Ռոմեո Մելիքյան. գեղանկարիչ, որն այլևս չի ուզում պատերազմ նկարել

Ցանկացած պարտություն պետք է հիմք դառնա վերածնման

Պատերազմների վտանգն ու ողբերգությունը գեղանկարիչ Ռոմեո Մելիքյանի վերջին տարիների ստեղծագործությունների առանցքային թեման էր: Բայց նրա պատկերած պատերազմը ոչ թե առաջնագծի ակտիվ ռազմական գործողություններն են, այլ թիկունքում տիրող քաոսն ու տագնապը: Մի կողմից դա արտահայտվում է մարդկանց անհանգիստ ու աղմկոտ բազմության, մյուս կողմից՝ լքված ու դատարկ շինությունների միջոցով: Պատերազմի ծանրությունն ավելի շոշափելի է դառնում նրա՝ ռազմական օբյեկտների նմանվող երկաթյա քանդակներում: Ռոմեոն ասում է՝ գիտակցված կամ ենթագիտակցորեն ազդակներ էր հաղորդում, բայց դրանք մնացին անարձագանք: 44-օրյա պատերազմից ամիսներ անց, երբ վերադարձավ արվեստանոց, զգաց որ այլևս չի ուզում անդրադառնալ այդ թեմային։ Ռոմեո Մելիքյանը «Art-collage»-ին պատմել է, թե ինչպես է պատերազմը փոխել իր կյանքն ու ստեղծագործական ընթացքը:

 

-Վերջին տարում մեր կյանքում շատ բան փոխվեց. պատերազմն Արցախում, համավարակն աշխարհում։ Այս բոլոր իրադարձություններն ինչպե՞ս անդրադարձան ձեզ, ձեր ստեղծագործական կյանքի վրա։

-Պատերազմն ինձ վերափոխեց։ Հիմա ավելի շատ եմ գնահատում հողը, հայրենիքը, մարդու ժամանակը, ավելի շատ եմ աշխատում: Պարտությունը հնարավորություն տվեց ստեղծագործական նոր փուլ սկսել: Առհասարակ, ցանկացած պարտություն պետք է հիմք դառնա վերածնման, նոր ուժի։ Առանց հուսահատվելու պիտի զրոյից վերակառուցենք։ Պարտությունն ինձ շարժեց, ասաց՝ ուշքի արի, հավաքիր քեզ: Հիմա կյանքին այլ կերպ եմ նայում, ավելի համբերատար եմ դարձել, ու դա նաև իմ գործերում է երևում։

-Նկատի ունեք թեմաների՞, թե արտահայտման ձևի փոփոխությունը։

-Այս պահին ճարտարապետական լուծումներով կոմպոզիցիաներ եմ ստեղծում, ինձ ճարտարապետությունը, և ավելի շատ՝ լքված շենքերն են հետաքրքրում, որտեղ աղբը ներս մտնելու արգելք է: Ճարտարապետությունը երկրի դիմագծի կարևոր էլեմենտներից է, դրանով կարող ես տվյալ երկրի մշակույթի մասին կարծիք կազմել։ Ճարտարապետությունը մարդու կյանքն է, հոգին՝ սև ու սպիտակի մեջ։ Հայաստանում եթե սև տուֆից շենքեր եմ հանդիպում, անպայման ձեռքս դնում եմ, որ էներգիա ստանամ։ Շենքը միայն շենք չէ, դրանում մարդու տանջանքը կա, այդ պատերի ներսում կարող ես և՛ ուրախանալ, և՛ տխրել, և՛ ստեղծագործել, շենքի մեջ  նույնիսկ նոտաներ կան։ Գործեր ունեմ, որոնց նայելիս՝ Բախի երաժշտության ծնգոցները կլսես։

-Ու, կարծես, ավելի քիչ մարդ կտեսնես, կամ, առհասարակ, չես տեսնի։

-Այս պահին մարդիկ չկան։ Մարդկանց փոխարինում է աղբը, վատ է հնչում, բայց եթե խորանանք, այդ աղբն էլ մարդու ստեղծածն է, էլի նույն մարդն է։

-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ պատերազմի ընթացքում կարողանում եք ձեր ներսում «անջատել պատերազմի ռեժիմը» ու որոշ ժամանակ ընդհանրապես չանդրադառնալ այդ թեմային։ 44 օրերի ընթացքում ի՞նչ էիք անում։

-Պատերազմի օրերին ընդհանրապես չեմ նկարել, դրանից հետո էլ շատ դժվարությամբ սկսեցի աշխատել։ Ես Բերդում եմ ծնվել, ու իմ մանկությունն անցել է պատերազմների մեջ։ Զգում էի, որ պետք է նշաններ հաղորդեմ ոչ միայն մեզ, այլև՝աշխարհին, որ սթափվենք։ Ես շատ անդրադարձա այդ թեմային, իմ նկարներն իրենց գործն արեցին, բայց, ցավոք, իմ ազդակները ոչ ոք չլսեց։ Ինձ համար այդ թեման փակված է, չունեմ պահանջ պատերազմին անդրադառնալու, թեև որոշողը ես չեմ, մուսան, գուցե, վաղն ուրիշ բան թելադրի։

-Խոսում ենք վերջին շրջանի աշխատանքների մասին, որոնցում գերակշռում է պատերազմի, ճարտարապետության թեման։ Իսկ մինչև այդ՝ ավելի վաղ շրջանում, ի՞նչն էր ձեզ հետաքրքրում, ինչի՞ց սկսեցիք:

-Դպրոցական էի՝ 6-7-րդ դասարան, ամբողջությամբ կրկնօրինակել էի Մարտիրոս Սարյանի գիրքը։ Փորձում էի մի պատճառ գտնել դասի չգնալու, որ մնայի տանը, նկարեի։ Սարյանից բացի նաև Սեդրակ Առաքելյանի նկարներն էի կրկնօրինակում, Մինաս Ավետիսյան, Այվազովսկի։ Երբ ցուցահանդեսներ էին լինում, մարդիկ տանում էին իրենց մտքերը, ես՝ ուրիշների նկարների կրկնօրինակները։ 10-րդ դասարանում սկսեցի մտածել՝ մինչև ե՞րբ պիտի էս մարդկանց գործերով գնամ ցուցահանդես, ու սկսեցի քիչ-քիչ փոխվել։ Եկա Երևան՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում սովորելու։ Բնակվում էի Քանաքեռի Սուրբ Մարիամ և Սուրբ Հակոբ եկեղեցիների հարևանությամբ։ Նկատեցի, որ գիշերը շատ հետաքրքիր լույսեր են ընկնում եկեղեցիների վրա, և ոնց որ մի բան հուշեր, որ նկարեի այդ պատկերները։ Ոգևորված նկարեցի, և լավ ստացվեց: Լուսահոգի ուսուցիչս՝ Վլադիմիր Աբրահամյանը, հավանություն տվեց, ոգևորվեցի ու հասկացա, որ պետք է շարունակել։

-Թեմաներից բացի նաև աշխատանքային նյութի փոփոխություններ եք ունեցել՝ գեղանկար, կոլաժներ, ասամբլյաժներ։ Ի՞նչն է ձեզ պակասում, ի՞նչ եք փնտրում։

-Այդ փուլերը հաջորդում են իրար։ Հիմա կարող է նկարչությունից հոգնեմ, անցնեմ ասամբլյաժներին, հետո վերադառնամ։ Նկարելու ընթացքում դու ինքնըստինքյան տեսնում ես արդյունքը, մինչև վերջին պահը գիտես՝ ինչ է լինելու։ Նկարչության մեջ կարողանում ես գտնել, պակասը լրացնել, բայց երկաթյա քանդակների դեպքում այլ է։ Հիմա մի գործ ունեմ, 2 ամիս է՝ փնտրում եմ, թե ինչ դետալ դնեմ կողքին, որ լրացնեմ. չեմ գտնում։ Մեկ էլ մի օր պատահական մի բան կգտնեմ ու կասեմ՝ այն է, ինչ փնտրում էի։ Պատահում է՝ փողոցով քայլելիս մի դետալ եմ տեսնում, միանգամից վերցնում եմ՝ իմանալով, որ մի օր պետք է գալու։ Կողքից հարցնում են՝ ի՞նչ ես անում, ասում եմ՝ պատրաստի գործ է, կմշակեմ, կտեսնեք։ Քանդակի մեջ ինձ այդ անսպասելիությունն է գրավում:

Բայց ձեռագիրս բոլոր դեպքերում նույնն է։ Գրաֆիկական գործերին նայելիս՝ մարդիկ անմիջապես հասկանում են, որ դրանք իմն են, նույնը յուղանկարի, կոլաժների կամ քանդակների դեպքում է։ Այդ ընդհանրությունը տարբեր գործերի մեջ երևում է։

-Որտե՞ղ եք պահում այդ մեծ գործերը։

-Մեծ գործերի հետաքրքրությունն այն է, որ ստեղծելուց հետո փաթեթավորում եմ, որ մինչև հաջորդ ցուցահանդես այլևս չտեսնեմ։ Չեմ սիրում իմ գործերը տանը դնել, արհեստականորեն դարձնել սիմվոլ, դա կարող է տանել լճացման։ Պատկերացրու՝ ամեն առավոտ արթնանալիս ու գիշերը քնելիս քո նկարը տեսնես։ Ես աշխատում եմ թեթև ապրել, և ուրախ եմ, որ շատերն ասում են՝ այդ գործերը կարծես դու արած չլինես, քեզ հետ կապ չունեն։

Իհարկե, այդ աշխատանքները դիտարկում եմ նաև որպես ապրելու միջոց, բայց անկախ դրանից՝ ես ամեն օր աշխատելու, ստեղծագործելու կարիք ունեմ: Ինչ-որ պահի թվում էր, թե կարող եմ ապրել առանց ստեղծագործելու, ու 2015-ին գնացի Մոսկվա, որ էլ չնկարեմ։ Լսել էի, որ Հակոբ Հակոբյանը 10 տարի չի նկարել, ասում էի՝ ես էլ կարող եմ 5 տարի չնկարել։ Բայց էնտեղ թանգարաններ այցելեցի, Վան Գոգ տեսա, Կարավաջոի ցուցահանդեսին եղա. կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն էր, և արյունը սկսեց եռալ մեջս։ Ես նախընտրեցի թեկուզ քիչ վաստակելով, կամ ընդհանրապես չվաստակելով՝ անել իմ գործը, որը սիրում եմ: Եթե ընտրում ես ճիշտ ճանապարհը, պիտի շատ բաներից հրաժարվես։ Ես պատրաստ եմ շատ բան դնել մի կողմ, դրել եմ ու չեմ զղջում։

Հ.Գ. Ես հարցազրույցներ չեմ սիրում, սա երրորդ անգամ է, որ խոսում եմ։ Նկարչության մեջ ի՞նչ ասես։ Երբ մարդ լավ է խոսում, իրեն անընդհատ սկսում են անհանգստացնել, ու ինքը մի պահ նկարչությունը դնում է մի կողմ ու սկսում է խոսել։ Հետո այն, ինչ ուզում էր նկարել, դա էլ է խոսքով ասում ու էլ չի կարողանում նկարել։ Ինձ թվում է՝ եթե Փելեշյանը շատ խոսեր, իր գործերն էդքան լավը չէին լինի։

 

Լուսինե Ղարիբյան

 

 

... ... ...