«Ռոքի և ռոքնռոլի» դրամատուրգը կամ «Զուգահեռ թատրոնի» ճանապարհով. Քզավիե Դյուրանժե

Ամենա կանանց մասին, ամենակնոջական և ամենականացի պիեսի՝ Ֆրանսիացի դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Քզավիե Դյուրանժեի «Մարդկային պատմությունների» բեմադրությամբ է այս անգամ հայ հանդիսատեսին ներկայացել ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը: Այս թատերական ընկերությունը, որ հիմնադրել է բեմադրիչ, թարգմանչուհի, դերասանուհի Սաթէ Խաչատրյանն իր ամուսնու՝ Էդգար Մանուկյանի հետ 2013 թվականին, զբաղվում է Հայաստանում ֆրանսիական, իսկ Ֆրանսիայում՝ հայկական արվեստի հանրահռչակմամբ: Վերջին տարիներին Սաթէ Խաչատրյանը հայ հանդիսատեսին ներկայացրել է հայազգի ֆրանսիացի դրամատուրգ Արթուր Ադամովի (2016թ.), 2018-ին՝ Յասմինա Ռեզայի, 2019-ին՝ Ֆլորիան Զելլերի դրամատուրգիան: Սաթէ Խաչատրյանի թարգմանությամբ և բեմադրությամբ «Մարդկային պատմությունների» ուշագրավ ներկայացմանը  Լոֆթում հաջորդեց ոչ պակաս ուշագրավ հանդիպում, վարպետության դաս դրամատուրգի հետ: Այս նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Իրապա հարթակի և CNMA-ի աջակցությամբ: Ներկայացնելով «Սաթէ-Աթղի» գործունեությունը,  Սաթէն խոստանում է եկող տարիներին Յասմինա Ռեզային ու Ֆլորիան Զելլերին նույնպես Հայաստան բերել: Արժե՞ մեկ անգամ էլ շեշտել, թե որքան մեծ նշանակություն ունի այն գործունեությունը, որ ծավալում է մեր հայրենակցուհին՝ հայ ընթերցողների ու մասնագետների համար պատուհան բացելով դեպի եվրոպական ժամանակակից դրամատուրգիա, այն պարագայում, երբ Հայաստանում անգամ հայ դրամատուրգների ձայնը հանրությանը հասցնելու հնարավորություններն են սահմանափակ:

«La Lezarde» թատերական միության ղեկավար, քսանհինգ պիեսի հեղինակ (որոնք բազմաթիվ հրատարակություններ ունեն և որոնք բոլորը բեմադրված են), նույնքան գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր, երկու հեռուստատեսային ֆիլմի և սերիալների սցենարիստ, Կաննի, Ավինյոնի և այլ հանրահայտ փառատոների մասնակից, «Էմմի» մրցանակի դափնեկիր (2017, «Լավագույն հեռուստաֆիլմ»  նոմինացիայում՝ «Ne  m’abandonne pas» /«Մի լքիր ինձ» ֆիլմի համար) հեղինակը, որի պիեսներից առնվազն հինգը 30 լեզվով են թարգմանված և խաղացվել են 50 երկրում (ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա և այլուր), իր արվեստին ու գործունեությանն անծանոթ  հայ հանդիսատեսին սիրով է ներկայացնում   անցած ճանապարհը: Պատմում է, որ պրոֆեսիոնալ կարիերան սկսել է տասնութ տարեկանում՝ արվարձանային գիշերային ակումբներում բեմադրելով իր գործերը, քանի որ թատերական բեմերը վարձակալելը թանկ էր, իսկ ակումբում հետաքրքիր էր, քանի որ այնտեղ շփվում էր հանդիսատեսի տեսակի հետ, որը երբեք թատրոն չի գնում: 18-20 տարեկանում անցել է հանրահայտ դրամատուրգ, սցենարիստ Ռոբեռ Կորդիեի (Robert Cordier) դրամատուրգիական վորկշոփը՝ Մ.Չեխովի և Կ.Ստանիսլավսկու սկզբունքներով: Կորդիեն 40 տարի աշխատել էր ԱՄՆ-ում, ինչը նոր աշխարհընկալում ու տեխնիկա էր գրողի համար: Քզավիեի առաջին պիեսը՝ «Բալ-թղափը», մերժվել է «Ակտ Սյուդ» թատերական հրատարակչատան կողմից, հետն էլ կցված է եղել մի նամակ, որտեղ իրեն խոհուրդ են տվել երբեք չգրել պիես, այլ ուրիշ գործով զբաղվել: Այսօր հեղինակը գոհունակությամբ նշում է, որ «Բալ-թղափն» իր ամենաշատ բեմադրված պիեսն է, և վաճառվել է 25 հազար օրինակով: Ինչպե՞ս հաղթահարեցիք առաջին պիեսի մերժման սթրեսը հարցին պատասխանում է. «Գնացի, բեմադրեցի մի փոքր քաղաքի նկուղային թատրոնում ընկերներիս, Վանսան Կասելի հետ, որն այն ժամանակ ինձ պես երիտասարդ ու սկսնակ էր»: Ու երիտասարդներին խորհուրդ է տալիս՝ «թքած ունենալ» նման բաների վրա և իրենց գործն անել։

Իրական հաջողությունն սկսվեց այն պահից, երբ առաջին պիեսը՝ «Մի վարդ մաշկի տակ» վերտառությամբ, 1988 թ. ֆրանսիական «Masque d’or» մրցանակի արժանացավ, որը նրան հանձնեց Ռոման Պոլանսկին: Մրցանակը դրամական էր, և այդ գումարով նա թատերախումբ հավաքեց ու փոքր թատրոններում սկսեց բեմադրել իր իսկ պիեսները:

Դյուրանժեի դրամաներն այլ ռեժիսորների կողմից սիրվեցին ու բեմադրվեցին նախ Գերմանիայում ու Լեհաստանում, և երբ հայտնի դարձավ այդ երկրներում, իր երկրում էլ պատնեշը կոտրվեց: Ֆրանսիական այսօրվա թատրոնը գրողը պայմանականորեն երկու տեսակի է բաժանում՝ բուրժուական զույգերի, կոմեդիայի և դասական թատրոն՝ ավելի ինտելեկտուալ, ավելի սուր թեմատիկայով: Նրա սցենարներում գերիշխում են քաղաքական հարցադրումները, իսկ պիեսները համեմատում է ռոքի և ռոքնռոլի հետ, ասում է. «Ես փողոցը թատրոն բերեցի, որպես դիվերսանտ մտա թատերական աշխարհ՝ հերքելով ընդունված ձևերը, խոսքը, ուստի երկար ժամանակ չէի ընկալվում, մերժվում էի, մոտ մեկ տասնամյակ ակադեմիական պատին բախվում»: Այդ ընթացքում երբեք չի դադարել սիրած գործով զբաղվել՝ գրել, բեմադրել, խաղալ և իր փորձից ելնելով համոզված է, որ դրամատուրգ դառնում են դերասանի խաղին նայելով՝ քայլ առ քայլ հասնելով նպատակին: «Քսան տարի ես միայն իմ գործերն եմ բեմադրել,- ասում է,- ուրիշներն ինձ բեմադրում էին, ես ուրիշներին՝ ոչ: Մի՛ փորձեք կոտրել ակադեմիական թատրոնի դռները, մի երազեք թանկագին աֆիշի և այլ դրամ պահանջող բաների մասին, սկսեք ձեր բակից, փողոցից, տանիքից, ընկերոջ ձեղնահարկից, գրեք, խաղացեք, ստեղծեք «Զուգահեռ թատրոն», եղածից տարբերվող, միմիայն ձերը»:

Իր պիեսների թեմաները Դյուրանժեն նկարագրում է իբրև վիրավոր հոգու ճիչ, գրում է այն  մասին, ինչի մասին մարդիկ ուզում են աղաղակել, դա անարդարությունն է, ճչացող ցավը: Եվ որ ամենակարևորն է՝ նկատում է, որ երբեք հանդիսատեսի ճաշակով կամ դրամ աշխատելու համար չի զբաղվել թատրոնով. «Եթե հանդիսատեսի համար գրեցի, ուրեմն վերջացած եմ, ավելի լավ է դրա փոխարեն գնամ ջինս վաճառեմ»,- վրդովվում է դրամատուրգը: Այն հարցիս, թե արդյոք այսօր Ֆրանսիայո՞ւմ էլ երիտասարդների շրջանակում ավելի շատ ձգտում կա դեպ կինո, հեռուստատեսություն, քան թատրոն, նա զարմացած ասում է, որ թատրոնով պիտի զբաղվել միայն թատրոնի ու դրամայի հանդեպ մեծ սիրուց դրդված, նվիրումով, անդադրում աշխատանքով, իսկ կինոն ու սցենարը ձգտում ու նպատակ չեն եղել, դա եկել է ինքնաբերաբար, երկրորդ փուլում, երբ թատրոնում իր ասելիքն արդեն հնչեցրել էր:

Երիտասարդներին իր խորհուրդների առանցքում ինքնատիպությունն է. «Մի՛ սնվեք կինոյում տեսածով կամ ձեր կարդացածով, այլ անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ու գրեք միմիայն ձեր ներսում եղածը, ձեզ հետ պատահածը»: Օրինակ է բերում իր գրականությունը, որտեղ նա չի վարանում անգամ դրամատուրգիա բերել այն արվարձանի դիալեկտը, որտեղ ծնվել, մեծացել է, փողոցի ժարգոնը, եթե դրա անհրաժեշտությունը կա կերպարի ստեղծման համար: «Իմ սյուժեները բազմազան են, իմ ընկերները, իմ ընտանիքը, գիշերվա 2-5-ը ընկած ժամանակում կատարվածը, եթե պետք է՝ բռնությունը, սեքսը, գռեհկաբանությունը: Ես ծայրահեղությունների մեջ եմ գտնում «փողոցի պեոզիան»,- ավելացնում է գրողը: Պատմում է իր տետրակների մասին, որոնք անվանել է՝ Քրոնիկոն 1, 2, 3, դրանցից առաջինում զետեղված են 20 տարեկանի կյանքի թեմաներով իր տեքստերը՝ փողոցը, սիրահարությունը, խմիչքը, թմրադեղերը, երկրորդում՝ 40 տարեկանի թեմաները՝ երեխա, ընտանիք, պատասխանատվություն, երրորդում՝ 50-ից հետո: Նույն սկբունքով է գրել նաև իր «Մարդկային պատմություններ» պիեսը: Եվ այս չորս առանձին պիեսներում 250-ից ավելի մենախոսություններ ու երկխոսություններ կան, որոնց հիման վրա ևս բեմադրություն է արվել:

Հարցին, թե արդյոք իրականությունը կարելի է անփոփոխ բերել գրականություն, պատասխանում է, որ իր համար դա հետաքրքիր չէ, դա գրականություն չէ, գրականությունը սնվում է կյանքից, բայց գեղարվեստն ու երևակայությունն են այն գրականություն դարձնում՝ օրինակ բերելով իր Քրոնիկոնները:

Գալով «Մարդկային պատմություններին», հեղինակը պատմում է, որ այս պիեսը գրել է պատահաբար: Մի սրճարանում էր, որտեղ նստած էր նաև ֆրանսիական բեմի լեգենդ, 87-ամյա դերասանուհի Ժուդիթ Մագղը, որը հարցնում է նրան՝ արդյո՞ք չունի մի չբեմադրված պիես իր համար: Հեղինակը պատասխանում է, որ չունի, սակայն դերասանուհու համար կգրի: Մի գիշերում ոգևորված երեք մենախոսություն է գրում և ուղարկում Ժուդիթին, և գիշերվա 2-ին, որը շատ տարօրինակ է, հանկարծ զանգ է ստանում. դերասանուհին էր, հիացած և ներշնչված խնդրում էր, որ Դյուրանժեն շարունակի գրել մենախոսությունները: Արդյունքում պատմությունները դառնում են 56-ը: Դերասանուհին ասես այս պատմությունների միջոցով պատմում էր իր կյանքի տարբեր փուլերը: Այս դերով Ժուդիթ Մագղը արժանանում է թատերական աշխարհում ամենահեղինակավոր «Մոլիեր» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Իր պիեսի հայաստանյան հրաշալի բեմադրության և գեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհիների խաղի հանդեպ մեծ գոհունակությունից բացի նա նաև խոսում է մարդկանց մասին: Այստեղ եղած մի քանի օրերի ընթացքում ուշադրություն է դարձրել հատկապես փողոցով քայլող տարեց կանանց, որոնք իրեն ոգեշնչում են. մտածում է նրանց մասին մենախոսություններ գրել, ինչպես նաև փողոցում թրև եկող ու ինքն իր հետ խոսող հարբեցողի, ուզում է իմանալ ի՞նչ են ասում, ի՞նչն է նրանց ցավը: Ինչի վրա է աշխատում այժմ հարցին դրամատուրգը պատասխանում է, որ ֆիլմի սցենար է գրում ծնողների մասին, «իմ հոր մենակության մասին, երբ ես շատ փոքր էի, իմ մոր մասին, ում երբեք իրականում չեմ ճանաչել: Սա մի շատ դրամատիկ սցենար է, երբ այլևս ծնողներս չկան»:

Մարդկային մեծ հմայքով օժտված, պարզ ու անմիջական գրողին հաջողվեց առինքնել ներկաներին: Չնայած իր գրականության մեջ բարձրացրած ծանր թեմաներին, դրական ու բարի էներգետիկայով Դյուրանժեն հուսադրող ու ոգեշնչող մթնոլորտ ստեղծեց, ինչը հատկապես կարևոր է իրենց ճանապարհի սկզբին կանգնած երիտասարդների համար, որոնք հանդիպմանը մեծամասնություն էին: Որպես ամփոփում գրողն ասում է, որ իրեն համարում է երջանիկ դրամատուրգ, քանի որ կարողացել է իր սիրած գործով հաջողությունների հասնել, ճանաչվել իր պիեսներով, ճամփորդել, բեմադրվել, մրցանակներ ստանալ, ինչը մեծ երջանկություն է: Ինչպես նաև նշում է, որ իրեն հաճելի է նաև այստեղ ճանաչված չլինելու փաստը, քանի որ դա իրեն ստիպում է ջանալ, ներկայանալ նոր մարդկանց, նոր ձևաչափով, ինչի շնորհիվ նա շարունակում էր ստեղծագործել անգամ կայացած հանդիպման ընթացքում՝ հենց այդ պահին, հենց այդ վայրում:

Հ.գ. Հատուկ շնորհակալություն Սաթէ Խաչատրյանին՝ համաժամանակյա թարգմանությամբ հանդիպումը վարելու համար:

 

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, գրող

 

...