Ռոդիոն Նահապետով. «Ես ինձ համար ճակատագիր հորինեցի»

Խորհրդային կինոյի ամենասիրված ու հայտնի դեմքերից մեկի՝ կինոդերասան, ռեժիսոր Ռոդիոն Նահապետովի ծննդյան օրն է: Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, հետխորհրդային ծանր ցնցումների մեջ հայտնված երկրում իր շատ գործընկերների հետ դժվար ընտրության առջև էր նաև Նահապետովը, որն ամեն ինչ սկսեց նորից՝ այս անգամ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ բայց երբեք չկորցրեց կապը Ռուսատանի ու ռուսական մշակույթի հետ: Հատվածաբար «ArtCollage»-ի ընթերողներին ենք ներկայացնում Նահապետովը հարցազրույցը, որը արտիստը տվել է belcanto.ru կայքին:

 

-Ռոդիոն Ռաֆայելովիչ, ինչպես հայտնի է, «մենք բոլորս դուրս ենք եկել մեր մանկության կոշիկներից»: Ինչպե՞ս են մանկության տպավորություններն արտացոլվել ձեր ստեղծագործության մեջ:

-Երբ ես տասը տարեկան էի, մայրիկիս տուբերկուլյոզ ախտորոշեցին: Նա հիվանդանոցում էր, իսկ ինձ ուղարկեցին մանկատուն: Հենց մայրս ապաքինվեց, և մենք երկու փոքրիկ սենյակ ստացանք կոմունալ բնակարանում, նա ինձ վերցրեց այնտեղից: Մանկատանը մեկուկես տարվա ընթացքում ես կոփվեցի, սովորեցի հայհոյել, ծխել և գողանալ: Սա՝ ըստ մայրիկիս վկայության: Ինքս առաջին հերթին հիշում եմ այն ​​դաժանությունը, որին ենթարկվում էի իմ հասակակիցների կողմից: Տղաները ձմռանը խլեցին տաք հագուստս և ձեռնոցներս. Ես շատ էի մրսում: Հետո մտա նրանց միջավայր և նրանց հետ միասին մասնակցում էի այլ շրջանների երեխաների հետ մասսայական կռիվներին. դա Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում էր: Անցումը տնային կյանքին դժվար էր, և ես շնորհակալ եմ մորս, որը շատ նրբանկատ էր ինձ հետ:

Մոսկովյան կինոինստիտուտում իմ ուսումնական աշխատանքներից մեկը կոչվում էր «Հիշո՞ւմ ես». այն մասին է, թե ինչպես է հարևանը տղային բերում մանկատուն, և ինչպես է նա այնտեղ անցկացնում իր առաջին գիշերը: Այնպես որ, իմ տպավորություններն ուղղակի հորդեցին կարճամետրաժ ֆիլմի մեջ: Իսկ անուղղակի՝ իմ ստեղծագործության մեջ շատ բան է ներառվել այն ամենից, ինչ տեսել եմ այնտեղ:

-Ձեզ համար դժվա՞ր էր «Թշնամիների» նկարահանման հրապարակում, որտեղ միաժամանակ աշխատում էին Ինոկենտի Սմոկտունովսկին, Նիկոլայ Գրիցենկոն, Մարինա Նեյոլովան, Ելենա Սոլովեյը:

-Դերասանները, որոնց ես հրավիրել էի նկարահանվելու, ինձ գիտեին որպես գործընկեր, մենք փոխադարձ վստահություն ու հարգանք ունեինք: Իմ փորձից գիտեմ, թե նկարահանման հրապարակում դերասանին ի՞նչ է պետք ճիշտ խաղալու և իրեն հարմարավետ զգալու համար: Այդ պատճառով ինձ համար հեշտ էր աշխատել և՛ Սմոկտունովսկու, և՛ Գրիցենկոյի, և՛ Լենա Սոլովեյի, և՛ Մարինա Նեյոլովայի հետ... Վարպետների հետ աշխատելը մեծ երջանկություն է: Այո, յուրաքանչյուրը պահանջում է հատուկ մոտեցում, և ռեժիսորը պետք է դիվանագետ լինի: Ասենք, եթե սեղանի շուրջ նստած են հավասարազոր մակարդակի մի քանի դերասաններ, ու դու սկսում ես աշխատել մեկի հետ՝ մյուսը վիրավորվում է: Գոյություն ունի խիստ աստիճանակարգ: Ինչպե՞ս ոչ մեկին չնեղացնել: Օրինակ՝ օպերատորն ինձ ասում է. լուսավորման առումով ավելի լավ է սկսել Գրիցենկոյից (իսկ Սմոկտունովսկու և Գրիցենկոյի հարաբերություններ շատ լարված էին): Ես ասում եմ Սմոկտունովսկուն. «Պետք է սկսենք ձեզանից, բայց չգիտեմ ինչպե՞ս վարվել Գրիցենկոյի հետ... «Նկարե՛ք Գրիցենկոյին»: «Բայց Գրիցենկոն ասում է. «Սկսեք միայն Սմոկտունովսկուց, Սմոկտունովսկին փայլուն դերասան է...»: Եվ հետո արդեն ես կարող եմ հանգիստ սկզբից նկարահանել Գրիցենկոյին: Իսկ եթե խոշոր պլանով նկարահանում ես ինչ-որ հանրահայտ դերասանուհու, իսկ երկրորդը՝ հետին պլանում է, և դու հետո նրան չես նկարահանում խոշոր պլանով, նա վիրավորվում է, ես դա տեսնում եմ, նույնիսկ եթե նա այդ մասին չի խոսում:

Արտիստներին չի կարելի նեղացնել: Ես միշտ գովում ու աջակցում եմ նրանց, քանի որ իմ փորձից գիտեմ, որ դրական մոտեցումը գլխավորն է: Նրանք առավելապես զգայուն մարդիկ են. առանց աջակցության նեղանում, շփոթվում են: Նույնիսկ Լյուբշինի նման դերասանը, «Մի կրակեք սպիտակ կարապների վրա» ֆիլմի նկարահանման ժամանակ, նյարդայնանում էր, եթե իր տեսարանի ընթացքում օգնականը շրջվում և ինչ-որ մեկին ինչ-որ բան էր ասում: Զայրանում էր. «Փորձի՛ր, կանգնիր իմ տեղում. կարծում ես հե՞շտ է»: Երբ դերասանը խաղում է, բոլորը պետք է ապրումակցեն նրան: Հետևաբար, ես միշտ խնդրում եմ խմբին՝ մի՛ շրջվեք, մի՛ հեռացեք, մի՛ խոսեք: Դա արտիստներին վիրավորում է: Օպերատորի հետ աշխատելիս կարող ես ազատություն տալ քո հույզերին, դերասանի հետ` ոչ: Եթե ​​ օպերատորին հարցնեք իմ մասին, նա կասի. «Նահապետովը կարող է այնքան պայթյունավտանգ, նյարդային լինել»: Իսկ եթե դերասանին՝ նա կպատասխանի. «Օհ, նա այնքան հանգիստ է, հավասարակշիռ»:

-Ինչպե՞ս եք ծանոթացել Շուկշինի հետ, ինչպե՞ս է նա ձեզ հրավիրել նկարահանվել «Ապրում Է Այսպիսի տղա» ֆիլմում:

-Երբ ես ընդունվում էի Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտ, Վասյա Շուկշինն ավարտում էր այն: Իմ կուրսում սովորում էր Լիդա Ալեքսանդրովան, որը ընկերություն էր անում նրա հետ. նրանք սիրում էին իրար: Վասիլին եկել էր մեր քննություններին՝ տեսնելու, թե ինչպես է խաղում Լիդան, ծանոթացավ ինձ հետ ու հրավիրեց փոքրիկ դեր խաղալ իր ֆիլմում: Ինձ համար այս առաջարկը հատկապես շոյիչ էր նրանով, որ ես պետք է մարմնավորեի հասուն ինժեներ Գենային՝ Մոսկվայից, որն արդեն ավարտել էր ինստիտուտը, իսկ ես դեռ տասնութ տարեկան տղա էի:

-Բայց տարիների ընթացքում ձեր կյանքում գլխավորը դարձավ ռեժիսուրա՞ն:

-Երբ դեռ տղա էի, ես ինձ համար ճակատագիր հորինեցի: Մտածեցի, որ երիտասարդությանս տարիներին կդառնամ դերասան, հետո՝ ռեժիսոր, հետո՝ գրող: Ինչո՞ւ սա մտքովս անցավ՝ չգիտեմ: Դե հետո էլ թվում էր, որ այս ծրագրին պետք է հետևել: Երիտասարդության տարիներին ինձ շատ դուր եկավ արտիստ լինելը: Բայց ես արագ հասկացա, որ կա ավելի բարդ ու հետաքրքիր մասնագիտություն՝ ռեժիսուրա: Այն իր մեջ ներառում է երաժշտություն, պատկեր, մոնտաժ, ռիթմ: Իմ բախտը բերեց. Մարկ Դոնսկոյն ինձ հրավիրեց նկարահանվել իր «Մոր սիրտը» ֆիլմում: Ես հայր չունեի, և նա հայր դարձավ ինձ համար: Նա ինձ շատ բաներ էր թույլ տալիս. գնալ իր մոնտաժային սենյակներ, հետևել, թե ինչպես է նա աշխատում նկարչի հետ, ինչպես է պատրաստում սցենարը: Եվ հասկացա՝ ահա ամենահետաքրքիրը. ռեժիսորը մարդ է, ով ստեղծում է ամբողջ աշխարհը: Դերասանը՝ միայն այդ աշխարհի մի մասն է և կարող է ազդել նրա վրա որոշակի սահմաններում: Ինձ շոյեց կոմպոզիտորի հետ աշխատելու հնարավորությունը.  ինքս դաշնամուր եմ նվագում, սիրում եմ երաժշտություն: Ես նկարում էի, և ինձ  հետաքրքիր էր աշխատել նկարչի հետ:

Երբ ավարտեցի ռեժիսորական բաժինը, որոշեցի, որ իմ ֆիլմերում չեմ նկարահանվելու: Համարեցի, որ ռեժիսոր եմ դարձել ֆիլմեր նկարելու, այլ ոչ թե ինձ գլխավոր դերում ցուցադրելու համար: Ուստի ես շնորհակալ եմ «Առաջին ալիքին», որ ինձ առաջարկեց ոչ միայն «Մահացու ուժի» երեք սերիաների ռեժիսորը լինել, այլև խաղալ այդ ֆիլմում: Իբրև թե՝ հանդիսատեսը ձեզ վաղուց չի տեսել: Խաղացի և հավատացի, որ կարող եմ, և հաջորդ սերիալում՝ «Ռուսները հրեշտակների քաղաքում» նույնպես նկարահանվեցի: Ինձ հաջողվեց գտնել աշխատանքի համակարգ. դերասանների հետ փորձեր եմ անում, օպերատորի հետ քննարկում եմ տեսարանը, և հետո միայն կադր եմ մտնում:

Իմ առաջին գիրքը լույս է տեսել գրեթե տասը տարի առաջ, հիմա գրում եմ երկրորդը: Չեմ կարծում, որ երբևէ գրող կլինեմ բառիս բուն իմաստով, բայց, այդուհանդերձ, չլինելով Ռուսաստանի գրողների միության անդամ, ես Ամերիկայի գրողների գիլդիայի անդամ եմ:

-Եվ ինչպե՞ս դա պատահեց:

-Ես անգլերեն սցենար գրեցի Ռեյ Բրեդբերիի հետ՝ նրա ինքնակենսագրական «Գինի խատուտիկներից» պատմվածքի հիման վրա: Ի դեպ, իմ դիպլոմային ֆիլմը՝ «Գինի խատուտիկներիցն» էր: Նա ընդունեց սցենարը, որում ես գրական սկզբնաղբյուրի համեմատ շատ նորույթներ էի ներմուծել: Նրան շատ դուր եկավ իմ մեկնաբանությունը, և նա աջակցում է ապագա բեմադրությանը: Եվ չնայած սա իմ գրական աշխատանքն է, ես ոչ մի դեպքում ինձ չեմ համեմատում հանճարեղ գրողի, զարմանալի մարդու՝ Բրեդբերիի հետ: Ես երջանիկ եմ, որ մենք ընկերացանք:

-Ընդունված է ասել, որ Հոլիվուդում՝ նկարահանման հրապարակում աշխատելու բոլորովին այլ մշակույթ է՝ կինոարտադրության ավելի բարձր մշակույթ:

-Այնտեղ՝ նույնիսկ միջին մակարդակում, շատ բարձր դասի պրոֆեսիոնալներ են աշխատում: Դերասանները նկարահանման հրապարակ են գալիս միշտ ժամանակին՝ պատրաստված: Պատրաստակամությունը՝ պրոֆեսիոնալիզմի մասն է: Ընդունված է խոսել Հոլիվուդում միջին օղակի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, բայց ինձ ամենից շատ ապշեցրել են դերասանները: Օրինակ՝ Ռուսաստանում դերասաններին աշխատանքի է բերում վարորդը, որն աշխատում է խմբում: Այնտեղ՝ նրանք իրենք են գալիս, և ինչպե՞ս հասնել`իրենց խնդիրն է: Նրանցից ոչ ոք բենզինի փող չի խնդրում: Այլ բան է, որ մենք պետք է նրանց ավտոկանգառ ապահովենք, իսկ Լոս Անջելեսի կենտրոնում դա շատ դժվար է: Նկարահանման հրապարակում ես երբևէ որևէ հարբած մարդու չեմ տեսել, և ոչ մեկի վրայից ալկոհոլի հոտ չի փչում: Ամերիկայում դա շատ խիստ է: Մի խոսքով, ամեն ինչ կառուցված է այնպես, որ դերասանը հասկանա՝ եթե նա խախտի կարգապահությունը, նրան կդադարեն նկարահանել:

-Մարդկային և ստեղծագործական ի՞նչ դասեր են ձեզ տվել մարդիկ, ում հետ աշխատել եք:

-Այստեղ, առաջին հերթին, ես ցանկանում եմ խոսել Մարկ Դոնսկոյի մասին: Նա մեծ մարդ էր: Նրա ֆիլմերն աշխարհում ավելի շատ գիտեին, քան մեր շատ այլ դասականների ֆիլմերը: Նույն Ռոսելլինին համարում էր, որ Մաքսիմ Գորկու մանկության և երիտասարդության մասին եռագրությունը ստեղծած Մարկ Դոնսկոյն է նեոռեալիզմի հիմնադիրը:

Ես հաճախ էի վիճում նրա հետ, հանդուգն էի: Երբ մայրս մահացավ Մոսկվայում (ես քսաներկու տարեկան էի), Դոնսկոյն արդեն ինձ հետ չէր աշխատում, բայց նա եկավ հիվանդանոց՝ ինձ աջակցելու. ծերուկ, որն ուներ Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի շքանշան և գերազանցության այլ նշաններ: Այդ ժամանակ հասկացա, որ նա իսկական մարդ է: Չէ որ, նա կարող էր չգալ, կարող էր արդարացումներ գտնել: Հատկապես այդ ժամանակից ի վեր ես գիտեմ, որ մարդկանց հետ հարաբերություններում շատ կարևոր է այնպիսի մարդկային արարք, որը կաջակցի նրանց: Ես հասկացա, որ գլխավորն այն չէ, թե դու ինչպիսի մասնագետ ես, այլ այն, թե ինչպիսի մարդ ես դու՝ ընդունա՞կ ես արդյոք բարի գործերի:

Այն, թե ինչպես է աշխատում դերասանների հետ, ինչպես է ընկալում շրջապատը Վասիլի Շուկշինն, արձագանք գտավ իմ «Մի կրակեք սպիտակ կարապների վրա» ֆիլմում: Նկարահանման հրապարակում ես փորձեցի դերասաններին իմպրովիզացիայի, ազատ ապրելու հնարավորություն տալ: Այս ազատությանը ես սովորել եմ Շուկշինից: Ժալակյավիչուսը խիստ, տաղանդավոր անձնավորություն է: Նա դերասանի հանդեպ ուներ իր ուրույն մոտեցումը. Նա հաճախ չէր կանգնեցնում տեսախցիկը, երբ փորձի դրվագն ավարտվում էր, և դերասանին հնարավորություն էր տալիս իմպրովիզացիայի՝ շարունակելով տեսարանը: Եվ հետո նա դեն էր նետում սկիզբը և թողնում էր իմպրովիզը: Այս տեխնիկան ինձ շատ հետաքրքիր թվաց, և երբ ես նկարահանեցի «Քեզ հետ և առանց քեզ...»-ը, ես այն օգտագործեցի: Միխալկովից սովորեցի ընկերական, տոնական մթնոլորտին՝ նկարահանման հրապարակում: Երբ մարդիկ միասին աշխատում են որպես մեկ ընտանիք: Ես աշխատել եմ և՛ Գլեբ Պանֆիլովի և՛ Սեմյոն Արանովիչի հետ: Եվ նրանցից յուրաքանչյուրից ինչ-որ լավ բան վերցրել եմ, բայց, իհարկե, ինչ-որ բաների հետ  համաձայն չէի:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի