» (Ter Minassian Anahite, « La Question arménienne », Esprit, avril 1967, p. 634)։ Այսպես, բանաստեղծ Եղիշե Չարենցը, որը շարունակում է մնալ հայ ժամանակակից գրականության հայրը, մահացել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի բանտում 1937 թվականի նոյեմբերին, 40 տարեկան հասակում։ Նրա ընկերը՝ գրող Ակսել Բակունցը, մահապատժի է ենթարկվել նույն թվականի հուլիսին՝ 38 տարեկանում։ Դրանց մասին ոչ ոք կարծես թե չի խոսել ֆրանսիացի այցելուների հետ, մինչդեռ նրանք եւս մուտք չունեին այս «վաթսունականների սերունդը», որը, ինչպես այս հանրապետությունում, այնպես էլ այլուր ԽՍՀՄ-ում, կփորձի վերակենդանացնել ազգային գրականությունը։
Տասնամյակներ շարունակ հայ գրողները, ըստ երեւույթին, ոչինչ չեն գրել այս արագ այցելության մասին, որը չի հանգեցրել որեւէ իսկական երկխոսության (Չարխչյան, նույն տեղում): Բայց 2019 թվականին Երեւանի կենտրոնում գտնվող բարը կոչվում է «Ժան-Պոլ էկզիստենցիալ սրճարան», եւ դրա մուտքը զարդարված է Սարտրի, Բովուարի, Զոնինայի եւ նրանց տանտերերի լուսանկարներով։ Այսուհետ, վստահեցնում է սրճարանի տերը, Սարտրը «նորաձեւ է», ինչպես 1960-ականները, երբ վերածնվեց «հայկական ոգին»: Այս «ոգին» նկատելուց հեռու ֆրանսիացիները վերադարձան Մոսկվա, ապա՝ Փարիզ եւ Հռոմ: Մի քանի ամիս անց Ալեքսանդր Թոփչյանը ստացավ «Բառերը»[10] եւ զարմացավ. գրքերը հեշտությամբ չէին հատում սահմանները (Կազալս, նույն տեղում)»[11]։
[1] Ուղեկից թարգմանչուհի Ելենա Զոնինան։
[2] Մեր կարծիքով՝ Ալեքսանդր Թոփչյանը դիտմամբ չի տվել Հրաչյա Քոչարի անունը։
[3] Այստեղ հեղինակը հղել է Քոչարի ռուսերեն հրատարակություններից «Պատմվածքները» (1950), «Մեծ տան զավակները» (1956), «Լուսնի սոնատը» (1959) եւ «Մայրը» (1961)։
[4] Անանյանի բազմաթիվ գրքերից այստեղ հղված է «Լեռնային կածաններով» գրքի 1956 թվականի ռուսերեն հրատարակությունը։
[5] Ռուս գրող Կոնստանտին Ֆեդինը (1892–1977) ուղեկցել է Սարտրին եւ դը Բովուարին խորհրդային հանրապետություններ կատարած շրջապտույտի ժամանակ։
[6] Այստեղ տեղին է հիշել, որ արտերկրի հայ մտավորականները որոշ չափով իմացել են Սարտրին։ Նրա անունն առաջին անգամ հայերեն թերեւս հիշատակել է շվեդաբնակ գրող, նախկին բոլշեւիկյան գործիչ Սուրեն Երզնկյան-Լորելլին, որը 1948-ին Արշակ Չոպանյանին գրել է. «Սարտրը եւ Ժիւլ Րօմէնը (յիշենք այս երկու ֆրանսիացի Ձեզ ծանօթ գրողներին միայն) եկան՝ մրցանակի բաշխումից մի երկու ամիս առաջ, առաջինը այցելեց ծերունի արքայի եղբայրներին…. եւ էգզիստէնսիալիզմի հեղինակը մնաց բաւական երկար ժամանակ Շվէդիայում, իբրև «տուրիստ» ի հարկէ» (Արծուի Բախչինեան, Ս. Լօրելլիի նամակներն Արշակ Չօպանեանին, «Հայկազեան հայագիտական հանդէս», հտ. ԺԻ, 1998, էջ 349)։ Սկսած 1949-ից՝ իր գրություններում Սարտրի անունը պարբերաբար հիշատակել է Նիկողոս Սարաֆյանը։
[7] Հավանաբար նկատի ունի Շահան Շահնուրին (Արմեն Լյուբեն, 1903–1974)։ Թոփչյանը վկայել է, որ «1963 թ. սեպտեմբերին (իրականում՝ օգոստոսին – Ա. Բ.) երբ առիթ ունեցանք մի քանի ժամ զրուցելու Ժան-Պոլ Սարտրի եւ Սիմոն դը Բովուարի հետ, թե՛ Սարտրը, թե՛ Բովուարը զարմացած էին, իմանալով, որ Ա. Լյուբենը գրում է նաեւ հայերեն եւ արձակ» («Օտարալեզու հայ գրողներ», Երեւան, 1989, էջ 675-676)։
[8] Այս վկայությունն ուշագրավ է։ Արդեն տարեց փիլիսոփա զույգն ի՞նչ համատեքստում է արդյոք հիշել նոր ասպարեզ իջած, երիտասարդության կուռք ռոքի գերաստղեր Վարդան-Հոլիդեյ զույգին։ Չենք կարծում, թե դեր է խաղացել Սիլվի Վարդանի հայկական ծագման իրողությունը, որի մասին չէր խոսվում տվյալ ժամանակաշրջանում։
[9] Նկատի ունի օգոստոսին նշվող Վարդավառի տոնը։
[10] 1964 թվականին լույս տեսած Սարտրի պատանեկության կենսագրությունը։
[11] Վերջերս լույս տեսած Հայաստան այցելած նշանավոր օտարազգիների մասին պատմող մի ճանաչողական հոդվածում Սարտրի եւ Բովուարի այցի մասին նշված էր նաեւ հետեւյալը. «Նրանք նաեւ այցելել են Սբ. Էջմիածնի կաթողիկոսարան, եւ Բովուարը հայ ժողովրդին նկարագրել է. «Կարծես կյանքով լեցուն են. սեւ բեղերով, թավշյա աչքերով տղամարդիկ եւ մուգ մազերով, ձիթենու գույնի մաշկով եւ հաճախ գեղեցիկ արտաքինով կանայք» (Փոլ Վարդան Սուքիասյան, Պատվավոր հյուրեր. համաշխարհային դեմքեր, ովքեր այցելել են Հայաստան, «AGBU», սեպտեմբեր, 2023, էջ 54)։
Արծվի Բախչինյան
Լուսանկարում՝ Սերո Խանզադյան, Ժան-Պոլ Սարտր, Սիմոնա դը Բովուար, Գոհար Ազիզյան (Թոփչյան), Ելենա Զոնինա, Էդուարդ Թոփչյան։