Ռուբեն Աղամիրզյան՝ թատրոնի իսկական տերը

Տունը, որ կառուցեց Աղամիրզյանը

Եթե Մոսկվայում հայկական արմատներով շատ երևելի թատերական ռեժիսորներ ենք ունեցել՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո, Եվգենի Վախթանգով, Սիմոնովների գերդաստան, ապա Պետերբուրգ-Լենինգրադում նա մեկն էր՝ Ռուբեն Աղամիրզյանը, որի  հարյուրամյակն է լրանում այս տարի։ Նրա անունը հաճախ է հիշատակվում լենինգրադյան երևելի ռեժիսորների՝ Գրիգորի Կոզինցևի, Գեորգի Տովստոնոգովի, Լեոնիդ Վիվյենի շարքում։ Շնորհիվ Գրիգորի Գորինի, Միխայիլ Շատրովի և ուրիշների ժամանակակից պիեսների նորարարական բեմադրությունների՝ Աղամիրզյանի ղեկավարած Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի անունը «թնդում էր» ամբողջ խորհրդային երկրով մեկ։

Աղամիրզյանը համոզված էր, որը թատրոնն այն հազվագյուտ օազիսն է, որտեղ իշխում են հոգևոր արժեքները, որտեղ մարդիկ մաքրվում են՝ գեղեցիկին հաղորդակցվելով, գեղագիտորեն ապրումակից լինելով։ Նրա թատրոնը երեք հատույթների միասնություն էր՝ տուն, մարդկայնություն, արդիականություն։ Շուրջ քառորդ դար լենինգրադցիների շուրթերին էին «Աղամիրզյանի Կոմիսարժևկա», «գնանք Աղամիրզյանի մոտ» արտահայտությունները։ Նրան նվիրված հոդվածներից մեկը (հեղինակ՝ ակադեմիկոս Լև Գիտելման) այդպես էլ կոչվում էր՝ «Տունը, որ կառուցեց Աղամիրզյանը»։ Թատրոնի համարյա ամբողջ կազմը Ռուբեն Աղամիրզյանն ինքն էր «աճեցրել», իսկ դերասանախմբի կեսը նրա անմիջական աշակերտներն էին, ուստիև հարաբերություններն էլ կարծես ազգակցական լինեին։

Դերասանուհի Օլգա Սամոշինա․ «Նա շատ մեծ էր և շատ յուրային: Վարպետը․․․ Ռուբեն Սերգեևիչը կրթում էր մեզ՝ հարգելով յուրաքանչյուրի անհատականությունը և չջնջելով այն՝ հանուն որևէ մեթոդի։ Հիշում եմ՝ չորրորդ կուրսի վերջում Ռուբեն Սերգեևիչն ասաց. «Բոլորին նույն կերպ դասավանդել անհնար է, չկա ընդհանուր մեթոդ՝ բոլորի համար։ Ինչ-որ մեկին անհրաժեշտ է Ստանիսլավսկու համակարգը, մյուսին՝ Միխայիլ Չեխովի։ Ամեն ոք իր անհատական ​​համակարգի կարիքն ունի»»։ Դերասանների խոսքով՝ իրենք հաճախ են հիշում Աղամիրզյանի բարությունը, կոլեկտիվում ընկերության զգացումը պահպանելու ունակությունը․ «նա մեկն էր, որը միավորում էր մարդկանց»։ Ըստ Իվան Կրասկոյի՝ Աղամիրզյանը «թատրոնի իսկական տերն էր»։

Աղամիրզյանը կարծում էր, որ դերասանախմբում տարիքային հարաբերակցությունը պետք է համապատասխանի իրական կյանքին, այնտեղ պետք է ներառվեն բոլոր տարիքի դերասաններ։ Դերասանը պիտի ստեղծագործական հարմարավետ պայմաններում աշխատի, բայց ամեն ինչ պիտի ուղղված լինի հանդիսատեսի հետաքրքրությունների բավարարմանը։ «Հանդիսատեսը միշտ ճիշտ է»․ այսպես էր վերնագրված Աղամիրզյանի ծրագրային հոդվածներից մեկը։

Իր հարցազրույցներից մեկում նա ասել է․ «Ես համարում եմ, որ դերասանին ընդունել թատրոն՝ նշանակում է ստանձնել գեղարվեստա-բարոյական պատասխանատվություն նրա ստեղծագործական ապագայի համար»։ Իր ուսանողներին նա վերաբերվում էր երեխաների պես, նրանց մասին նյութեր էր հավաքում ու հպարտանում նրանց հաջողություններով․․․

Միաժամանակ՝ Աղամիրզյանը դերասանախումբը բռի մեջ էր պահում, կարգուկանոնը խախտել ոչ ոքի չէր թույլատրվում։ Նույնիսկ անվանի դերասանները, ինչպես Իվան Կրասկոն, իրենց չէին կարող թույլ տալ ուշանալ կամ խաղալ «առանց ոգեշնչման»։

Ըստ թատերական քննադատ Օլգա Սկորոչկինայի, Աղամիրզյանի արծարծած հիմնական թեմաները խորապես մարդասիրական էին՝ երիտասարդի վաղաժամ մահը պատերազմում, և տանը, ընտանեկան հարկի տակ պաշտպանված լինելը։ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում էլ նա խորհուրդ էր տալիս անկախ ամեն ինչից միմյանց հանդեպ մարդ մնալ՝ գոնե թատրոնի պատերի ներսում։ 

Լինելով պատերազմի մասնակից՝ մարդասիրության, մարդկային արժանապատվության, խիզախման թեման նրա համար ամենակարևորներից էր։ Լինելով հայ և իսկական մտավորական՝ նա մտահոգ էր նաև արցախյան խնդրի արդարացի լուծմամբ։

Բարոյական երկընտրանքներին նվիրված Բերթոլդ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսն առաջին անգամ ԽՍՀՄ-ում՝ 1960-ին, բեմադրեց Աղամիրզյանը՝ որպես ռադիոներկայացում (գլխավոր դերում՝ Յուրի Տոլուբեև), նաև որպես հեռուստաներկայացում (1965թ., գլխավոր դերում՝ Եֆիմ Կոպելյան)։

Աղամիրզյանը նրբորեն զգում էր իր ժամանակը, արդիականությունը և նորարարությունը բնորոշ էին նրա բեմադրություններին։ Երբ մյուզիքլները խորհրդային թատերարվեստում դեռևս հազվագյուտ երևույթ էին, նա նախաձեռնեց «Նասրեդինի վերջին սերը» պիեսի բեմադրությունը։

Ալեքսեյ Տոլստոյի եռագրության բեմականացումը շարունակաբար ներկայացվում էր երեք երեկո, ինչն անսովոր էր խորհրդային թատրոնի համար և, անշուշտ, համարձակ քայլ։

Աղամիրզյանն անդրադարձել է նաև հանիրավի բռնադատվածների խնդրին՝ բեմադրելով Իգնատի Դվորեցկու՝ նախկինում արգելված «Կոլիմա» պիեսի երկրորդ տարբերակը։

Ժամանակն իր տխուր կնիքը թողեց Աղամիրզյանի գործունեության վրա, քանի որ սահմանափակված էր արվեստագետին այդքան անհրաժեշտ ազատ ստեղծագործելու իրավունքը։ Եթե մոսկովյան ռեժիսորները գոնե նվազագույն չափով ազատ էին իրենց ստեղծագործական կյանքում, ապա Լենինգրադի երկարամյա ղեկավար Գ․ Ռոմանովը «խեղդում էր» ազատամտության ցանկացած դրսևորում։ «Թատրոն» հանդեսը (№1, 1993) գրում էր․« Աղամիրզյանի օրոք որևէ ներկայացում չի արգելվել (չնայած գրաքննությունն, անշուշտ, աշխատել է ամբողջ թափով)։ Ռուբեն Սերգեևիչի շատ հասակակիցների համար ազատության թույլատրված չափը միակ հնարավորն էր, իսկ նա ամբողջությամբ իր ժամանակի մարմնավորումն էր»։

Ռուբեն Աղամիրզյանը ծնվել է 1922 թ․ դեկտեմբերի 20-ին՝ Թիֆլիսում։ Նրա հայրը՝ Սարգիս (Սերգեյ) Գասպարովիչը, 1911 թ․ ավարտել էր Թիֆլիսի Ներսիսյան հայկական ճեմարանը, իր գործունեությամբ կապված էր Բաքվի հայոց կուլտուրական միության և Հայոց մարդասիրական ընկերության հետ։

Ռուբենը դպրոցական տարիքից երազել է ռեժիսոր դառնալ․ «Ես ոչ թե սոսկ սիրում եմ թատրոնը՝ ամբողջ կյանքս  սիրահարված եմ նրան, առաջին ներկայացումից, որը տեսա վեց-յոթ տարեկանում՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի բեմում…»։ 1940-1941 թթ․ սովորել է Թբիլիսիի ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայում՝ Գեորգի  Տովստոնոգովի մոտ, 1941-1942 թթ․՝ կինոդերասանական դպրոցում։ Մասնակցել է պատերազմին, 1944 թ․ ծանոթացել և ամուսնացել է ապագա թատերագետ Գալինայի հետ, որը Աղամիրզյանի կողքին է եղել մինչև նրա մահը։ Նրանց որդին՝ Իգորը, այսօր Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (Մոսկվա) փոխնախագահն է, պրոֆեսոր, բարձրակարգ կառավարիչ, նորամուծությունների և ՏՏ ոլորտի առաջատար փորձագետ։

1946-ին Աղամիրզյանը զորացրվել է և երկու տարի որպես դերասան ու ռեժիսոր աշխատել Քիշնևի Ռուսական դրամատիկական թատրոնում, ապա՝ մինչև 1953 թ․ սովորել Լենինգրադի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում՝ Լեոնիդ Վիվյենի դասարանում, որտեղ էլ դասավանդել է 1953-1985 թթ․, 1976-ից՝ որպես պրոֆեսոր, 1975-1985 թթ․՝ դերասանական վարպետության ամբիոնի վարիչ։ Նրա ուսանողներից են եղել Յուրի Ռոդիոնովը և Ալիսա Ֆրեյնդլիխը։

1953-1961 թթ․ եղել է Լենինգրադի Պուշկինի անվան դրամայի թատրոնի, 1961-1966 թթ․՝ Մեծ դրամատիկական թատրոնի ռեժիսոր (ԲԴՏ)։

Մեծ դրամատիկական թատրոնում Աղամիրզյանի ներկայացումների դերակատարներից էին երիտասարդ Կիրիլ Լավրովը, Օլեգ Բասիլաշվիլին (Պ․ Կոհոուտի «Այսպիսի սեր»), Պավել Լուսպեկաևը (Կ․ Սիմոնովի «Չորրորդը»): Հիրավի «աստղային» էր Մաքսիմ  Գորկու «Բարբարոսների» (1959թ., ռեժ․ Աղամիրզյան և Ռ․ Սիրոտա, բեմադրությունը՝ Գեորգի  Տովստոնոգովի) դերասանական կազմը՝ Լուսպեկաև (Չերկուն), Բասիլաշվիլի (Լուկին), Տատյանա Դորոնինա (Նադեժդա Մոնախովա), Եվգենի Լեբեդև (Մոնախով), Սերգեյ Յուրսկի, Վլադիսլավ Ստրժելչիկ և այլք։

«Խելքից պատուհասի» փորձերը հայազգի դերասան Լուսպեկաևի հետ, Աղամիրզյանի իսկ խոստովանությամբ, վերջինիս համար խիստ ուսանելի եղան, ստիպելով հրաժարվել ռեժիսորական ինքնապաստանությունից․ «Հենց Լուսպեկաևի հետ փորձերը սթափեցրին ինձ, համոզելով՝ դերասանի արվեստում ամենաարժեքավորն այն է, ինչը ծնվում է նրա ինտուիցիայի և երևակայության հարստությունից»։

Սերգեյ Յուրսկին գրում էր, որ ԲԴՏ-ում «ռեժիսուրան, անկասկած, հարստացավ Ռուբեն Աղամիրզյանով»։

Աղամիրզյանը լավ գիտեր վրացերեն, բարձր էր գնահատում Նոդար Դումբաձեի կենսասիրությունը (ութ անգամ անդրադարձել է նրա ստեղծագործությանը) և մարդու մեջ լավը տեսնելու ձգտումը։ «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» պիեսն Աղամիրզյանը բեմադրեց, երբ Դումբաձեն դեռ քիչ հայտնի հեղինակ էր։ Գլխավոր դերերը խաղում էին Սերգեյ Յուրսկին, Եֆիմ Կոպելյանը և Վլադիմիր Թաթոսովը։ Երիտասարդ Յուրսկին՝ յոթանասունամյա միաչքանի վրացու դերում, բոլոր երեքը՝ սրտաբուխ երգերի իրենց կատարումներով ու իրենց անմիջականությամբ կովկասյան շունչ էին հաղորդում ներկայացմանը։ Բեմադրությունը նաև  ձայնագրվեց որպես ռադիոներկայացում և հեռուստաներկայացում, ցուցադրվեց տարբեր քաղաքներում՝ Պրահայում, Բեռլինում, Լոնդոնում։ Այն ԲԴՏ-ի խաղացանկում մնաց 15 տարի ու առանձնահատուկ սիրվեց հանդիսատեսի կողմից։ 1968 թ․ Տուրկուի (Ֆինլանդիա) քաղաքային թատրոնում տեղի դերասանների մասնակցությամբ Աղամիրզյանը վերաբեմադրեց ներկայացումը, որը մեծ հաջողություն ունեցավ և արժանացավ մամուլի դրվատանքին։

1966-ի հունվարին Աղամիրզյանը ներկայացվեց Լենինգրադի Վերա Կոմիսարժևսկայայի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմին՝ որպես գեղարվեստական ղեկավար, որին հաջորդեց թատրոնի վերելքը, այն սկսեցին անվանել «յուրահատուկ, ջերմ մթնոլորտով տուն», «Սովրեմեննիկի» լենինգրադյան տարբերակ։ Թատրոնը սեփական դիմագիծ ձևավորեց, աչքի ընկավ թատերական նորարարություններով ու անշլագներով։

Կոմիսարժևսկայայի թատրոնում Աղամիրզյանի առաջին ներկայացումներից մեկը՝ «Եթե երկինքը լիներ հայելի», ըստ Դումբաձեի և Լորթքիփանիձեի պիեսի, պատմում էր կույր աղջկա մասին, որը տեսավ արևը։ Ինչպես Դումբաձեի նախորդ գործը, սա էլ ներկայացնում էր գյուղական կյանքը և պատերազմական փորձությունները, որոնք խաթարում են այդ խաղաղ կյանքը, ճակատագրեր խեղում, մինչդեռ իսկական սերն անպարտելի է մնում։ Ներկայացումը 1969 թ․ արժանացել է ԽՍՀՄ ժողովուրդների դրամատուրգիայի փառատոնի առաջին մրցանակին։

Կոմիսարժևսկայայի թատրոնը կոչվում էր «բլոկադային», քանի որ պատերազմական տարիներին այստեղ բեմադրվում էին լավագույն ժամանակակից պիեսները, ու Աղամիրզյանը պահպանեց թատրոնի ավանդույթները՝ վառ արտահայտված հրապարակախոսություն, խիստ արդիականություն, խոր քաղաքացիական պատասխանատվություն։ 1966թ․ նա բեմադրեց Կ․ Սիմոնովի «Հայրենիքի ծուխը»․ այն հետպատերազմական առօրյայի մասին էր, որում, անկախ ամեն ինչից, պատերազմի հետքն ամենուր է։

Աղամիրզյանի ղեկավարած թատրոնն ամենահաճախելիներից էր․ հանդիսատեսի վստահությունը ռեժիսորը բացատրում էր սկզբունքային գեղարվեստական ուղղվածությամբ, հանդիսատեսի հանդեպ հարգանքով, նրա երևակայության, ինտելեկտի նկատմամբ վստահությամբ, գեղարվեստական պահանջկոտությամբ՝ դրամատուրգիայի, դերասանական վարպետության, բեմանկարչության հատույթներում, ներկայացման բոլոր բաղադրիչներում։ Նրա սիրած արտահայտություններից էր․ «Ռեժիսորը պիտի իր շուրջ ամեն բան նկատի»։ 

Տարեկան բեմադրում էր մինչև չորս ներկայացում։ Ըստ Վիկտոր Նովիկովի՝ Աղամիրզյանի թատրոնը քնարա-հոգեբանական էր, բարեհոգի ու սենտիմենտալ․ «նա ուզում էր, որ իր ներկայացումներին ծիծաղեն ու լաց լինեն, երբեք չէր բեմադրում ինչ-որ ռեբուսներ, որոնք հանդիսատեսը պիտի լուծի»։ Պատմում են, որ ոչ ոք Ռուբեն Սերգեևիչից լավ չէր կարող կովկասյան խնջույքների կենացներ ասել, մրցակցությունից դուրս էր նաև նրա հումորը։

Աղամիրզյանի օրոք Կոմիսարժևսկայայի թատրոնում փայլեցին նշանավոր դերասաններ, ժողովրդական արտիստներ Իվան Կրասկոն և Բորիս Սոկոլովը, դերասանուհի և ծաղրածու Իրինա Ասմուսը, դասական դերերով հանդես եկան Գալինա Կորոտկևիչը, Իվան Դմիտրիևը, Իոսիֆ Բրոդսկու մորաքույրը՝ Դորա Վոլպերտը։ Թատրոնի առաջատար դերասաններից էին Ստանիսլավ Լանդգրաֆը և Վլադիմիր Օսոբիկը, որոնք Աղամիրզյանի հետ 1984-ին արժանացան ԽՍՀՄ պետական մրցանակի։ Աղամիրզյանի կուրսն են ավարտել Անդրեյ Ուրգանտը, Ալեքսեյ Նիլովը, Ալեքսեյ Գալիբինը, Գեորգի Կորոլչուկը, Վալերի Դեգտյարը և Կոնստանտին Վորոբյովը։

Բացի Կոնստանտին Սիմոնովից և Նոդար Դումբաձեից՝ Աղամիրզյանի հետ համագործակցում էին Միխայիլ Շատրովը, Իոն Դրուցեն, Էմիլ Բրագինսկին ու Էլդար Ռյազանովը, և հատկապես՝ Գրիգորի Գորինը․․. Թատերական շատ ստեղծագործությունների առաջին մեկնաբանողն էր հայազգի ռեժիսորը, այդ թվում  նաև  Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսի (1972), որով սկսվեց հեղինակի համամիութանական ճանաչումը։ Փառքի անհագ ծարավով տառապող Հերոստրատի դերակատարը Ստանիսլավ Լանդգրաֆն էր։

Աղամիրզյանը համագործակցել է նշանավոր թատերական նկարիչներ Էդուարդ Կոչերգինի, Արմեն Գրիգորյանցի և Ռոբերտ Ակոպովի (1980-1990 թթ․՝ Կոմիսարժևսկայայի թատրոնի գլխավոր նկարիչ) հետ։ Նրա ներկայացումների համար երաժշտություն են գրել երգահաններ Իսահակ Շվարցը, Անդրեյ Պետրովը, Օլեգ Կարավայչուկը։

Ալեքսեյ Տոլստոյի եռագրության՝ «Ֆյոդոր Իվանովիչ ցարը» (1972), «Իվան Ահեղի մահը» (1976), «Բորիս թագավորը» (1978) բեմադրությունը, որն անդրադառնում էր միահեծան ղեկավարման աղետալի հետևանքներին, ցնցեց հանդիսատեսին։ Հատուկ դրվատանքով էր մամուլը գրում Ֆյոդոր ցարի դերակատար Վլադիմիր Օսոբիկի մասին, որի խաղը հոգեբանական ճշգրտությամբ էր ներկայացնում Ֆյոդորի բնավորության գծերը, նրա մարդկայնությունը։ Համառուսաստանյան թատերական ընկերությունն այն ճանաչեց տարվա լավագույն դերակատարումը։ Ինչպես կատակում էր Աղամիրզյանը՝ սա բազմասերիանոց թատերական ներկայացում էր, քանի որ ցուցադրվում էր երեք հաջորդական երեկոների ընթացքում։

1972 թ․ երևանյան հյուրախաղերի ժամանակ «Ֆյոդոր Իվանովիչ ցարը» ներկայացվեց նաև հայ հանդիսատեսին։ Ինչպես «Սովետական արվեստում» տպագրված իր ծավալուն թատերախոսությունում նկատում էր Սիլվա Փոթեյանը՝ ռեժիսորի համար էականը «գահակալի և մարդ-անհատի հակասությունն է, որ գեղարվեստական վարպետությամբ բացահայտում է թատրոնը։ ․․․Խղճի ձայնը, մարդասիրական զգացումը հասցված է սիմվոլի․․․»

1980-ին թատրոնը վերստին եղավ Հայաստանում, Երևանում մասնակցեց թատերական փառատոնի, տեղի ունեցավ Աղամիրզյանի ստեղծագործական երեկոն։

Ռուբեն Աղամիրզյանն իր կյանքի ընթացքում բեմադրեց հարյուրից ավելի ներկայացում, որոնցից 51-ը՝ Կոմիսարժևսկայայի թատրոնում։ Ժանրային լայն դիապազոնի բեմադրությունների շարքում կային և՛ գեղարվեստական խոշոր ձեռքբերումներ, և՛ անցողիկ կամ վիճելի մեկնաբանություններ։ Որպես ռեժիսոր և սցենարիստ մասնակցել է տասից ավելի ֆիլմ-ներկայացումների ստեղծմանը՝ «Գալիլեյի կյանքը», «Ծերուկը», «Երկրորդ շնչառություն», «Դարձ ի շրջանս յուր» և այլն։ 1983-ին նա արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Շուրջ 100 հոդվածի և երկու արժեքավոր գրքի հեղինակ է, նաև «Լենինգրադի արվեստը» հանդեսի խմբագրակազմի անդամ էր։

Լճացման հիրավի հեղձուցիչ մթնոլորտում՝ 1983-ին Աղամիրզյանը բեմադրեց «Տուրբինների օրերը» (կրկին Տան, օջախի թեմայով)՝ հիմնվելով Միխայիլ Բուլգակովի նախնական ձեռագրի, այլ ոչ թե ՄԽԱՏ-ի տարբերակի վրա։ Այն ներկայացնում էր պատմության ողբերգական հանգամանքներում մաքառող մարդուն, որը ջանում է պահպանել մարդկային մնայուն արժեքները։ 

Աղամիրզյանն ապրեց ու մահացավ իր թատրոն-տանը․․․ Հոկտեմբերի 26-ին ցուցադրվում էր «Տուրբինների օրերը», Աղամիրզյանն այն դիտում էր օթյակից՝ կնոջ ու թոռան՝ Ռոբերտի հետ: Ռեժիսորն իրեն վատ զգաց, և ներկայացումն ընդհատվեց։ Մինչև վերջ դիտել այն Աղամիրզյանին վիճակված չէր․․․

Աղամիրզյանի հոգեհանգիստը կայացավ Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցում։ Նա այն եզակի հայն էր (չհաշված Ա․ Վահանովային), որ թաղվեց պիտերյան պանթեոնում (Լիտերատորսկիե մոստկի)՝ Տուրգենևի, Մենդելեևի, Ակիմովի կողքին։

Աղամիրզյանի վերջին՝ «Աննա Ֆրանկի օրագիրը», բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ հետմահու՝ 1991 թ․ դեկտեմբերին և գլխավոր դերակատարման համար Տատյանա Կուզնեցովան 1992-ին ճանաչվեց տարվա լավագույն դերասանուհի։

Ըստ Կոմիսարժեվսկայայի թատրոնի այսօրվա գեղարվեստական ղեկավար Վիկտոր Նովիկովի, հիմա էլ Աղամիրզյանին ամեն օր հիշում են թատրոնում, իսկ ճեմասրահում կախված են նրա հուշատախտակը, մեծադիր դիմանկարը և լուսանկարները։ «Մարդ-դարաշրջան, համարյա Աստված»․ այսպես է «Նևա» ամսագրում Աղամիրզյանին բնութագրում քննադատ Ելենա Զինովևան։ Նովիկովը փաստում է․ «Միակ բանը, որ կարողացանք պահպանել թատրոնում՝ տան մթնոլորտն է։ Այն այսօր էլ է պահպանվում։ Դա ամենակարևորն է»։

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարներ․

1․ Ռուբեն Աղամիրզյան

2․ Տեսարան «Կոլիմա» ներկայացումից

 

... ...