«Սա մեր Քրիստոսն է. իսկ սա մեր Պազոլինին»

2022-ը իտալական կինոյի ամենաողբերգական ու սկանդալային կերպարներից մեկի՝ Պիեր Պաոլո Պազոլինիի 100-ամյակի տարին է: Պոետ, սցենարիստ, ռեժիսոր, հրապարակախոս և հավերժական ըմբոստ իտալացին արվեստում իր առաջին իսկ քայլերից սկսած հայտնվեց սկանդալների կիզակետում և իր աղմկահարույց կյանքի ընթացքում հասցրեց ապրել մեկուսացման ու միայնության ամբողջ դառնությունը: Պազոլինիի վախճանը նույնքան աղմկոտ ու ողբերգական էր. նա դաժանաբար սպանվեց 1975 թվականի նոյեմբերի 2-ին: 2015 թվականին մոսկովյան միջազգային կինոփառատոնում կինոռեժիսոր Աբել Ֆերարան և Ուիլեմ Դեֆոն ներկայացնում էին «Պազոլինի» ֆիլմը: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում афишаdaily-ի հարցազրույցը, որը մոսկովյան ցուցադրության նախօրեին Ուիլեմ Դեֆոն տվել է Անտոն Դոլինին:

-Ըստ Ձեզ, դերասանից խիզախությո՞ւն է պահանջվում Պիեր Պաոլո Պազոլինիի դերին համաձայնելու համար:

-Դժվար է պատասխանել, բայց ինքը՝ Պազոլինին, վստահաբար խիզախ մարդ էր։ Չգիտեմ, թե որտեղից էր այդ համարձակությունը՝ չթաքցնել իր կյանքի որևէ ասպեկտը, հասնել այդպիսի թափանցիկության: Թերևս բացատրությունն այն է, թե որքան բազմադեմ էր նա՝ պոետ, սցենարիստ, ռեժիսոր, հրապարակախոս և անհնար էր տարանջատել նրա անհատականության մի կողմը մյուսից։ Եվ նրա սեքսուալությունն ամենակարևոր կողմերից մեկն էր։

-Ինչպե՞ս էիք պատրաստվում դերին: Ֆիլմում ձեր արտաքին նմանությունը Պազոլինիին ապշեցնում է։

-Վստահ չեմ, որ կհամաձայնեի նույն դերը խաղալ մեկ այլ ռեժիսորի մոտ: Բայց Աբել Ֆերարայի հետ ես բազմիցս եմ աշխատել և համակողմանիորեն վստահում եմ նրան. մասնավորապես այն բանի համար, որ մենք համախոհներ ենք և իսկապես աշխատում ենք միասին։ Նա սկսեց զրուցել ինձ հետ նախագծի ամենավաղ փուլերում. սցենարի վրա աշխատանքն այն ժամանակ դեռ նոր էր սկսվում, և այն ձանձրալի-տիպական էր՝ ֆլեշբեքեր, հոգեբանություն, կենսագրություն: Անհետաքրքիր է. մենք Աբելի հետ միանգամից որոշեցինք՝ կենսագրականը մեզ համար չէ։ Մենք խրվեցինք այնպիսի նյութի որոնումների մեջ, որը թույլ կտար անսպասելի ռակուրս գտնել: Փնտրտուքն ինքնին չափազանց գրավիչ էր։ Դրանից հետո մենք Աբելի հետ ևս մեկ ֆիլմ արեցինք «4:44. Վերջին օրը երկրի վրա» և միաժամանակ զգացինք, որ սա կարող է լինել Պազոլինիի մասին մեր ֆիլմի բանալին: Կյանքի վերջին օրերը, օրեր աշխարհի վերջից առաջ։ Մենք որոշեցինք, որ եթե այս գաղափարը լրացնենք կոնկրետ ճշմարտացի փաստերով, կարող է հիանալի ֆիլմ ստացվել։ Դա սցենարի նոր տարբերակի կմախքն էր։

-Ինչպե՞ս ֆիլմում հայտնվեցին Պազոլինիի էկրանավորված անավարտ սցենարները:

-Արդեն ավելի ուշ որոշեցինք, որ ֆիլմի կառուցվածք կներմուծենք հատվածներ նրա չիրականացրած նախագծերից։ Ոչ այն բանի համար, որ Պազոլինիին փոխարինենք մեզնով, միայն նրա համար, որ հանդիսատեսին թույլ տանք ներթափանցել նրա մտքերի մեջ, ցույց տանք այն կերպարները, որոնցով նա ապրում էր: Դա համատեղ գործընթաց էր, մենք Ֆերարայի հետ երկուսով էինք աշխատում: Չեմ ուզում գերագնահատել իմ դերը, բայց, նույնիսկ, երբ մենք գիրք ենք կարդում, որը մեզ իրապես շատ է դուր գալիս, մենք համահեղինակներ ենք դառնում, այնպես չէ՞: Իսկ այս գիրքը ես կարդում էի հանգամանորեն, ուշադիր ու գերագույն հաճույքով, զգալով, որ ներթափանցում եմ հերոսի գիտակցության մեջ։ Ֆիզիկական նմանության ցանկացած հարց առաջացավ ավելի ուշ: Ես չէի ուզում նմանակել Պազոլինիին, բայց  արդեն շատ լավ էի ուսումնասիրել նրան, որպեսզի ընդհանրապես խուսափեի դրանից։ Ճիշտ է, արտաքնապես ես բացարձակապես տիպիկ իտալացու նման չեմ: Դե ինչ, մազերս մուգ ներկեցին և լինզաներ դրեցին: Ես անվերջ տեսահոլովակներ էի նայում և հետևում՝ հատկապես նրա հարցազրույցների ժամանակ, չէի  կրկնօրինակում, պարզապես հետևում էի... Ինչ վերաբերում է արդյունքին, ապա ես նույնիսկ իտալերեն գրեթե չեմ խոսում: Այդ պատճառով մենք ֆիլմի երկու տարբերակ պատրաստեցինք, իտալերեն՝ Եվրոպայի համար և անգլերեն՝ Ամերիկայի։ Իհարկե, ես կերազեի բոլոր երկխոսություններն արտասանել իտալերեն, բայց դա դժվար թե ստացվեր։ Փոխարենը ես կատարյալ տիրապետում եմ իտալական ժեստերի լեզվին: Կարծում եմ՝ սա էլ հենց օգնեց։ Կարծում եմ, տարօրինակ կերպով, նա, ինչպես և ես, Հռոմում իրեն փոքր-ինչ օտար էր զգում, այնուամենայնիվ նա Բոլոնիայից էր։

-Բացի որոշ արտաքին նմանությունից, որևէ այլ բան ձեզ միավորո՞ւմ է:

-Ես չեմ համարձակվի նման համեմատություններ անել։ Ամեն դեպքում, ես դերասան եմ, ոչ ինքնուրույն միավոր, իսկ նա միշտ առաջին դեմքով խոսող ու ստեղծագործող պոետ էր։ Իմ նյութը՝ ես եմ, նրա նյութը՝ նրա մտքերն ու հայացքներն էին, այդ թվում՝ քաղաքական: Նրա վերաբերմունքը ֆաշիզմի ու կոմունիզմի հանդեպ նույնպես անհնար է ընդօրինակել, չէ որ նա ապրել է դա, մաշկի ծակոտիներով կլանել, խոսքն այս կամ այն ​​ակումբին անդամակցելու մասին չէր, իսկ այսօր մենք հենց այդպես ենք նայում քաղաքականությանը։ Բայց բոլոր տարբերություններով հանդերձ, երբ ես կարդում եմ նրա խոսքերը ժամանակակից հասարակության զարգացման մասին, ապա ուզում եմ ստորագրել յուրաքանչյուր տողի տակ։ Նա անհավանական խիզախ և ինքնատիպ մտածող էր, ճշմարիտ  փիլիսոփա, և ես կիսում եմ նրա փիլիսոփայությունը: Չնայած չեմ կարող պատկերացնել, որ ես, նրա նման, ամեն ինչում շեշտակի առաջ կգնամ՝ ոչ մեկին չլսելով, վստահ լինելով իմ գաղափարներում։ Իսկ ինչպես էր նա սիրում կյանքը. Աստված բոլորին տա։ Այո՛, կյանքի վերջին տարիներին նա հոռետես դարձավ, ավելի հաճախ էր դառը բաներ գրում և ասում՝ բացահայտելով կոռուպցիան և սոցիալական անարդարությունը։ Բայց դրանում էլ կյանքի հանդեպ վիթխարի սեր կար։

-Ֆիլմում եղե՞լ են տեսարաններ, որոնցում դուք իմպրովիզացիաներ եք արել:

-Մենք քայլում էինք երերուն հողի վրա։ Դրվագը, որում Պազոլինին ընթրում է տղայի հետ, որը հետագայում դառնալու էր իրեն սպանողներից մեկը, ինքնաբուխ է թվում...

- …հենց այդ  տպավորությունն էլ թողնում  է:

-Բայց փաստացի այնտեղ ամեն ստորակետ նախանշված է։ Մենք չգիտեինք, թե իրականում ինչպես է տեղի ունեցել այդ հանդիպումը, մեր բոլոր աղբյուրները հավաստի չեն, և, հետևաբար, հատկապես կարևոր էր հստակ սցենար կառուցել և ամեն ինչում հավատարիմ մնալ դրան։ Մենք Աբելի հետ ուսումնասիրեցինք Պազոլինիի սպանության դատավարության նյութերը, դա ուսանելի էր, բայց գործնական առումով գրեթե անօգուտ։ Այդ ժամանակ մենք սկսեցինք երևակայել, ինչի՞ մասին կարող էին նրանք խոսել... Բայց ո՛չ փորձարարություն անել, ո՛չ:

-Իսկ վայրը, որտեղ նրանք ընթրում են, իրակա՞ն է:

-Բոլոր վայրերը, որ մենք նկարահանել ենք Ֆիլմում, իրական են։ Մենք խոսել ենք ռեստորանի տիրոջ հետ։ Նա դեռ ողջ է և մեզ հանգամանորեն պատմում էր, թե ինչպես է իրեն պահել Պազոլինին այդ վերջին երեկոյին։

-Ինչ վերաբերվում է Պազոլինիի սպանության տեսարանին, ապա դուք այստեղ օրիգինալ չէիք։ Չնայած շատերը կգնան ֆիլմը դիտելու՝ ցանկանալով իմանալ, թե «ինչպես է նա իրականում մահացել»։

-Եվ կհիասթափվեն։ Մենք չէինք ուզում շահարկել դա և ձևացնել, թե գիտենք ավելին, քան իրականում գիտենք: Ի՞նչ գիտենք մենք հաստատ. Նախ և առաջ, որ մարդասպանները մի քանիսն էին։ Մեր ֆիլմում նույնիսկ պարզ չէ՝ դա սպանություն էր ատելության պատճառով, թե՝ կողոպուտ: Բայց կարծում եմ, որ դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ նա սպանվեց, և դա սարսափելի, տանջալի մահ էր։ Որևէ մեկը կցանկանա՞ ֆիլմ նկարել Պազոլինիի սպանության մասին: Ի սեր Աստծո, բայց դա  կլինի այլ ֆիլմ՝ ոչ մերը։

-Որքանով ձեզ օգնեց այն, որ Պազոլինիի ընտանիքը նկարահանումների համար տվեց նրան պատկանող որոշ իրեր, և հատկապես հագուստները, որոնք դուք կրում եք ֆիլմում, մասնավորապես՝ կոստյումը:

-Շատ օգնեց, գործնականում ոչինչ ավելի օգտակար չէ նախատիպի հետ կապը վերականգնելու համար: Այո, հարցազրույցի տեսարանում ես կրում էի Պազոլինիի իսկական կոստյումը… Կային նաև մի քանի ջինսեր, որոնց մեջ ես դժվարությամբ էի մտնում: Եվ կախազարդը, որը նրան նվիրել էր Մարիա Կալլասը։ Բայց շատ ավելի կարևոր էր մեկ այլ արտեֆակտ՝ նրա նոթատետրը: Դուք այն տեսնում եք ֆիլմում: Հասկանալի է, որ դա անհրաժեշտ էր Ֆերարային՝ մեր հերոսի կյանքի վերջին օրերը վերստեղծելու համար. հետո արդեն այդ հիմքի վրա մենք սկսեցինք կառուցել մեր երևակայությունը: Բայց ինձ գրավում է մեկ այլ բան՝ գրառումներն ապագայի համար: Երբ հասկանում ես, որ նա չէր պատրաստվում մահանալ, որ նա հաստատ գիտեր, թե ինչպես է անցկացնելու հաջորդ շաբաթը, որն այդպես էլ չեկավ։ Նրա օրագիրը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։

-Պազոլինիի վերջին ֆիլմը «Սալո կամ Սոդոմի 120 օրը» կինոնկարն էր, թեև նա չէր ծրագրում այն ​​դարձնել իր կտակը:

-Այո, դա ուժեղ ֆիլմ է՝ ոչ ցանկացած ճաշակի համար: Դատելով վերջին վկայություններից՝ Պազոլինին իր կյանքի այդ շրջանում լուրջ սթրես և ճնշում է ապրել, դա զգացվում է ոչ միայն «Սալոյում», այլև նրա այն ժամանակվա հրապարակախոսության մեջ և հարցազրույցներում։ Հնարավոր է, որ նա նույնիսկ կարծում էր, որ այս ֆիլմում շատ հեռուն է գնացել։ Բայց, եթե նա փոքր-ինչ ավելի երկար ապրեր, կտակն այլ կլիներ։ Հայտնի է, որ Պազոլինին չհասցրեց ավարտել ևս մի քանի նախագիծ։ Դրանցից իմ սիրելին այն է, որը նա պատրաստվում էր նկարահանել Դետրոյթում: Շատ անսովոր պատմություն է՝ ոգեշնչված Սուրբ Պողոսի կյանքից:

-Խոսելով սրբերի մասին, չէ որ դուք մինչև Պազոլինին հասցրել եք խաղալ շատերին… այդ թվում նաև  Քրիստոսին: Այդ դեպքում, հավանաբար, հոգեբանական ճնշումը համադրելի՞ էր։

-Օ, այո: Բայց ես փորձեցի մեղմել դա՝ ասելով ինքս ինձ և ուրիշներին. «Ես չեմ փորձում իրական Պազոլինիին կամ Քրիստոսին խաղալ, սա ընդամենը ֆիլմ է: Սա մեր Քրիստոսն է: Իսկ սա մեր Պազոլինին է»: Եվ այս միտքը, որքան էլ տարօրինակ է, վերադարձնում էր ինձ հանդարտությունը։ Չնայած ինձ միշտ մշտապես շրջապատում էին Պազոլինիի իսկական ընկերներն ու մտերիմները, և դա ինձ բավականին նյարդայնացնում էր:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի

 

 

 

 

... ... ...