Սարգիս Վահագն. «Նպատակս՝ Արշիլ Գորկու հիասքանչ կերպարը մատչելի դարձնելն էր»

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի ընթացքում մի քանի տասնյակ գրքերի քարոզչության շրջանակում «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Վերնատուն» հրատարակչության տպագրած Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» կենսագրավեպի շնորհանդեսը։

Սարգիս Վահագն-Փաթափությանի «Արշիլ Գորկի» կենսագրավեպն առաջին անգամ լույս է տեսել 2004 թվականին, գրքի նոր հրատարակությունն արևելահայ ուղղագրությամբ է։

Գիրքը և Գորկու կտավները ներկայացնող արվեստագիտության թեկնածու Աննա Գալստյանը նախ պատմեց հեղինակի մասին։ Բեյրութահայ գրողը եղել է նաև Շահան Շահնուրի ֆրանսերեն երկերի հայերեն թարգմանիչը, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո  սկսել է ծանոթանալ բոլոր այն վայրերին, որտեղ ապրել ու ստեղծագործել է Գորկին:

«Երկու տարի ուսումնասիրել է, հաճախել է արվեստանոց, ցուցահանդեսներ, տուն՝ որտեղ ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել երիտասարդ, սակայն արդեն հիվանդ  նկարիչը։ Այսպիսով, ընկալել է Գորկու ներաշխարհը, հավանական ապրումներն ու նվիրական զգացումները։ Այս ամենը հեղինակին օգնել են ստեղծել առինքնող, գրավիչ գիրք։ Կենսագրավեպի սկզբում Գորկին արդեն կայացած նկարիչ է, միակ ցավն է, որ մոր գերեզմանն անհայտ է»,- ներկայացնում է արվեստաբան Աննա Գալստյանը։

Նկարիչը միակ ելքը համարում է վերակենդանացնել ու հավերժացնել մորը՝ արվեստով, և անվերջ աշխատել է այդ գործի վրա, շփվել մոր կերպարի հետ։

«Արշիլ Գորկի» կենսագրավեպը ներկայացնում է ամերիկահայ նկարիչ Ոստանիկ Ադոյանի բարդ կյանքի բոլոր փուլերը՝ գաղթ սիրելի Վանից ու Խորգոմից, սեր, բաժանում, աղքատություն, ամուսնություն, հռչակ, հիվանդություն, վթար, ինքնասպանություն...

Ագնեսի հետ ամուսնանալով, երկու դուստրերի հայր Գորկին իր մտքում վերստեղծել էր հայ ընտանիքի իր մոդելը։ Կնոջ դավաճանությունը փլուզում է նաև նրա կյանքը։

«Արշիլ Գորկի» վեպում կարևոր շեշտադրում է նկարչի սոցիալական ծանր վիճակի նկարագրությունը: Հերոսը գոյության միջոցներ գտնելու համար ստիպված էր իր ստեղծագործությունները վաճառել 25 կամ 50 դոլարով, եղել է դեպք, երբ մի կտավի արժեքով քրոջ՝ Վարդուշի երեխայի համար կաթ է գնել։ Գորկին իր գործները երբեմն նվիրում էր՝ միշտ հիշեցնելով, որ ապագայում այդ կտավները մեծ արժեք են ունենալու։

Գիրքը ներկայացնող արվեստաբանի կարծիքով, ընթերցողի համար դժվար է կռահել, թե որտեղ է ավարտվում Գորկին ու սկսվում Սարգիս Վահագնը։

Կենսագրավեպն իր գեղարվեստականությամբ հանդերձ, հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն:

«Արշիլ Գորկի» վեպում Սարգիս Վահագնը ստեղծել է գերիրապաշտական մի ամբողջ դպրոցի պատկերասրահ, գրքում «հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին»:

Վեպի միջոցով ընթերցողն առնչվում է համաշխարհային կերպարվեստի այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Անդրե Բրետոնը, Կունինգը, Փոլոքը:

 

«Նպատակս՝ Արշիլ Գորկու հիասքանչ կերպարը մատչելի դարձնելն էր»

Իր հարցազրույցներում հեղինակը պատմել է, թե ինչն է գիրքը գրելու պատճառը․ «1980-ականներին պատահմամբ փարիզյան «Էքսպրես» շաբաթաթերթում կարդացի Շնեյդեր անունով քննադատի մի հոդված, որում Արշիլ Գորկին ներկայացված էր որպես հրեա»։

Այդուհետ Սարգիս Վահագնի՝ Սան Ֆրանցիսկոյում բնակվող որդին՝ առաջին հայ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, շարունակաբար հորն ուղեկցել է այն բոլոր վայրերը, որոնց առնչվել էր Գորկին։

Սարգիս Վահագնը համոզվում է, որ «վերացապաշտ արտահայտչականություն» դպրոցի հիմնադիր ու առաջնորդ Գորկին, հանրահռչակման պակաս չունի։ Նյու Յորք Թայմսը Գորկու մասին գրել էր․ «Կան արվեստագետներ, որոնցով անվերջ հիանում ենք: Կան այնպիսիք, որոնցով և՛ հիանում ենք, և՛ անչափ սիրում: Այդպիսին է Արշիլ Գորկին: Նրա նկարները նման են Շուբերտի երգերին. մոլեգին ու քնքուշ են»։

Հանճարեղ նկարչի գնահատանքի ցուցիչ էր նաև արվեստաբան Անդրե Բրետոնի անվերապահ հիացումն ու երկու տասնյակ հիացական հատորները, բայց․․․

Հեղինակը մտահղացել է այս գիրքը ու իրականացրել իր առջև դրված նպատակը՝ այն հասցեագրելով հայերին․ «Հայերի շրջանում մեծ մասամբ առանց հասկանալու  հպարտության ալիք ստեղծվեց։ Նպատակս, ուրեմն, եղել է չհասկացվածը հասկանալիի վերածելը, Արշիլ Գորկու հիասքանչ կերպարը մատչելի դարձնելը, ինչպես նաև՝ նրա մեծակշիռ գործերը հանրայնացնելը կարելվույն չափ»:

Սարգիս Վահագնն իր կենսագրական գրքում ներկայացնում է այդ ժամանակ Ամերիկայում բնակվող երկու մեծ հայերի՝ Սարոյանի ու Գորկու մի իրական ու շարունակության մեջ մտացածին, բայց շատ հետաքրքիր պատմություն։

Իրականն այն է, որ Գորկին տեսակետ է հայտնել Սարոյանի՝ այդ տարիներին արդեն հանրահայտ՝ «Իմ սիրտը լեռներում է» գործի մասին, ասելով, որ «հայն իրեն թույլ չէր տա գնալ ու նպարավաճառից պարտքով հաց խնդրել»։ Հեղինակը շարունակել ու զարգացրել է այս պատմությունը։ Գրքում հայ արվեստագետները՝ մեծ գրողն ու մեծագույն նկարիչը․ իբրև թե հանդիպումներ ու զրույցներ են ունեցել, քննարկել ոչ միայն արվեստային հարցեր, այլև Գորկու միտքը՝ ինչ կաներ և ինչ չէր անի հայը։

Արդեն իմ գնահատմամբ՝ իր ինքնությունը հնարավոր ու անհնարին ձևերով թաքցնող Գորկու մեջ արթնացել էր հպարտ, աշխատասեր, ինքնաբավ վանեցին։ Եվս մեկը՝ մեր մեծ վանեցիներից։

Սարգիս Վահագնը գրքում համոզում է, որ Գորկին, չնայած վաղաժամ մահվանը, հասավ իր ինքնուրույն ոճի հաղթանակին և իր ներաշխարհի բացահայտումին: Ինչպես հետագայում գրել է Մինաս Ավետիսյանը. «նա կարողացավ հասնել համաշխարհային մշակույթի վարպետներին և հավերժ կապրի նրանց հետ»:

Իսկ իր կյանքի գլխավոր կտավը՝ մոր կերպարը, այնքան կենդանի է, կացության, ժամանակի և հոգեվիճակի բացահայտումով հագեցած, որ պիտի անվերջ ապրի որպես մնայուն կոթող:

 

Գայանե Մկրտչյան