Սաղմոսավանի սպիտակ արևը

Հայ ճարտարապետական վեհաշուք կոթողներից մեկի՝ Սաղմոսավանքի հարևանությամբ, բնության գրկում բացօթյա մի բեմադրության ներկա եղա՝ ըստ Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» և Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»   ստեղծագործությունների բեմականացման: Ընտրված տեղանքը, ներկայացման ձևաչափը, բեմականացման համար հիմք ծառայած հայ հեղինակները, դերասանական կազմը (Գրետա Մեջլումյան, Արա Սարգսյան), խիստ ներշնչող էին, հատկապես, որ իմ ուշադրության կենտրոնում այս շրջանում հենց հայաստանյան բացօթյա ներկայացումներն են: Վերջին տարիներին մեզանում ձևավորվել է բացօթյա ներկայացումների մշակույթը: Տարբեր միջազգային փառատոների շրջանակներում՝ Երևանում և այլուր, ականատես ենք եղել նմանատիպ ներկայացումների զանազան դրսևորումների, դրանք եղել են ակցիաներ, փերֆորմանսներ, ակրոբատիկ համարներով ցուցադրություններ կամ բալագանային, ինտերակտիվ ներկայացումներ: Աստիճանաբար ներմուծվելով մեր իրականություն՝ արտերկրյա այս մշակույթն իր լավագույն դրսևորումներն ունեցավ նաև հայ բեմում: Դրդապատճառներից մեկն էլ համավարակն էր, որի թելադրանքով ստեղծված ճգնաժամից լուծում գտնելու համար հայ բեմադրիչները դիմեցին իրենց ներկայացումները թատրոնների հետնաբակ տեղափոխելու հետաքրքիր լուծմանը: Նման մոտեցումները նոր շունչ ու որակ հաղորդեցին հայ թատրոնին և ինքնաբերաբար Հայաստանում ձևավորեցին  թատերական մշակույթի նոր ձևաչափ, մեր դիտարկմամբ և բնորոշմամբ՝ ուրբանիստական, քաղաքային բացօթյա ներկայացումների տիպը (Լիլի Էլբակյան «Դեկամերոն», Գոռ Մարգարյան «Գարդենիա», Աննա Էլբակյան «Երևանյան տրամվայ»):

Սակայն «Սպիտակ Արև» բեմադրության համար ընտրված էր գյուղական բնակավայր՝ Սաղմոսավան գյուղը, որը համահունչ է գրականությունում մատնանշված միջավայրին (թե՜ Սերո Խանզադյանի, թե՜ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների գործողություններն ընթանում են գյուղում): Այսպես, կոնտեքստային օգտագործելով տեղանքը, բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը, որը մեզ համար թատերական աշխարհում բացահայտում էր, հրաշալի լուծում է գտել՝ հանդիսատեսին միաժամանակ պարգևելով թե՜ բնության վայելքի, թե՜ ազգային գրականության հետ հաղորդակցման հնարավորության, թե՜ հայ բեմի վարպետների հետ անմիջական շփման, և թե՜ կրթող ու կարևոր ուղերձներ հաղորդող ժամանցի համամասնություն: Ասել է թե՝ գրագետ է ստեղծված ժամանց և արվեստ համադրությունը, որն իր բնույթով կոմերցիոն նախագիծ՝ ոչ մի ըմբոստություն չի առաջացնում թատերասեր հանդիսատեսի մոտ (որպես կանոն, մեզանում կոմերցիոն նախագծերը մեղանչում են ճաշակի առջև), բայց և իր ձևով, կառուցվածքային (ոչ բնավ ասելիքի առումով) թեթևությամբ ու բեմադրական անհավակնոտությամբ մատչելի է հանդիսատեսի տարբեր շերտերի համար: Այս ներկայացումը կարող է լինել, ասենք, առավոտից սկսված էքսկուրսիաների երեկոյան բովանդակային ամփոփում կամ, ինչու ոչ, քաղաքականությամբ ու հոգսերով գերհագեցած մեր օրվա ավարտի լավագույն բալասան: Աչքիցս չվրիպեց նաև, թե ինչպես ներկայացման եկած դպրոցականների խմբին դիմավորող աշխատակիցը նրանց սովորեցնում էր ներկայացումը դիտելու էթիկա և բարեվարքության կանոններ. ահա այսպես են նաև կրթում հանդիսատեսին:

Պարզում ենք, որ «Սպիտակ Արևի» հունիսի 4-ին սպասվող ներկայացումը արդեն 10-րդ անգամն է, որ պիտի խաղան: Առաջնախաղը տեղի է ունեցել 2021-ի օգոստոսին՝ Սարալանջ գյուղում: Մինչև այդ Տ.Գյուլումյանը (2003-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի ռեժիսորական բաժինը՝ Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոցը) աշխատել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան (1999-2005թթ.)՝ խաղալով «Հին աստվածներ», «Ռուզան», «Բալի այգի» և այլ բեմադրություններում: Խաղացել է նաև հեռուստաֆիլմերում և գեղարվեստական ֆիլմերում, բեմադրել է մանկական ներկայացումներ մայրաքաղաքի և շրջանային թատրոններում: Գյուլումյանը, որ նաև «Բեմել» կազմակերպության հիմնադիր-ղեկավարն է, նշում է, որ «Սպիտակ արևը»  հրավերներ ունի Հայաստանի տարբեր բնակավայրերից, և որ ամառվա ընթացքում կազմակերպությունը նախաձեռնում է տարբեր միջոցառումներ՝ համերգներ և նոր ներկայացում: Այս ամենից զատ կարևորում եմ բեմադրիչի՝ ազգային գրականությանը դիմելու գովելի միտումը:Վերջերս Հրազդանի դրամատիկական թատրոնում նա հանդիսատեսի դատին է հանձնել իր երկրորդ բեմադրությունը (Կարինե Խոդիկյան` «Տունը սահմանի վրա»), իսկ հուլիսի 16-ին նախատեսում է նոր առաջնախաղ՝ ըստ Ստեփան Զորյանի «Ցանկապատը» պատմվածքի, դարձյալ Սաղմոսավանում՝ նույն ձևաչափով: Մեր բեմադրիչներից քչերն են ձեռք մեկնում ազգային գրականությանը, այնինչ գաղնիք չէ, որ հանդիսատեսն ուզում է բեմում տեսնել իրեն, իր խնդիրների մասին լսել՝ կլինի դասական, թե ժամանակակից գրողների ստեղծագործությունների միջոցով: Գյուլումյանը նշում է, որ իր առաջին լուրջ հայտը ռեժիսուրայի ոլորտում ուշացրել է, քանի որ անցնում էր կուտակումների մի շրջան և հայ գրականության մեջ փնտրում էր իր ասելիքը լավագույնս արտացոլող գործեր, որոնք լինելով ազգային՝ կունենան նաև համամարդկային ընդգրկում և կխոսեն այսօրվա հանդիսատեսի հետ:

Գյուղական տան բակում շարված, հանդիսատեսի համար նախատեսված աթոռներ, որոնց դիմաց ոչ թե բեմ, այլ մի հին հյուղակ է, ծառ ու թուփ, խոտերի մեջ արածող գառ, մեղմ հովիկ: Այսպիսով՝ իրապաշտական միջավայր, որը ո՜չ բեմանկարչի, ո՜չ էլ բուտաֆորական իրերի կարիք չի զգում: Այստեղ հիշատակվող ծառն իրական ծառ է, գառն՝ իրական գառ, ձին, որին նստած գալիս է պատանի Սերոն, իրական ձի, իսկ սեղանին դրված բարիքները, որոնք Նավասարդ ապերը պատրաստում է քաղաքից ժամանած որդուն՝ Արշակին, հյուրասիրելու համար, իրական մրգեր են, գինի ու տնական կոմպոտ: Սաղմոսավանի արևի մեղմ ու սպիտակ լույսի ներքո սկսված ներկայացումն էլ ավարտվում է գրեթե վերջալույսի շողերի հետ:

Այս իրականությանը համահունչ է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի մարմնավորած գյուղական կնոջ կերպարը, որն ասես հետաքրքիր համաձուլվածք է «Սպիտակ գառը» պատմվածքի հարևանուհու դրվագային կերպարի և «Աշնան արևի»՝ Աղունի: Թեև վերցված է Մաթևոսյանի վիպակի հերոսուհու անունը, սակայն Աղունի կերպարից քիչ բան կա Նավասարդ ապերի հարևանուհու կերպարում, ավելի շուտ գաղափարական տեսանկյունից է մոտ, քան գրական կերպարի բերած թեմայի և սյուժետային գծի զարգացման, նաև՝ քաջ ու կենսահաստատ բնավորությամբ, հայրենի հողին կառչածությամբ, հայ անձնազոհ մոր կերպար լինելու առումով: Բեմադրիչը Գրետա Մեջլումյանի հետ համատեղ ստեղծելով այս նոր կերպարը՝ նրան է վերագրել ներկայացման առանցքային իրադարձությունների և շրջադարձերի վճռորոշ դերակատարությունը: Դերասանուհին հոգեբանական խորն ու համոզիչ խաղով, հայ գյուղացուն հատուկ հայրենի հողից բխող իմաստնությամբ, ուժով, բարոյականությամբ օժտված կնոջ կերպար է ստեղծում: Ներկայացման սկզբում անհոգ ու թեթև, գյուղի կյանքի անցուդարձից միշտ լավատեղյակ ու կենսախինդ կնոջ կերպարով է ներկայանում նա՝ հոգեզավակի գալուստից անտեղյակ հորը լուր բերելով: Լուրը հայտնելուց առաջ կինը միտումնավոր ձգձգելով՝ տարբեր երանգներով կրկնում է Նավասարդ ապեր անունը՝ մե՜կ կատակելով, մե՜կ ուրախանալով, մե՜կ ժպտալով ու ծորուն, մեկ էլ կանացի սեթևեթանքով պարելով ու երգելով՝ մի ամբողջ արարողակարգի վերածելով ավետիսը հայտնելու պահը: Տպավորիչ է դերասանուհու երիտասարդական ավյունը, պլաստիկան, նրա թեթևությունը: Հրանտ Մաթևոսյանի Աղունը 40 տարեկան է, սակայն ծանր ու դաժան կյանքի բերումով, ըստ հարևանուհի Արուսի՝ 80 է երևում: Գրետա Մեջլումյանի Աղունը, չնայած դերասանուհու տարիքին, պարմանուհու դյուրաթեքությամբ ու անսահման կանացիությամբ է օժտված. նրան զորացնում է հայրենի հողն ու ընտանիքը: Սա բեմական վարպետության, բարձր պրոֆեսիոնալիզմի լավագույն օրինակ է, որը տարիքից կախված չէ. բազմաթիվ երիտասարդ դերասաններ ունենք՝ անկիրթ մարմիններով, զուրկ պլաստիկայից:

Պետք է տեսնել, թե ինչպես է դերասանուհու հոգեվիճակը փոխվում այն պահին, երբ իր որդին՝ Սերոն, հայտնում է Արշակի անսպասելի հեռանալու մասին: Մեղավորության բեռն ուսերին, մոլորված հայացքով, արցունքոտված աչքերով կինը հասկանում է, որ պատասխանատվությունն իր վրա է. ինքն էր բերել գալու նորությունը, ինքն էլ պիտի հայտնի հեռանալը: Հարևանը բանից անտեղյակ, կնոջ ապրումներին անմասնակից՝ ծառի տակ որդուն սպասելով քնել է: Աստիճանաբար Աղունի մեղավորությունն աճում է դառնության, դառնությունը՝ ցասումի, դերասանուհու խաղում ի հայտ են գալիս բազմաշերտ հոգեվիճակներ, ապա իր մեջ ուժ գտնելով՝ նա կարողանում է առանց լալկանության, արժանապատվությամբ ու զուսպ՝ քնից վեր ելած Նավասարդ ապերին հայտնել, որ Արշակն ինչպես եկավ, այնպես էլ լքեց գյուղը՝ հորը չգալով այցի:

Տպավորիչ է դերասանուհու մենախոսությունը, որում նա մեջբերում է թե՜ Խանզադյանի պատմվածքից, թե՜ «Աշնան արևի» Աղունի մտքերից, թե՜ ժամանակակից կյանքի հետ զուգահեռվող իր ու բեմադրիչի կողմից ավելացված տողեր՝ հասնելու համար այն կարևոր ասելիքին, որը պետք է դաջվի հանդիսատեսի գիտակցության մեջ: Քիչ առաջվա անհոգ ու սեթևեթ կնոջից նա վերաճում է ասես  Մայր Հայրենիքի խորհրդանիշի և դիմելով  ներկաներին՝ նրանց մեջ ոգեկոչում ազգային հիշողությունը, նրանց պարտքը սեփական երկրի առջև, հանդիսատեսին պատգամում է սիրել և փայփայել հողը, չլքել, շենացնել այն, օտար ափերում ուրիշի ճորտը չդառնալ: Բարբառային շեշտերով համեմված դերասանուհու խոսքը հյութեղ է, ազդեցիկ, համոզիչ ու կերպարային:

Այս ներկայացումը դասական անտրեպրիզա է՝ մեկ նախագծի շուրջ տարբեր թատրոններից ընտրված դերասաններ: Ի դեպ, ներկայացման դրվագներում խաղացող շնորհաշատ պատանին՝ 15-ամյա Ժոր Գյուլումյանը, շատ կերպարային է այս դերում, ու թեև քիչ են նրա տեքստերը, չունի խաղարկային բարդ խնդիրներ, այնուհանդերձ, ներքին ճիշտ զգացողությամբ ու մտքում հերոսների կենսագրությունն ունենալով է պայմանական բեմ գալիս՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, որ իսկապես գյուղի երեխաներից է, որ հենց կողքի գյուղական տնից է եկել, կամ հանդերից՝ գառներին արածեցնելուց եկավ: Պատանին նաև անսամբլային զգացողություն, խաղընկերոջը լսելու ունակություն ունի, հատկություններ, որոնք նաև ֆիլմում շահեկան կլինեն: Առհասարակ, այս ներկայացումն ասես դրվագ լինի մի հայկական բնապատկերում նկարահանված ֆիլմից, կինովավերագրության հատկանիշներ է կրում:

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի առաջատար դերասաններից Արա Սարգսյանի ընտրությունը Նավասարդ ապերի դերի համար նույնպես ռեժիսորի հաղթաթղթերից է: Հանդիսատեսը «Մալյան» թատրոնի բեմից բազում անգամներ է ծիծաղել, հուզվել, ժպտացել՝ տաղանդավոր դերասանի ստեղծած կերպարների տպավորությամբ: Ներքին հոգեբանական խաղի վարպետ դերասանը դիպուկ է գտնում կերպարի արտաքին խաղարկային նշանը: Դերասանի ստեղծած՝ բնությանը միաձույլ ու ներդաշնակ, որդու կարոտն աչքերում հավերժորեն դաջված «խոր ձորի մեջ գտնվող այգիների պահապան» Նավասարդ ապերի կերպարն ամբողջովին Սերո Խանզադյանի պատմվածքից է: Ներկայացման սյուժետային առանցքն էլ, կարելի է ասել, հենվում է հենց այս պատմվածքի վրա: Նավասարդ ապերը միանգամից մեծ համակրանք է առաջացնում՝ յուրաքանչյուրի մոտ արթնացնելով իր հոր, իր պապի հարազատ կերպարի հետ զուգահեռ, ու աստիճանաբար ցավագին ապրումներ են ծնվում՝ մարդու ներաշխարհն ալեկոծած ապերախտ որդիների պատճառով, ընդվզում նրանց հանդեպ: Խորունկ, ասես զարմացած աչքերը դեպի հեռուները հառած, ծերունական կուչ եկած ուսերով, դողդոջուն քայլվածքով դերասանը հասնում է զգացմունքային բարձրակետի՝ որդու գնալու լուրն իմանալով: Թվում է՝ ծառին հենված փայտյա հին աստիճանը, որի վրա մի կերպ մագլցում է ծեր պապը՝ որդու մեքենան հեռուներում տեսնելու մի վերջին հույսով, ուր որ է կկոտրվի, չի դիմանա  անշնորհակալության ու հայրական սրտում ծագած տիեզերական ցավի այս բեռին: Դերասանի ամենաբարդ խնդիրներից է բեմական լռությունը, բեմում մի քանի վայրկյան լռելն իսկ պահանջում է դերասանական մեծ հմտություն, իսկ Արա Սարգսյանը մի ամբողջ տեսարան դեպի հանգուցալուծում խաղում է խոսուն ու տպավորիչ լռությամբ: Չնայած նրա այս բացառիկ կարողությանը, որն անխոս ծանոթ է եղել ռեժիսորին, մեր դիտարկմամբ, ներկայացման ավարտին որևէ տեքստային հավելում ավելի ամբողջական կդարձներ բեմադրիչի ասելիքը: Թեմայի ամփոփման անորոշությունն ու անհուսությունը կարելի է մեկ նախադասությամբ իմաստավորել, քանի որ կան պատանի Սերոյի նման լավ զավակներ, ուրեմն ամեն բան կորած չէ: Արձակը պիեսի վերածելու ճանապարհին հուզական երանգներն ու շեշտադրումներն ավելի ճիշտ բաշխելու ու կուլմինացիայից դեպի ավարտ վարընթաց գործողությունների շղթան ավելի հմուտ ու համամասնորեն կառուցելու կարիք կա: Ներկայացումը չի ծանրանում հանդիսատեսի հոգում, սա ողբերգություն չէ, սակայն դրամատիկ երանգները խորհելու առիթ են տալիս, հուզում, զավակ ու ծնող հարաբերություններ, հայրենիք, հող, սեր, պարտք հասկացությունները վերաարժևորելու են մղում:

Այսպիսով փաստում ենք, որ «Սպիտակ Արև» բեմադրությունը նոր մշակույթ է ձևավորում հայ ժամանակակից թատրոնում: Իր տեսակի մեջ ստացված փորձ է, և հուսանք, որ բեմադրիչը կշարունակի հայ գրականության հանրահռչակումն ու հայ հանդիսատեսին անհրաժեշտ գաղափարները հասցնելու իր կարևոր գործը:

 

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արվ. թեկնածու