Սալոմե

Սալոմեի կերպարը դեռևս վաղ ժամանակներից մինչև այսօր արվեստում լայն տարածում ունի, որին անդրադառնալը մի մեծ իրադարձություն է ցանկացած նկարչի համար: Այս խորհրդավոր կինը մարմնավորում է գայթակղության հավերժական գաղափարը, որը կապված է կյանքի անողոքության հետ: Բացի այդ աստվածաշնչյան հերոսուհին իր մեջ թաքցնում է գեղագիտական և բարոյական սկզբունքների հավերժական հակամարտության թեման: Բայց մինչև այդ՝ մի փոքր պատմություն։ 

Ըստ Նոր Կտակարանի՝ Սալոմեն Հերովդիա թագուհու դուստրն էր: Հերոսուհու մայրն  ամուսնու մահից հետո որոշում է ամուսնանալ նրա եղբոր հետ, ինչի համար էլ արժանանում է Հովհաննես Մկրտչի հանդիմանությանն ու քննադատությանը: Մի գեղեցիկ օր Հերովդեսը՝ Հերովդիայի երկրորդ ամուսինը, խնջույքի ժամանակ Սալոմեի գեղեցիկ պարային կատարման ականատեսն է լինում: Չիմանալով ինչպես շնորհակալություն հայտնել կնոջ դստերը, Հերովդեսը խոստանում է կատարել նրա ցանկացած իղձ: Սալոմեն, չիմանալով ինչ խնդրել թագավորից, հարցնում է մորը: Վերջինիս ամենամեծ ցանկությունը Հովհաննես Մկրտչի մահն էր, որը նման էր թագուհու կոկորդում խրված ոսկորի։ Հնազանդ դուստրն անմիջապես գնում է թագավորի մոտ՝ խնդրելով Մկրտչի գլուխը: Հերովդեսը՝ ցանկությունը լսելուն պես հրամայում է սպանել սրբին։ Այդ ժամանակներից ի վեր նկարիչներն ու գրողներն անխոնջ կերպով իրենց ստեղծագործություններում վերարտադրում են այս՝ միաժամանակ արյունոտ և հույզերով լի պատմությունը: Նրանցում սովորաբար հակադրվում են արքայադստեր անմեղ հայացքն ու Հովհաննեսի անշնչացած դեմքը:

Այս պատմությունը նաև լուրջ փիլիսոփայական հարցեր է վերհանում: Օրինակ, ինչպես կարող է արվեստը, այս դեպքում՝ պարը, մահվան և էթիկական արժեքների խարխլման պատճառ դառնալ: Կախված պատմական ժամանակաշրջանից, այս սյուժեն տարբեր կերպ է մեկնաբանվել: Հատկապես 19-րդ դարում, երբ արվեստն ազատվեց հասարակական օրենքներին ծառայելուց և բարոյական մաքսիմները տարածելու պարտականությունից, այն դարձավ հասարակության համար հնարավորին «վտանգավոր»: Հասարակության կարծիքով, արվեստը, որը չի ներառում բարոյական բարձր արժեքներ և նույնիսկ կասկածի տակ է դնում դրանք, չափազանց վտանգավոր է դիտողի համար: Այդ շարժումը սկսեց գրականությունից, ի դեմս Պրուստի «Չարի ծաղիկների» և Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարի»։ Ինչպես ասել է Ուայլդը. «Բարոյական կամ անբարոյական գրքեր չկան: Կան լավ կամ վատ գրված գրքեր: Ահա և վերջ»։ Նույնը մեր աստվածաշնչյան պատմության մասին կարելի է ասել. կարևոր չէ, թե ինչի հանգեցրեց պարը, կա պարզապես լավ պար և վատ պար: Հետևաբար, հատկապես 19-րդ դարում Սալոմեի սյուժեն առավելագույն չափով  տարածված էր, քանի որ այն ցույց էր տալիս բարոյականացված գեղեցկության թերարժեք ըմբռնումը, և շատ նկարիչներ ստիպված էին ապացուցել, որ մեկը չպետք է ծառայի մյուսին: Սակայն ոչ բոլոր ժամանակներում են մարդիկ պատճառը զատել հետևանքից։ Այս մասին՝ ավելի ուշ:

Սալոմեի պատմությունը, սկսած վաղ քրիստոնեական արվեստից մինչև մեր ժամանակները, տարբեր մեկնաբանություններ է ունեցել։ Եթե փորձենք ներկայացնել բոլոր դարաշրջանների մտածողների հիմնական դիրքորոշումները, ապա մոտավորապես կարող ենք ստանալ հետևյալ պատկերը.

-Սալոմեն հանդես է գալիս որպես մարդասպան:

-Սալոմեն հանդես է գալիս որպես հնազանդ դուստր, որը կատարեց մոր ցանկությունը:

-Սալոմեն ոչ մի կապ չունի Հովհաննես Մկրտչի մահվան հետ, նրան պետք է դիտարկել իր գեղեցիկ պարի շրջանակներում, որը կարողացավ Հերովդեսին մղել այդպիսի ցանկության իրականացմանը:

Առաջին դիրքորոշումը բնորոշ է վաղ քրիստոնեական ժամանակաշրջանին։ Այդ ժամանակ եկեղեցու հայրերը, մեկնաբանելով Նոր Կտակարանում տեղի ունեցածը, ասում էին, որ Սալոմեն Եվայի «արժանի» ժառանգորդն է. նույնքան արատավոր և մեղսավոր, ինչն էլ բերեց  Հովհաննես Մկրտչի մահվանը: Օրինակ՝ Հովհաննես Ոսկեբերանը նրա մասին այսպես է խոսում. «Այս կույսն իր անամոթությամբ գերազանցում է բոլոր մարմնավաճառներին»,- ոչ այնքան հաճոյախոս արտահայտություն՝ ուղղված մեր հերոսուհուն: Զարմանալի է, թե ինչպես Սալոմեի կերպարը հիանալի առիթ դարձավ կնատյատության լայն տարածման համար: Այս սյուժեն նաև հարմար առիթ դարձավ ապացուցելու, որ կինը, ի բնե, հանցագործ է:

Եթե Մագդաղենացին մարմնով էր մեղսագործում, ապա Սալոմեի դեպքում, հակառակը, նա հոգով էր մեղսագործ, քանի որ մարգարեի մահվան պատճառը դարձավ: Եվ քանզի Սալոմեի մեղքը պայմանավորված էր նրա բնությամբ, որը փոփոխման ենթակա չէ, ստացվում է, որ նա հավերժ հանցագործ է։ Այդ իսկ պատճառով էլ եկեղեցական հայրերը նրան մեղադրում էին ամենածանր հանցանքների մեջ: Եթե փորձենք փիլիսոփայորեն բացատրել Սալոմեի մեղքը, այն կարելի է կոչել գեղագիտական չարիք: Վերջինում պատճառահետևանքային կապ հաստատելը շատ ավելի դժվար է։ Չէ որ պարն, ինքնին, սպանության գործիք չէր, այն միայն դրդեց Հերովդեսին նման ցանկության իրագործմանը:

Օրինակ՝ Հերադա Լանդսբերգացու մանրանկարներից մեկում մենք տեսնում ենք Սալոմեի պարի տեսարանը՝ խնջույքի ժամանակ։ Ժամանակակից դիտողի համար Սալոմեն ավելի շատ նման է ակրոբատի, քան հմուտ և գայթակղիչ կնոջ: Մեկ այլ օրինակ է Ռուանի տաճարի խորաքանդակը։ Միջնադարյան և վաղ վերածննդյան գրականության մեջ Սալոմեին հաճախ համեմատում էին կրկեսի դերասանի հետ՝ փորձելով արդիականացնել նրա կերպարը։ Բայց այն, որ Սալոմեին սատանան էր հրահրել հանցագործության, ամենուրեք ընդունված կարծիք էր:

Արդեն վաղ Վերածննդի շրջանից սկսած Սալոմեի կերպարի ընկալումն արմատապես փոխվում է։ Օրինակ՝ Ջոտտոյի «Հերովդեսի խնջույքը» որմնանկարում մենք տեսնում ենք զուսպ արքայադստերը, որն այլևս սատանայի կողմից չի առաջնորդվում: Նա հանդիպում է երկու դրվագում. առաջինում պարում է, իսկ երկրորդում՝ Հովհաննես Մկրտչի գլուխը մեկնում է մորը։ Այստեղ Սալոմեն հանդես է գալիս որպես հնազանդ դուստր, նա ոչ մի կապ չունի մարգարեի մահվան հետ: Նույնիսկ ավելին. նրան փառաբանում էին, քանի որ այդ ժամանակների համար չափազանց կարևոր էր հնազանդությունը ծնողներին:

Ստացվում է, որ եթե մինչև այդ Սալոմեն դիվահար էր, հանցագործ և անբարոյական, ապա Վերածննդի շրջանում նա վերածվում է պարկեշտ աղջկա: Այստեղ պատասխանատվության հիմնական բաժինն ընկնում է Սալոմեի մոր՝ Հերովդիայի վրա։ Հետաքրքիր է, թե ինչու արվեստի պատմության մեջ այդքան քիչ տեղ է հատկացվել արնախում Հերովդիայի կերպարին, չէ որ նա է մարդասպանության նախաձեռնողը: Ուշադրություն դարձնելով Սալոմեի կեցվածքին՝ կարևոր է նշել, որ Վերածննդի դարաշրջանից սկսած մարդկանց պատկերացումներն արվեստի և նրա նշանակության մասին փոխվում են: Այն ամենևին էլ արատավոր չէ, ինչպես եկեղեցին էր ասում, այլ ինքնակատարելագործվելու միջոց։ Արվեստն այլևս սատանայի տիրապետության տակ չէ, այլ աշխարհը ճանաչելու միջոց է: Այն նաև վերաբերում է պարերին, որտեղ տեղի է ունենում կոնկրետ բաժանում. ողջունելի են դառնում հեզ ու կանոնակարգված շարժումները, իսկ ակտիվ ու անկառավելի շարժումներով լի կատարումները՝ քննադատվում: Քանի որ այս ժամանակի գեղագիտական մտքում փիլիսոփաները հաճախ էին հղում անում չափման և հավասարակշռության հասկացություններին, հասկանալի է, որ վերջիններս պետք է գործնական կիրառություն գտնեին արդեն տարբեր ոլորտներում՝ նկարչության, գրականության և, այս դեպքում, պարերի մեջ:

Վերածննդից սկսած նկարիչները հակադրում են Սալոմեի կանացի հմայիչ պարը մահվան սարսափի հետ։ Օրինակ՝ Դոնաթելլոյի «Հերովդեսի խնջույքը» հարթաքանդակի մեջ մենք տեսնում ենք Սալոմեի արդեն ավելի հանդուգն և ազատ պարը, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի գլուխը և Հերովդեսի ու մերձավորների սարսափած դեմքերը։ Բայց զարմանալին այն է, որ Սալոմեն այլևս այն հնազանդ աղջիկը չէ, որը կատարում է որևէ մեկի հրամանը։ Նա անտիկ շրջանի մենադա է, որը պարում է անզուսպ, արբեցած վիճակում։ Ակամայից հիշվում են խենթ մենադաների պատմությունները, որոնք իրենց երթերի ժամանակ, հասնելով էքստազի պիկին, սպանում էին առաջին պատահածին։ Վերջիններս չխնայեցին անգամ հունական մեծ երգչին՝ Օրփեոսին՝ հեռավոր առասպելական անցյալում։ Այստեղ հատկապես սկսվում է հակամարտությունը հախուռն բնազդային ազդակների և ռացիոնալ մտածողության միջև։ Սալոմեի ձեռքերն ու ոտքերը մերկ են, ինչը պարզապես անընդունելի է այդ ժամանակների համար: Դա օրենքի աշխարհի հակադրությունն է անզուսպ տարերային ուժերին: Այսպիսով, Սալոմեն արդեն վերածվում է ավելի ազատ ու գրավիչ կնոջ, ձերբազատվելով միջնադարից մնացած պատկերացումներից:

Բացի Սալոմեին օրինակելի դստեր բարդույթից ազատելուց, Վերածնունդը բացահայտում է նրա ևս մեկ այլ կողմ։ Եթե նախկինում Սալոմեի կերպարը հազվադեպ էր արտացոլում որևէ խոհածություն՝ կապված Հովհաննես Մկրտչի մահվան հետ, ապա այս պահից սկսած, կարծես, Սալոմեն սկսում է զգացմունքներ ունենալ կատարվածի շուրջ: Նա սովորաբար պահում է մարգարեի արյունոտ գլուխը, բայց դեմքը շրջում է այլ ուղղությամբ, կարծես իրեն հեռվացնելով կատարված հանցագործությունից: Այստեղ արդեն ի հայտ է գալիս արևելյան արքայադստեր ներքին հակամարտությունը։ Նա այժմ ոչ թե պարզապես կատարում է ինչ-որ մեկի հրամանը, այլ ունի իր դիրքորոշումը, իր կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ:

Առավել հետաքրքիր է հետևել արդեն 19-րդ դարում Սալոմեի կերպարանափոխություններին: Եթե մինչև այդ նա զուգորդվում էր Հովհաննես Մկրտիչի և նրա մահվան պատմության հետ, ապա արդեն սկսած 19-րդ դարից նկարիչները նախընտրում են պատկերել Սալոմեին տվյալ սյուժեից դուրս: Այդժամ Սալոմեն դառնում է առանձին հերոս, իր իսկ ուրույն պատմությամբ, ավելի կոնկրետ՝ fеmme fatale, տղամարդկանց ճակատագրերի հետ խաղացող ու խիստ վտանգավոր մի կին: Նման մեկնաբանությամբ են ստեղծված, օրինակ, Գուստավ Մորոյի Սալոմեն կամ Ֆրանց Ֆոն Շտուկի գործերը, որտեղ մեր հերոսուհին հանդես է գալիս որպես արևելյան խորհրդավորության կրող: Արդեն հայ նկարչի՝ Վարդգես Սուրենյանցի մոտ մենք տեսնում ենք մի քանի միտումների արտացոլում: Հայկական Սալոմեն բացի այն, որ օտարված է աստվածաշնչյան սյուժեից, նաև իր կերպարում արտացոլում է խիստ մտահոգություն, ներքին դիրքորոշումների հակասություն: Սա այն դյութիչ ու գայթակղիչ Սալոմեն չէ, որը հանդիպում էր արևմուտքում և որի միջոցով նկարիչները սուբլիմացնում էին իրենց երևակայական պատկերացումները արևելյան գեղեցկության ու մշակույթի շուրջ: Միգուցե, քանի որ Սուրենյանցն ինքը արևելքի զավակն է, ավելի ռացիոնալ ու ոչ պաթետիկ է տեսնում իրադրությունը, որի պատճառով էլ նրա Սալոմեն մեզ ներկայանում է որպես ավելի լուրջ, խորասույզ ու բարդ կերպար: Հայ նկարիչն ավելի նուրբ կերպով է մեզ փորձում ցուցադրել արևելյան գեղեցկուհու հմայքը. Սուրենյանցը հատուկ հակադրում է Սալոմեի մերկ կուրծքն ու բազմաշերտ զարդանախշված հագուստը: Հարկ է նշել, որ նկարիչն այդ ժամանակ ոգեշնչված էր Օսկար Ուայլդի նույնանուն դրամայով, որում աստվածաշնչյան պատմությունը խիստ փոփոխության է ենթարկվել: Սուրենյանցի Սալոմեն, սիրահարված լինելով Հովհաննես Մկրտչին, արդեն ունի լուրջ դրդապատճառ իր սիրեցյալից ազատվելու: Սա արդեն նոր երանգ է հաղորդում աշխատանքին, քանի որ Սալոմեին նկարիչները սկսում են վերագրել զգացմունքներ, որոնք առաջնային պատումում չեն եղել, այն է՝ զայրույթ և վրեժխնդրության զգացում:

Այսպիսով, Սալոմեն մեզ համար ոչ միայն սովորական աստվածաշնչյան կերպար է, այլև բարդ և հակասական մարդկային հույզերի մարմնավորում: Նրա պատմությունը հիշեցնում է մեզ, թե որքան նուրբ է գեղեցկության և մահվան, գայթակղության և սարսափի միջև սահմանը: Ահա թե ինչու, չնայած հայացքների և մշակութային համատեքստերի փոփոխություններին, Սալոմեի կերպարն առ ասյօր շարունակում է ոգեշնչել և հուզել նկարիչներին և դիտողներին ամբողջ աշխարհում:

 

Ռուզաննա Լազարյան

 

Պատկերներ՝

Գլխավոր- Տիցիան՝ «Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխով»

1.Ֆրանց ֆոն Շտուկ՝ «Սալոմե»

2. Գուստավ Մորո՝ «Սալոմեն Հերովդեսի առաջ պարելիս»

3. Ջոտտո՝ «Հերովդեսի խնջույքը»

4. Դոնաթելլո՝ «Հերովդեսի խնջույքը»

  

... ... ... ...