Ռոմեն Ռոլան՝ սիրտ, որ բաբախում է բոլորի համար

1916 թվականին, երբ փոթորկում էր Առաջին համաշխարհային պատերազմը, Մաքսիմ Գորկին գրեց ժամանակի մեծագույն եվրոպացի մտավորականներից մեկին․ «Դուք այն քչերից եք, ում հոգին չմթագնեց այս պատերազմի խելահեղությունից, ու մեծ ուրախություն է գիտակցել, որ Դուք Ձեր ազնիվ սրտում պահպանել եք մարդկության լավագույն սկզբունքները․․․»։ Նամակի հասցեատերը ֆրանսիացի գրող և հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանն էր, որին ընդունված էր համարել «Եվրոպայի խիղճը»։

Նա գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ հայ ժողովրդի համար ճակատագրական 1915 թվականին։ Լինելով մարդասիրական հայացքների ջատագով՝ նա անշուշտ չէր կարող չանդրադառնալ Հայոց ողբերգությանը։ Երբ 1917-ին նրան Թուրքիայից ուղարկեցին Հայոց ցեղասպանությունը հերքող ալբոմներ, Ռոլանը դրանք հետ ուղարկեց, նշելով․ «Ազգային ինքնուրույնության ձգտող դժբախտ ժողովրդին զրպարտելով չեք ​​վերականգնի Եվրոպայում կորցրած թուրք ազգի հանդեպ համակրանքը...»։

Դեռ մինչև այդ, Համիդյան ջարդերը նա անվանում էր «Հայաստանի բարդուղիմեոսյան գիշերը»։ Կոտորածների մասին անհերքելի փաստերը Ռոլանին փոխանցել էր Կոստանդնուպոլսից եկած դասընկերը՝ Վիկտոր Բերարը։ «Դա մի ողջ ժողովրդի միտումնավոր, սառնասրտորեն իրականացված կոտորած էր, որը կարգավորվում ու ղեկավարվում էր իշխանության կողմից՝ առանց մոլեռանդության ամենաչնչին բռնկման։ Եվ Եվրոպայում չկար կառավարություն, որն այս մասին չիմանար՝ գոնե մեկ ամիս առաջ։ Եվ, սակայն, նրանցից ոչ մեկը, ելնելով քաղաքական նկատառումներից, չփորձեց կամ չցանկացավ որևէ բան անել այն կանխելու համար։ Եվ մեր լայնատարած մամուլում նրանց դատապարտող ոչ մի ձայն չլսվեց։ «Կարմիր սուլթանը» գնեց մեր մամուլը։ Այդ ժամանակ ես շփվում էի որոշ մարդկանց հետ, ովքեր ընդամենը մի քանի ամիս հետո աղաղակում էին Դրեյֆուսի դեմ կատարված հանցագործության մասին և կատաղությունից ու զայրույթից կորցնում էին իրենց, բայց խուլ էին ձևանում, երբ իրենց ասում էին հայերի մասին կամ էլ անտարբեր ժպտում էին, կարծես թե խոսքը մի երկրի սովորական ներքին ոստիկանական գործի մասին էր, որտեղ խոշտանգվողները լիովին արժանի էին իրենց ճակատագրին»,- գրում էր Ռոլանը (Դրեյֆուսի գործը Ֆրանսիայում էթնիկ հրեա սպա Դրեյֆուսի դատավարությունն էր, որին շինծու փաստարկներով մեղադրում էին Գերմանիայի օգտին լրտեսության համար)։ Իր օրագրերում գրողը հարց էր տալիս․ «Ո՞վ կարող է ասել, թե արյունոտ սուլթանը որքան վճարեց պապանձված եվրոպական թերթերին ու դիվանագետներին 1894-1896 թվականների ջարդերին զոհ գնացած երկու հարյուր հազար հայերի արյան համար»։ Նա մանրամասն վերլուծում էր եվրոպական տերությունների շարժառիթները․ «Անգլիան վրդովված (կուզեի կարծել, որ առանց կեղծավորության) կոչ է անում Եվրոպայի ժողովուրդներին միավորվել՝ այս ոճրագործությանը վերջ տալու համար։ Սակայն Ֆրանսիան ունի սուլթանի կարիքը, քանի որ հեռու կամ մոտ ապագայում ցանկանում է օգտագործել նրա ծառայությունները Եգիպտոսում իշխող Անգլիայի դեմ։ Եթե ​​նա գնա Թուրքիայի դեմ, կկորցնի բրիտանացիներին Ալեքսանդրիայից վտարելու միջոցը։ Գերմանիայի համար օրենք է՝ չմիջամտել արևելյան գործերին․․․»։ Լև Տոլստոյին 1897 թվականի հունիսին գրած նամակում Ռոլանը հայտնում էր, որ ներկա է եղել հայկական ջարդերին նվիրված դասախոսությանը։ Իսկ նրա «Ժան Քրիստոֆ» վեպի (1904-1912) գլխավոր հերոսը՝ թվարկելով 19-րդ դարի վերջի համաշխարհային իրադարձությունները, ասում է․ «որոշ ազգեր զոհվում են, մյուսները վերածնվում։ Հայաստանում կոտորած է․․․»

1906-ին Ռոլանը Արշակ Չոպանյանի հետ կազմակերպեց հայկական երաժշտության համերգներ, իսկ 1907-ին Սորբոնում ներկա լինելով Կոմիտասի համերգին՝ մեծ հոդված հրատարակեց իր հիմնած երաժշտական հանդեսում, որում հայ ժողովրդական երաժշտությունն անվանում էր «խորը, ողբերգական և առնական՝ նույնիսկ իր երազկոտության մեջ»։ Սոֆյա Բերտոլինիին ուղղված իր մի նամակում Ռոլանը գրում էր, որ արևելյան ժողովուրդները (և մասնավորապես հայերը) «երաժշտական մի առանձին, այլ օժտվածություն ունեն, քան մենք, և ես համոզված եմ, որ եվրոպական արվեստն անպայմանորեն, վաղ թե ուշ, կկրի այդ արվեստի ազդեցությունը․․․»։

1935-ին, երբ Երևանում հայերեն հրատարակվեց «Ժան Քրիստոֆ» վեպը, Ռոլանը հանդես եկավ առաջաբան-նամակով․ «իմ սիրալիր ողջույնն եմ հղում ձեր նշանավոր Հայկական երկրին, որ առանձնապես սիրելի է երաժշտի իմ սրտին՝ իր գեղեցիկ երգերով, որոնցով վաղուց հիացած եմ։ Նրանք հրապույր և մելոդիկ մի հարստություն ունեն, որոնք ձեր երկիրը երաժշտության տեսակետից դարձնում են խորհրդային մի Իտալիա»։

Իսկ երբ 1964-ի նոյեմբերին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը նամակով դիմում է ԽՄԿԿ Կենտկոմին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը նշելու և Երևանում Եղեռնի հուշարձան կառուցելու առաջարկով, որպես հիմնավորում նա հիշատակում է և Ռոլանի ծանրակշիռ դիրքորոշումը։

Ֆրանսիացի գրողն՝ իր արդարամիտ, մարդասիրական աշխարհայացքով հիրավի մեծ ազդեցություն ունեցող մտավորական էր․ նա բարոյական կողմնորոշիչ էր շատերի համար։

1866-ին փաստաբանի ընտանիքում ծնված Ռոլանը բազմակողմանի կրթություն էր ստացել։ Երաժշտության հանդեպ սերը ժառանգել էր մորից։ Երազում էր դաշնակահար դառնալ, իսկ 1895-ին Սորբոնում պաշտպանեց դոկտորական թեզ երաժշտագիտության բնագավառում։ Յոթ տարի անց նա արդեն Սորբոնի համալսարանի պրոֆեսոր էր, կազմակերպեց և գլխավորեց Սորբոնի Բարձրագույն սոցիալական գիտությունների դպրոցի երաժշտական բաժանմունքը։

Սակայն երբ ծանոթացավ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպին՝ այնպես տպավորվեց, որ, ի վերջո, գիտական աշխատանքին գերադասեց գրականությունը։ Ռոլանին գրած պատասխան նամակում Տոլստոյի այն միտքը, որ գրողը պետք է ծառայի ժողովրդին, նա ժողովրդի հանդեպ պարտք ունի՝ Ռոլանի համար ուղենիշ դարձավ։ Նրան մեծ հռչակ բերեց Բեթհովենին նվիրված գիրքը (1903), որ գրված է պարզ, դյուրըմբռնելի լեզվով, սակայն ջանում է ներթափանցել ստեղծագործողի հոգեբանության խորքերը։ Հետագայում Ռոլանը կենսագրական ակնարկներ գրեց նաև Միքելանջելոյի ու Լև Տոլստոյի մասին․ բոլոր երեք հսկաներին միավորում է անկախ մտածողությունը և նվիրումը հոգևոր վեհ արժեքներին։ Բայց Բեթհովենի մասին Ռոլանը շարունակեց գրել ամբողջ կյանքի  ընթացքում։

Նա կարևորում էր երաժշտության բարոյական ուժը, նրա համար ստեղծագործողի հոգեվիճակը, մարդկային որակները, խառնվածքն այն միջոցն են, որն օգնում է բացահայտել ցանկացած ստեղծագործության բովանդակությունը։ Երաժշտությունն իր ունկնդրին բարոյապես ոգեշնչում է, մաքրագործում։ Ըստ Ռոլանի՝ մեծ է այն մարդը, որն ունի մեծ բարոյական կերպար, որի  սիրտը բաբախում է բոլորի համար։ Նա խորապես էր հասկանում երաժշտությունը, ուստի գնահատեց նույնիսկ ժամանակից առաջ անցած այնպիսի կոմպոզիտորի, ինչպիսին Իգոր Ստրավինսկին էր․ նրանք ընկերացան։

Ներշնչվելով Բեթհովենի ըմբոստ կերպարով՝ Ռոլանը գրեց իր ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը՝ տասը գրքից բաղկացած «Ժան Քրիստոֆ» լայնակտավ վեպը։ Այն մի երկար ճանապարհորդություն է՝ վեպ-կենսագրություն, որում ներկայացվում է արվեստագետ անհատի կյանքը․ նա երիտասարդ տարիներին ըմբոստ է, ապա աստիճանաբար հարմարվող է դառնում, սակայն երբեք չի դավաճանում իր իդեալներին։ Այս կերպարում կրկին ուրվագծվում են Բեթհովենի կենսագրական գծերը։ Գլխավոր հերոսի կյանքին զուգահեռ բացահայտվում է ընդհանրապես կյանքը Ֆրանսիայում և եվրոպական այն երկրներում, որտեղ լինում է Ժան Քրիստոֆը։

Իսկ «Կոլա Բրյունյոն» վիպակի (1914) գլխավոր հերոսի նախատիպը գրողի նախապապն էր՝ Բոնյարը։ Ըմբոստ և կատակաբան Կոլան հաճույք է ստանում այն ամենից, ինչով զբաղվում է՝ լինի ատաղձագործությունը, ընկերների հետ գինի խմելը, թե չսիրած կնոջ հետ ապրելը։

Ռոլանը բոցաշունչ դրամատուրգ էր, նրա ուշադրության կենտրոնում ֆրանսիական հեղափոխությունն էր և ժողովրդական թատրոնը։ 1920-ականներին նա գրում է Գանդիի մասին, որի իդեալիզմը, գործունեության ոչ բռնի միջոցները հոգեհարազատ էին իրեն։ Վեց տարի հետո Գանդին հյուրընկալվում է Ռոլանի տանը, նրանք երկար զրուցում են․ ճիշտ է, հանդիպման առաջին օրը Գանդիի համար «լռության օր» էր, նա միայն լսում էր ու գրառումներ կատարում հաջորդ օրը պատասխանելու համար։

Ռոլանի «Հմայված հոգին» սիրային վեպը ստեղծվում է 1922-1933 թվականներին․ նրա հերոսները չեն ուզում սոսկ ապրել, այլ ջանում են գիտակցել՝ ինչպես և ինչի համար են իրենք ապրում: Գրողը վարպետորեն է նկարագրում սերը, դրանում տեսնում մաքրություն և նվիրում․ «Սերն ուղիղ այնքան արժի, որքան արժի այն տածող մարդը»։ Նրա համոզմամբ՝ «մեկ րոպե սիրելով՝ մարդու մասին ավելին կիմանաս, քան մեկ ամիս նրան հետևելով»։ Այդ տարիներին նա նամակագրության միջոցով ծանոթանում է իր կյանքի վերջին մեծ սիրուն՝ Մարիա Կուդաշևային (Կյուվիլյե)։ Մաքսիմ Գորկու օգնությամբ Մարիան կարողանում է հատել  ԽՍՀՄ-ի սահմանը և ծանոթանալ Ռոլանի հետ. 1934-ին նրանք ամուսնանում են։

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Ռոլանը հանդես եկավ հստակ հակապատերազմական գաղափարներով։ 1915 թվականին նա գրում է «Առճակատումից վեր» պացիֆիստական մանիֆեստը, որը մեծ տարածում է գտնում։ Համագործակցելով Կարմիր Խաչի հետ՝ Ռոլանն օգնում է պատերազմում  վիրավորվածներին։ Գրականագետ Սիմեոն Հակոբյանի խոսքերով՝ նա տեսավ Եվրոպայի տագնապը և տանջվեց այդ տագնապով։

Ռոլանը համոզված իդեալիստ էր, նրա պաշտպանած շատ գաղափարներ այսօր լայն ճանաչում ունեն՝ մարդը որպես բարձր արժեք, սպառողական հասարակության վերափոխումը, Եվրոպայի միավորումը, տարբեր վեհ գաղափարների համատեղումը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ նա շարունակում էր հանդես գալ որպես ճշմարիտ մտավորական, որի հավատո հանգանակն է՝ «չնահանջել ճշմարտության առջև, այլ ձգտել դրան, ամեն գնով գտնել այն»։ Չնայած ծանր հիվանդությանը՝ նա շարունակում էր գրել, քանզի «ապրում է նա, ով ստեղծագործում է»։ Ռոլանը խոստովանում էր, որ եթե թղթին ոչինչ չգրի, միևնույն է մտքում գրում է՝ այլ կերպ չի կարող։

Խորհրդային տարիներին Ռոլանը ներկայացվում էր որպես մոլեռանդ սոցիալիստ, սակայն իրականությունը բավական տարբեր էր․ նույնիսկ 1935-ին Կրեմլում Ստալինի հետ հանդիպմանը նա իրատես էր, զգուշավոր ու կարևոր հարցադրումներ էր կատարում։ Իզուր չէ, որ կյանքի վերջում (Ռոլանը մահացավ 1944 թվականի դեկտեմբերի 30-ին՝ թոքախտից) նա գրեց իր «Ռոբեսպիեր» ողբերգությունը, որը հեղափոխության իրագործումից հետո դրա հայտարարած գաղափարների ձևախեղման ու ճգնաժամի մասին էր։ Նույնիսկ տեսնելով, թե ինչպիսի անդունդն են գլորվում իրենք ու իրենց կյանքի գործը՝ հեղափոխականներն այլևս չեն կարող կանգ առնել․․․

Ամեն դեպքում, որպես մտածող և հումանիստ Ռոմեն Ռոլանը լավատես էր․ լինելով պացիֆիստ՝ նա միաժամանակ անկոտրում կյանքի, բարոյական արժեհամակարգը չզիջելու, չարին չհանձնվելու կողմնակից էր։ Ահա նրա պատգամը․

«Չի լինում անելանելի մշուշ: Կարևորը` դիմանալ և առաջ շարժվել»․․․

 

Աշոտ Գրիգորյան