Ռուս մանկագրության հայտնի հայուհիները

Հայոց պատմական Ջավախք գավառի Ախալցխա մշակութաշեն քաղաքը հետաքրքիր զուգադիպությամբ երկու հայտնի հայուհի է պարգևել ռուսական մանկագրությանը։ Նրանցից ախալցխացի հոր և ռուս մոր զավակ Իրինա Տոկմակովան (ծնյալ Արուսյակ Մանուկյան, 1929–2018) բավական հայտնի անուն է (նրա մասին մեր հոդվածը տես https://www.azg.am/AM/culture/2018051803)։ Մյուսն ավելի ավագ սերնդից էր և ի տարբերություն Տոկմակովայի՝ զտարյուն հայ էր, ծնված հենց Ախալցխայում։ Խոսքը գրող, թարգմանչուհի և գրականագետ Նադեժդա Շերի (1890–1976) մասին է, որի հայկական անուն-ազգանունը եղել է Հեղինե Բահաթուրյան (Բագատուրովա)։ Իսկ եթե նկատի ունենանք, որ վերջինիս դուստրը՝ Նադեժդա Կալինինան, նույնպես մանկագիր էր, ապա կարող ենք ասել, որ ռուս մանկագրության մեջ եղել են ախալցխյան ծագումով առնվազն երեք հեղինակ...

Հեղինե-Նադեժդան ծնվել էր 1890 թվականի մարտի 6-ին, ճարտարագետ Սերգեյ Բագատուրովի (Սարգիս Բահաթուրյան) ընտանիքում: Սովորել է գիմնազիայում, այնուհետև ավարտել է Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացները: Մոսկվայում գեղեցկատես Հեղինե-Նադեժդան բուռն սիրավեպ է ունեցել հայտնի աստվածաբան և գրող Վալենտին Պավլովիչ Սվենցիցկիի (1881–1931)հետ, որը հետագայում դարձել է ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական։ 1908 թվականին Նադեժդա Բահաթուրովան մեկնել է Ֆինլանդիա՝ ծննդաբերելու։ Դստերը նա կոչել է իր ռուսական անվամբ։ Այս սիրո պատմությունը հետագայում դարձել է Սվենցիցկիի «Պաստոր Ռելինգ» պիեսի թեման, որտեղ ավագ Նադեժդան հանդես է բերված Տորա, իսկ կրտսերը՝ Տորիկ անուններով:

Դստեր ծննդից շատ չանցած՝ գեղեցկուհի հայուհուն ամուսնության առաջարկ է արել երկրաբանական և հանքային գիտությունների դոկտոր, գրող Դմիտրի Վլադիմիրովիչ Շերը, որը որդեգրել է Հեղինեի դստերը՝ նրան և կնոջը տալով իր ազգանունը: Նրանք ունեցել են երկու զավակ։ Դուստրը՝ Մարիա Պուշկարյովա-Շերը (1915–2002)  մանկավարժական գիտությունների թեկնածու էր , գրականության դպրոցական դասագրքերի հեղինակ, իսկ որդին՝ Սերգեյ Շերը (1918–1990), գնացել է հոր հետքերով՝ դառնալով երկրաբան։

1910–1911 թվականներին Շեր ամուսիններն ապրել են Իտալիայում, որտեղ Նադեժդան աշխատել է գրականության վերաբերյալ իր կուրսային աշխատանքի վրա, նաև ծանոթացել իտալացի մանկավարժ Մոնտեսորիի հիմնած «երեխաների տների» հետ։ Վերադառնալով Մոսկվա՝ Նադեժդա Շերը համագործակցել է «Համընդհանուր գրադարան» հրատարակչության հետ, ռուսերեն թարգմանել գրքեր մանկավարժության վերաբերյալ և գեղարվեստական գործեր։ Նա թարգմանություններ է արել հայերենից, իտալերենից, ֆրանսերենից, գերմաներենից և անգլերենից, այդ թվում՝ Կ.  Ա. Հելվեցիուսի «Աստված-բնություն-մարդը» (1922), Ռ. Գյուրթլերի «Փորձառու ուսուցում՝ հիմնվելով գրավչության և հույզերի վրա» (1922), Պիեռ Բենուայի «Մեծ ամրոցի տիրուհին» (1924), Վ. Բոնզելսի «Տավիղը» (1924), նաև Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի կրճատ տարբերակը (1927)։ Գրել է մի շարք պատմվածքներ և տեղեկատվական գրքեր երեխաների համար՝ «Փոքր կազմարարից մինչև մեծ գիտնական» (1925), «Մանկական տոներ» (1925), «Ֆաբրիկաներով և գործարաններով» (1925), «Կոշկակար-բնագետը» (1926), «Հաց» (1926), «Ինչպես սովորեցինք կաթնամթերքի գործը» (1927), «Վասյան հրշեջների մոտ» (1927), «Աղ» (1927), «Փոքր Կեթը. ինչպես են ապրում վոգուլները» (1928), «Դպրոցական Ֆեյզուրը» (1929), «Ջանիկն ու Կիրյուշան» (1930), «Նոր տունը» (1930), «Գյուլզարչայի չադրան» (1931), «Քո գիրքը» (1932), «Այնա» (1934) և այլն: Մի քանի հրատարակությամբ և տարբեր լեզուներով թարգմանությամբ լույս են տեսել Նադեժդա Շերի «Պատմվածքներ ռուս գրողների մասին» (1957) և «Պատմվածքներ ռուս նկարիչների մասին» (1966) ծավալուն գրքերը: Բացի այդ, նա կազմել և խմբագրել է մանկական գրականության բազմաթիվ ուղեցույցներ, ժողովածուներ և դասագրքեր։ Ամբողջ կյանքում ուսումնասիրել է համաշխարհային մանկագրության և մանկական գրքի պատմությունը, Մոսկվայի մանկական գրքի թանգարանին է հանձնել իր անձնական գրադարանի մոտ 17 հազար գրքերը...

Եվրոպական լեզուներից բացի, Նադեժդա Շերը թարգմանություններ է արել նաև մայրենի հայերենից, սակայն մեզ տակավին չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ո՛ր հեղինակներից։ Տարբեր ազգերի երեխաների մասին գրող հեղինակը, բնականաբար, չէր կարող շրջանցել նաև իր հայրենակիցներին։ Հավանաբար հայ է նրա «Ջանիկն ու Կիրյուշան» պատմվածքի հերոս Ջանիկը, իսկ «Նոր տունը» պատմվածքը ներկայացնում է Ադրբեջանում գտնվող մանկատանն ապրող երեխաների կյանքը, որտեղ, հակառակ ազգային նախապաշարմունքներին, միասին են ապրում հայ, քուրդ և ռուս երեխաները...

Հատկանշական է նաև, որ դեռևս 1935 թվականին Հայաստանի «Պետհրատը» առանձին գրքույկով հրատարակել է Նադեժդա Շերի «Այնա» վիպակը՝ Ե. Քալաշյանի թարգմանությամբ։ Իսկ 1964-ին Երևանի «Լույս» հրատարակչությունը տպագրել է Նադեժդա Շերի թերևս ամենահայտնի՝ «Պատմվածքներ ռուս գրողների մասին» գիրքը։ Դժվար թե այն ժամանակ գրքի հրատարակիչներն ու ընթերցողներն իմանային, որ գրքի հեղինակն իրենց հայրենակցուհին է...

Նադեժդա Շերի դուստրը՝ Նադեժդա Կալինինան, որը, ինչպես նշվեց, նույնպես  մանկագիր էր, դժվարին, փոթորկալից կյանք է ունեցել։ Մանկուց հանդես է եկել հայազգի նշանավոր բեմադրիչ Եվգենի Վախթանգովի ստուդիայում (այժմ՝ Վախթանգովյան թատրոն), կատարել Միտիլի դերը Մետերլինկի «Կապույտ թռչուն» պիեսում: Մայրը չի խրախուսել դստեր դերասանական հակումները, ուստի նրան ուղարկել է գիշերօթիկ դպրոց՝ ստեղծագործական բոհեմից հեռու: Սակայն այնտեղ 15-ամյա Նադյան սիրահարվել է ֆիզիկայի ուսուցչին։ Այս սիրուց վախենալով՝ Նադեժդա Սերգեևնան դստերն ուղարկել է Բաքու՝ հայ ազգականների մոտ: Սակայն սիրահարված ուսուցիչն աղջկա հետևից հասել է Բաքու՝ չունենալով նրա հասցեն և, որքան էլ զարմանալի է, հարցուփորձ անելով՝ գտել է նրան։ Ազգականները խուճապահար են եղել։ Նրանք աղջկան հետ են ուղարկել Մոսկվա, որտեղ արդեն ուսուցիչը չէր կարող նրան գտնել... Հետագայում կրտսեր Նադյան ամուսնացել է երկու անգամ, առաջին ամուսնությունից ունեցել մեկ, երկրորդից՝ երեք որդի, որոնք մեծացել են հայ տատիկի մոտ, երբ նրանց հայրն աքսորվել է Սիբիր։ Էվակուացիայի տարիներին մահացել է Դմիտրի Շերը, և երեք զավակների հոգսն ամբողջությամբ ընկել է երկու Նադեժդաների վրա... Պատերազմից հետո նա հանդիպել է ամուսնուն, ծնվել է ևս մեկ որդի։ Կրտսեր Նադեժդան մոր պես հրատարակել է մանկական գրքույկներ, աշխատել է ռադիոյում՝ պատրաստելով մանկական հաղորդումներ։ Եղբոր՝ Սերգեյ Շերի հետ գրել է «Ինչպես են փնտրում այն, ինչ գտնվում է հողում» մանկական գրքույկը երկրաբանության մասին։ Հայազգի արձակագրուհու դուստրը՝ Նադեժդա Կալինինան, մահացել է 1998-ին, 90 տարեկանում...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան