Ռոբերտ Էլիբեկյան՝ քայլ առաջ ժամանակից

Մարդ արարածը չպետք է հուսահատվի

Ռոբերտ Էլիբեկյանն այսօր տարեդարձն է նշում. Ազգային գեղանկարչության մեծ Վարպետը, կենդանի դասականը, Հայաստանի ժողովրդական նկարիչը 79 տարեկան է: Տարիների իներցիայով միշտ փորձել է օրվա տոնականությունից ու հանդիսավորությունից թաքնվել տնից հետո ամենահարազատ միջավայրում՝ արվեստանոցում: Բայց համազգային մեկուսացման պայմաններում՝ հիմա մեկտեղվել են տունն ու արվեստանոցը, և տարեդարձն էլ միայն նեղ ընտանեկան շրջանակում է նշելու: Երբ նախորդ դարի 60-ականներին  Վաղարշակ և Ֆլորա Էլիբեկյանների կրտսեր որդին հայտնվեց Երևանում, նա լեցուն էր ծննդավայրի՝ Թբիլիսիի ստեղծարար մթնոլորտով, հարազատ Սոլոլակի և իրենց տան՝ նախկինում իշխան Արղությանին պատկանող շենքի մասին չխամրող հիշողություններով: Այսօրվա պարտադրված մեկուսացման ու սահմանափակումների պայմաններում, հիմա էլ համոզված է՝ ավելի սարսափելի սահմանափակումներ կան՝ ազատ մտքի և գեղագիտության հանդեպ  բռնաճնշումները: Չնայած հենց այդ ճնշումների պայմաններում, նախորդ դարի    60-70-ականներին Խորհրդային միությունում սկսվեց երևանյան հզոր  նորարարական վերելքը, որի առաջնագծում էր նաև Էլիբեկյանը: Գեղանկարիչ, բեմանկարիչ, խեցեգործ Էլիբեկյանը մայրաքաղաքի ստեղծագործական տարածքները՝ թանգարանները, թատրոնները, կինոտարածքը զարդարել է իր անսովոր ու հզոր արվեստով: Նրա բեմական ձևավորումները երևանյան օպերայում՝ «Պայացները», Հովհաննիսյանի «Անտունին», Խաչատրյանի «Գայանեն», նաև՝ Պարոնյան թատրոնում չարենցյան թեմաների հրաշալի լուծումները և, իհարկե, նրա գեղանկարներն ու գրաֆիկան՝ մի մեծ  գեղագիտության ամբողջություն են, որ Ռոբերտ Էլիբեկյան անունն է կրում: Իսկ այդ գեղագիտության հեղինակն, ինչպես և՛ 60-ականներին, իր ժամանակից քայլ առաջ է:

 

-Պարոն Էլիբեկյան, գիտեմ, որ դուք տարեդարձի միջոցառումների մեծ սիրահար չեք, մանավանդ՝ եթե նկատի ունենանք երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Այնուամենայնիվ, ինչպես եք նշելու տարեդարձը:

-Անկեղծ ասած, ես, իսկապես, խուսափում եմ այս օրը նշելուց կամ գոնե՝ աղմկոտ, մեծ միջոցառումներից: Բայց այս տարի հասկանալի պատճառներով իմ նախընտրած տարբերակով էլ կնշենք՝ միայն մեր նեղ, ընտանեկան միջավայրում: Դե հասկանալի է, որ նախևառաջ  զավակներս ինձ կշնորհավորեն.  Երվանդս կգա, Արեգը կզանգի Մոնրեալից, նաև թոռնիկներս՝ Ռոբերտը, Մարիամն  ինձ կուրախացնեն: Եվ ընտանեկան, մտերմիկ տարեդարձ կլինի:

-Կորոնավիրուսի համաշխարհային այս սպառնալիքի պայմաններում շատ է խոսվում, որ համավարակից հետո մենք ապրելու ենք որակապես նոր աշխարհում: Ի՞նչ եք կարծում ի՞նչ կփոխվի աշխարհում և, մասնավորապես, ստեղծագործող մարդկանց կյանքում:

-Գիտեք, այսպիսի վիճակ երբևէ չի եղել ոչ միայն իմ կենսագրության մեջ, այլև   բոլոր հայերի, աշխարհի մտավորականների կյանքում: Եվ, ընդհանրապես, ինչպես տեսնում եք ամբողջ աշխարհը տակնուվրա է եղել: Բայց արվեստագետները, մտավորականները կարող են այս իրավիճակում իրենց ստեղծագործությամբ, իրենց արվեստով հանգստացնել, խաղաղեցնել մարդկանց: Դա նաև իրենց է պետք, որպեսզի ձերբազատվեն իրենց տանջող մտքերից: Պետք է հուսալ, որ գուցե սա դաս լինի մարդկությանը, և գուցե մենք ավելի խելացի կվերաբերվենք  բնությանը և իրար: Չէ որ, ի վերջո, ամենակարևորը մարդկային շփումներն են:

-Ընդունված է համարել, որ մեծ ցնցումներից արվեստի մեծ գործեր են ծնվում: Այս համավարակը իսկապես մեծ փորձություն էր ամբողջ ժամանակակից   քաղաքակրթության համար: Ինչպե՞ս կարտահայտվի այս սոցիալական ու հոգևոր ճգնաժամն այսօր ստեղծվող արվեստում:

-Համաշխարհային պատմության մեջ միշտ էլ եղել են մեծ ցնցումներ, պարզապես մենք չէինք մտածում, որ մեր կենդանության օրոք կարող ենք ականատես լինել  այդ դժոխային վիճակին: Ինձ  թվում է, որ ցնցումներն  ունեն և՛ բացասական, և՛  դրական ազդեցություն: Նկատի ունեմ, որ մարդիկ նման իրավիճակում վերջապես  սթափվում են: Բայց պետք է ասեմ նաև, որ դրանք ուժ են տալիս արվեստագետին: Ես իմ օրինակով պատասխանեմ, ես ամբողջ օրն աշխատում եմ: Ինձ փրկում է այն հանգամանքը, որ իմ ամբողջ արվեստանոցը, կարելի է ասել, տեղափոխել եմ տուն և այստեղ եմ աշխատում: Առավոտյան շատ վաղ  սկսում եմ աշխատել, և դա փրկում է ինձ: Ինձ թվում է, որ հետաքրքիր գործեր են ստեղծվում, մի գործ եմ արել՝ «Խաչելությունը», նաև՝ «Մարիամ Աստվածածինը»: Եվ գիտեք, կորոնավիրուսի թեմայով գործեր են ծնվում ՝ անկախ ինձանից: Ես չէի  ուզում անդրադառնալ այդ թեմային, բայց ակամա հենց դա է ստացվում: Մոտ մեկ ամիս է, որ վիրուսային թեման ինձ հանգիստ չի տալիս: Տիկինս ասում է՝ Ռոբերտ, բավական է այդ թեմաներով աշխատես: Բայց ես չեմ կարող ինքս ինձ ստել. անում եմ այն, ինչ զգում եմ: Բայց արդեն կամաց-կամաց հաղթահարում   եմ: Այսօր առավոտյան արթնացա և զգացի, որ արդեն գնում եմ դեպի ուրիշ թեմաներ: Կարծում եմ, որ պիտի աշխատես ու  պիտի հաղթահարես այս վիճակը: Մարդ արարածը չպետք է հուսահատվի:

-Դուք ձեր ստեղծագործական ճանապարհը սկսեցիք նախորդ դարի վաթսունականների Երևանում, որտեղ իսկապես մեծ մտածողների գերիշխանություն էր: Հեշտ էր արդյոք ճանապարհ հարթել նրանց միջավայրում:  

-Իմ ստեղծագործական ճանապարհը և՛ հրաշալի էր, և՛ ահավոր փշոտ: Ինձ ոչինչ  հեշտությամբ չի տրվել. եղել են և՛ լավ օրեր, և՝ վատ: Բայց ես հիշում եմ միայն  իմ պայծառ օրերը՝ օրինակ, երբ տղաս ծնվեց՝ Երվանդը , հետո Արեգը ծնվեց: Իմ  կողքին է տիկինս՝ Մարին, իմ լավ ու վատ օրերի մշտական ուղեկիցը: Ես շատ  լավ բարեկամներ ունեմ՝ հրաշալի արվեստագետ ընկերներ: Գիտեք, ամեն ինչ անցողիկ է, պարզապես պետք է դիմանալ: Եվ, վերջապես, մենք՝ հայերս, ինչեր ենք տեսել ու ինչերի միջով ենք անցել: Եթե մենք կարողացանք եղեռնը հաղթահարել, ապա սա էլ բնության եղեռնն է, որն ավելի սարսափելի է և շատ ավելի վտանգավոր, օդում սավառնող անտեսանելի թշնամի է: Այո, միայն պետք  է դիմանալ և ապրել:

-Ձեր առաջին իսկ ստեղծագործական քայլերից դուք կարծրատիպեր եք կոտրել: Բայց դրանք մեր կյանքի, նաև՝ մշակույթի մշտական ուղեկիցներն են: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարծրատիպեր կան այսօր, որոնք պետք է կոտրել:

-Գիտեք, արվեստը և մշակույթն, ընդհանրապես, անհասկանալի երևույթ է: Մոտ  վաթսուն տարի է, որ աշխատում եմ և չեմ կարողանում հասկանալ թե այն  ինչպես է ստեղծվում: Ես առավոտ լուսո արթնանում եմ և մտածում եմ թե ի՞նչ պիտի անեմ: Արվեստը և՛ տառապանք է, և՛ ուրախություն է, և դա է որ մեզ  պահում է: Մանավանդ Հայաստանը, որ միշտ  հզոր մշակույթ է ունեցել՝  հին դարերից սկսած: Մենք ի՞նչ գիտենք մեր միջնադարյան մանրանկարիչների մասին: Ինչպե՞ս են նրանք ստեղծագործել, ի՞նչ տառապանքով, բայց չէ որ  մնայուն արժեքներ են ստեղծել համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Նույն կերպ և՛ թատրոնը, և՛ կինոն: Մենք մշակութային ազգ ենք, և մշակույթը պահում է մեր երկիրը: Շատերը դա չեն գիտակցում, բայց մշակույթն է մեր այցեքարտն ամբողջ աշխարհում:

-Գուցե հենց մշակույթի հանդեպ գործող կարծրատիպերը պետք է կոտրել:

-Ինձ չի հետաքրքրում որևէ մեկի կարծիքը: Ընդհանրապես, արվեստագետները միշտ էլ բարդ ժամանակներ են ապրել, բոլոր ազգերի արվեստագետները դժվար ճանապարհ են անցել: Նույնը եղել է, օրինակ, Պիկասոյի դեպքում, և նա միանգամից արձագանքեց ու ստեղծվեց «Գեռնիկան»: Այսինքն, ցավը, ուրախությունը, երջանկությունը. ամեն ինչ ներազդում է արվեստագետի վրա՝ օգնում նրան:

-Մի առիթով ասել եք, որ մարդիկ կան, որ հիշողություն չեն դառնում, քո մշտական ուղեկիցն են: Ձեր կյանքում ովքե՞ր են այդ մարդիկ:  

-Երվանդ Քոչարը, ես շփվել եմ նրա հետ, Սարյանը, որի հետ էլ շփվել եմ: Նրանք առ ասյօր ապրում են մեր մեջ: Կամ Ազնավուրը. նա խենթ մարդ էր՝ և՛ արվեստում, և՛ իրականության մեջ: Եվ, ընդհանրապես, ամբողջ համաշխարհային արվեստն ինձ համար է ստեղծվել, որևէ մեկին չեմ կարող անտեսել: Ամբողջը և՛ երաժշտությունը, և՛ թատրոնը, ամբողջն ինձ համար է: Դա   ինձ ուժ է տալիս և ուժ է տալիս շատերին:

-Բացի ձեր մեծ արվեստից, դուք հրաշալի ու երջանիկ ընտանիք եք ստեղծել, ո՞րն է Էլիբեկյանների երջանկության գաղտնիքը:

-Ոչ մի գաղտնիք չկա, Աստված սիրել է մեզ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ...