Ռուբեն Սիմոնովն ու իր ժամանակը

Փոթորկահույզ ժամանակներում ապրեց ու արարեց դերասան և բեմադրիչ Ռուբեն Սիմոնովը․ մեծահարուստ ընտանիքի զավակն իր ինքնուրույն կյանքը սկսեց հետհեղափոխական լենինյան Ռուսաստանում, դիմակայեց ստալինյան հալածանքներին, տեսավ պատերազմն և հարազատ թատրոնի ռմբակոծությունը, չկորցրեց ստեղծագործական եռանդը ձնհալի տարիներին ու շարունակեց իր ընթացքը բրեժնևյան լճացման տարիներին։

Այս տարի լրանում է Սիմոնովի 125-ամյակը․ նա կատակով ասում էր, որ ծնվել է 1899 թվականին, այսինքն՝ 19-րդ դարում։ Բայց դրանում նաև որոշակի խորհուրդ կար․ ավանգարդի հաղթարշավի, ապա տիրապետող սոցռեալիզմի պայմաններում նա իր ուսուցիչ և հայրենակից Եվգենի Վախթանգովի նորամուծությունները ձգտեց համատեղել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի թատերական մոդեռն հոսանքների հետ։

Սիմոնովը սերտորեն էր կապված իր արմատներին․ «Պապս ազգությամբ հայ էր, ապրում էր Վրաստանում՝ գեղատեսիլ Կախեթում, Թելավ քաղաքում։ Զբաղվում էր խաղողագործությամբ, բայց ամենից շատ սիրում էր հյուր գնալ և թառի նվագակցությամբ կատարել հին հայկական ու վրացական երգեր։ ...Երբեմն կիրակի օրերը հայրս պատից վերցնում էր պապիկի թառը և երգում թախծալի, տխրագին երգեր։ Ամբողջ կյանքումս չմոռացա դրանցից մեկը, որ կոչվում է «Կռունկ»։ Այն պատմում է հայրենիքը կորցրած թռչունի կարոտի մասին։ Նույն կարոտը հավանաբար ապրում էր պապիս և հորս սրտերում: Ես հաճույքով էի լսում այդ երգերը»։ Ռուբենի հայրը՝ առևտրական Նիկողայոս Սիմոնյանցը երիտասարդ տարիքում հաստատվել էր Մոսկվայի սրտում՝ Մյասնիցկայա և Լուբյանսկայա փողոցների միջև, իսկ Կուզնեցկի մոստի մերձակայքում նրա խանութն էր, որտեղ հաճախ էին լինում քաղաքի նշանավոր դերասանները։ Նիկողայոսն իր ապագա կնոջ հետ ծանոթացել էր Վլադիկավկազում․ Անաստասիան սերում էր Աբազովների հայկական տոհմից, նրա հայրը՝ Աղան, արծաթագործ էր։ Ռուբենը պապին չէր հիշում, սակայն լավ հիշում էր մորական տատին՝ Նինային, որ մշտապես ազգային տարազով էր։ Ռուբենի ընտանիքը մարդաշատ էր, բացի այդ՝ նրանց հաճախ էին այցելում ազգականները, միասին երգում էին, գնում ներկայացումների․ Սիմոնովի բառերով՝ «ճաշասենյակում, որտեղ ուսուցչուհին պարապում էր ինձ հետ (այնժամ ես վեց տարեկան էի), հետևումս պատից կախված էր նշանավոր հայ ողբերգակ Ադամյանի ապակեպատ մեծ դիմանկարը»։

Մի քանի տարի Սիմոնովը սովորեց Լազարյան ճեմարանում, որի ուսանողների 60 տոկոսն իր խոսքերով հայեր էին։ Հայերենի դասընթացները (ուսուցիչը լեզվաբան Հովսեփ Կուսիկյանն էր) դժվարությամբ էր հաղթահարում, քանի որ տանը հիմնականում ռուսերեն են խոսել։ Չավարտելով ուսումը Մոսկվայի համալսարանում՝ նա  տեղափոխվեց Շալյապինի ստուդիա, ապա միացավ Վախթանգովի թատերական խմբին։ Ռուբենի ծնողները Վախթանգովին ճանաչում էին Վլադիկավկազից, իսկ ինքը՝ Ռուբենը, նրան տեսել էր կովկասահայերի հավաքի ժամանակ ու հիացել նրա ելույթով։ 1920-1922 թթ․ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի III ստուդիայում Սիմոնովն աշակերտեց Վախթանգովին․ «Սկսվեց իմ ստեղծագործական կյանքի ամենահետաքրքիր շրջանը. Երեք ամիս նստած էի դահլիճում և հիացած նայում էի, թե ինչպես է Վախթանգովը բեմադրում «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» և Չեխովի «Հարսանիքը»: ․․․Ես հասկացա ռեժիսորական արվեստի էությունը և մեկ տարի անց, բռնելով բեմադրիչ լինելու ուղին, ինձ աներևակայելի հարուստ զգացի»։ Սիմոնովը նախ փայլեց որպես դերասան՝ հույն Դիմբայի (Չեխովի «Հարսանիք», 1921), Տրուֆալդինոյի և Պանտալոնեի (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1922) փոխարքայի (Մերիմեի «Սուրբ նշխարների կառքը»), Սինիչկինի (Լենսկու «Լև Գուրիչ Սինիչկին», երկուսն էլ՝ 1924) դերակատարումներով․ վերջինը նաև Սիմոնովի առաջին խոշոր ռեժիսորական աշխատանքն էր։ Այս ամենի մասին բազմիցս է գրվել, ուստի փորձենք անդրադառնալ նրա կյանքի պակաս հայտնի դրվագներին։

1921թ․ Վախթանգովի նախաձեռնությամբ Սիմոնովը գլխավորեց Մոսկվայի Հայկական առաջին թատերական ստուդիան, որտեղ բեմադրեց Սերվանտեսի մանրապատումները և Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»։ Ըստ ականատեսների՝ վերջինում հատուկ ընդգծված էր պարոնյանական հումորը, բեմադրությունը դինամիկ էր, դերասանները սահուն, առանց հուշարարի օգնության արտաբերում էին իրենց խոսքը։ Կերպարների բնորոշ կողմերն ընդգծում էին Գեորգի Յակուլովի էսքիզներով պատրաստված զգեստները։ Թեթև ու արտահայտիչ էին օգտագործվող դեկորացիաները։ Վարդան Աճեմյանի վկայությամբ՝ Սիմոնովը Պարոնյանին իր հեղինակն էր համարում և նույնիսկ հայերեն խոսում էր «Պարոնյանի լեզվով»։ «Խորհրդային Հայաստան» թերթի 1924թ․ մայիսի 9-ի համարում Կարեն Միքայելյանը մեծ գովեստով էր խոսում Սիմոնովի բեմադրած «Մեծապատիվ մուրացկանների» մասին՝ նշելով, որ Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիան «ունի ինքնարժեք մեծություն դառնալու գրավականը», իսկ «նրա այժմյան ղեկավարը՝ III ստուդիայի դերասան Ռուբեն Սիմոնյանը իր թարմ ու գիտակից խանդավառությամբ, իր պատրաստականությամբ դեռևս շատ բան ունի ստուդիային տալու»։ Հոդվածագիրը դրվատանքով էր նշում դերասաններ Արշավիր Կորկոտյանի, Թադևոս Սարյանի, Սուրեն Քոչարյանի և ուրիշների խաղը։

Լազարյան ճեմարանի շենքում գործող Հայկական ստուդիայի համար նախատեսվում էր կառուցել 420 տեղանոց «Նաիրի» թատրոն, սակայն Ստալինի՝ իշխանության գալուց հետո ծրագիրը խափանվեց։

1928թ․ Մոսկվայում բացվեց Սիմոնովի ղեկավարած թատրոն-ստուդիան։ Ինչպես իր ուսուցիչ Վախթանգովը՝ Սիմոնովը միաժամանակ բեմադրում էր մի քանի (այդ թվում  նաև ազգային) թատրոններում։ Այդ ժամանակ Հայկական երկրորդ ստուդիայում նա իր մշտական օգնական Իոսիֆ Ռապոպորտի հետ բեմադրեց Պարոնյանի «Բաղդասար աղբարն» ու «Ատամնաբույժն արևելյանը» և Սունդուկյանի «Խաթաբալան» ու «Պեպոն»։ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» բեմադրության մասին Մուրադ Կոստանյանը գրում է․ «Ինչպես միշտ, Արամ Խաչատրյանն իր գողտրիկ երաժշտությամբ զարդարեց մեր ներկայացումը։ Ձևավորումը՝ վերստին Սիմոն Ալաջալովի։ Հիմնականում նա ամեն ինչ կառուցել էր բազմերանգ վարագույրների վրա, որոնք վարպետորեն խաղացնում էին դերասանները։ Ստացվեց շատ գունեղ, ուրախ, հրավառության նման վառ երաժշտական ներկայացում։ Ռուբեն Սիմոնովն այստեղ իր բարձրության վրա էր։ Ներկայացման մեջ կային դրվագներ, որտեղ խաղը կրում էր որոշ չափով չափազանցված և գրոտեսկային բնույթ, բայց դա արդարացված էր Պարոնյանի՝ հայկական Մոլիերի ոճով»։ 1929թ. Սիմոնովը Երևանում և Լենինականում բեմադրեց Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը․ «Մայրաքաղաքային ներկայացումներ ստացվեցին։ Նվիրեց մեզ, և բեմադրությունները մտան հայ թատրոնի պատմության մեջ» (Վ․ Աճեմյան)։ Հինգ տարի անց Հայկական երրորդ ստուդիայում Սիմոնովը բեմադրեց Սունդուկյանի «Քանդած օջախը»։ Մեծ է Սիմոնովի ավանդը հայկական թատերական կադրերի պատրաստման գործում․ նրա հայկական ստուդիաներում ուսանել են Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Վավիկ Վարդանյանը, Թադևոս Սարյանը, Մուրադ Կոստանյանը և բազում ուրիշներ։

Բացի բեմադրիչ լինելը՝ Սիմոնովը մինչև կյանքի վերջը շարունակում էր հանդես գալ որպես դերասան։ Քննադատները բարձր են գնահատել նրան Բենեդիկտի (Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից», 1936), Խլեստակովի (Գոգոլի «Ռևիզոր», 1939), Սիրանոյի (Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ», 1942), Դոմինիկոյի (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1965) դերերում։ Ե՛վ որպես դերասան, և՛ որպես բեմադրիչ՝ նրան հատուկ էին շեշտված ռիթմիկականությունը և երաժշտականությունը։ Սիմոնովի հետ աշխատած դերասանները նշում էին, որ նա թեթև խաղընկեր էր, կարողանում էր գտնել ճշգրիտ դերասանական շտրիխը և խորություն հաղորդել կերպարին։ Դերասանուհի Մարիա Սինելնիկովայի խոսքերով Սիմոնովը «տիրապետում էր դերասանական հատուկ գաղտնիքների՝ օրինակ, բեմի վրա աննկատ էր նրա կարճ հասակը, ու նա միշտ թվում էր բարձրահասակ» (նշենք, որ իրականում Սիմոնովն այնքան էլ կարճահասակ չի եղել՝ 170 սմ)։

Սիմոնովների տանը պարբերաբար լինում էր գրող Միխայիլ Բուլգակովը։ Նրա  կինը՝ Ելենան նկարագրում է, թե ինչպես է իրենց տուն ուղեկցել Սիմոնովը․ «Սիմոնովը մեզ տուն տարավ իր մեքենայով՝ քշելով բոլոր մայթերի վրայով․ լավ է՝ տեղ հասանք»։ Վախթանգովի ստուդիայի համար Բուլգակովը գրում է «Զոյկայի բնակարանը» պիեսը և հատուկ խնդրում է, որ կենտրոնական կերպարի՝ փոփոխական Ամետիստովի դերը ստանձնի Սիմոնովը, որին հավանել էր «Սուրբ նշխարների կառքում» և «Արքայադուստր Տուրանդոտում»։ Սիմոնովը հիանալի է կատարում այդ դերը․ «երբ քսանվեց տարեկանում Ամետիստովի պես դեր ես ստանում, հասկանալի է, թե ինչքան երջանիկ էի ու ինչ թանկ էր ինձ համար Բուլգակովի վստահությունը»։

Հատկապես լավ է ընդունվում այն տեսարանը, որում կոմս Օբոլյանինովը (Կոզլովսկի) դաշնամուրի առջև նստած նվագում էր ցարական հիմնը, իսկ Ամետիստով-Սիմոնովը հեծնում էր դաշնամուրը և պատիվ տալիս՝ ասես անցնելով զորքի առջևով։ Այս տեսարանը ծիծաղեցրել է Ստանիսլավսկուն, որը վերջին անգամ հյուրընկալվել էր ստուդիայում։ Իսկ երբ բեմադրությունը դիտելու է եկել Ստալինը, Սիմոնովն այդ տեսարանում պատիվ է տվել և նայելով բռնակալին՝ գոչել «կեցցե՜»։ Բարեբախտաբար, Ստալինն այդ սանձարձակ կատակը ընդունել է բարձր ծիծաղով ու ծափահարությամբ։ Սիմոնովը հաճախ էր բեմում իմպրովիզացիաներ անում․ խաղընկերները մատնանշում էին նրա վառ երևակայությունը, որը բեմադրիչի կարիերայի կարևոր նախապայման էր։ Բուլգակովն ու Սիմոնովը հանդիպելիս կատակով միմյանց պատմում էին Ամետիստովի կենսագրության նոր մանրամասներ՝ մրցելով իրենց երևակայության խաղերով։ Սիմոնովի խոսքերով՝ նա մեծ բավականություն է ստացել՝ զրուցելով Բուլգակովի հետ, որը «ռուսական մտավորականության ճշմարիտ ներկայացուցիչ էր՝ բացառիկ դաստիարակությամբ, համեստ, մարդկային հազվագյուտ գրավչությամբ»։

Ցավոք, հակասական էր «Զոյկայի բնակարանը» ներկայացման վերաբերյալ քննադատների կարծիքը, ինչի «մեղավորը» Բուլգակովն էր, որը չէր վայելում իշխանությունների վստահությունը։ Բոլոր դեպքերում, մամուլն ընդգծում էր Սիմոնովի և Ցեցիլիա Մանսուրովայի լավ խաղը, «որոնք տալիս էին դերասանական տեխնիկայի և հյութեղ բեմական կերպարներ կերտելու ձիրքի փայլուն օրինակ»։ Բեմադրությունից տարիներ անց էլ Բուլգակովը կնոջ հետ պարբերաբար հյուրընկալվում էր Սիմոնովի հարկի տակ․ մի անգամ, լսելով տանտիրոջ և ներկաների խմբերգը, նա իր «Վարպետն ու Մարգարիտան» վեպում հավելում է երգչախմբային խմբակի մասին հատվածը։ Իսկ տարիներ անց՝ դիմելով Սիմոնովին, Ելենա Բուլգակովան գրել է․ «Այնքան լավ եմ հիշում Ձեր և Միխայիլ Աֆանասևիչի փոխադարձ սերը։ Այնքան հստակորեն եմ հիշում ձեր զրույցները՝ լի փայլով, սրամտությամբ ու քնքշությամբ, այո՛, քնքշությա՛մբ»։

Սերտ հարաբերություններով էր կապված Սիմոնովի հետ նաև Եղիշե Չարենցը։ 1922-1924 թթ․ նա ներկա է եղել Մոսկվայի առաջին հայկական դրամատիկական ստուդիայի պարապմունքներին։ Երբ բեմադրվեց Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Չարենցն իր վկայությամբ ստացավ «լավագույն տպավորություն» Սիմոնովի՝ «Վախթանգովի այդ մեծահմուտ աշակերտի» աշխատանքից։ Միքայել Մազմանյանի բառերով՝ «Չարենցը բոլոր ներկայացումներին հաճախում էր և նստում առաջին կարգում»։ 1924թ․ Սիմոնովի հայկական ստուդիայի երևանյան հյուրախաղերի մասին Չարենցն իր մի նամակում գրում էր․ «անոր ունեցած բարոյական հաղթանակը հույժ նկատելի էր»։ Նույն թվականին Չարենցն ընդգրկվեց ստուդիայի նյութական և իրավական վիճակը կարգավորելու համար ստեղծված նախաձեռնող խմբում, իսկ Մոսկվայում հրատարակված չարենցյան «Standard» գրականության և արվեստի հանդեսը եզրափակվում էր Սիմոնովի «Նոր թատրոնի և Մոսկվայի հայ դրամ․ ստուդիայի մասին» հոդվածով, որում հեղինակը պնդում էր, թե թատրոնը պետք է համապատասխանի կյանքին, լսի դրա ռիթմը։ Սակայն դատելով 1928թ․ Երևանում Սիմոնովի բեմադրած «Բաղդասար աղբարի» վերաբերյալ Չարենցի գրած քննադատական հոդվածից՝ այդ պահից նրանք թատրոնի վերաբերյալ գաղափարական տարաձայնություններ են ունեցել․ հեղափոխական ռեալիզմին հակված պոետը չի ընդունել սիմոնովյան «պայմանական թատրոնի քաղցրամեղցիկ էսթետիզմը»։ Միայն ժամանակը ցույց տվեց, թե ինչպիսի շռնդալից ապագա էր սպասվում պայմանական թատրոնին․․․

Սիմոնովը կարծում էր, որ թատրոնն իր բնույթով պիտի լինի տոնական, ասել է թե՝ «գրավի, հուզի, ալեկոծի, ծիծաղեցնի, ուրախություն բերի»։ Նա նախընտրում էր բեմադրել քնարական, բանաստեղծական և երաժշտական պիեսներ՝ հաճախ ընդգծելով երգիծական տարրերը, կիրառելով ժողովրդական թատերախաղերի ոճավորումներ։

1939թ․ Սիմոնովը նշանակվեց մինչև այդ կոլեկտիվ կերպով ղեկավարվող Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր և գրեթե 30 տարի (առավելագույնը՝ այդ թատրոնի պատմության մեջ) վարեց այդ պաշտոնը, իսկ Սիմոնովի թատրոն-ստուդիայի կազմը մաս կազմեց այն թատրոնին, որը պիտի ապագայում հռչակվեր «Լենկոմ» անվամբ։ Սիմոնովը եղավ Եվգենի Վախթանգովի ավանդույթների շարունակողը և ոգեկոչողը։ Վախթանգովի թատրոնում նրա իրականացրած բեմադրություններից էին Սլավինի «Ինտերվենցիան» (1933), Կոռնեյչուկի «Ռազմաճակատը» (1942), Էրվեի «Մադմուազել Նիտուշը» (1944), Վիրտայի «Մահապարտների դավադրությունը» (1950), «Ֆոմա Գորդեևը» ըստ Գորկու (1956), Լև Տոլստոյի «Կենդանի դիակը» (1962), Զորինի «Դիոնը» (1965) և «Վարշավյան մեղեդիները» (1967)։

 

***

Բեմադրություններով է հանդես եկել նաև մոսկովյան Մեծ թատրոնում, իսկ 1956-ին Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրել է Չայկովսկու «Պիկովայա դամա»-ն։ Վախթանգովի թատրոնի հետ համագործակցում էին Մարտիրոս Սարյանը և Արամ Խաչատրյանը, որը հատուկ Սիմոնովի խնդրանքով գրեց «Դիմակահանդեսի» երաժշտությունը։ 1963-ին Սիմոնովը հաջողությամբ բեմ վերադարձրեց վախթանգովյան «Արքայադուստր Տուրանդոտը», որում ներգրավված էին Յուլիա Բորիսովան, Լյուդմիլա Մաքսակովան, Նիկոլայ Գրիցենկոն, Միխայիլ Ուլյանովը, Վլադիմիր Էտուշը, Յուրի Յակովլևը և Վասիլի Լանովոյը՝ սիմոնովյան երիտասարդ դերասանները։

1946 -ին Սիմոնովն արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, նա Ստալինյան (եռակի) և Լենինյան մրցանակների դափնեկիր էր։

Թատրոնը ցավալի հատկություն ունի․ ժամանակի մեջ չի պահպանվում, անհետանում է ու մնում սոսկ հանդիսատեսի հիշողություններում։ Այսօր Սիմոնովի կերպավորումներից  ամենաքաջածանոթը «Շունն ու կատուն» և «Ոսկե այծքաղ» մուլտֆիլմներն են՝ նրա հմայիչ հնչյունավորմամբ։ Եվ իհարկե, այն ազդեցությունը, որ նա ունեցավ խորհրդային մի շարք հանրապետությունների թատրոնների վրա։ Բավական է նշել, որ իրենց Սիմոնովի աշակերտն էին համարում Վարդան Աճեմյանը և Յուրի Լյուբիմովը։

Մոսկվայում ծնված Սիմոնովը ամբողջ կյանքում չի մոռացել իր նախնյաց հայրենիքը, ջանացել է օգնել հայրենակիցներին, շրջապատված է եղել նրանցով թե՛ թատրոնում, թե՛ կյանքում։ Ալեքսանդր Մելիք-Փաշայանի հետ նա է եղել 1939թ․ Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակի գեղարվեստական ղեկավարը․ Երևանում դիտելով նոր կազմավորված էստրադային նվագախմբի ելույթը, նրանք ոգևորվել են ու առաջարկել նվագախմբի համերգային ծրագիրը ներկայացնել Մոսկվայում, այսպիսով ճանապարհ հարթելով հայկական ջազի համար։ Պատերազմի ժամանակ թատրոնի հետ տարհանվելով Օմսկ՝ Սիմոնովը նույնիսկ այդ սիբիրյան հեռավոր քաղաքում գտել է իր հայրենակիցներին ու համագործակցել նրանց հետ։

Հայտնի է, որ Սիմոնովը շատ էր վախենում տարատեսակ պաշտոնյաներից ու հնարավոր քաղաքական հետապնդումներից, սակայն դրանով հանդերձ, նախընտրել է չմասնակցել «ժողովրդի թշնամիներին» դատապարտող հավաքներին, չստորագրել նրանց «մերկացնող» նամակները։ Երբ խորհրդային ականավոր թատերական գործիչները ստորագրեցին Մեյերխոլդին դատապարտող նամակը, Սիմոնովն անհետացավ Մոսկվայից, որպեսզի ոչ մի դեպքում չստորագրի այն։ 

1949թ․ Մոսկվայի Կամերային թատրոնի փակումից հետո Սիմոնովը դրա գեղարվեստական ղեկավար Թաիրովին և նրա կնոջը՝ դերասանուհի Կոոնենին հրավիրեց իր թատրոն ու ընդունեց աշխատանքի։ Նույն կերպ՝ տարագրությունից վերադարձած ծեր ու հիվանդ դերասան Գայդեբուրովին նա ապաստան տվեց իր թատրոնում։ Վախթանգովի թատրոնի ավագագույն դերասան Եվգենի Ֆյոդորովի բնութագրմամբ՝ «Ռուբեն Նիկոլաևիչը չափազանց խորը ու ազնվական մարդ էր»։ Սիմոնովը Շչուկինի անվան թատերական ուսումնարանի պրոֆեսոր էր, խստապահանջ, բայց սիրված ուսուցիչ և խորհրդատու։ Նա նաև դերասանա-ռեժիսորական մեծ դինաստիայի հիմնադիր էր․ Վախթանգովի թատրոնում աշխատել են նրա որդին՝ Եվգենին (1969-1987 թթ․՝ գլխավոր ռեժիսոր), թոռը՝ Ռուբենը (թոռնուհին՝ Օլգան՝ ևս դերասանուհի է), ծոռնուհին՝ Եկատերինան։

1968թ․ աշնանը՝ մահվանից քիչ առաջ՝ Լազարյան ճեմարանի շենքում հանդիպելով Վարդան Աճեմյանին, Սիմոնովը հայտնել է, որ ծրագրում է Հայաստանում մի քանի բեմադրություն անել և ավելացրել․ «Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից սկսեմ գործը՝ հայկական ստուդիա բացեմ։ Մանավանդ որ այս շենքը շուտով նորից հայ մշակույթի օջախ են դարձնելու»։ Իսկ իր վերջին հարցազրույցում, որը Սիմոնովը տվել էր «Գարուն» ամսագրին, նա խոստովանել է․ «Ճիշտ է, ես Մոսկվայում եմ բնակվել, բայց միշտ ապրել եմ Հայաստանով»․․․

Իր խաղացած լավագույն դերը Սիմոնովը համարում էր Դոն Քիշոտը համանուն պիեսում, որը Սերվանտեսի վեպի մոտիվներով գրել էր Բուլգակովը։ Դոն Քիշոտի այս մեկնաբանությունը շատ ընդհանուր գծեր ուներ Սիմոնով-մարդու հետ․ նա ոչ այնքան խանդավառ էր, որքան թախծոտ, բնավորությամբ պարզ էր՝ ազնվականի մտածողությամբ իմաստուն ասպետ, և նախապես գիտեր, որ դատապարտված է։ Դոն Քիշոտի հայտնի մենախոսությունը թերևս նաև Սիմոնովի հավատո հանգանակն էր․

-«Մարդիկ տարբեր ճանապարհներ են ընտրում։ Մեկը սայթաքելով վեր է մագլցում սնապարծության ճամփով, մյուսը սողում է նվաստացուցիչ շողոքորթության ճանապարհով, ուրիշներն անցնում են կեղծավորության ու խաբեության ճանապարհով: Իսկ արդյո՞ք ես գնում եմ այդ ճանապարհներից որևէ մեկով։ Ո՛չ։ Ես գնում եմ ասպետականության զառիթափ ճանապարհով և արհամարհում եմ երկրային բարիքները, բայց ո՛չ պատիվը»։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Մ․ Սարյան, «Ռուբեն Սիմոնովի դիմանկարը», 1939

2․ Սիմոնովն Ամետիստովի դերում («Զոյկայի բնակարանը»)

3․ Յուրի Յակովլևը և Լյուդմիլա Ցելիկովսկայան «Կենդանի դիակ» ներկայացման մեջ (ռեժ.՝ Ռ. Սիմոնով, 1962)

... ... ...